Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, հարցված քաղաքացիների ամենամեծ թիվը՝ 26,4 %-ը, ձայնը կտար «Ծառուկյան» դաշինքին՝ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքները, ասաց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Հարցվողների 26,4 %-ը պատասխանել է, որ ձայնը կտա «Ծառուկյան» դաշինքին, 22,8 %-ը՝ ՀՀԿ-ին, 4,3 %-ը՝ «Ելք» դաշինքին, 3,9 %-ը՝ ՀՅԴ-ին, 3,4 %-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 2,7 %-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 2,6 %-ը՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին, 1,8 %-ը՝ ՕՐՕ դաշինքին, և 1 %-ը՝ ՀԿԿ-ին»,- ներկայացրեց Արամ Նավասարդյանը:
Մեկնարկային փուլում հարցումների տվյալներով, խորհրդարան անցնելու պոտենցիալ ունեն 5 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ազատ դեմոկրատները»:
Հարցումն անցկացվել է համամասնական ընտրակարգի վերաբերյալ և հաշվի առնված չէ ռեյտինգային ընտրակարգը: Հարցումն անցկացվել է 1146 քաղաքացիների շրջանում՝ փետրվարի 23-ից մարտի 2-ը, մարզերում և Երևանում:
Հարցվածների մոտ 80 տոկոսը ՀՀ տնտեսական վիճակը գնահատում է վատ կամ շատ վատ: «Երկրի ներկա տնտեսական վիճակը շատ վատ է գնահատում հարցվածների 34,6 տոկոսը, վատ` 37,3 տոկոսը: Տնտեսական վիճակը շատ լավ է գնահատում հարցվածների 0,7 տոկոսը»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցումներին մասնակցած ՀՀ քաղաքացիների 81 %-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետին: «Կարեն Կարապետյանի գործունեությունը լիովին դրական է գնահատում հարցվողների 22,4 %-ը, ավելի շուտ դրական՝ 58,6 %-ը, ընդհանրապես բացասական՝ 3,8 %-ը: 81 %-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետի գործելաոճը»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցին՝ կցանկանա՞ն, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի լինել վարչապետ, հարցվողների 34,6 %-ը պատասխանել է՝ «միանշանակ այո»: «Եվս 47,6 %-ը պատասխանել է «ավելի շուտ այո»: Ընդհանուր առմամբ քաղաքացիների 82,2 %-ը դրական է պատասխանել», - ասաց Արամ Նավասարդյանը: