Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քարվաճառի շրջանի դպրոցականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քարվաճառի շրջանի դպրոցականներին
25.09.2016 | 19:43

Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների, ում Հայոց Հայրապետն Արցախ այցի ժամանակ` սեպտեմբերի 9-ին, Դադիվանքում հրավեր էր ուղղել այցելել Մայր Աթոռ:

Դադիվանքի վանահայր Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը և Դադիվանքի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը քարվաճառցիների անունից շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին պատանիներին ուղղված անձնական հրավերի և Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնելով, որ այդ սերմերը անպայման բարի պտուղներ կտան:
Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


«Շատ ոգևորված էինք, երբ ձեզ հանդիպեցինք Դադիվանքում և տեսանք ձեր ջերմ վերաբերմունքը, սերն ու նվիրումը ձեր վանքի և ազգային սրբությունների հանդեպ: Տեսանք, որ ձեր ծնողների քաջ զավակներն եք, որ նույն նախանձախնդրությամբ պիտի պաշտպանեք այդ ամենը` ձեր Հայրենիքը», – ասաց Նորին Սրբությունը` ուրախություն հայտնելով մանուկների Մայր Աթոռ այցի առիթով:


Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս այցը լավ առիթ կդառնա երիտասարդների համար` ճանաչելու Հայրենիքը, զորանալու իրենց հայրենասիրական զգացումների մեջ և գոտեպնդվելու հավատով:
Նորին Սրբությունը մանուկների հետ զրուցեց նաև այցից իրենց տպավորությունների և առօրյայի մասին, ամենքին բաշխեց նվերներ:


Եռօրյա այցի ընթացքում պատանիները, մնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հոգևորականների ուղեկցությամբ եղան Մայր Աթոռի թանգարաններում և կառույցներում, Էջմիածին քաղաքի վանքերում և եկեղեցիներում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ՄեսրոպՄաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան և Հայաստանի Ազգային պատկերասրահ:

Տաղանդաշատ մանուկներն ազգային երգի ու պարի կատարումներով մասնակցեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած համերգին:

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ