Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Փառք ու պատիվ աստվածային լույսը կրողներին

Փառք ու պատիվ աստվածային լույսը կրողներին
29.04.2016 | 08:49

Որևէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ո՛չ բանակները, ո՛չ ատելությունը, ո՛չ հետապնդումները, ո՛չ սովը, ոչի՛նչ:
ՄԱՐԳԱՐԵԹ ԲԱՐԱՆԿԻՑԵ,
«Ավրորայի» դափնեկիր

«Հպարտ եմ, որ հայ եմ» արտահայտությունն ինձ միշտ սնապարծություն է թվացել, որովհետև ինքնին անհեթեթ է հպարտ լինել որևէ ազգության պատկանելու համար, հատկապես, երբ այդ արտահայտությունը հաճախ շրջանառվում էր իր ազգին ոչ մի ծառայություն չմատուցած, դատարկախոս մարդկանց շրջանում: Սակայն «Ավրորա» մրցանակաբաշխությունը ստիպեց վերանայել որոշ հարցեր, ընդ որում, հենց այլազգիի հայացքով:


«Ավրորա» մրցանակաբաշխությամբ մեր կյանքում բեկումնային շրջադարձ եղավ: Մեր ապրիլի քսանչորսերը այսուհետ բոլորովին այլ ապրիլ քսանչորսեր են լինելու. ո՛չ կորացած մեջքով ու գլխահակ, ո՛չ լալահառաչ ու ստորացված, այլ արժանապատիվ ու մոխիրներից հառնած փյունիկի կեցվածքով: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդ՝ մինչև «Ավրորա» և դրանից հետո: Թվերը երբեք տարերային կամ պատահական չեն լինում, թվերը ճշգրտություն են ու խորհրդանիշ: 101-րդ տարին շրջադարձային է ու նոր փուլ է նշանավորում: Թերևս 100 տարի էր պետք սգալու անչափելի ողբերգությունը, թեև յուրաքանչյուր հայի համար այն ամենևին էլ երկար ժամանակահատված չէ ու ամեն անգամ նորովի թարմ է: 100 տարի ճանապարհ էր պետք անցնելու, որ հայը հաղթահարեր ցավը, ճեղքեր սեփական պատյանն ու նայեր այդ ցավին դրսից, աշխարհի աչքերով ու ներհյուսված աշխարհի հայացքին: Լսելի դարձնելու համար քոնը պիտի կարողանաս ունկնդիր լինել նաև ուրիշի ձայնին, կարեկցել նրան ու ձեռք մեկնել: Սիրել ուրիշին, գնահատել արդարացին ու մեծարել վեհ արարքը. սրանք են բարոյական արժեքները, որ մարդուն մարդ են պահում և ավելին՝ մոտեցնում Աստծուն:
Մարդկային արժանապատվությունը, սերը, խաղաղասիրությունը, արդարությունը այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին իրենց ձայնն են հնչեցնելու Երևանում և հաղթարշավով արձագանքելու աշխարհով մեկ:


Նրանք, ովքեր առաքելություն են ստանձնել բարձրաձայնելու ու սփռելու մարդկային բարձրագույն արժեքները, լույս և ուժ ավետողներն են, բարու անպարտելիության և բարոյականության ազդարարողները: Սատանան, որ բազմաթիվ անուններ ունի, նահանջում է այնտեղ, որտեղ չեն հանձնվում չարին, որտեղ չեն ընդունում իրեն: Մարդկային բարձր արժեքների գնահատանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ պայքար ամենայն չարի դեմ, փառաբանություն սիրո և մարդասիրության:


Այս ամենը անուղղակիորեն հիշեցնում է, որ Նոյը պատահաբար չի Արարատի լանջերին իջել, մարդկությունը առաքելություն ունի ապրեցնելու ամենայն բարոյականն ու լուսավորը, այլապես կոչված է իսպառ ոչնչանալու:


Երևանում մեկտեղ հավաքված այսքան լուսավոր, առաքինի, բարձր արժեքների զինվորագրված մարդիկ՝ մեկ վայրում: Դա ավելի զորեղ է, քան ատոմային ռումբը, հրանոթների համազարկ է ընդդեմ ամեն տեսակի բարբարոսության ու վայրագության, հանուն քաղաքակրթության, աշխարհը ՄԱՐԴՈՒ համար պահպանելուն: Բոլորն են այնտեղ անխտիր հարազատ դարձած՝ անկախ ազգությունից, կրոնից ու մաշկի գույնից, քանի որ նույն դավանանքն ունեն՝ խղճի, սիրո դավանանքը, անարդարության դեմ պայքարի դավանանքը: Եվ ամենևին պատահական չէ, որ մարդասիրությունը, արդարամտությունը, սերը այստեղ փառաբանում են բացառապես կրթյալ, օժտված, ինտելեկտուալ անհատները: Եվ չկա մահ այն ազգին, որը, սեփական ցավից ու արհավիրքից տակավին գլուխ չբարձրացրած, ատելությունից չի մոխրանում, այլ սիրո ու բարության ջատագով է դառնում ու երախտագետ լինում օտարներին՝ մարդասեր ու ազնիվ լինելու համար: Նման արարքներով դժվար է չհպարտանալը: Մինչդեռ երեկվա անհայրենիք քոչվոր ցեղերը, որոնք ամրապնդվել ու հաստատվել են ուրիշների ստեղծածը թալանելու և նրանց կյանքի գնով, 21-րդ դար են հասել արյունոտ ձեռքերով, փաստելով, որ մարդկային էվոլյուցիայում իրենց կրած փոփոխությունը լոկ թանկարժեք կոստյում-փողկապներն են: Վկա՝ օրերս տեղի ունեցած ագրեսիան և մեր երիտասարդ զինվորների թարմ շիրիմները:


Այս երկրագունդը դեռևս պտտվում է նրանց շնորհիվ, ովքեր իրենց մեջ պահպանում են սրբազան սերը և սիրո հետքեր թողնում բազմաչարչար Երկրի երեսին: Այս աշխարհը այդ լուսավոր մարդկանց ուսերին է: Եվ փառք ու պատիվ աստվածային լույսը կրողներին, փառք ու պատիվ նրանց մասին վկայողներին ու սատարողներին, որովհետև մեծարվելու համար մեծարել է պետք, բարձրանալու համար՝ բարձրացնել:


Արմենուհի ՍԻՍՅԱՆ
Արձակագիր, բանաստեղծ

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ