Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Paroles, Paroles, Paroles

Paroles, Paroles, Paroles
09.05.2014 | 01:17

Մեկ դերասանի թատրոն՝ ներկայացում երեք մասից, սպասեք շարունակությանը: Եթե հակիրճ, այսքանով կարելի է ավարտել քաղաքական շաբաթվա անցուդարձը: Բայց պատկերն ամբողջացնելու համար պետք է հավելել, որ բեմից աննկատ հեռացել են մյուս դերակատարները, որ պարբերաբար իրենց հռչակում էին պիեսի հեղինակ, ռեժիսոր, բեմանկարիչ, երաժշտության հեղինակ, բայց հիմնականում մնում էին հանդիսատես: Հիմա նրանք այլևս բեմ նետվելու հավակնություններ չեն ներկայացնում: Իսկ խոստացել էին: Համարյա սպառնացել էին: Բայց մոռացա՞ն: Շուրջօրյա հանրահավաքնե՞րը: Իշխանափոխության պահա՞նջը: Սերժ Սարգսյանի աննախադեպ թուլությո՞ւնը, որից չօգտվելը, մեղմ ասած, չի ներվի: Ո՞րը մոռացան իրենց հայտարարություններից: Ինչո՞ւ նրանց նորից ամեն ինչ բավարարեց: Ինչո՞ւ ներիշխանական վերադասավորումները վերագրեցին իրենց գործողությունների սարսափից կատարված համարյա հեղափոխության: Տիգրան Սարգսյանը համակա՞րգ էր, որ նրա հրաժարականով ավարտված համարեցին համակարգային փոփոխության ազնիվ պայքարը: Թե՞ Հովիկ Աբրահամյանն է իրենց նախընտրած համակարգը: Կա՞ տրամաբանություն քառյակի գործողություններում, որ այս ամենից հետո միայն համեստորեն հրաժարվեց ինքն իրեն հրաշալի որակել, բայց շարունակում է ոչիշխանական համարել: Թերևս այն պատճառով, որ ոչիշխանականից ավելի հեշտ է իշխանական դառնալը, քան ընդդիմությունից: Այսքանն ընդամենը: Բայց քաղաքական տարածքը պետք է լցնել նաև բառերով, մահացու է լռության մեջ գործելը, եթե նույնիսկ իրականում գործողություններիդ օգտակար գործողության գործակիցը զրոյական է: Շարժման պատրանք պիտի լինի, որ կարողանաս ասել՝ ես կամ, ես գործում եմ, ես ձեզ հետ եմ, ձեզ համար, ձեր կողքին, ձերը, գնահատեք ինձ, հարգեք ինձ, սիրեք՝ վերջապես: Մարդ եք…
Մայիսի 5-ին Գագիկ Ծառուկյանն ընդունեց օրեր առաջ իրեն նետված մարտահրավերը և հակադարձեց. առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
Չշտապեք ԲՀԿ-ին ընդդիմադիրների շարքում դասել, կուսակցությունը կմնա այլընտրանք: ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստում Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթներն ուժի մեջ են, և որևէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու: Իսկ համագումարում նա ընդդիմություն դառնալու հայտ չի ներկայացրել: Քաղաքական դեմքի պահպանության համար ԲՀԿ ղեկավարն արձանագրեց, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է: Հավանաբար զիջում որակվեց Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ ընտրվելու ժամանակ քվեարկությունը, իսկ զիջումները կավարտվեն կառավարության ծրագրի հաստատումով:
Մայիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստը, սակայն, ոչ այնքան պատասխան էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին, որքան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, և ոչ այնքան ԲՀԿ-ի պատասխանն էր, որքան Ռոբերտ Քոչարյանի: ՀՀ երկրորդ նախագահը չընդունեց համատեղ հեռանալու կոչը, նա մնում է մեծ քաղաքականության պահեստային նստարանին և առաջիկա համապետական ընտրություններում կվերադառնա՝ նախ ԲՀԿ-ի հետ խորհրդարան, ապա՝ ԲՀԿ-ով նախագահական:

Եթե մինչ այդ սահմանադրական փոփոխություններ լինեն և Հայաստանը փոխի կառավարման մոդելը՝ կիսանախագահականից խորհրդարանականի, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է վերադառնալ վարչապետի աթոռին՝ ավելի մեծ լիազորություններով, քան ուներ 1998-ին: Բոլորովին չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը փոխի մտադրությունը և, ստեղծված նոր իրավական ու քաղաքական իրավիճակում, չհեռանա մեծ քաղաքականությունից կուսակցական աշխատանքի: Քաղաքական ժամանակը իր զիգզագներով բազում անակնկալներ դեռ կարող է մատուցել քաղաքական դաշտին մինչև համապետական ընտրությունները: Բոլոր դեպքերում դժվարանում է ԱԺ նախագահից ՀՀ վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանի խնդիրը՝ նա հիմա պարտավոր է իր քայլերով ոչ նախորդ նախագահի զայրույթը հարուցել, ոչ գործող նախագահի: Այդ զայրույթը կարող է քաղաքական կարիերայի ավարտ դառնալ՝ վտանգելով ունեցվածքի պահպանությունը: Եթե Ռոբերտ Քոչարյանը դեպի ԲՀԿ գրասենյակ է ուղղում հաղթանակի ճանապարհը, իսկ Սերժ Սարգսյանը վստահ է, որ այդ ճանապարհն անցնում է ՀՀԿ գրասենյակով, Հովիկ Աբրահամյանի համար ստեղծված եռանկյունին չափազանց վտանգավոր է. նա չի կարող հավատարիմ մնալ երկուսին էլ, երկուսն էլ արդեն թույլ չեն տա սեփական խաղը խաղալ ու առաջին դեմք դառնալ՝ իրենց շրջանցելով: Գագիկ Ծառուկյանը ևս չի կարող ԲՀԿ-ն դարձնել Հովիկ Աբրահամյանի հաղթական մեկնարկի ցատկահարթակ: Նա պարզ մարդ է և այլևս զիջումներին վերջ է դրել: Եթե ՀՀԿ-ն չհասկացվածության, ԲՀԿ-ն ունի հասկացվածության սինդրոմ, և դա միայն խանգարում է կուսակցությանը իշխանության կամ ընդդիմության մեջ լինել, հասկացվածության սինդրոմը ԲՀԿ-ին գամում է այլընտրանքի շրջանակներում, որտեղ նույնպես լավ են կերակրում: Իհարկե, իրավիճակը կարող է պարտադրել Գագիկ Ծառուկյանին կուսակցությունից հրաժարվելու տարբերակը, բայց դա արդեն կդառնա մեկ օլիգարխի պատմություն՝ քաղաքականությունից դուրս:
Որքան էլ տարօրինակ է, ԲՀԿ-ի քաղաքական ասպարեզից հեռանալուն առաջինը դեմ է հենց ՀՀԿ-ն: Նկատե՞լ եք, որ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը ուղղակի սկսել է համատեղել վարչապետի բարդ և ՀՀԿ մամլո խոսնակի անշնորհակալ աշխատանքը՝ կտրելով Էդուարդ Շարմազանովի հացը: Ավելին, հիերարխիկ կանոնները արհամարհելով մեկնաբանում է նաև մամլո խոսնակի հայտարարությունները: Սա իսկապես բաց ու թափանցիկ գործելու նոր քաղաքական մշակույթ է: Գագիկ Ծառուկյանի հրավիրած քաղխորհրդի բաց ու թափանցիկ նիստից հետո ՀՀԿ-ի լռությունը հաջորդ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը խզեց՝ ասելով, որ չի ցանկանում «ՀՀԿ-ի հասցեին հոխորտանք» համարել նրա հայտարարությունները: Եվ՝ սովորեցրեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը»: Հովիկ Աբրահամյանը չի հավատում Գագիկ Ծառուկյանին, երբ նա ասում է. «Այս ընտրությունները՝ դա կլինի խորհրդարանական թե նախագահական, այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»: Չի հավատում, երբ Գագիկ Ծառուկյանն ասում է. «Ընտրության հիմնական տերը, որոշողը ժողովուրդն է: Իսկ էսօր դուք գիտեք ժողովրդի մոտեցումն էլ, տեսակետն էլ, թե էսօր որ միասնական իրենց ապրելակերպի, առօրյայի վրա զգալով՝ նրանք պատրաստակամ են կանգնելու, իրենց ձայնին տեր կանգնելու և իրավիճակը փոխելու»: Ինչո՞ւ: Որովհետև նա հավատացած է, որ ՀՀԿ-ի խոսնակի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանը սխալ է ընկալել. «ՀՀԿ խոսնակի հայտարարությունը որևէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որևէ երանգ չի պարունակել և վերաբերել է հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու»: Այսինքն՝ եթե բացենք փակագծերը, Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը ոչ թե ԲՀԿ-ի դեմ է ընդհանրապես, այլ ԲՀԿ-ի դեմ է մասնավորապես, եթե ԲՀԿ ասելով հասկանանք Ռոբերտ Քոչարյա՞ն: Բառահորձանքը շարունակվելու է՝ ԲՀԿ նախագահը դեռ հեռուստահարցազրույց է տալու, ՀՀԿ փոխնախագահը հանգամանալից խոսելու առիթը վերապահել է իրեն:
Իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը: Փաստորեն նա նախապես համաձայն էր միասին հեռանալու Սերժ Սարգսյանի մտադրությանը: Ավելին, առաջինն ինքն էր պատրաստակամություն հայտնել: Իր հակաավազակապետական և քաղաքագիտական վերլուծություններով անցած տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց երկու կարևոր գործ. առաջին` ֆինանսապես պահպանեց ՀԱԿ-ը, երկրորդ՝ իբրև փոխհատուցում մարտի մեկի իրադարձությունների պատասխանատվությունից փորձեց ազատել ոչ միայն ԲՀԿ-ին, այլև Ռոբերտ Քոչարյանին: Հայաստանում ընդամենը նորից ապացուցվեց քաղաքական թեորեմը՝ քաղաքականության մեջ չկան հավերժական թշնամիներ ու հավերժական բարեկամներ, կան շահեր: Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում Սերժ Սարգսյանը առաջիկայում, սակայն, ՀՀԿ-ին չի դնի հարվածի տակ, առաջավոր գծում կգործեն ՕԵԿ-ը և իբրև նախագահի թեկնածու ընդդիմադիր դաշտ մտած Արթուր Բաղդասարյանը: Իսկ մյուսնե՞րը: Մյուսները խաղաղ կգոյատևեն՝ ապահովելով քաղաքական դաշտի բառային ծածկույթը. նրանք ելույթներ կունենան, հարցազրույցներ կտան, հասարակության ականջները կշոյեն կամ կքերծեն օրվա ու ընդհանրական ճշմարտությունների մեծ ու փոքր չափաբաժիններով՝ հայացքները մշտապես պահած ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վրա: Մեծ բեմում գլխավոր դերակատար լինելով ներկայացման ողջ ընթացքում ոչինչ չանելը վտանգավոր է, նրանք խելամտորեն կգերադասեն երկրորդական դերերը: Ի վերջո, քաղաքական մեծամասնության ու այլընտրանքի հետ թվական համեմատությունն էլ դա է պահանջում. 69-ի ու 37-ի դեմ ի՞նչ ես անելու 5-6-ով: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության փորձը ձախողվեց, հետևությունները թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Քաղաքական դաշտը, սակայն, մինչև ընտրություններ չի մնա ստատիկ վիճակում: Անսպասելի զարգացումներ կլինեն: Դանդաղ, բայց անկասելի: Հնարավոր զարգացումներում, սակայն, անփոփոխ է մնալու զինվորների դիրքը, նրանք կխաղան ժողովրդի դերը՝ ընտրություններում հանդես գալով իբրև ընտրազանգված, եթե մինչ այդ իրենց կրիտիկական զանգվածով արտագաղթած չլինեն Հայաստանից: Իսկ որ կարտագաղթեն, չկասկածեք: ՌԴ նախաձեռնությամբ ստեղծվելիք Եվրասիական միությունում վերպետական կառույցները համակարգելու են ոչ միայն տնտեսական ոլորտը, այլև քաղաքական և ռազմական, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նա հաստատել է, որ պետք է լինի ընդհանուր վալյուտա, և մխիթարել, որ գրեթե 20 տարի ընդհանուր արժույթ չեն կարողանում մտցնել նույնիսկ Ռուսաստանի ու Բելառուսի մեջ:
Խոսելով Եվրասիական միությունում վերպետական կառույցներով արտաքին քաղաքական ու ռազմական ոլորտների համակարգման մասին՝ նա նորից մխիթարել է. «Իհարկե, ավելի սերտ կառույցների դեպքում կոորդինացման պրոցեսը երևի կլինի ավելի ակտիվ և ավելի խոր: Բայց դա չի նշանակում, որ բոլորովին կոնֆլիկտներն ու հակասությունները դուրս են բերվելու»: Եվ ամենամեծ մխիթարությունը. «Ես չեմ տեսնում, որ այսօր մեծ տագնապ կա հետսովետական տարածքում, որ այս կամ այն հանրապետությունը կարող է դառնալ Ռուսաստանի անքակտելի մի մասը»: Հասկացա՞ք: ՈՒրեմն պատրաստվեք, Զորի Բալայանի տկար ուսերին չթողնելով այդ հզոր գործը, ազգովին նամակներ գրել Ռուսաց թագավորին: Որովհետև Ռուսաստանը բոլորովին չի ուզում ԽՍՀՄ-ը վերականգնել, Ռուսաստանն ընդամենը ուզում է, որ ԽՍՀՄ-ը ինքն իրեն վերականգնվի, ու այդ գործընթացներում ոչ մի ճնշում չի գործադրում, գործարք է առաջարկում: Օրինակ՝ ինչպե՞ս անդամակցել Մաքսային միությանը: «Եթե եղել է նույնիսկ ճնշում, սովորական իմաստով չէ: Եղել է գործարք: Եթե դուք միանում եք այս կառույցին, դուք ունենալու եք այս, այս, այս հնարավորությունները: Եթե դուք միանում եք այն կառույցին, դուք, իհարկե, գուցե ունենաք այս, այս, այս, բայց կարող եք կորցնել այս…»: Այսինքն եղել է սթափ հաշվարկ, վկայել է Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով. «Ղարաբաղի հարցը Հայաստանի անկախության, պետականության ուժեղացման և անվտանգության հարցն է: Այս հարցերում, իհարկե, Ռուսաստանը խաղում է շատ վճռական դեր: Եվ հասկանալի է, որ եթե Հայաստանը շարժվում է այլ ուղղությամբ, սա կարող է ունենալ իր ազդեցությունը Հայաստանի պետականության և հայության բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Ղարաբաղի»: Հարցեր մնացի՞ն: ՈՒղղեք նրան, ով բազմաբևեռ դառնալ ձգտող աշխարհում ուզում է ունենալ միաբևեռ Հայաստան: Եթե գտնեք: Եթե պատասխանի: Եթե պատասխանի մեջ լինի բովանդակություն, ոչ թե բառեր, բառեր, բառեր:

Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ