Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
25.04.2014 | 11:09

ՈՒկրաինայում տեղի ունեցող հախուռն, դրամատիկ իրադարձությունները, բնականաբար, մասնագետները գլխավորապես վերլուծում են աշխարհաքաղաքական, ռուս- ուկրաինական, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից: Սակայն ռուսաստանյան լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում նաև Վիկտոր Յանուկովիչի անհատականությանը, գործելակերպին, բնավորության գծերին և այլն: Ի վերջո, Եվրոպայի՝ տարածքով ու բնակչությամբ ամենամեծ պետություններից մեկի ղեկավարի նման անփառունակ անկումը չի կարող չառնչվել նաև անձնական թերություններին: Ժամանակին խորհրդային մեր սերնդի գլուխն էին մտցնում այն գաղափարը, որ պատմությունը կերտում են ոչ թե ու ոչ այնքան անհատները, որքան ժողովրդական զանգվածները: Թեև դա կոմունիստներին չէր էլ խանգարում ստեղծելու սեփական առաջնորդների՝ Լենինի և Ստալինի աննախադեպ ուռճացված պաշտամունք: Ի դեպ, Ղրիմի վերամիավորումից հետո հատկապես ռուսները նորովի ու շուքով են վերհիշում իրենց մեծերին՝ Իվան Ահեղին, Ալեքսանդրներին, Պետրոս Առաջինին, Ստոլիպինին և ուրիշների, նույնիսկ «թուլամորթ» Նիկոլայ Երկրորդին:

Սակայն դառնանք Վիկտոր Յանուկովիչին: ՈՒկրաինայում նրան ճանաչել են որպես թղթախաղի հմուտ վարպետի՝ կատարելագործված բանտային պայմաններում: Եվ նախագահական իր գործունեության մեջ ևս նա առաջնորդվել է խաղամոլի արկածախնդրական շատ կանոններով: Ըստ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների «նորագույն» վկայությունների` պետության ղեկավարի նրա միտքը գերազանցապես աշխատել է մեկ ուղղությամբ՝ ինչպես սեփական վերահսկողության տակ առնել երկրի ֆինանսական հոսքերը, միջին ու խոշոր բիզնեսը և կուտակել միլիարդներ: Նա փոխառել է ելցինյան «ընտանիք» հասկացության բովանդակությունը, այն կատարելագործել համայն ՈՒկրաինայի մակարդակով: ՈՒկրաինական ողջ բիզնեսը՝ պարուրված ամենատարբեր կոռուպցիոն սխեմաներով, ենթարկվել է Յանուկովիչի ընտանեկան շահերին:
Պարզվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն հատուկ ուղղամտությամբ նույնիսկ զգուշացրել է Վիկտոր Ֆյոդորովիչին. «Հենց որ նախագահի ժառանգները սկսում են զբաղվել բիզնեսով, սպասիր աղետի: Հենց որ կանանց ու սիրուհիների գլխին թագապսակներ են երևում, սպասիր աղետի»: Լուկաշենկոն խորհուրդ է տվել Յանուկովիչին` իր որդիներին ու առաջին հերթին «սիրելի» Ալեքսանդրին հեռու պահել բյուջեից: Յանուկովիչն անտեսել է խորհուրդը, նույնիսկ նեղսրտել է Բատկայից: Բանն այն է, որ նա իր իշխանակալման հենց սկզբից որդիներին ակտիվորեն ներգրավել է պետության «կառավարման» գործերին: Ավելին, ամեն կիրակի մասնավոր ինքնաթիռներով Դոնեցկ՝ Յանուկովիչների բնօրրան են մեկնել կառավարության առանցքային ղեկավարները` «թագաժառանգ» Ալեքսանդրի հետ քննարկելու պետության ֆինանսական միջոցների օգտագործման (վերահսկման) սկզբունքային որոշումները, որոնք այնուհետև մեխանիկորեն հաստատվել են Կիևում:
Բոլոր առաջատար պաշտոններում «ընտանիքը» նշանակել է իր մարդկանց: Ընդ որում` Յանուկովիչը զարմանալի հետևողականությամբ գերադասել է ընտրել ապաշնորհ մարդկանց. գլխավորը նվիրվածությունն է: Սակայն կյանքը ցույց տվեց, որ հատկապես իրադարձությունների զարգացման վերջին պահին այդ «նվիրյալները» նենգորեն խաբել են նրան, դավեր նյութել նրա դեմ:
Յանուկովիչը հակասական է եղել իր ինքնավստահության և կասկածամտության մեջ: Ոչ մեկին չի վստահել, մեծ մտավախություն է ունեցել իր կյանքի համար: Մեժիգորիեի իր շքեղ առանձնատունը նա պատել է նույնիսկ զենիթահրթիռային համալիրով: Խուսափել է ուղղաթիռից: Իր աշխատասենյակում անկեղծ զրույցներ չի ունեցել, եթե փորձել է մտքեր փոխանակել որևէ մեկի հետ, դուրս է եկել աշխատավայրից: Իր կառավարման տարիներին նա երբեք չի պահանջել վերլուծական նյութեր երկրի իրավիճակի, մարդկանց տրամադրության, արտաքին ներգործությունների մասին: Մեկ տարի առաջ նրան զեկուցել են, որ Կարպատներում ամերիկացիները գրոհայիններ են պատրաստում իշխանափոխության համար: Յանուկովիչը ձեռքը թափ է տվել՝ անհեթեթություն է, վստահ է եղել, որ իր ստեղծած իշխանական բուրգն անխորտակելի է:
Եթե, մի կողմից, նա իր օլիգարխներին է ծնել, ապա, մյուս կողմից, ձգտել է նրանց մեջ լինել ամենաազդեցիկն ու ամենահարուստը՝ հենց նրանց հաշվին: Օլիգարխները զգացել են այդ ու զգուշացել: Եվ տարօրինակ ոչինչ չկար, երբ «Մայդանի» հիմնական հովանավորները հենց սկզբից դարձան ուկրաինացի մեծահարուստները, ամերիկացիները հետո երևացին: Կոլոմոյսկիները, Ֆիրտաշները, պորոշենկոները ճարպկորեն օգտագործեցին ժողովրդի խոր անբավականության անկեղծ պոռթկումը, անբավ դժգոհությունը կոռուպցիայից, անօրենություններից, օր օրի նվազող կենսամակարդակից: Երեք միլիոնից ավելի ուկրաինացիներ հաց էին վաստակում Ռուսաստանում: Որպես արտառոց փաստ արձանագրվեց, որ աշխարհի ոչ մի բարիկադում այդչափ միլիոնատերեր չեն գրանցվել:
Գիտե՞ր Յանուկովիչը, որ ժողովուրդն իրեն ատելով ատում է: Գիտեր, և այդ մասին վկայում է նրա վարչակարգի բարձրաստիճան չինովնիկներից մեկը: Նա իրազեկել է նախագահին, թե ինչ հրեշավոր կոռուպցիոն մեքենայություններով են զբաղված նրա մերձավոր ենթակաները, զգուշացրել է, որ ժողովրդի համբերությունը սպառվել է և նա պատրաստ է լրջագույն խռովության՝ ապստամբության: Խորհուրդ է տվել Ալեքսանդր որդուն ուղարկել արտասահման` մարդկանց աչքից հեռու պահելու նկատառումով: Սակայն Յանուկովիչն այդպես էլ չի դիմել որևէ հակակոռուպցիոն գործողության, չի բռնել որդու ձեռքը: Շատերը մտածել են, որ նա կպատժի գոնե առողջապահության նախարարին, որի ձեռնարկած վակցինացումից զգալի թվով երեխաներ են մահացել: Բայց ի՞նչ կարող էր անել հայր Յանուկովիչը, երբ այդ վայ- պատվաստանյութ արտադրող ընկերության հիմնական բաժնետերերից մեկը որդի Յանուկովիչն էր:
Կարո՞ղ էր Յանուկովիչը ջախջախել «Մայդանը»: Նրան մոտիկից ճանաչող բոլոր անձինք միակարծիք են, որ՝ ոչ, չէր կարող: Որպես փորձառու խաղամոլ, որը ջահելության տարիներին շատերին էր խաբել, հուսով էր, որ միայնակ հաղթող դուրս կգա նաև քաղաքական խաղերում: Հակամարտության մեջ նա չի էլ փորձել պաշտպանել իշխանությունը, ընտրել է իրադարձությունները ձգձգելու տակտիկան, երբ կարելի է հետևել անձնական շահին, աջուձախ ծախելով զինակիցներին: Վերջիններս էլ զգալով, որ Յանուկովիչի վրա հնարավոր չէ հույս դնել, նրա նկատմամբ վարվել են նույն կերպ:
Եվրոպացիների միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը խաբեություն էր Յանուկովիչի համար: Եվ նա, զգալով սպառնալիքը, արդեն նույն գիշերն իրերն էր հավաքում մայրաքաղաքից ճողոպրելու համար, բացառվում էր, որ «հանուն ազգի» նա նահատակության դիմեր Կիևում: Չի կարելի բացառել, որ եթե նա դրսևորեր տարրական կամք, տարրական ազնվություն, վայելեր տարրական վստահություն, ապա կարող էր դիմադրության ղեկավար դառնալ Ղրիմում, Դոնեցկում: Բայց նա արդեն պետք չէր ոչ մեկին: Թերևս իրավացի է ռուս վերլուծաբաններից մեկը, որը Յանուկովիչին համարել է ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ.- Հայաստանցիներին թվում է, թեր իրենք աշխարհի այն եզակի հանրությունն են, որ էկզոտիկ, կոլորիտային, բայց բնութագրական մականուններ են շնորհում սեփական օլիգարխներին ու քաղաքական գործիչներին: Մինչդեռ պարզվում է, որ ուկրաինացիներն էլ զուրկ չեն, իհարկե ոչ նման շռայլ մակարդակով, այդ ընդունակությունից: Ալեքսանդր Յանուկովիչին նրանք անվանել են «Ստոմատոլոգ» ըստ նրա՝ պետության «կառավարման» հետ կապ չունեցող հիմնական մասնագիտության: Իսկ ահա ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկին պատվել են կենդանական մականունով` «Ճագար»:

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ