Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սեփական նվիրական ոտնահետքերով` ՕԵԿ 2014

Սեփական նվիրական  ոտնահետքերով` ՕԵԿ 2014
20.04.2014 | 15:59

Ինչո՞ւ ոչ ոք Հայաստանում չի ուզում իշխանություն լինել, երբ երկրում ամեն օր արթնանում է այնքան նախագահ, որքան բնակիչ է մնացել: Հարցը արդեն հռետորական չէ: Հարցը խիստ առարկայական է: ՈՒ հրատապ: Հատկապես ՀՀԿ-ի համար, որ, կարծես, պատրաստ է բոլորի հետ կիսել իր անսահմանափակ իշխանությունը, բայց քաղաքական ուժերը հերթով շնորհակալություն են հայտնում ու հեռանում: Չեն գործում նույնիսկ խնամի, քավոր, սանիկ կապերը, որ հայկական քաղաքական ասպարեզում ավելի ամուր ու ազդեցիկ են քաղաքական շահերից: ԲՀԿ-ն, որ նույնիսկ ասում է` խարակիրի անենք, որ հավատաք` չենք ուզում կոալիցիա մտնել, «Ժառանգությունը», որ հրաժարվել էր նախագահի հրավիրած քաղաքական քննարկումներին մասնակցել ի սկզբանե, ՀԱԿ-ը, որ մերթ ընդ մերթ իշխանափոխության կոչեր է անում, ՀՅԴ-ն, որ իր յոթ կետերի կիսատ-պռատ ընդունումը լուրջ չի համարում, հիմնավորումներ ունեն: Իրական-անիրական, հավաստի-անհավաստի, բայց ունեն: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակելուն հաջորդած ամենամեծ հարվածը նրանք չհասցրին: ՕԵԿ-ից եկավ: Կուսակցություն, որ վեց տարի լուռ ու հարմար տեղավորվել էր կոալիցիոն հուշագրի շրջանակներում, ով ինչ խաղ էր տվել, ՕԵԿ-ը եղել ու մնացել էր հավատարիմ: Ապրիլի 16-ին ՕԵԿ-ը հայտարարեց, որ ՀՀ նախագահի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել են նոր քաղաքական իրավիճակ: Նոր իրավիճակում կուսակցությունը քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարեց «խնդրահարույց և ոչ նպատակահարմար»: Վեց տարվա մեջ առաջին անգամ ՕԵԿ-ն իրեն իրավունք վերապահեց հայտարարել, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար, ինչը վերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ: ՕԵԿ-ը բողոքեց, ՕԵԿ-ն ընդվզեց, ու ՕԵԿ-ը հեռացավ: Իշխանությունից: Օրերի հարց համարվեց Արթուր Բաղդասարյանի հրաժարականը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: ՕԵԿ-ի ինչի՞ն է պետք սեփական նվիրական ոտնահետքերով դեգերելու դեժավյուն: 2006-ի մայիսի 6-ին ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տված Արթուր Բաղդասարյանի աչքի առաջ քանդվեց ոչ միայն խմբակցությունը, այլև կուսակցությունը, հեռացան ամենամերձավորներն էլ, մարդիկ, որ իր հետ հիմնադրել էին կուսակցությունը: Ընդդիմության երկու տարիները նրան 2008-ի նախագահական ընտրություններում 17 տոկոս ձայն բերեցին ¥տանելով Լևոն Տեր-Պետրոսյանից¤, բայց եղավ ինչ եղավ: Երկու անգամ նույն ջուրը չես մտնի` դու էլ ես փոխվում, ջրերն էլ: 2006-ին էլ գործող ընդդիմությունը չէր ընդունում ՕԵԿ-ական համալրումը, պնդելով, որ ընդդիմություն ոչ թե խոսքով, այլ գործով են դառնում: Արթուր Բաղդասարյանի անձնական խարիզման բավարար հիմնավորում չէր այն ժամանակ: Կլինի՞ հիմա: Երբ, ինչպես իրենք էլ նշում են, երկրում նոր իրավիճակ է ստեղծվել: Ուրիշ նախագահ է: ՈՒրիշ իշխանություն: Անգամ ուրիշ ոչիշխանություն: Եթե 2014-ի ապրիլի 16-ին ՕԵԿ-ի հայտարարությունը կատարվում է այն հաշվարկով, որ ՕԵԿ-ը դառնալու է ընդդիմություն, որի տեղը թափուր է տևական քաղաքական ժամանակ, հաշվարկները կարող են սխալ լինել: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ասուլիսում հայտարարեց, որ ցիվիլ քաղաքական դաշտում կա երկու ճանապարհ` կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն: Ցիվիլ քաղաքական դաշտի համար նա, հարկավ, ճիշտ է: Բայց որտե՞ղ է Հեղինե Բիշարյանը այդ «ցիվիլ» դաշտը տեսել: Որքանո՞վ է դաշտի «ցիվիլ» լինելուն նպաստել ՕԵԿ-ն իր գործունեության տարբեր փուլերում: Հակասական փուլերում, որտեղ իշխանություն-ընդդիմություն օղակները հաջորդում էին իրար: 2003-ին ՕԵԿ նախագահը դարձավ ԱԺ նախագահ, երբ իր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չուներ, այդ ժամանակ բացահայտորեն ՕԵԿ-ը Ռոբերտ Քոչարյանի նախագիծն էր. որևէ այլ ճանապարհով որևէ կուսակցություն խորհրդարան չէր մտնում հենց իր` Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումով: Կարճ ժամանակից Ռոբերտ Քոչարյանն էլ հասկացավ, որ իր նախագիծն աշխատում է ոչ թե իր, այլ սեփական ծրագրով, այդպես ծնվեց ԲՀԿ-ն, նախ իբրև գաղափար, հետո կուսակցություն:

Արթուր Բաղդասարյանի վարած եվրաինտեգրման քաղաքականությունը, ակտիվ այցերը ԵՄ երկրներ ու պատասխան այցերը, եվրոպական խորհրդարանների հետ կապերի աննախադեպ խորացումը դրսում ընկալվում էին իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքականություն, ինքը` Արթուր Բաղդասարյանը` իբրև ամենահեռանկարային գործիչ հայ քաղաքական ասպարեզում, որ, ինչու ոչ, կարող է և լավ նախագահ լինել: Բնականաբար դա դարձավ վտանգավոր ու անցանկալի Ռոբերտ Քոչարյանի համար, և սարքվեց գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» թերթի հարցազրույցը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարզ ասել էր, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն են», որ «Ռուսաստանը չպետք է խոչընդոտ հանդիսանա դեպի Եվրոպա տանող մեր ճանապարհին»: Նրա հրաժարականի պատճառը ո՛չ ԵՄ-ն էր, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը: Պատճառը իշխանության համար պայքարն էր, որտեղ Արթուր Բաղդասարյանն ու իր կուսակցությունը խանգարում էին Ռոբերտ Քոչարյանին, բայց կարող էին պետք լինել Սերժ Սարգսյանին: Այդպես 2008-ին Արթուր Բաղդասարյանը վերադարձավ իշխանություն և սկսվեց նրա վեցամյա նոր գործունեությունը ոչ այնքան ՕԵԿ-ՀՀԿ, որքան Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան տանդեմով: Նա ի պաշտոնե և անձնական կապերի բերումով դարձավ միակ քաղաքական գործիչը, որ շփվում էր թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի ու եվրոպական կառույցների հետ: Արթուր Բաղդասարյանը բարելավեց ու ամրապնդեց իր ռուսական «շրջապատը». Բոոսը, Պատրուշևը, Բորդյուժան նրա համար համապատասխան պաշտոնյաներ չէին արդեն: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ակտիվ պաշտպանությունը ևս նրա քաղաքական ակտիվում են: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նա բազմիցս հերքել է իր գլխավոր դատախազ ու վարչապետ դառնալու լուրերը, բայց ոչ մի անգամ չի հերքել նախագահական հավակնությունները: Այդ հավակնությունները, համաժողովրդական ընտրություններում աջակցություն ստանալով, իրացնելու միակ ճանապարհը Հայաստանում ընդդիմություն դառնալն է: Փորձը ցույց է տալիս, որ հայ ընտրողը գերադասում է ձայնը տալ իշխանության դեմ` ով էլ լինի ընդդիմությունը:
Որքա՞ն է այս հաշվարկը իրատեսական: Դրսում վաղուց արդեն 2008-ը չէ: Եթե Արթուր Բաղդասարյանը պատրաստ է ընդդիմության փշե պսակը նորից կրել, որքա՞ն է պատրաստ այդ պսակը նրա գլխին դնել ընտրողը: Ակնհայտ է, որ վաղուց արդեն ոչ շատ երիտասարդ ու բավականաչափ հարուստ ՕԵԿ նախագահն ու նրա կուսակցությունը այլևս չունեն ու չեն վերականգնելու նախկին հմայքը, եթե նույնիսկ ՕԵԿ բոլոր 6 պատգամավորները ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ հերթով քննադատական ելույթներ ունենան, իսկ շարքային ՕԵԿ-ականները օրը 24 ժամ շրջեն հանրապետությունում ու քննադատեն իշխանությանը: Եթե նույնիսկ դեժավյուի օրենքով կուսակցությունը նորից կորցնի իր իշխանամետ անդամներին ու վերահամալրվի իշխանամերժ անդամներով: Եվ դա Արթուր Բաղդասարյանը շատ լավ գիտի, ավելի լավ, քան որևէ մեկը: Նրա տառապանքը փորձ ունի: Նա փորձառու է այնքան, որ առանց երաշխիքների երիտասարդական անմտած պոռթկումների չի գնա` նորից հարվածի տակ դնելով իրեն ու յուրայիններին: Այո, ՕԵԿ-ի կարծիքը ՀՀԿ-ն առանձնապես հաշվի չէր առնում, բայց 69։6 պատգամավորական հարաբերակցությունը դա իրավական էր դարձնում, և ինչո՞ւ վեց տարի դիմացավ ու հիմա ընդդիմացավ: Ի՞նչ իրավիճակ փոխվեց իրականում: Ո՞Ւմ է ուղղված Արթուր Բաղդասարյանի ընդդիմություն դառնալու քայլը` ներսի՞ն, թե՞ դրսին: Ներսում` հայ քաղաքական ասպարեզում ՕԵԿ-ին արդեն իսկ «անազնիվ» ընդդիմություն են որակել: Պատկերացնո՞ւմ եք նոր «հրաշալի» ձևաչափ, որտեղ կողք կողքի նստած են Արթուր Բաղդասարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը և համատեղ քննարկում են քաղաքական օրակարգի հարցերը: Կամ նրանց հետ է հավերժական այլընտրանք ԲՀԿ-ն, և Արթուր Բաղդասարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը որոշում են կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը խորհրդարանում շրջանառության դնելու ամսաթիվը: Կամ նախագահի հրաժարականի պահանջի տարեթիվը: Փաստորեն ՕԵԿ-ի չկոալիցվելու պատճառն ավելի շատ արտաքին քաղաքական է: Իշխանությանը պետք է արագ փակել իսկապես արևմտամետ ընդդիմության ձևավորման և միավորման վտանգավոր հնարավորությունը, որը կարող է արտաքին քաղաքական աջակցություն ստանալ: ՕԵԿ-ը հայտնվում է այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանի համար վտանգ կա: Անկառավարելիության և անկանխատեսելիության վտանգ: Զարմանալի չի լինի, որ նոր ՕԵԿ-ի առաջին «գործընկերը» «Ազատ դեմոկրատները» դառնա և ապրիլի 25-ին նախատեսված ասուլիսում Արթուր Բաղդասարյանն արդեն նույնիսկ արդյունքներ ներկայացնի իր «ընդդիմադիր գործունեությունից», կամ ծրագրեր, որտեղ Հայաստանի ապագան կերևա Եվրամիության հորիզոնում: Կարծում եք` միայն Տիգրան Սարգսյանի՞ն էին հատուկ 180 աստիճանով շրջադարձերը: Քաղաքական փոխված իրավիճակը կարող է պահանջել ու ստանալ այն, ինչ թվում էր անհնար ու անտրամաբանական, անիմաստ ու անտեղի: Ի վերջո, խորհրդարանում էլ պետք է մի ուժ, որ հիշի ու հիշեցնի, որ եթե աշխարհը գնում է դեպի երկբևեռություն, Հայաստանն էլ այդ շքեղությունը կարող է իրեն թույլ տալ ու անվերջ Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան հանկերգելու մեջ մեկ-մեկ էլ հիշի, որ կա ԱՄՆ ու ԵՄ: ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից, «Ժառանգությունից» ու ԲՀԿ-ից այդ սխրանքն ակնկալելն ավելորդ է: Նրանք հարմար են տեղավորվել ռուսական ուղեծրում, իսկ ՕԵԿ-ի կամիկաձեությունը անհատույց չի մնա հետագա քաղաքական պասիանսում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի հաստատումն առանց ՕԵԿ-ի էլ կկայանա: Համենայն դեպս հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն ունի 69 պատգամավոր (Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դեռ` 68), ԲՀԿ-ն` 36, ՀԱԿ-ը` 7, ՕԵԿ-ը` 6, ՀՅԴ-ն` 5, «Ժառանգությունը»` 4, 3 պատգամավոր անկախ են և հաճույքով կմիանան ՀՀԿ-ի 68 ձայնին: Իհարկե, տրիումֆը չի ստացվում, ծնծղաներ չեն հնչի, ու կարմիր գորգն էլ հաղթական կարմիր չէ: ԲՀԿ-ն անհասկանալի համառ է (իրականում լավ էլ հասկանալի), ՕԵԿ-ը հեռացավ, «Ժառանգությունը» հուսալի չէ, ՀՅԴ-ն իր յոթ կետերով ու այդ յոթ կետերի ամբողջական ընդունման պահանջով ոզնի է բազկաթոռին, ուր պիտի նստես, մնում է ՀԱԿ-ը, որ ինչ ասես կասի, բայց կանի` ինչ պետք է: Բայց ՀԱԿ-ի հույսին մնալն այնքան էլ պատվաբեր չէ: Հարազատ ՀՀԿ-ն միշտ էլ ամենավտանգավորն է եղել, որովհետև այդ կուսակցությունում գիտեն գնալ ուժի հետևից, երբեք չես կարող անհետևանք թուլանալ: Թուլանալու ոչ հնարավորություն կա, ոչ ժամանակ: Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը ինչպես անակնկալ սկսվեց, այնպես էլ անակնկալներով շարունակվելու է, ու ոչ ոք չի երաշխավորի, որ այդ անակնկալները միշտ ու միայն հաճելի են լինելու: Ասենք` ինչպես քառյակի ձևաչափի ձևափոխությունները: Ճիշտ է, քառյակը նորից հանդիպեց ու նույնիսկ հայտարարվեց, որ «ի հեճուկս» իրենց վատը կամեցողների իրենք կան ու գործում են, բայց իրենք էլ զգացին ու չխոստովանեցին, որ դառնում են առավելագույնը ակումբ, որտեղ հավաքվում են նույն նախասիրություններ, բայց տարբեր խնդիրներ ունեցող անդամներ, որ նույնիսկ անհրաժեշտ չեն համարում բարձրաձայնած նախասիրություններին հավատարիմ մնալ: Նրանք, իհարկե, կշարունակեն հանդիպել ու հույժ կարևոր քննարկումներ ունենալ, բայց նրանց օրակարգը իրեն սպառել է ու այլևս հրատապ չի դառնալու, որովհետև երկրում բոլոր հրատապ հարցերը հարուցում ու լուծում է ՀՀԿ-ն: Միայն մեկ-մեկ` թույլ տալով իրեն օգնել կամ «խանգարել»: Համենայն դեպս, նաև ասեմ, որ նոր կառավարության կազմավորման բանակցությունները շարունակվում են, թերևս աննախադեպ ձևաչափով ՀՀԿ-ն բանակցում է ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ն պայքարուն է ՀՀԿ-ի դեմ, ՀՀԿ-ն հաղթում է ՀՀԿ-ին ու պարտվում ՀՀԿ-ից: Սեփական նվիրական ոտնահետքերով երթուդարձը Հայաստանում ավանդույթ է դառնում:

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ