Աշխարհում միշտ պատերազմ է: Եվ միշտ չէ, որ չարի ու բարու հակասությունները համարժեք են պատերազմին ու խաղաղությանը: Աշխարհում միշտ պատերազմ է: Եվ դա ճշմարտություն է ոչ միայն աշխարհագրական իմաստով, երբ որևէ տեղ մարդիկ կռվում են ներքին կամ արտաքին թշնամու դեմ կամ ժամանակի առումով, որովհետև ինչ-որ տեղ միշտ կրակում են: Աշխարհում միշտ պատերազմ է: Որովհետև խաղաղությունը չի ապահովում մարդկանց բոլոր խնդիրների լուծումը, առավել ևս` պետությունների, որոնք երբեք ու ոչ մի ժամանակում միմյանց հավասար չեն եղել ու չեն լինելու ո՛չ իրենց քաղաքական ներգործությամբ, ո՛չ աշխարհաքաղաքական հավակնություններով, ո՛չ աշխարհագրական տարածքով ու ժողովրդագրական ցուցանիշներով, ո՛չ էլ բնական ռեսուրսներով: Բոլոր այս տարբերություններն ինչ-որ կետում վերածվում են հակասության, որովհետև, առանց բացառության, բոլորն ունեն նույն նպատակը` լավ ապրել, և չափազանց տարբեր են այդ «լավ ապրելու» պատկերացումները: Խնդիրը բնավ կյանքի որակը չէ: Խնդիրը որակյալ կյանքի ձեռքբերման միջոցներն են, որոնք մարդկության պատմության հազարամյակներում միայն կատարելագործվել են: Եթե երկու ոտքի վրա նոր կանգնած մարդու գլխավոր փաստարկը ուժն էր, մեր ժամանակներում նույն խնդիրը լուծում են` օգտագործելով մարդու ոչ այնքան ֆիզիկական, որքան մտավոր կարողությունները: 21-րդ դարի գլխավոր պատերազմները իմաստային պատերազմներն են: Վաղուց արդեն, պատերազմից բացի, քաղաքական զինանոցի ամենագործուն զենքերն են դարձել կոշտ ուժը` hard power, և փափուկ ուժը` soft power, բայց կա նաև խելացի ուժը` smart power, որոնք լուծում են նույն խնդիրները, ինչ առաջ լուծում էր զենքը: Երեք ուժերի ձևակերպումներն էլ Ջոզեֆ Նայինն են: Խելացի ուժը կոշտ ուժի ու փափուկ ուժի համադրումն է` շահեկան ռազմավարության ձևավորման նպատակով: Խելացի ուժը ներառում է դիվանագիտության կիրառումը ամենատարբեր նպատակներով` համոզմունքները, իրավասությունների զարգացումը, իշխանության և ազդեցության ընդլայնումը քաղաքական ու սոցիալական լեգիտիմություն ունեցող արդյունավետ քայլերով, ռազմական ուժի կիրառումը` անհրաժեշտության դեպքում: Ջոզեֆ Նայի այս բանաձևն ընդամենը բնորոշում է և ոչինչ չի ասում, որովհետև խնդիրը բանաձևի մեկնությունն ու կիրառությունն է: Խնդիրը այն հասկացությունների համակարգն է, որ ընկալվում է իբրև կոշտ, փափուկ կամ խելացի ուժ: Խնդիրը համակարգի իմաստավորումն է: Խելացի ուժը ԱՄՆ-ում ընկալվում է իբրև բանական ուժ` արտաքին քաղաքական ներգործության ռազմավարություն, որ ենթադրում է ուժի խելամիտ կիրառում: Հենց այդ իմաստն է (կոշտ ու փափուկ ուժերի հավասարակշռված կիրառումը) Ջոզեֆ Նայն առաջարկում իբրև ամերիկյան դիվանագիտության հեռանկարային սկզբունք` հաջողության հասնելու համար: Եվրամիությունը, որ նախընտրում է հաջողության հասնել փափուկ ուժի կիրառմամբ, խելացի ուժն ընկալում է իբրև հավաքական, համակարգված ուժ: Չինացիները գերադասում են իմաստուն ուժի տարբերակը, որն արտահայտում է չինական դիվանագիտության զսպվածությունը, կոնֆուցիուսականության արմատներից է գալիս և հույսեր է տալիս սոցիալական ու միջազգային ներդաշնակության: Ռուսները սթափ, ռացիոնալ, ադեկվատ քաղաքականությունն են հասկանում` ձերբազատված առասպելներից, կարծրատիպերից ու բոլորին վաղուց հոգնեցրած գաղափարաբանություններից: Ճկուն, տաղանդավոր քաղաքականություն են հասկանում ավելի փոքր պետությունները, որ ստիպված են իրենց ներգործության սահմանափակ հնարավորությունները համադրել իրենց ռեալ կարողության հետ: Այս հպանցիկ քաղպարապմունքից հետո հասկանանք` այս ուժերի եռամիասնությունից, որ իրականում քառամիասնություն է, որովհետև երեքն էլ մշտապես ենթատեքստում ունեն ռազմական ուժը, ո՞րն է մեր զինանոցում, ո՞րն է «ընդդեմ»-ի ու «հանուն»-ի մեր ընտրության առանցքում: Ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրները լուծելիս ո՞ր ուժին, այդ ուժերի ո՞ր համադրությանն ենք մենք ապավինում: Խոստովանեմ միանգամից` չգիտեմ:
Այս պատերազմում մենք, սակայն, պահեստային լինել չենք կարող: Մենք մասնակցում ենք` ցանկանում ենք, թե ոչ, որովհետև սա բոլորի խաղն է բոլորի հետ: Սա պատերազմ է, որ երբևէ չի դադարում: Ի վերջո, ակնհայտ է, որ ո՛չ Ջոզեֆ Նայը, ո՛չ որևէ մեկը երբեք չեն կարող հավակնել այդ հասկացությունների հայտնագործողը լինելուն, նա ընդամենը ձևակերպել է: Ավելի ստույգ, նա ընդամենը սահմանել է այդ ուժերի ներկա իմաստը: Իսկ իմաստային պատերազմը նախ և առաջ փաստերի վերաիմաստավորումն է` հօգուտ վերաիմաստավորողի: Իմաստային պատերազմը փաստերը ոչ թե իրազեկում է, այլ վերաբացատրում` նպատակակետ ունենալով ոչ թե հասարակության որևէ շերտ, որ այդ փաստային տեղեկության սպառողն է, այլ ամբողջ հասարակությանը, որ հաջորդ քայլին ուշադրությունը սևեռելու է ոչ թե բուն փաստին, այլ փաստի իմաստին: Հավարտ` հասարակությունն արդեն ինքն է մերժում «սխալ» փաստը` նախընտրելով «ճիշտ» բացատրությունը: Երբ հասարակությունն արդեն ստացել է այդ «իմաստային» պատվաստումը, ինքն է սկսում գրաքննել իմաստային հոսքերը` այս ու այն փաստը ճիշտ կամ սխալ որակելով: Իմաստային պատերազմը փոխում է ընկալման մոդելը, մինչդեռ տեղեկատվական պատերազմը լուծում էր շատ ավելի լոկալ խնդիր` ներգործելով մեկ կամ մի քանի խնդրի լուծման վրա: Տեղեկատվական պատերազմը անմիջական արդյունքի է հավակնում, իմաստայինը երկար ժամանակի վրա է խաղում: Եթե տեղեկատվական պատերազմը գործառնում է մենթալիտետային մեխանիզմների հաշվին, իմաստային պատերազմը փոխում է այդ մեխանիզմները: Իմաստային պատերազմը հայեցակարգային է, նրա զինվորները հասարակության ռազմավարական հաղորդակցությունն իրականացնող մարդիկ են, տեղեկատվական պատերազմում լրագրողներն են, ավելի ճիշտ` ռեպորտյորները: Եթե ժամանակի մեջ տեղեկատվական պատերազմի զենքերը բթանում են, բազմակի կիրառության մեջ կորցնելով գործունակությունը, իմաստային պատերազմի հաջողությունները խորանում են, որովհետև ժամանակի հետ իմաստային փոփոխությունների դերը մարդու գիտակցության մեջ մեծանում է` փոխելով մտածողության մոդելը, մարդն ինքն է նոր չափանիշներ ու արժեքներ որոնում ու հաստատում: Հենց այս կետում հասարակությունը կատարում է անխուսափելի ընտրություն` նրան առաջարկվում են մեկի կամ որոշակի խմբի համար ընթացիկ, արագ հաջողության հասցնող, հիմքում սնանկ արժեքներ և անանց, հիմնարար արժեքներ, որոնք արագ հաջողություն չեն խոստանում, բայց խոստանում են իրական առաջընթաց` համընդհանուր նշանակությամբ: Եթե փորձեմ հարցնել, թե ո՞րն էր մեր ընդհանրական ընտրությունը, ստանալու եմ «Առաջինը» պատասխանը: Իսկ դա նշանակում է, որ մենք, մեզ պարտադրված իմաստային պատերազմում, արդեն սկսել ենք տանուլ տալ և գնալ այն ճանապարհով, որ կոշտ, փափուկ, խելացի, ռազմական ուժերի առանձին-առանձին կամ միասնական որևէ կիրառության մեջ ազգային շահի հետ չի առնչվում, առնչվելով անհատների հետ, տրոհել է հանրությունը և վերածել այն նախամարդուն, որ իր խնդիրների լուծման այլ հենման կետ չուներ, բացի ֆիզիկական ուժը: Եթե նա այլընտրանք չուներ, չունե՞նք մենք ընտրություն:
Ջոզեֆ Նայի հայեցակարգը խելացի ուժը կապում էր ենթատեքստային ինտելեկտի հետ: Եվ գուցե դա է գաղտնիքը, որովհետև իրականում ինտելեկտը բուն փաստն է, որ տեղեկատվական պատերազմը կարող է աղավաղել ու օրընթաց հաջողության հասնել, իմաստային պատերազմը կարող է վերափոխել ու պտուղները վայելել մի քանի տասնամյակ: Ինտելեկտի դիմադրունակությունից է կախված առաջարկվող-պարտադրվող փոփոխությունների ընկալումը կամ մերժումը, առավել ևս, այդ փոփոխություններից շահեկան վիճակ ձևավորելը: Հարցնե՞մ, թե մեր ինտելեկտը ի՛նչ է նախընտրում, կամ ինչի՛ է ընդունակ, թե՞ այս դեպքում ապավինեմ կոնֆորմիզմին ու ասեմ, որ մեզ համար ամեն ինչ առջևում է:
Հայաստանի քաղաքական դաշտի երեք մասի բաժանումը (այլընտրանք, ընդդիմություն, իշխանություն) ձևական հատկանիշի վրա է հիմնված, բովանդակային բաժանումն ի հայտ է բերում չորրորդ կողմը` ժողովրդին: Քանի դեռ քաղաքական ուժերից որևէ մեկը չի կարողացել իր գաղափարական ու գործնական քաղաքականության մեջ ներառել ժողովրդին, դատապարտված է գործել ինքնապահպանման սկզբունքով, որ, ի վերջո, ուղղվում է պետության ու պետականության շահերի դեմ: Այս պարզ իրողությունը խոցելի է դարձնում բոլոր չորս կողմերին` բաց ու անպաշտպան դարձնելով արտաքին ներգործության առաջ: Այս իրավիճակում Հայաստանում քաղաքական ու տնտեսական, անգամ մշակութային հարցերը լուծվում են դրսի միջամտությամբ: Հերթական ընտրություններում կրկնվելու է նախորդ ընտրութունների պատկերը, եթե մինչև 2017-2018 թվականները քաղաքական որևէ ուժ այդ խնդիրը չլուծի: Սա արդեն իշխանության գալու կամ կորցնելու հարց չէ, սա անկախության պահպանման ու ազգային ինքնապահպանման հարց է (հիմա այդ հարցը փորձում է լուծել ՈՒկրաինան)։ Աշխարհը շարունակելու է իր քառակողմ ներգործությունը, ինչի՞ է ընդունակ մեր հավաքական ինտելեկտը: Աշխարհում միշտ պատերազմ է, նույնիսկ եթե մենք միայն ու միայն խաղաղության կողմ ենք, մենք չենք կարող չներգրավվել այդ պատերազմում, որ վաղուց արդեն զենքով չի մղվում, բայց շատ ավելի դաժան է, քան մարդասպանությունը ու նույնիսկ ցեղասպանությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հանկարծակի քայլը հասարակական քննարկման չարժանացավ, բայց այսօր ամենաարդիական հարցը, որ առնչվում է հասարակության բացարձակ գերակշռող մասին, վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին. ի՞նչ անել, ինչպե՞ս օրենքը շրջանցել, եթե ռուսները հայերի համար զիջումներ չանեն արտագնա աշխատողների 90-օրյա ժամկետում ու երեք ամիս հետո վտարեն երկրից աշխատանքային պայմանագիր չունեցողներին: Որ պայմանագրեր չեն ունենա, արդեն պարզ է նույն բացարձակ մեծամասնությանը: Չէ՞ որ այս փաստը հենց իմաստային պատերազմում Ռուսաստանի հաղթանակի անհերքելի օրինակ է: Իմաստային պատերազմի, որի ընդամենը մեկ դրվագն է «Գրիբոյեդով» ակումբը, ճիշտ է, ակումբի հայ անդամները կասեն, որ իրենք բարձրաձայնում են Հայաստանի ու հայ հանրության հրատապ հարցերն ու հույժ հայրենասիրական գործ են անում: Նրանք անկեղծ ու համոզված կլինեն իրենց գործողություններում, բայց այս դեպքում նրանց անկեղծությունն ու համոզմունքը արդեն հենված են մտածողության մեջ տեղի ունեցած իմաստային տեղաշարժի հետ, որի հետևանքով նրանք սպասարկում են արտաքին շահը, իրենք էլ չգիտակցելով, որ խաղալիք են խելացի ուժի ձեռքում: Օտա՛ր ուժի: Հայ ինտելեկտի պարտությունն է օտար որևէ ուժի հաղթանակը Հայաստանում, իսկ հաղթանակների պատմությունը սկսվում է իրավիճակը հասկանալուց ու գնահատելուց: Ջոզեֆ Նայը դեռ հինգերորդ ուժը չի բանաձևել, բայց առանց նրա էլ այդ ուժը եղել է, կա, գործել ու գործելու է միշտ` ազգի հավաքական գիտակցությունը հիմնարար արժեքների հիման վրա է հաջողության հասնում` հակառակ բոլոր այլ ուժերի ներգործության: Նույնիսկ հույժ գլոբալացված աշխարհում: Իսկ հիմնարար արժեքները նոր չեն ձևակերպվելու: Ամբողջ խնդիրը այդ արժեքներով արժեհամակարգ ձևավորելն է, փաստի ազգային շահին ադեկվատ վերաիմաստավորումը: Ժամանակ առ ժամանակ որևէ պետության դա հաջողվում է: Մեծ ու փոքր լինելը էական չեն, էական չէ ուժեղ կամ թույլ լինելը: Էական են մտածողության անխաթարությունն ու իմաստային պատերազմում տարած հաղթանակը: