Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բաբելոնյան աշտարակը կառուցելու միակ շանսը

Բաբելոնյան աշտարակը կառուցելու միակ շանսը
31.01.2014 | 01:37

Վաղվանից սկսվում է փետրվարը: Հայոց փետրվարը նոր պետականության պատմության մեջ հասցրել է մի քանի անգամ շրջադարձային դառնալ: 1988, 1998, 2008: Այդ տրամաբանությամբ 2018-ն է լինելու հաջորդ շրջադարձը: Բայց մեր ժամանակները ոչ միայն արագացել են, այլև անկանխատեսելի են դարձել: Որևէ կանխատեսում, որքան էլ փաստարկված լինի, իրականություն դառնալու երաշխիքներ չի տալիս: 2014-ի փետրվարը կարող է կամրջել հայոց շրջադարձերի տասնամյակները, կարող է աննկատ անցնել:

Հոմերոսի ժամանակներում ընդունված էր մարդկանց գործողությունները բացատրել աստվածների միջամտությամբ: Երբ, հոգնած Տրոյայի ապարդյուն պաշարումից, Ոդիսևսը առաջարկեց փայտե ձի կառուցել ու ձևացնել, թե հեռանում են քաղաքից, հաստատ չգիտեր, թե հետո ինչ կլինի: Կառուցեցին, թաքնվեցին փայտե ձիու մեջ, ձևացրին, թե հեռանում են: Տրոյայի պարիսպներից տեսան հեռացող պաշարողներին, հրճվեցին, որ հաղթել են, տեսան փայտե ձին ու մտածեցին, թե իրենց նվեր են թողել, ստուգելու համար, համենայն դեպս, մի քանի նետ արձակեցին, ձին մնաց տեղում, և որոշեցին բացել դարպասներն ու քաղաք քաշել ձիուն: Միանգամայն անկապ որոշում, որի դեմ ապստամբեց միայն մեկ տրոյացի՝ Լաոկոոնը: Նա փորձեց արգելել փայտե ձին քաղաք տանելը, և ծովից դուրս եկած հսկա օձը հարձակվեց Լաոկոոնի վրա, որպեսզի չխանգարի, որդիները եկան հորն օգնության ու երեքին էլ օձը ճզմեց: Տրոյացիները, չգիտես ինչու, օձի հայտնությունը համարեցին ձին քաղաք տանելու հրահանգ, թեև նույն հաջողությամբ կարող էին հասկանալ իբրև արգելք՝ տեսնելով իրենց համաքաղաքացիների դաժան մահը: Երեքի մահից մինչև բոլորի կործանում անցումը այդքան էլ բարդ թռիչք չէր, բայց նրանք ուզում էին ձին ունենալ, և նրանց բոլոր որոշումները ունեին միայն այդ ելակետը՝ ձին տանել Տրոյա: Տարան: Հետագան հայտնի է՝ Ոդիսևսը դուրս եկավ փայտե ձիուց, և գործնականում ավարտվեց տրոյական պատերազմը: Քաղաքը պարտվեց: Աստվածների կա՞մքն էր, թե՞ աստվածների նախանշանները չհասկանալու կամ սխալ մեկնելու հետևանք: Մարդիկ սիրում են մեղավորներ որոնել ամեն տեղ, բայց ո՛չ իրենց որոշումներում: Եվ ընտելացել են իրենց բոլոր սխալների համար բացատրություններ գտնել ամեն տեղ, բայց ոչ իրենց արարքներում: Միշտ է Լաոկոոնը պարտվելու օձին, որը ծովից դուրս է գալիս երբեմն նաև հենց այնպես, բայց ավելի հաճախ իբրև զգուշացում: Իսկ մարդկությունը պարբերաբար ամրոց է տանում տրոյական ձին, որ հետո ում ասես, բայց ոչ իր կամքով պայմանավորի իր սխալը կամ պարտությունը: Տրոյական ձիերի երամակը դոփում է քաղաքակրթության պատմության էջերում, ու ոչ մի Պեգաս նրանցից առաջ չի անցնում, որովհետև մարդկությունը ամեն ինչ սկսում է զրո կետից՝ միանգամայն համոզված, որ ինքն է գոյության միակ ելակետը: Ավելին՝ այլընտրանք չկա:

Իր փոփոխությունների մեջ գերարագացած ժամանակն անգամ տարակուսելու ու վերագնահատումի չի մղում: Բաբելոնյան աշտարակը երբևէ կառուցելու միակ շանսն այդպես էլ ոչնչացվում է՝ հավերժորեն 0-0 կետից կյանքը սկսելիս դու զրոյացնում ես ոչ միայն նախորդներիդ, այլև հաջորդներիդ գոյության փորձը: ՈՒ դոփում են տրոյական ձիերը՝ անգամ առանց ոդիսևսների, որովհետև վերանում են լաոկոոնները, օձերն անգամ ալարում են ծովից դուրս գալ:
2014-ի ՈՒկրաինան և Հայաստանը հայտնի իրադարձություններից հետո հաճախ են համեմատում, ավելի ճիշտ, հակադրում, փորձելով հիմնավորել, որ այն, ինչ կատարվում է ՈՒկրաինայում, չի կատարվի Հայաստանում: Իսկ գուցե ընդամենը ժամանակի՞ խնդիր է:

Այո, ՈՒկրաինան անհաշիվ տարբերություններ ունի Հայաստանից՝ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքը, բնական ու մարդկային ռեսուրսները, տնտեսական վիճակն ու քաղաքականը, բայց, ի վերջո, երկու պետություններն էլ նույն խնդիրն ունեն լուծելու՝ անկախ պետականության կայացման: Նրանք լուծում են, մենք՝ հետաձգում: Կորուստնե՞րն են շատ, թե՞ ձեռքբերումները մեր և նրանց լուծումների տարբերությունից: Ռուսաստանը սեպի պես խրվել է երկու հարցերի մեջ և փորձում է շրջափակել իր տեսակետից անցանկալի զարգացումները: Անգամ աղմուկ հանած 15 միլիարդը պատրաստ են փոխանցել ՈՒկրաինային, եթե ինտեգրվի ռուսական տնտեսության մեջ, որ նշանակում է՝ գնո՞ւմ եք Եվրոպա, թող Եվրոպան էլ ձեզ պահի: Բայց հնարավորն անելու են «անառակ որդու» վերադարձի համար: Մենք իբրև «հնազանդ որդի» սրընթաց նետվում ենք նրանց գիրկը, իսկ նրանք չեն շտապում մեզ պահել: «Խոսքով՝ ամեն ինչ իրենց համար, գործով՝ ինչպես մեզ է հարմար» սկզբունքով դեֆակտո քաղաքականության մեջ Ռուսաստանը եղել ու մնում է սեփական շահերի պաշտպանության դաշտում, որտեղ որևէ այլ պետության շահ ընդամենը ածանցյալ է, որտեղ չեն եղել, չկան ու չեն լինելու գործընկերներ՝ ո՛չ ուժեղ, ո՛չ թույլ: Որովհետև ուժեղին ենթարկվում են, թույլին՝ ենթարկում: Ռուսական քաղաքականության սկզբունքները նախանախանախապատմական են և փոփոխության անենթակա՝ ցարերից՝ ԽՍՀՄ, ԽՍՀՄ-ից՝ ՌԴ: Ռուսաստանը ստանձնում է մեկ պարտականություն, բայց իրեն վերապահում է 11 իրավունք միաժամանակ, որ հնարավորություն է տալիս որևէ պարտականություն չկատարել: Ընդամենը մեկ օրինակ. 49 տարով երկարաձգելով Գյումրու ռազմաբազայի գործունեությունը, Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունը, բայց երբ Հայաստանի սահմանները գնդակոծվում են, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչները տանը նստած վիրավորվում են հակառակորդի կրակից, Հայաստանի սահմանների պաշտպանությունը, պարզվում է, հայ սահմանապահների գործն է: Ավելին, ՀԱՊԿ-ը, որ իր անդամների անվտանգության ապահովումն է ստանձնել, «Ազատություն» ռադիոկայանից է տեղեկանում, որ Հայաստանի սահմանին կրակում են: Ավելին՝ Հայաստանը չի դիմել պաշտպանության խնդրանքով, հետևաբար ՀԱՊԿ-ը չի պաշտպանում: Ավելին՝ հընթացս պարզվում է, որ ՀԱՊԿ-ի անդամները տարբեր շահեր ու կողմնորոշումներ ունեն տարածաշրջանում, ուստի ՀԱՊԿ-ը հազիվ թե այն կառույցն է, որ կպաշտպանի Հայաստանին նման դեպքերում: Ի վերջո, ՀԱՊԿ-ը գոնե մեկ անգամ կարո՞ղ է հայտարարությամբ հանդես գալ՝ դատապարտելով զինադադարի խախտման կոնկրետ դեպքը, որի ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են տալիս, և նախազգուշացնելով, որ երկրորդվելու դեպքում համարժեք քայլեր կձեռնարկվեն՝ համապատասխան իր կանոնադրական պարտականությունների։ Թե՞ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն են, որը, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ռազմաքաղաքական կառույց չէ և սահմանների պաշտպանություն չի ստանձնել: Ռուսաստանն այն երկիրն է, որ ժամանակակից հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին ու «հիմնավորում»՝ մեզնից չգնեն, ուրիշից են գնելու՝ ընդամենը բիզնես է: Բիզնեսից բացի, կա մթնոլորտ, որը հնարավոր է դարձնում որևէ հարցի լուծում կամ անհնար: Չի՞ ստացվում, որ Ռուսաստանը (թեկուզ տարբեր գներով) զենք է վաճառում հակամարտող կողմերին, որպեսզի երկարաձգի հակամարտության բուն գոյությունը և X պահին ռազմականացումը, որ իբրև պահեստային տարբերակ պահում է իր քաղաքական զինանոցում, երբ սպառվեն իր կամքը թելադրելու քաղաքական ու տնտեսական փաստարկները: Եվ հենց դա է այն «անվտանգությունը», որ ապահովում է Ռուսաստանը տարածաշրջանում: Իսկ «ապահովված» Հայաստանը հարկադրված է մենակ պաշտպանվել և յոթմղոնանոց քայլերով նետվել դեպի ոչ մի տեղ՝ Մաքսային միություն անունով, որի անդամներից մեկում (Ռուսաստանում) աճում է արտաքին ու պետական պարտքը, մեկում (Բելառուսում) անվերջ անկման մեջ է կենսամակարդակը, մեկում (Ղազախստանում) դեռ քննարկում են Մաքսային միության ստեղծման նպատակահարմարությունն ու պայմանները: Ինչո՞ւ ՈՒկրաինան չմաքսայնացվեց, ավելին՝ Ռուսաստանի համառ փորձերը վերջին նախագահական ընտրությունների արդյունքները «վերանայելու» քաղաքական գործընթացների սկիզբ դարձան և կառավարության հրաժարականին հանգեցրին, իսկ Հայաստանում վարչապետը 180 աստիճանով տեսակետ է փոխում, և դա հիմք է տալիս ոչ թե հրաժարականի, այլ հերթական նախագահական ընտրություններում նրան թեկնածու համարելու: Արևմտյան երկակի ստանդարտնե՞րն են մեղավոր, թե՞ հայկական ոչ մի կերպ չհաստատվող արժեհամակարգը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գնաց Թուրքիա (Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի վերջին այցից 22 տարի հետո) և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ասաց՝ ճանաչեք հայերի 1915 թվականի ցեղասպանությունը ու հավելեց, որ նորից է խորհրդարանին ներկայացնելու ցեղասպանության մերժումը քրեական պատասխանատվությամբ դատապարտելու նախկինում մերժված օրինագիծը: Հետո էլ գնաց ու Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքելին հանդիպեց: Մինչ այդ մեկ անգամ էլ Գալաթասարայի համալսարանում կոչ արեց ցեղասպանությունը ճանաչել: Ֆրանսուա Օլանդը հայ ազգային հերո՞ս է: Թե՞ ֆրանսիացի: Նախագահ, որ միաժամանակ հայտարարեց, թե երկու երկրների տնտեսական հարաբերությունները 15 մլրդ դոլարից պետք է հասցնել 20 մլրդ եվրոյի, ու ըմբռնում գտավ: Իսկ եթե մեկ տարի անց նաև ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությո՞ւնը ու Թուրքիային կոչ անի՝ հանուն տարածաշրջանի կայունության, քաղաքական ու տնտեսական զարգացման, վերջապես իր իսկ տարածաշրջանային դերի ու գործունեության ընդլայնման, ընդունել նախնիների մեղքերը և սերունդներին չժառանգել պապերի հանցանքի պատասխանատվությունը, ասելու ենք՝ մեզ պետք չեն ոչ ձեր ճանաչումը, ոչ էլ բաց սահմանը: Իրանին էլ ասելու ենք՝ ռուսական անորակ ու թանկ գազը չի տաքացնում, բայց ռազմավարական նշանակություն ունի, ձեր էժան ու որակով գազը մեզ պետք չէ, որովհետև մենք վազում ենք Մաքսային միություն ու իրավունք չունենք իբրև անկախ պետություն մեզ ձեռնտու ու շահավետ որոշումներ կայացնելու, գնացեք ձեզ գործընկեր գտեք, մենք հպատակ երկիր ենք:
Ե՞րբ ենք վերջապես դուրս գալու քաղաքականության միտակ ընկալումից ու հասկանալու բոլոր շերտերը, ավելին՝ լինելու այդ շերտերում ու գործառնելու բոլոր շերտերը հանուն մեր խնդիրների լուծման: Ինչո՞ւ բողոքելով շրջափակումից ու փակ սահմաններից, ավելի ենք մեկուսանում տարածաշրջանից ու աշխարհից՝ ի պաշտպանություն ռուսական շահի, ոտնատակ տալով մեր շահը, արդյո՞ք մենք չենք դարձել մեր տրոյական ձին: 2014-ի փետրվարը կարող է կամրջել հայոց շրջադարձերի տասնամյակները, կարող է և աննկատ անցնել, կարող է տրոյական ձիուն Պեգաս դարձնել, կարող է մեծացնել տրոյական երամակը մատակներով, որոնք երբեք նժույգ չեն դառնա, որովհետև տիրոջը բեռնաձի է պետք: Իբրև աղքատությունը տոկոս առ տոկոս բազմապատկող երկիր, իբրև այդ երկրի միգրանտ, ում երեք ամիս հետո կարող է արտաքսել, կարող է պայմանագիր կնքել ու պահել՝ սեփական բակլան կարող ես և խաշած ցանել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Անտիկ քանդակագործը Լաոկոոնի հիմարությո՞ւնը, թե՞ պայծառատեսությունն է հավերժությանը հանձնել: Վատիկանում հանգրվանած քանդակը խորհրդանշում է հնազանդությո՞ւն, թե՞ հակառակություն ճակատագրին ու իրավիճակ փոխելու կամք: Ոչինչ, քանդակը ոչինչ չի խորհրդանշում, քանդակը փաստն է արձանագրում՝ տարընթերցումների իրավունքը թողնելով յուրաքանչյուրիս: Արվեստը տեղնուտեղը կվերանար, եթե մարդը կատարյալ լիներ: Կատարելության ճանապարհը, սակայն, անցնում է ոչ միայն արվեստի միջով, այլև մտածողության ու նրա եզրահանգումների իրականացման անմիջական միջոցի՝ քաղաքականության: Մտածելու շքեղությունը կարող եք թույլ տալ ձեզ, քանի դեռ օձը ծովից դուրս չի եկել:

Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ