Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հարբեցող «Քյորփի» դողացող ձեռքերով

Հարբեցող «Քյորփի»  դողացող ձեռքերով
24.01.2014 | 00:42

Ձմեռն աննախադեպ ստացվեց ոչ միայն ցրտերի, այլև քաղաքական թեժացումների առումով: Թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում: Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտքաղաքական, առավել ստույգ` ղարաբաղյան «ֆրոնտում»: Ղարաբաղի շուրջ ակտիվացումներ միշտ են եղել, երբեմն թվացել է` ուր որ է տեղաշարժ կլինի, սակայն կյանքն ապացուցել է` անհնար է:
Այսօր համանման վիճակ է: Հերթագայող զարգացումներն արձանագրում են` ինչ-որ խմորումներ են տեղի ունենում այդ «ֆրոնտում»:
ա) Հենց միայն օր ու գիշեր դադար չառնող ադրբեջանական կրակահերթերը, և այն էլ զինադադարի 20-ամյակի օրերին, դիվերսիոն ակնհայտ հարձակումները, բավարար են ասելու, որ գործընթաց է հասունանում:
բ) «Հասունացող» գործընթացի մասին կոնկրետ ակնարկ արեց Սերգեյ Լավրովը, ասելով` նոր առաջարկներ կան, սակայն կողմերն իրենք պետք է հասնեն հարցի հանգուցալուծմանը: Հոգեվերլուծություն անել պետք չէ, սակայն արձանագրում անհրաժեշտ է. ըստ ամենայնի, առաջարկների մոդերատորը արևմտյան համանախագահությունն է, և սա ակնհայտ է համանախագահ ՈՒորլիքի ակտիվությունից, ինչը հաստատ Ռուսաստանի սրտով չէ, դրա համար էլ ռուսական կողմը հիշել է «կողմերին»:
գ) «Կողմերից» մեկը ևս, ինչպես ասացինք, ամենևին թույլ չի տալիս իրեն մոռանալ ու կրակում է` անզուսպ ու անվերջ: Ինչն էլ իր հերթին արձանագրում է, որ առաջարկությունների ուրվագծին, որպես այդպիսին, անդրադարձ է եղել երկու տարի միմյանց չհանդիպած հակամարտող երկրների նախագահների վերջին` Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ, դրան անդրադարձ կլինի այսօր` երկու երկրների ԱԳ նախարարների, ինչպես նաև փետրվարին սպասվելիք երկու նախագահների հանդիպմանը, և այդ առաջարկները կրկին ու կրկին Ադրբեջանի ու իր հարբեցող «Քյորփի» սրտով չեն, դրա համար էլ «հարբած» կրակում է: Ասել է` հիմա էլ «ինքն» է համանախագահող կողմերին ռազմական լեզվով հասկացնում, որ չի համաձայնելու առաջարկներին։
դ) Այս համատեքստում շատ հետաքրքիր է «դառնում» Իրանից Վրաստան «անցնող» մեկ տոննա թմրանյութը, որը հայտնաբերվեց Մեղրու անցակետում:
ե) Մի բան էլ. օրերս ռուս փորձագետներից մեկն ասպարեզ նետեց մի տեղեկություն, ըստ որի, Ռուսաստանի ու Հայաստանի մաքսային կետը, ըստ ամենայնի, անցնելու է Գորիսի և ոչ Մեղրու կողմերով:
Հիշենք, որ ժամանակին «սեղանի վրա էր» Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու արևմտյան ծրագիրը, ինչին էլ, ըստ որոշ աղբյուրների, հաջորդեց հոկտեմբերի 27-ը։
Ինչևէ: Ղարաբաղյան բանակցությունները միշտ էլ եղել են փակ, և փշրանքներով դատել, թե իրականում ինչ է տեղի ունենում այդ «ֆրոնտում», շատ դժվար, եթե չասենք` ուղղակիորեն անհնար է, քանի որ խաղը շատ նրբերանգներ ունի: Պայմանավորվողները, այո, պետք է լինեն հակամարտող կողմերը, սակայն… գերխաղացողների ճնշման ու պարտադրանքի դեպքում լոկ:
Իսկ ղարաբաղյան հարցը չի լուծվել ու չի լուծվի ոչ այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել (եթե հարցի լուծումը միայն նրանց տիրույթում լիներ, գուցե և լուծման եզրեր գտնվեին), այլ որ Ղարաբաղի հարցում առաջին հերթին հակասություններ կան գերտերությունների մոտեցումներում. Ղարաբաղը վերջիններս օգտագործել և օգտագործում են որպես ջոկեր` տարածաշրջանում իրենց հարցերը լուծելու համար:
Իսկ այսօր, առավել քան երբևէ, գերտերությունները միմյանց հետ առճակատման մեջ են ամենուր և մի այլ կերպ (տե՛ս Մայդանը), ուստի կարելի է հաստատակամ պնդել` այս փուլում ևս տեղաշարժ չի լինի: Եթե, իհարկե, աշխարհի «տերերը» խելագարության կանխավարկածով չառաջնորդվեն` ղարաբաղյան ֆրոնտում նույնպես «Մայդան» չսարքեն` հարբեցող «Քյորփի» դողացող ձեռքերով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ