Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մահճակալ են սարքում, բայց ստացվում է թնդանոթ

Մահճակալ են սարքում, բայց ստացվում է թնդանոթ
18.06.2013 | 01:05

Իրանում ընտրություններն ավարտվեցին: ԱՄՆ-ը որոշում կայացրեց օգնելու սիրիացի ապստամբներին: Մի փոքր ևս, ու Սիրիան կվերածվի թռիչքների համար փակ գոտու: Այս պահին ընթանում է Մեծ ութնյակի գագաթնաժողովը: Ռուսաստանը դեմ չէ իր վարձկաններին հանդերձավոր խաղաղարարների պես ուղարկելու Գոլանի բարձունքներ: Թուրքիայում ապստամբներ-Էրդողան դիմակայությունը շարունակվում է: Ռուսաստանում Պուտինը երես թեքեց իր (այսուհետ` Մեդվեդևի) «Միասնական Ռուսաստանից» ու ձեռնամուխ եղավ մեռյալ հաջորդ կառույցի` «Ժողովրդական ճակատ` հանուն Ռուսաստանի» ստեղծմանը, և վերջապես «հրաշալի ութնյակում» ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները պետք է հերթական հայտարարությունն ընդունեն Ղարաբաղի առնչությամբ` վերը նշված զարգացումների ֆոնին:
Նախ հարց` շատ չե՞ն մեկ-երկու օրվա կտրվածքով այսքան իրադարձությունները: Շա՜տ շատ են:
Մեկ տողով` իրանյան ընտրությունների մասին, ապա` մեր ցավերից: Ճիշտ է, հաղթած թեկնածու Ռուհանին այն ոսկե միջինն էր, որը կարող էր առաջարկել պահպանողական, այաթոլահների Իրանը` միջազգային «սեղանին», որպես բարեփոխիչ, որպես միջուկային հարցերով նախկին բանագնաց, որպես չափավոր կուրսի կողմնակից, այնուհանդեձ, ամենաժողովրդական թեկնածուի հաղթանակի դեպքում իսկ «միջազգայինի» սիրտը Իրանի հարցում չէր փափկելու, և, Սիրիային զուգահեռ, Իրանը մնալու է թիրախ, որը շարունակելու է ամերիկյան սևեռումն իր վրա պահել: Հետաքրքիրը, սակայն, այս ամենում այն էր, որ, ընտրությունների ավարտից վայրկյաններ անց, Իրանի պահապանների կորպուսը հայտարարեց, որ մի քանի հազար զինվոր է ուղարկում Սիրիա` հանուն Ասադի:
Դառնանք մեզ: Դե, որ ասում ենք` մեզ, նշանակում է` «Արուսը հետներս» է: «Արուսը» Ռուսաստանն է: Այնտեղ, հասկանում եք, ուզում էին լավ, ստացան հա՛մ Կալաշնիկով, հա՛մ` ԽՍՀՄ: Խոսքը պուտինյան հերթական նորարարության մասին է: ԽՍՀՄ-ը սրա մոտ ղալաթ է արել: Մանավանդ` այս պահին և այն էլ քսանմեկերորդ նանոդարում, երբ բյուր մարդիկ ոտքի են կանգնում ու վանկարկում` «Պո՛ւ-տին, Պո՛ւ-տին». այն է` իբր ինքը պետք է անպայման ղեկավարի այդ «նոր շարժումը»:
Բայց կարևորը ո՞րն էր այդ ամենում: Այն, որ հասկանալի դարձավ` Պուտինի բոլոր ծավալապաշտական «պրոյեկտներն» էլ դատապարտված են, զի դրանք ի սկզբանե մեռելածին են: ՈՒ եթե այս Ժողովրդական ճակատը, որը պետք է համ էլ եվրասիական տարածքը կլանի, այսպիսին է, ապա` հաստատ ու աներկբա, դատապարտված է նաև Եվրասիական Միություն կոչված հեքիաթը, որքան էլ Պուտինը ցանկանում, անում է ամեն ինչ` այն կյանքի կոչելու համար: Այդ ձևերով, այդ մտածողությամբ, այս դարում` դա հը՛-նա՛-րա՛-վո՛ր չէ: Բացառվում է: Կարող եմ վիճել: Նույնիսկ գրազ գալ: Հոգին, որ պետք է առաջնորդի այդ ամենը, մեռած է, իսկ մեռածների վրա երկրորդ անգամ չեն կրակում: Մանավանդ` թնդանոթով:
Այս պահին մեզ հետաքրքրողը երեք նախագահների` Օլանդ, Օբամա, Պուտին, Ղարաբաղի առնչությամբ ընդունելիք հերթական հայտարարությունն է (նյութը գրելու պահին այն դեռ չկար): Թույլ տանք մեզ կարծել. այն շատ չի տարբերվի նախորդ հայտարարություններից, որովհետև առաջնահերթ նպատակը միակն է` թույլ չտալ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գա: Հայտարարության ողջ հմայքն այն չէ, որ իբր պետք է ճանապարհ և ուղի հարթի խնդրի լուծման համար, այլ այն, որ երեք երկրներն իրար հետ պայմանավորվում են` իրենցից որևէ մեկը համը չի հանում այս ընթացքում, պայմանավորվածությունները չի խախտում, սադրանքներ չի հրահրում` Սիրիա-Իրան-Թուրքիա օր օրի զարգացող հակամարտությունների ֆոնին։ Կոպիտ ասած` լոկալ պատերազմ ղարաբաղյան ճակատում չի սադրվում` սեփական զինվորներին Իրանի քթի տակ խցկելու համար, որպես խաղաղարար:
ՈՒրիշ` ոչինչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ