Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ով ինչ «գիշատիչ» է, և ովքեր են «որսորդները»

Ով ինչ «գիշատիչ» է, և ովքեր են «որսորդները»
19.04.2013 | 00:33

Եվ այսպես, հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում ավարտվեց Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը միավորող միջազգային կառույցի (BRICS) գագաթնաժողովը։ Այդ հանդիպումից տարբեր ու շատ բաներ էին սպասում։

Որոշ փորձագետներ կազմակերպության կործանում էին կանխագուշակում, ուրիշների կարծիքով` այդ «աղյուսը» (այս բառի անգլերեն թարգմանության գրությունը հիշեցնում է վերոնշյալ կազմակերպության հապավված անվանումը` brik - հում աղյուս) կդառնա նոր աշխարհակարգի շինարարության կարևորագույն տարրը և աշխարհում սկզբունքորեն այլ, նոր տնտեսության ծննդյան մեկնակետը։ Սակայն կանխագուշակություններից և ոչ մեկին վիճակված չէր իրականանալ։ Գագաթնաժողովն անցավ հանգիստ ու միանգամայն հարմարավետ մթնոլորտում։ Չհաշված, իհարկե, որոշ արտասովոր դեպքեր, բազմաթիվ կենցաղային տհաճություններ, որոնք հետևանք էին վատ կազմակերպման, Վլադիմիր Պուտինի կողմից BRICS-ի անդամ երկրների վիճահարույց համեմատությունն աֆրիկացի որսորդների շրջանում առավել գնահատելի հինգ կենդանիների հետ` փիղ, ռնգեղջյուր, գոմշացուլ, առյուծ, ընձառյուծ (ճիշտ է, առանց ճշտելու, թե ով ինչ է, և գլխավորը` առանց ցուցանելու, թե «որսորդներն» ովքեր են)։ Սակայն այնտեղ ոչ մի ճեղքում, առավել ևս լիարժեք այլընտրանքային «բազմաբևեռ աշխարհի նոր բևեռի» ստեղծում չի նկատվել։
Դուրբանում խմբի անդամներն ստորագրեցին փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ` BRICS-ի գործնական խորհրդի ստեղծման հռչակագիրը, փորձագիտական կենտրոնների կոնսորցիումի հիմնման հռչակագիրը, ինչպես նաև Էտեկվինի հռչակագիրն ու գործողությունների համանուն պլանը։ Վերջին փաստաթուղթը խիստ հետաքրքրական է. այն քննադատում է ԱՄՆ-ին, Եվրոպային ու Ճապոնիային և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով։ Ասվում է, որ Արևմուտքը տնտեսության ճգնաժամի բացասական հետևանքների կարգավորման փոխարեն դրանք «փոխներարկում» է այլ երկրների։ Շեշտադրվում է նաև այն, որ զարգացած երկրներն ընդունակ են փոխելու «համընդհանուր կառավարման կառուցվածքը», և BRICS-ի մասնակիցները «հաստատ մտադիր են մշակել ավելի արդարացի զարգացման և համապարփակ աճի նոր մոդելներ ու մոտեցումներ` օգտագործելով մեր երկրների տնտեսությունների ուժեղ կողմերն ու փոխլրացման կարողությունները»։ BRICS-ի հզոր կարողության վկայությունը հավակնոտ առցանց նախագիծն է` 34 հազար կիլոմետր երկարությամբ անդրմայրցամաքային ստորջրյա օպտիկական մալուխի անցկացումը։ Իսկ Աֆրիկայում ենթակառուցվածքային նախագծերի համաֆինանսավորման համաձայնագիրը խոսում է «սև աշխարհամասի» ու նրա հեռանկարների հանդեպ առանձնակի հետաքրքրության մասին։ Բայց սրանք բոլորն առայժմ սոսկ պայմանավորվածություններ են, և այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես պետք է իրագործվեն։ Չէ՞ որ 2011 թ. Նյու Յորքի գագաթնաժողովում վավերագրված «գլխավոր խնդրի», այսինքն, Զարգացման ընդհանուր բանկի ստեղծման առնչությամբ, որը կարող էր դառնալ միջազգային այլ ֆինանսական կառուցվածքների մրցակիցն ու ապահովել ձայների հարաբերական փոփոխությունը Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում, պայմանավորվածության հասնել չհաջողվեց։ Ենթադրվում էր, որ նրա ֆոնդերի ծավալը կկազմի մոտ 200 մլրդ դոլար, բայց որոշ երկրներում այդ նպատակի համար փող չգտնվեց։ Տարաձայնություններ եղան նաև այն կապակցությամբ, թե որտեղ պիտի գտնվի այդ բանկը, ով է այն ղեկավարելու։ Այսինքն, ըստ էության, չկարողացան սահմանազատել իրավունքներն ու պարտականությունները առաջին համատեղ ֆինանսական կազմակերպության շրջանակներում, և այդ պատճառով էլ համաժողովի մասնակիցները հարկադրված էին խոստովանելու, որ նախագիծը վերամշակում է պահանջում։ Ճիշտ է, «մխիթարական մրցանակ» կարելի է համարել Օգնության հիմնադրամի ստեղծման պայմանավորվածությունը, որի ծավալը կարող է կազմել 100 մլրդ դոլար։ Ընդ որում, հիմնադրամը չի ծրագրվում ձևակերպել որպես մի միասնական կազմակերպություն։ Պարզապես ցանկացած երկրի Կենտրոնական բանկ երաշխիքներ կտա, որ միջազգային պահուստների մի մասն անհրաժեշտության դեպքում կօգտագործվի խմբի այս կամ այն անդամի վճարային հաշվեկշռին աջակցելու համար։ Թե ով որքան կմուծի հիմնադրամին, դեռ կքննարկվի, բայց Ռուսաստանում ենթադրում են, որ ամենախոշոր ավանդը կարող էր ներդնել Չինաստանը` 41 մլրդ դոլար, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Բրազիլիան կարող էին տրամադրել 18-ական միլիարդ, իսկ խմբի ամենակրտսեր անդամը` ՀԱՀ-ն, ընդամենը 5 մլրդ դոլար։
Իսկ ընդհանուր առմամբ գագաթնաժողովում պարզ դարձավ, որ թեև այն բանից, որ Արևմուտքը չի շտապում հանձնել կառավարման սանձը, վիրավորանք, կարծես, կա, սակայն BRICS-ի երկրները «ռազմական գործողությունների» համար ֆինանսական աջակցության կարիք չունեն։ Համապատասխանաբար, միասնական արտաքին տնտեսական քաղաքականություն էլ առայժմ չկա։ Այս ամենը որոշ փորձագետների հիմք է տվել պնդելու, որ BRICS-ը օրինակ է այն բանի, երբ «միջազգային կազմակերպությունն ստեղծվում է ի նյութականացումն ֆորմալ տերմինի», սակայն բոլորի համար ընդհանուր շահ դժվար է գտնել։ Իբրև հետևանք, այդ «ակումբը» գուցե և լավն է, առավել ևս, այն երկրներից յուրաքանչյուրին թույլ է տալիս դիրքավորվել միջազգային ասպարեզում և վարկանիշային շահ ունենալ, բայց նրա ընթացիկ օրակարգն ամենևին համատեղ շահ չի ապահովում։ ՈՒ թեև ՀԱՀ-ում հայտարարում էին, թե «սա թոք-շոու չէ, սա լուրջ բան է», մեծ հիմքով կարելի է ենթադրել, որ առայժմ BRICS-ը չի դարձել իսկական դաշնախումբ և, մեծ է հավանականությունը, չի էլ դառնա։
Մինչդեռ, 12 տարի առաջ, երբ «Goldman Sachs» ընկերության գլխավոր ռազմավար ու վերլուծաբան Ջիմ Օ’ Նիլն այդ հապավումը հնարեց արագ զարգացող տնտեսությունների մերձեցումը նշելու համար, շատերն սպասում էին, որ BRICS-ի երկրները միանգամայն ի զորու կլինեն ստեղծելու հզոր աշխարհաքաղաքական միավորում և, ի վերջո, փոխելու գլոբալ տնտեսակարգը։ Քանի որ նրանց աճի կարողությունը հսկայական է. ընդհանուր առմամբ BRICS-ին բաժին է ընկնում համաշխարհային հարստության քառորդ մասը, աշխարհի արդյունաբերական արտադրության 27 տոկոսը, տնտեսական աճի երկու երրորդը, իսկ այդ պետությունների արժութային պաշարները գրեթե 4 տրիլիոն դոլար են։ Քանի որ նրանց օգտակար հանածոների պաշարները ևս հսկայական են։ Քանի որ այստեղ է ապրում մոլորակի բնակչության 45 տոկոսը։ «BRICS-ի երկրները հնարավորություն ունեն հաղթահարելու գլոբալ տնտեսական ճգնաժամը, զարգանալու ավելի արագ, քան մնացած աշխարհը և ճգնաժամից հանելու բոլորին, մեզ բոլորիս, դառնալով համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժը»,- ասել է Օ’ Նիլը։ Նրա կանխատեսումների համաձայն, այդ պետությունները 2050 թ. արևմտյան բոլոր երկրներին կգերազանցեն իրենց տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակով։ Եվ իրոք, Համաշխարհային բանկի գնահատմամբ, խմբում միջին տնտեսական աճը կազմել է 4 տոկոս, տասը տարում նրանց ՀՆԱ-ն 3 տրիլիոն դոլարից հասել է 13 տրիլիոնի, իսկ BRICS-ի երկրներ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքն ավելի քան կրկնապատկվել է, 2013 թ. հասնելով մոտավորապես 263 մլրդ դոլարի։
Այդ մտահղացումն առանձնակի ոգևորությամբ ընդունեցին Մոսկվայում։ Ճիշտ է, որոշ «չար լեզուներ» պնդում են, թե Ռուսաստանն իր զարգացման դանդաղ տեմպերով այդ ցուցակի մեջ է առնվել միայն այն պատճառով, որ BRICS-ը առանց «R» տառի այնքան էլ հնչեղ չէր լինի։ Կրեմլում կարծում են, որ BRICS-ը կարող է դառնալ գլոբալ կառավարման ու հարաբերությունների նոր համակարգի առանցքային տարրերից մեկը, որ մյուս զարգացող շուկաների հետ մեկտեղ Ռուսաստանը «նոր աշխարհակարգի միջուկը» կկազմի։ Իսկ դա կապահովի «ուժի համաշխարհային կենտրոնների փոփոխություն և դուրս կմղի մինչ այժմ գերիշխող հին արդյունաբերական երկրներին։ BRICS-ի առնչությամբ Մոսկվայի նկատառումները շարադրված են ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում, որն այս տարի հաստատեց նախագահ Պուտինը, ինչպես նաև նախապատրաստվող «BRICS-ին Ռուսաստանի մասնակցության համալիր ծրագրում», որը նպատակ է հետապնդում արագացնելու երկրի տնտեսական զարգացումը և ամրապնդելու նրա միջազգային քաղաքական դիրքերը։ Ավելին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն սկսել է խոսել BRICS-ի հետ Մաքսային միության համագործակցության հեռանկարների մասին։
Բայց վերջերս «Goldman Sachs»-ը անսպասելիորեն հայտարարեց, թե Ջիմ Օ’ Նիլը, նույն ինքը «միստր BRICS-ը», այս տարի հեռանում է բանկից, իսկ այդ խմբի երկրների տնտեսական շահերը, պարզվում է, միշտ չէ, որ մոտ են։ Օրինակ, Չինաստանի ու Հնդկաստանի պարագայում իրավիճակը խիստ տարօրինակ է. մի կողմից` այդ երկրներն ուզում են դառնալ խմբի անդամներ, մյուս կողմից` գտնվում են տնտեսական և քաղաքական սուր, անչափ կոշտ դրսևորումներ ունեցող մրցակցության եզրին։ Բացի այդ, BRICS-ի երկրները գտնվում են աշխարհում արտքաղաքական դրության տարբեր մակարդակների վրա։ Այսպես, Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, իսկ խմբի մյուս երեք անդամները ձգտում են հասնել նման կարգավիճակի։ Բայց նրանց գործընկերներն առանձին ցանկություն չեն դրսևորում բաժին հանելու իրենց գլոբալ լիազորություններից` «վետոյի իրավունքից»։ Այսինքն, այդուամենայնիվ, չի հաջողվում «ում դեմ ենք բարեկամություն անում» պարզ բանաձևից անցում կատարել ավելի բարդ փոխգործակցության, այն է, ձևավորել լիարժեք ռազմավարական մի դաշնախումբ, որը հեռանկարում կարող է մարտահրավեր նետել համաշխարհային տնտեսության և քաղաքականության ներկայիս առաջատարներին` ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։
Դուրս է գալիս, որ այնքան էլ ճիշտ չէ «հիմնադիր հոր» կանխատեսումն այն մասին, թե Հնդկաստանի ու Բրազիլիայի տնտեսական աճի տեմպերը հավասարվում են չինականին։ Իրականում չինական և մյուս երկրներից յուրաքանչյուրի ՀՆԱ-ի միջև տարեկան խզումը միայն մեծանում է և շուտով անհաղթահարելի կդառնա։ ՈՒ երևում է, որ առաջիկա տասնամյակում ՉԺՀ-ն կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսատերը։ Փորձագետները պնդում են, որ այդ երկրում աճի տեմպերի դանդաղման մասին խոսակցություններն անհիմն են։ Չէ՞ որ 2012 թ. Չինաստանի ՀՆԱ-ի 7,8 տոկոս աճը (նոր դարում ամենացածր ցուցանիշը) ավելի քան 700 մլրդ դոլար եկամուտ տվեց, մինչդեռ 2005 թ. ՀՆԱ-ի 11,3 տոկոս աճը չինական տնտեսությանը բերել էր ընդամենը 270 մլրդ դոլարի աճ։ Այնպես որ, BRICS-ի գծով գործընկերներից Չինաստանն ապագայում, ակնհայտորեն, շատ ավելի առաջ կանցնի։ ՈՒ երևի պատահական չէ, որ, նկատի առնելով այս մեծ խզումը, հիմա խոսակցություններ են լսվում, որ ավելի տեղին կլիներ Չինաստանը Ռուսաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից և ՀԱՀ-ից առանձին դիտարկել։ Այլ բան է, որ ընդհանուր առմամբ աշխարհում BRICS-ի դիրքերի ամրապնդումը սոսկ համաշխարհային առաջատարի փոփոխման գործիք կդառնա և այդ փոխատեղման արդյունքում գլոբալ գերիշխողի տեղը, որ հիմա զբաղեցնում է ԱՄՆ-ը, կանցնի Չինաստանին։ Հատկանշական է, որ եթե առաջ Պեկինն ընդգծված ցուցադրում էր, որ չի ուզում մասնակցել առաջնային դերի համար մրցակցությանը, առավել ևս տիրանալ դրան, ապա հիմա իրադրությունն ամենուրեք արմատապես փոփոխվում է։ Համենայն դեպս, փորձագետները տեսնում են, որ ՉԺՀ-ն բացահայտորեն մտադիր է «վեր հառնել» BRICS-ի գծով գործընկերների աջակցությամբ։ Եվ միավորման շրջանակներում էլ վերջին ժամանակներս Պեկինի դերը գերիշխող է դառնում. նա անհամեմատ շատ փող է ներդնում և խումբ է բերել Հարավային Աֆրիկան (դրան սուր արձագանքեց Թուրքիան և` խիստ վիրավորված, քանի որ շատ էր ուզում դառնալ խմբի հինգերորդ անդամը)։ Բացի այդ, Չինաստանն առայժմ հաստատ չի այրվում Արևմուտքի հետ հակամարտության մեջ մտնելու, իրեն ձեռնտու միջազգային ներկա տնտեսակարգը և ուժերի հաշվեկշիռը սպառնալիքի տակ դնելու ցանկությամբ։ Այստեղից էլ, հավանաբար, վերջին գագաթնաժողովի «անատամ» բնույթը։ ՈՒստի, BRICS-ի երկրների ռեսուրսների, տարածքների ու ՀՆԱ-ների թվաբանական գումարը, որն այնքան սիրում են վկայակոչել Ռուսաստանում, կարող է համոզիչ հիմնավորում դառնալ մտքում եղածից շատ հեռու նպատակների համար և չի հանգեցնի բոլոր կողմերի համար հավասար ընդգրկման և կենսունակության։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ