Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Նազարբաևը դեմ է «նյու-Վասյուկիներին»

Նազարբաևը դեմ է  «նյու-Վասյուկիներին»
16.04.2013 | 01:50

Չնայած ներքաղաքական կյանքի դժվարություններին, «հողերի հավաքման» հարցը Մոսկվայի համար ավելի ու ավելի է սևեռուն գաղափար դառնում։

Ահա արդեն և՛ Եվրասիական միության ստեղծման բաղձալի ժամանակն է, «կրեմլյան երազկոտների» հղացմամբ, նշանակվել 2015 թ. գարնանը, և՛ «գլոբալ տնտեսական մրցունակությունն է» աշխարհում հաշվարկվում, և՛ հարձակում է սկսվել Արևմուտքի հասցեին, որն «ամեն ինչ կանի, որ թույլ չտա ստեղծել Խորհրդային Միության մի նոր վարկած»։ Այսինքն, առաջին հայացքից, այդ նախագծի վերացականությունից կարծես սկսել են աստիճանաբար անցում կատարել կառուցողական կոնկրետության։ Եվ այստեղ առանձնապես ընդգծվում է, որ նախկին խորհրդային տարածության ինտեգրման գործընթացների պսակը դառնալուն հավակնող այդ կայացման միավորման միջանկյալ փուլ պետք է դառնա Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության մակարդակի բարձրացումը։ Ընդ որում, նախկին ԽՍՀՄ-ից անջատված երկրների ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի, փաստորեն, բոլոր հանդիպումները չեն անցնում առանց Եվրասիական միության կազմավորման ընթացքի, նրա շահավետության ու մեծ հեռանկարների հարցերի դիդակտիկ քննարկման և, իհարկե, «տատանվողների» ձեռքերի կուլիսային ոլորման։ Բայց նկատենք, դեռ ոչ ոք իրեն նեղություն չի տվել ստեղծելու հավակնորդ երկրների տնտեսագետների աշխատանքային խումբ, լսելու նրանց կարծիքը, զբաղվելու կառույցների գործունեության կոնկրետ մեխանիզմների կարգաբերմամբ, ինչպես նաև տարածաշրջանային և համընդհանուր ինտեգրման հեռանկարային ուղղությունների մշակմամբ։ Ինչպես որ առայժմ պատասխան չի տրվել այն հիմնարար հարցին, թե «որ երկրներն են մտնելու Միության կազմի մեջ, և որն է նրա ընդլայնման սահմանը»։
Կրեմլի պարիսպների հետևից խնդիրը, կարծես, բավական հստակ է. Եվրասիական միության նախընտրելի տարբերակը նախկին ԽՍՀՄ տարածությունն է, ընդ որում` ցանկալի է ամբողջովին։ Սակայն իրական աշխարհաքաղաքական, տնտեսական և անգամ մշակութային իրավիճակն այդ «հովվերգական» պատկերին ու մտադրություններին, իհարկե, լիովին հակասում է։ Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ առայժմ, չնայած բոլոր ջանքերին ու հսկայական ցանկությանը, Պուտինին դեռևս չի հաջողվում ուկրաինական իշխանություններին համոզել ո՛չ Եվրասիական, և ո՛չ էլ, նույնիսկ, Մաքսային միության հարցում։ Իսկ առանց ՈՒկրաինայի ինտեգրումը, եթե անգամ կայանա էլ, ապա կլինի կիսատ-պռատ և, ի վերջո, դատապարտված։ Բայց, պարզվում է, Եվրասիական միության սահմանների և Մոսկվայի գլխավորած մյուս ինտեգրացիոն կազմավորումների հարցը սուր կերպով ծառացած է նաև Կենտրոնական Ասիայում։ Իսկ սա վերջին ժամանակներս դարձել է առաջատար համաշխարհային և տարածաշրջանային տերությունների շահերի խաչման կարևոր հանգույց։
Միավորման ամենահետևողական հակառակորդն այստեղ Թուրքմենստանն է, որը դեռ Նիյազովի ժամանակներից լիակատար չեզոքություն և ցանկացած ինտեգրացիոն միավորման գործունեությանը մասնակցելուց հրաժարման քաղաքականություն է վարում։ Նույնիսկ ոչինչ չպարտավորեցնող ԱՊՀ-ում նա ունի սոսկ ասոցացված անդամի կարգավիճակ։ Եվ որ ամենակարևորն է, այդպիսի անկախության այստեղ պետք է սպասել նաև հետագայում, քանի որ էներգառեսուրսների արտահանությունը նման հնարավորություն լիովին տալիս է։ Դատելով ըստ ամենայնի, վերջին ժամանակներս ՈՒզբեկստանն էլ է գրեթե վերջնականորեն կողմնորոշվել համակրանքների հարցում և նույնպես հստակ հակաինտեգրման դիրք է գրավել։ Թեև փոփոխամիտ Քարիմովի առնչությամբ որևէ հեռագնա բանի մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէր լինի, սակայն ռազմաքաղաքական ոլորտում Տաշքենդն ավելի ու ավելի բացահայտորեն է կողմնորոշվում դեպի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն։ Այնտեղ, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի տարածաշրջանի խոշորագույն ամերիկյան ռազմական բազան, որը կստանձնի արագ արձագանքման կենտրոնի գործառույթն այն դեպքում, եթե Աֆղանստանում իրադրությունը սրվի։ Արդեն զգալի միջոցներ են ստացվում զարգացման և տնտեսական ներդրումների համար, ասենք, երկիր այցելած կոնգրեսականներն էլ զարմանալիորեն ճկուն դուրս եկան և հայտարարեցին, որ մարդու իրավունքների` ՈՒզբեկստանում գոյություն ունեցող սահմանափակումներն արդարացված են իսլամական ծայրահեղականության իրական սպառնալիքի պատճառով։ Ինչ վերաբերում է Տաջիկստանին ու Ղրղզստանին, ապա թեև նրանք, կարծես, խնդրում են իրենց ևս ինտեգրել, սակայն այստեղ ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կցանկանար Կրեմլը։ Դեռ 2011 թ. Ղրղզստանի կառավարությունը «վերջնական որոշում» էր ընդունել անդամակցելու Մաքսային միությանը։ Բազմաթիվ «լավ խոսքեր» էին ասվել դարավոր բարեկամության ու եղբայրության մասին, ու մշտատև հեղափոխություններից ծվատված երկրում տիրող իրավիճակն էլ, կարծես, դրան էր տանում։ Սակայն պարզվում է, որ միայն 2013 թ. վերջին են Բիշքեկում մտադիր ավարտելու օրենսդրական ակտերի, Մաքսային միության կանոնների և իրենց տնտեսությունների համար դրանց հետևանքների ուսումնասիրությունը։ Միայն դրանից հետո են նրանք մտադիր մշակելու այն փոփոխությունների ուղեցույցը, որ պետք է կատարվեն միությանը միանալու համար։ Այսինքն, խոսքը` խոսք, իսկ իրականում նույնիսկ Մաքսային միությանը միանալու գործընթացը շատ հեռու է ավարտվելուց։ Տաջիկստանի առնչությամբ բանն ավելի վատ է։ Չնայած դեռ 2010 թ. նախագահ Ռահմոնի արած հայտարարությանը, թե «մենք դրանով շատ լուրջ զբաղվում ենք», փորձագետների գնահատմամբ, միությանն անդամակցելու հարցի քննարկումը, երևում է, անգամ չի էլ սկսվել։ Իսկ վերջերս հրաժարման պատճառն էլ հայտնի դարձավ, այն է` «միության երկրների հետ Տաջիկստանն ընդհանուր սահմաններ չունի», ուստի և հարցը քննության կառնի Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցությունից հետո միայն։ Խիստ հատկանշական է նաև այն, որ, մի շարք ռուս փորձագետների կարծիքով, Ղրղզստանի և Տաջիկստանի ընդունումն ինտեգրացիոն միությունների մեջ (չկայացած պետություններ` ծայրաստիճան ցածր կենսամակարդակով ու թույլ զարգացած տնտեսությամբ, ներքին սոցիալական, ազգային, կրոնական և այլ սուր հակասություններով) կարող է և՛ Ռուսաստանի, և՛ ամբողջ կառույցի համար «դրամատիկ հետևանքներ ունենալ»։ Բացի այդ, տարածաշրջանի բոլոր երկրների արտքաղաքական և տնտեսական կուրսի տարուղղվածությունը միասնական շրջանակի մեջ դրանց միավորման բոլոր փորձերը դատապարտում է անհաջողության։ Հետևաբար, ինչպես կարծում են ռուսական փորձագիտական շրջանակներում, ժամանակն է բաժանելու Միջին Ասիան, ինչը կհանգեցներ երկու հսկայական տարածությունների` Հյուսիսային Եվրասիայի (ներառում է Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը) և Վաշինգտոնի հովանու ներքո ստեղծվող Մեծ Կենտրոնական Ասիայի (կներառեր Աֆղանստանը, Պակիստանը` Տաջիկստանի և ՈՒզբեկստանի հետ մեկտեղ) հստակ սահմանազատմանը։
Իսկ արդյունքում, ամբողջ Կենտրոնական Ասիայում «ինտեգրման մրուրում» են մնում միասնության առավել հետևողական կողմնակից թվացող Ղազախստանն ու նրա նախագահ Նազարբաևը, ով դեռ վերջերս անդուլ հայտարարում էր, թե միշտ համարել է, որ «օբյեկտիվորեն Ղազախստանն ու Ռուսաստանը եվրասիական ինտեգրման շարժիչ ուժն են»։ Բայց վերջին շրջանում այնտեղ էլ են շատ յուրօրինակ միտումներ նկատվում։ Նախ, հարկ է նկատել, որ հիմա երկրի ղեկավարությունը լուրջ ու հարաճուն ճնշում է զգում ընդդիմության կողմից, որը կասկածի է ենթարկում անգամ Մաքսային միությանն անդամության նպատակահարմարությունը, էլ չենք խոսում Եվրասիական միության մասին։ Նա պահանջում է հանրաքվե անցկացնել այդ կառույցներից Ղազախստանի դուրս գալու վերաբերյալ։ ՈՒ թեև ընդդիմադիրները մինչ օրս չեն կարողանում կողմնորոշվել հանրաքվեի անցկացման ժամկետների հարցում, դրա բուն գաղափարը նրանց հանգիստ չի տալիս։ Առավել ևս, ինչպես գրում են ղազախստանյան լրատվամիջոցները, մինչև հիմա երկրի բնակչության կողմից եվրասիական ինտեգրմանը ցուցաբերվող աջակցության մակարդակի հարցը նույնպես բաց է մնում. «Կարելի է լսել փորձագետների հակասական հայտարարություններ` աջակցության 80 տոկոս մակարդակից մինչև, ընդհակառակը, որևէ դրական բանի համարյա լիակատար բացառում»։ Բացի այդ, պարզվում է, որ հարցվածների զգալի մասը ծայրաստիճան մակերեսային պատկերացում ունի Եվրասիական նախագծի մասին. անիրազեկների ցուցանիշը կազմել է հարցվածների 50,5 տոկոսը, հարցվածների մոտ 30 տոկոսն առհասարակ առաջին անգամ է լսել եվրասիական միության մասին, և միայն 19,9 տոկոսն է հայտարարել, թե ուշադրությամբ հետևում է իրադարձություններին։ Եվրասիական միության ստեղծման բացասական հետևանքները գնահատելիս 32 տոկոսը նշել է, որ ոչ մի բացասական բան չի տեսնում այդ նախագծում, իսկ 20,5 տոկոսը զգուշավորություն է ցուցաբերել. «Հայտնի չէ, թե որքան հուսալի գործընկերներ կլինեն Ռուսաստանն ու Բելառուսը»։ Խիստ հատկանշական է, որ Ղազախստանում ապրող ռուսները հաճախ հանդես են գալիս որպես առանձնության գաղափարի կողմնակիցներ։ Որևէ մեկի հետ չմիավորված երկրում ապրելու կողմնակից է 33 տոկոսը, ընդ որում, այդ խմբում ղազախները 50 տոկոս են, բայց ռուսներն էլ քիչ չեն` 21 տոկոս։
Խիստ հետաքրքրական է նաև այն, որ Ղազախստանի իշխանություններն էլ վերջին ժամանակներս բավական անսպասելիորեն շրջափակեցին ռուսական կողմի մի շարք ինտեգրացիոն նախաձեռնություններ։ Այսպես, Եվրասիական խորհրդարանի ստեղծման գաղափարը ոչ միայն պաշտպանություն չգտավ, այլև արժանացավ պաշտոնական «շշպռանքի»։ Այդ թեմայով Ռուսաստանի Դումայի խոսնակ Նարիշկինի առաջարկության վերաբերյալ արձագանքն իրեն սպասել չտվեց. «Իրականում այդ և նման գաղափարները չեն արտացոլում համագործակցության ռազմավարական հորիզոնների տեսլականը»։ Իսկ հետո էլ առհասարակ հայտարարվել էր, թե, չնայած վերազգային քաղաքական կառույցների ստեղծումն արագացնելու փորձերին, «նման հարցադրում չկա և չի լինի», և ընդհանրապես` «վերազգային քաղաքական կառույցների ստեղծումը մեր կողմից չի կարող քննության առնվել ըստ էության, քանի որ դա ուղղակիորեն դիպչում է մեր երկրի ինքնիշխանությանը»։ Ինչ վերաբերում է Ղազախստանի տեր ու տիրական Նուրսուլթան Նազարբաևին, ապա նա, մատնանշելով «հետագա ինտեգրման ուղու անշեղությունը», մշտապես ընդգծում է, որ խոսքը սոսկ տնտեսական, բայց ոչ քաղաքական ինտեգրման մասին է։ Այդ դեպքում և՛ Ղազախստանը, և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը «կմնան որպես անկախ պետություններ` սեփական ազգային շահերով»։ Այս մոտեցումը նա բավական եռանդուն կերպով հաստատում է գործնականում` բոլոր հնարավոր ուղղություններով զարգացնելով տնտեսական և քաղաքական համագործակցությունը։
Այսինքն, հարկ է նկատել, որ թեև ինտեգրման գործընթացից Աստանայի դուրս գալն այսօր այնքան էլ հավանական չի թվում, բացի այդ էլ արդեն ստորագրված համաձայնագրերի չեղարկումը ճգնաժամի պայմաններում Ղազախստանին սպառնում է անկանխատեսելի հետևանքներով, այդուամենայնիվ, այնտեղ առանձնակի ոգևորությամբ չեն վերաբերվում Եվրասիական միության անդամ արթնանալու «երջանիկ» հեռանկարին։ Իսկ եթե դրան ավելացնենք Նազարբաևի` ռուսների համար ծայրաստիճան վիրավորական խոսքերն իր երկրի պատմության` ցարական Ռուսաստանի կողմից գաղութացման շրջանի, Բայկոնուրի տիեզերադաշտի համատեղ օգտագործման շուրջ պայմանավորվածությունների ձախողման առնչությամբ վերջերս բորբոքված բուռն կրքերի, երկրում գործավարությունը պարտադիր կարգով ղազախերեն, ինչպես և կիրիլյան այբուբենը լատիներենի փոխելու հանդեպ Մոսկվայի անսքող անհանգստության մասին, ապա առհասարակ կստեղծվի Կրեմլի հույսերի ու ծրագրերի համար բնավ էլ ոչ ամենաբերկրալի պատկերը։
Բացի այդ, ինչպես արդարացիորեն նշում է KM.RU կայքը, դրությունը սրվում է այն հանգամանքով, որ «Ղազախստանում ծածուկ ընթացող վերնախավային «շրջափոխությունը» հետին պլան է մղում այն գործիչներին, ովքեր կա՛մ ծնվել են միասնական ԽՍՀՄ-ում, կա՛մ մոտիկից ծանոթ են ռուսական իրողություններին»։ Եվ ընդհակառակը, իրավիճակն առաջին պլան է մղում քաղաքական ու տնտեսական նոր վերնախավեր, որոնք «տրամադրված են անկախության, այսինքն` Ռուսաստանից առանձնության»։ Առավել ևս, որ Ղազախստանում հիմա հաստատ համոզված են, որ իրենց երկիրը գտնվում է ինքնագնահատման փուլում, և «սթրեսային անվստահությունից» անցում է կատարում այսօրվա «երանությանը»։ Ինչպես վերամբարձ հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, «այսօր մենք երկիրը փոխանցում ենք երիտասարդներին, որ այն չկորչի պատմության հորձանուտում»։ Միաժամանակ, ավագների պատգամը հետևյալը կլինի. խուսափել ամեն տեսակի ինտեգրման կառույցներին մասնակցելուց, որոնք կարող են «կասկածի տակ դնել ազգային շահն ու քաղաքական անկախությունը»։ Այսինքն, պետք է խոստովանել, որ Եվրասիական միության ստեղծման համար Աստանայում, դուր գա դա Մոսկվային, թե ոչ, ոչ մի հիմք չեն տեսնում, բացի տնտեսականից։ Ինչպես հայտարարել է երկրի արտքաղաքական գերատեսչության նույն ղեկավարը, Նազարբաևը դեմ է «նյու-Վասյուկիներին», և առհասարակ, «ընդհանուր հավատ չկա, թե այդ միությունը 2015-ին կգործի»։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ