Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ստեղծվել է Թուրքիայի շահերը սպասարկող լայն ցանցային համակարգ

Ստեղծվել է Թուրքիայի շահերը  սպասարկող լայն ցանցային համակարգ
16.04.2013 | 01:47

Դուալիստական համապարփակ աշխարհաքաղաքականության փլուզումը արմատական ազդեցություն գործեց ոչ միայն առաջատար համաշխարհային տերությունների, այլև Եվրոպայի, Մեծ Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Հեռավոր Արևելքի խոշոր պետությունների քաղաքականության վրա։ Խորհրդային քաղաքական համակարգի փլուզման հետևանքով տեղի ունեցան ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի շատ դաշնակիցների ու գործընկերների արտքաղաքական դիրքորոշումների բեկում և նշանակալի փոփոխություն, ինչը նոր աշխարհաքաղաքական ուրվապատկերներ ստեղծեց։ Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող հսկայական տարածությունը կորցրեց իր նախկին քաղաքական կայունությունը, և շատ պետությունների առջև ծառացան անվտանգության ապահովման նոր խնդիրներ։ Սակայն, փաստորեն, այդ ընդարձակ տարածաշրջանի պետություններից միայն Թուրքիան նոր պայմաններում «կասեցման» և անվտանգության ապահովման խնդիրներ առաջադրեց և միաժամանակ առաջարկեց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական լայն նվաճողամտության քաղաքականություն, ընդ որում, մի քանի ուղղություններում միաժամանակ։ Արտաքին քաղաքականության այս նոր փուլի շուրջ դեռևս շատ թե քիչ բովանդակալի ու խոր բանավեճ չի առաջարկվել, և թեման մնում է փակ։ Համենայն դեպս, միջազգային և արևմտյան ընկերակցության տարբեր փորձագետներ այդպես էլ չեն պաշտպանել Թուրքիայի արդի քաղաքականության քննարկման որևէ նախաձեռնություն։ Կան թուրքական հրատապ խնդիրներին նվիրված բավականաչափ հոդվածներ և նշանակալի հրապարակումներ, բայց դա այդպես էլ հիմք չդարձավ կանոնավոր բանավեճի համար։ Թուրքիայի քաղաքականությունը մնում է մասնագետների նեղ շրջանակի համեմատաբար փակ քննարկման ոլորտում, որոնք, հազվադեպ բացառությամբ, համագործակցում են պետական կառույցների հետ։
Ըստ էության, թուրքական խնդիրները մնում են որպես հետախուզական ծառայությունների և նրանց աջակցող ինստիտուտների ու վերլուծական կենտրոնների որակավոր աշխատանքի առարկա։ Առանձին, մասնավոր հարցերում մասնագիտացած նշանավոր քաղաքագետներն ու վերլուծաբանները առայժմ հրապարակ չեն հանել թուրքական արտաքին քաղաքականության առավել սկզբունքային և էական խնդիրները, որոնք ձևակերպված լինեին Թուրքիայի արտաքին նվաճողականության, դեպի ավելի ինքնուրույն կարգավիճակ, դեպի միջազգայնորեն ճանաչված տարածաշրջանային մեծապետություն ճեղքում կատարելու հավակնությունների ձևաչափով։ Այդ թեման նրանց վտանգավոր է թվում, տհաճություններով հղի, և առաջատար պետությունների կառավարությունները պատրաստ չեն հրապարակայնորեն քննության առնելու այն։ Բացի այդ, Թուրքիան այն երկրներից է, որոնք վերջին մեկուկես տասնամյակում մեծ ջանքեր են գործադրել իրենց շահերի լայն պաշտպանության ապահովման, ինչպես նաև այդ շահերի դեմ հանդես եկող դիրքորոշումների ու քարոզչության շրջափակման ուղղությամբ։ Այս առումով Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, իսկ վերջին շրջանում նաև իսլամական երկրների մտավոր կենտրոնների մի մեծ հատված, փաստորեն, իր գործունեությունը ծառայեցնում է թուրքական շահերին։ Ըստ էության, ստեղծվել է հետևողականորեն, բացահայտորեն և բավական անամոթաբար Թուրքիայի շահերը սպասարկող լայն ցանցային համակարգ։ Սակայն Թուրքիայի արդի արտքաղաքական հավակնությունների «մարման» և «խլացման» իրական պատճառներն այն են, որ Արևմուտքի և Արևելքի առաջատար տերությունները դեռևս հույս ունեն Թուրքիայի այս կամ այն հավակնությունը ծառայեցնելու իրենց նպատակներին։ Դրանով էլ բացատրվում է շահագրգիռ խոշոր պետությունների կողմից նրա դեմ ուղղված բացահայտ, հրապարակային հակաքարոզչության և հանդիպակաց պահանջների բացակայությունը։
Սակայն, միաժամանակ, Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների «զսպումը» դարձել է, նախ և առաջ, ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի, Իրանի և Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածության այլ պետությունների քաղաքականության բաղկացուցիչ մասը։ Ավանդաբար շահարկվում է նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակցությունը Արևմտյան ընկերակցության հետ, որտեղ ամեն մասնակից ձգտում է օգտագործել թուրքական գործոնը։ Շատերը լուրջ բախում էին սպասում և սպասում են Թուրքիայի և Չինաստանի միջև, սակայն Թուրքիան պարզապես չուներ այն ռեսուրսները, որոնք սպառնալիք ներկայացնեին Չինաստանի համար, համենայն դեպս, այս փուլում, թեև Չինաստանը բավական վաղուց է հակաքայլեր նախաձեռնել Թուրքիայի, Հյուսիսարևմտյան Չինաստանում թուրքական հետախուզական ծառայությունների ջանքերի նկատմամբ։ Թուրքիան ձգտում է միաժամանակ ստեղծել անվտանգության արտաքին «գոտի» և աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական թափանցում իրականացնել, այսինքն, զուգորդել պաշտպանական և հարձակողական գործողությունները, ինչը բխում է Թուրքիայի ներկա տարածաշրջանային և միջազգային դրության տրամաբանությունից ու պայմաններից, քանի որ նրա առջև ծառացել են նոր սպառնալիքներ և տարբեր տարածաշրջաններում նոր դիրքերի ձեռքբերման լրացուցիչ հնարավորություններ։ Ընդ որում, կիրառվում են տրամաբանությամբ ու գաղափարախոսական բովանդակությամբ նոր դոկտրիններ` նեոպանթյուրքական և նեոօսմանական։ Այդ դոկտրինները, որոնք «քաղաքացիական իրավունք» չեն ստացել միջազգային բանավեճում, ենթադրում են հետևյալը. նեոպանթյուրքիզմը, ի տարբերություն նախկին կայսրապետական գաղափարների, շեշտը դնում է ոչ թե թյուրքախոս երկրների վերնախավերի, այլ հասարակական լայն խավերի վրա։ Նեոօսմանիզմը ենթադրում է թուրքական արտաքին քաղաքականության ծիրում ներգրավել ոչ թյուրքական ծագմամբ, սակայն Օսմանյան կայսրության «հմայքը» վայելած ազգերի ու երկրների։ Ընդ որում, այդ երկու դոկտրինների հաջող իրացումն ապահովելու համար ստեղծվում է «նուրչիլյար» շարժման և համանման կեղծ-հասարակական կառույցների վրա հենվող ցանցային համակարգ, ներառյալ տարիկատները ¥սուննիական հոսանք¤ և ավելի արդիական կառույցները։ Պետք է ասել, որ «նեոպանթյուրքիզմ» և «նեոօսմանիզմ» հասկացությունները առաջինը ձևակերպվել և քաղաքական գրականությանն առաջարկվել են Հայաստանում։
Թուրքիայի հարակից տարածաշրջաններում խիստ նպաստավոր պայմաններ են առաջացել նրա քաղաքականության կողմից նոր դիրքերի նվաճման համար։ Փորձենք թվարկել այդ գործոններն ու հանգամանքները։
Արևմուտքում Թուրքիայի գոյաբանական հակառակորդը` Հունաստանը, չնայած հույների հնարամտությանն ու միջազգային լայն առնչությունների հետ կապված շատ ակնկալիքներին, այդպես էլ չկարողացավ որևէ հետաքրքիր ու համոզիչ բան ներկայացնել տնտեսության, հատկապես արդյունաբերության զարգացման գործում։ Հույն հասարակությունը նախընտրել է տնտեսության սպասարկու մոդելը, որն ընդունակ չէ ապահովելու դինամիկ զարգացում, երկարաժամկետ տնտեսական և հասարակական-քաղաքական կայունություն։ Դրա հետևանքը եղավ ոչ այնքան բարձր պաշտպանունակությունը, իսկ դա էլ ենթադրում է արտաքին չափավոր քաղաքականություն, զսպվածություն Թուրքիայի և մյուս, ավելի թույլ հարևանների հետ երկխոսությունում։ Ընդ որում, ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը Հունաստանի տևական անդամակցությունը երկրին հնարավորություն չի տվել կատարելու տնտեսական, հասարակական և պաշտպանական արդիականացում։ Ամենամեծ բանը, որ Հունաստանը կարողացել է անել արտաքին, ավելի ճիշտ տարածաշրջանային քաղաքականության մեջ, Բուլղարիայի և Սերբիայի «հավաքագրման» փորձերն են` ոչ պաշտոնական բալկանյան-ուղղափառ ռազմաքաղաքական դաշնախումբ կազմավորելու նպատակով։ Քիչ թե շատ հաջող եղան բալկանյան երկրների որոշ եկամտաբար ոլորտներում ներդրումներ կատարելու Հունաստանի փորձերը։ Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, ՆԱՏՕ-ին Բուլղարիայի և Ռումինիայի անդամագրվելուց, ինչպես նաև Արևմտյան ընկերակցության հետ Սերբիայի «հաշտությունից» հետո որևէ հակաթուրք դաշնախումբ ստեղծելու հույսերը մարեցին։ Եթե նկատի ունենանք Թուրքիայի ավելի սերտ հարաբերություններն ու ավելի ճկուն քաղաքականությունը Ալբանիայի, Կոսովոյի, Բոսնիայի ու Մակեդոնիայի հետ, ապա հունական բալկանյան քաղաքականությունը ձախողում է կրել։ Հունաստանը հարկադրված էր Եվրամիություն Թուրքիայի ուղեկցորդի դիրք բռնել` ոչ ավել, ոչ պակաս։
Բալկանների մահմեդական երկրների հետ Թուրքիայի լավ ու պարտավորեցնող հարաբերությունների կողքին, Բուլղարիան և Ռումինիան քաղաքական մեկուսացման մեջ են, տնտեսապես սնանկ ու կազմալուծված, կորցրել են իրենց պաշտպանունակությունը և դարձել ՆԱՏՕ-ի ու Եվրամիության խնամարկյալներ, միանգամայն զուրկ են քաղաքական և տնտեսական առումով Թուրքիային դիմակայելու ունակությունից։ Բուլղարիայի թուրքական ազգային խմբերը, որոնք կազմակերպված են Թուրքիայի աջակցությունը վայելող լուրջ ու հզոր քաղաքական միավորումների մեջ, հսկայական ազդեցություն են գործում Բուլղարիայի քաղաքականության վրա։ Հիմա Թուրքիան մեծացնում է տնտեսական թափանցումը Բուլղարիա, որի նպատակն է այդ երկիրը դուրս բերել գործուն քաղաքական սուբյեկտների շարքից։ Չնայած ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից Ալբանիային, Կոսովոյին ու Բոսնիային, ինչպես նաև թուրքամետ այլևայլ համայնքներին ցուցաբերվող ուժեղ աջակցությանը, այդ երկրների ժողովուրդները խիստ զգում են Թուրքիայի օգնության կարիքը, թեև նրա հետ հարաբերություններն այնքան էլ անկեղծ ու բարեկամական չեն։ Դրան զուգընթաց, Մոլդովան էլ իր հերթին է պատրաստ «կանաչ լույս» վառելու դեպի Գագաուզիա թուրքական նվաճողամտության ճանապարհին, փոխարենը ակնկալելով կարճաժամկետ կայունության և ֆինանսական օգնության երաշխիքներ։
ՈՒկրաինայի թուլությունն ու պառակտվածությունը, տարածաշրջաններում իր շահերը պաշտպանելու անընդունակությունը պայմաններ են ստեղծել Ղրիմ Թուրքիայի հզոր թափանցման համար, որը Անկարան համարում է առանցքային տարածք ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի ու նրա հին ու նոր դաշնակիցների ազդեցության և ռազմաքաղաքական ներկայության դեմ մղվող պայքարում։ Թուրքիան չի կարող անտեսել ՈՒկրաինայում ծավալվող իրադրությունը, որը կրում է ոչ թե տարածաշրջանային, այլ, ավելի շուտ, գլոբալ միջազգային բնույթ։ Այժմ ՈՒկրաինայի առնչությամբ Թուրքիայի խնդիրը փոխվել է, այսինքն, տեղայինից պետք է դառնա ավելի նշանակալի խնդիր։ Կասկած չկա, որ ՈՒկրաինայում Թուրքիայի շահերը Ղրիմով չեն սահմանափակվում։
Հյուսիսային Կովկասում Թուրքիայի համար առավել նպաստավոր իրավիճակ է, հատկապես այն խմբավորումների վերացումից հետո, որոնք ներկայացնում էին Սաուդյան Արաբիայի և նավթ արտահանող արաբական մյուս պետությունների շահերը։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ում դեմ ասես շատ թե քիչ հաջող պայքար մղեցին Հյուսիսային Կովկասում, բացի թուրքական խմբավորումներից։ Թուրքիան, չնայած Ռուսաստանի մշտական դժգոհություններին, այստեղ ոչ մի դիրք չկորցրեց։ ՈՒ չնայած Վրաստանին ուղղված «եղբայրության և բարեկամության» բազմաթիվ հավաստիացումներին, Թուրքիան համառորեն ջանում է իր ներկայությունը հաստատել Աբխազիայում, ընդ որում քողարկվելով Ռուսաստանի հետ իբր ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք կա՛մ չկան, կա՛մ միանգամայն այլ բնույթ ունեն։
Վրաստանի առնչությամբ Թուրքիան բավականաչափ կատարել է իր առաջադրանքը։ Հարավային Կովկասում ծայրահեղ առճակատման ու թշնամության պայմաններում Անկարան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի օգնությամբ ավարտել է միջտարածաշրջանային էներգուղիների կառուցումը, որով էլ Վրաստանի դերը, որպես քաղաքական սուբյեկտի, ավարտվել է, և Թուրքիան այսօրվանից Վրաստանը կարող է համարել «տարանցման միջանցք»։ Լուսանցքային, տարանցիկ և աշխարհաքաղաքական իմաստով շատ բաներում «քաշված» Վրաստանն ու Ադրբեջանը Թուրքիային աննախադեպ պայմաններ են տրամադրել Սև ծով-կովկասյան և Կասպյան տարածաշրջանում նվաճողամտության իրականացման համար։ Եվ այսօր Անկարան Հարավային Կովկասում արդեն իսկ ունի դիրքեր, որոնց մասին առաջ երազել իսկ չէր կարող։
Կենտրոնական Ասիան շատ հեռու ընկած տարածաշրջան է ոչ միայն ԱՄՆ-ի ու Եվրամիության համար, այլև հենց Թուրքիայի, և նա ընդունել է իր անկարողությունը այդ տարածաշրջան թափանցելու հարցում։ Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան սպասողական դիրք է բռնել և ավելի նպաստավոր իրավիճակի է սպասում դեպի Կենտրոնական Ասիա նոր ցատկ կատարելու համար։ Մեծ է վիրավորանքը ամերիկացիներից, որոնք խափանեցին թուրքական ազդեցությունը տարածաշրջանում։ Եթե ամերիկյան քաղաքականությունը Աֆղանստանում ձախողվի, ապա Թուրքիայի աշխարհաքաղաքական դերն անչափ կաճի, ուստի և Թուրքիայի նոր ցատկը դեպի Կենտրոնական Ասիա պետք է կապել հենց Աֆղանստանի հետ։
Թուրքիայի համար պայմանները պակաս նպաստավոր չեն Մերձավոր Արևելքում։ Սիրիան, հայտնվելով Թուրքիայի և Իսրայելի ճիրաններում, պատշաճ աջակցություն չստանալով արաբական պետությունների կողմից, հատկապես Իրաքի ռազմական պարտությունից հետո, ըստ էության, «հանձնվեց» և սկզբունքային զիջումներ արեց Թուրքիային։ Բայց տարածաշրջանում Թուրքիային հիրավի նոր դիրքեր ապահովեցին Իրաքի իրադարձությունները։ Իրաքի նկատմամբ ռազմարշավ սկսելու Թուրքիայի հնարավորությունը նրան ներկայացնում է որպես մի պետություն, որը դարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող առանցքային քաղաքական իրադարձությունների մասնակից։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան հույսով է նայում Իրանի էական թուլացման հեռանկարին, սահմանափակելով նրա դիրքերը Մերձավոր Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչն իրանական վերնախավը շատ լավ է հասկանում։
Դեռ իմաստավորելու շատ բան կա Ռուսաստանի ու մի շարք պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններում, օրինակ, թե գլոբալ ճգնաժամն ինչ կերպ կանդրադառնա նրա տնտեսության և քաղաքականության վրա, բայց հասկանալի է, որ քննարկվող տարածությունում ավելի քան բարենպաստ իրադարձություններ են տեղի ունեցել կազմալուծման և ապակայունացման առումով, ինչը նպաստում է թուրքական նվաճողամտության աշխուժացմանը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ