ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սեփական կարծիք հայտնելը ֆաշիզմ համարելը կրկնակի ֆաշիզմ է»

«Սեփական կարծիք հայտնելը ֆաշիզմ համարելը կրկնակի ֆաշիզմ է»
15.05.2009 | 00:00

«ՑԵՑԸ ՄԵՐ ՄԻՋԻՑ Է»
Կրթական նոր համակարգի, ներառական կրթության, հայերենի մաքրության և այլ հարցերի շուրջ զրուցում ենք գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, բազմաթիվ դասագրքերի հեղինակ ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Կրթական համակարգը նորացվել է, չգիտեմ` ժամանակի՞, թե՞ եվրոպական չափորոշիչների բնական թելադրանքով: Սակայն հաճախ է փաստվում, թե խորհրդային կրթական համակարգը օրինակելի էր: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Այդ տարիներին կար որոշակի գաղափարախոսություն, ինչը խառնում են կրթական համակարգի հետ: Գործում էր պետական մակարդակով հսկայական քարոզչական ապարատ, կրթությունը քաղաքականացված էր: Լավն այն էր, որ կար հարգանք մեծի, ուսուցչի նկատմամբ: Դպրոցը մի լավ ընտանիք էր, ավարտելուց հետո էլ դասարանցիները կապված էին իրար, ձևավորվում էր իրար շատ սիրող մի հանրություն: Հիմա չկա այդ մթնոլորտը: Ինչ վերաբերում է նրան, թե դասագրքերն ավելի լավն էին, ապա բոլորովին այդպես չէ: Լավ դասագրքեր, իհարկե, կային: Սակայն մեզ չէին սովորեցնում մտածել, գործնականում կիրառել տեսական գիտելիքները: Առաջին հայացքից խորհրդային դպրոցի շրջանավարտը զարգացած մարդու տպավորություն էր թողնում. նա լավ գիտեր, ասենք, աշխարհագրություն, ուներ ցաքուցրիվ գիտելիքներ աշխարհի մասին, բայց որևէ գերադասելի ուղղությամբ չէր կարող մրցակցել, ասենք` ամերիկացու հետ, որը, իբր, այդքան մեծ զարգացում չուներ: Նոր մեթոդները բավականին լավն են ու առաջադիմական: Այսօր մեր նպատակը ոչ թե սոսկ գիտելիքներով հարուստ, այլ բազմակողմանի զարգացած, հասարակությանը պիտանի անհատ կերտելն է: Գիտելիքները պիտի ծառայեն անհատի զարգացմանը: Դեռ փոքր տարիքից երեխային պետք է սովորեցնել ազատ մտածել, բարդույթներ չունենալ, մտքով չարաճճի լինել, տրամաբանող: Սրանցից յուրաքանչյուրի հետևում հսկայական մեթոդական հնարքներ կան: Դրանք պետք է խտացնել դասագրքերի մեջ, որպեսզի երեխաներն աննկատ ձեռք բերեն այդ հատկանիշները:
-Դասագրքերի ստեղծման համար կիրառե՞լ եք այնպիսի մեթոդներ, որոնք մինչ այդ չեն եղել:
-Ընդհանրապես, մեր ստեղծած դասագրքերը գրված են ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցանելու համար: «Այբբենարանում» ես դեռևս 1990-ական թվականներին կիրառել եմ խաղային տեխնոլոգիաներ: Տասնմեկ տարի առաջ, երբ այն դպրոց մտավ, դա վայրի բան համարվեց, նույնիսկ գրել էին` «Այբբենարա՞ն, թե՞ խաղագիրք»: Անցավ տասը տարի` նոր-նոր հասկացան, որ դա ճիշտ էր: Գաղտնիք չէ, որ երեխայի համար, հատկապես վեց տարեկան երեխայի, առաջնային գործունեությունը խաղն է. եթե ուզում ես ինչ-որ բան սովորեցնել, պետք է անել խաղի ձևով: Այդ համակարգը նաև իմ ջանքերով ներմուծվեց դպրոց, և հիմա ուրախ եմ, որ դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում դրան:
-Հայերենի պահպանմանը նվիրված շատ հաղորդումներ եք ունեցել, հոդվածներ և գրքեր եք գրել ու գրում այդ մասին: Մարդու տեսակի ձևավորման համար (ազգային և ոչ միայն) կարևոր նշանակություն ունի լեզուն: Մենք ասես կորցրել ենք այդ գիտակցումը: Որքան էլ դպրոցում երեխային սովորեցնեն մաքուր հայերենը, հնարավոր չէ զերծ մնալ հեռուստատեսային հաղորդումների, սերիալների ազդեցությունից: Գռեհկաբանությունը, ժարգոնը թափանցել են նաև գրականություն:
-Աստվածատուր է մեր լեզուն, և լավ է, որ պահպանել ենք: Հիմա վտանգ կա, որ դա էլ ենք կորցնելու: Թեև անկախ պետություն ենք, և թվում է` լեզուն պիտի պահպանված լիներ, բայց այդպես չէ: Լեզուն ինքնամաքրման մեծ պաշարներ ունի: Մեր պապերը թուրքախոս են եղել, պարսկախոս, ռուսախոս, հիմա էլ անգլիախոս ենք դառնում, բայց հայերենը շատ կենսունակ է և կարողանում է պահպանել ինքն իրեն: Անհրաժեշտ է նաև պետական հոգածություն, որը սկսվում և ավարտվում է լեզվի պետական տեսչության խեղճուկրակ գոյությամբ. թվարկված ազդեցությունների դեմ պայքարել նա չի կարող: Մենք տարիներով հղկում ենք երեխայի խոսքը, իսկ հեռուստատեսությունը մի կինոյով կամ սերիալով փչացնում է դա: Օրինակ, «Հ2»-ով ցուցադրվող «Առլեկինո»-ն, ուր հայտնի ֆիլմերը ցածրակարգ լեզվով վերահնչյունավորվում են իբրև հումոր, տառացիորեն թերմացք է: Նույնը սերիալների լեզուն է, հումորիստների, որոնց կարծիքով մաքուր հայերենով հնարավոր չէ հումոր անել, և եթե նրանց հումորից հանենք գռեհկաբանությունը, անպարկեշտ ակնարկները, այդ հումորից ոչինչ չի մնա: Դրանով սնվող երեխան չի կարող հասկանալ բարձրակարգ, նուրբ հումորը: Այդպես է երաժշտության դեպքում. այնքան են ռաբիս լսում, որ Կոմիտասը նրանց համար դառնում է անհասկանալի, անգամ ծիծաղելի: Դա արվում է բոլոր բնագավառներում: Դանդաղ գործող ականի պես դրված է մեր ինքնության հիմքում: Լեզուն ունի նաև միավորող հատկություն: Որպեսզի այսքան հարուստ բարբառների պայմաններում մարդիկ հասկանան իրար, հոգեհարազատ լինեն միմյանց, պետք է մի լեզվով խոսեն: Միավորման զգացումը երջանկության զգացում է բերում նաև, որն այսօր խաթարում են ժարգոնով, բարբառային ձևերով: Բարբառների մեջ հսկայական հարստություն կա, բայց նրանք ունեն նաև անջատողական բնույթ: Պետք է շատ խնամքով օգտվել նրանց անսպառ հարստությունից: Մեր թշնամիները լավ գիտակցում են, որ ազգը միավորող ցանկացած գործոն պետք է խաթարել` լինի լեզու, հավատ, ընտանիք, սեր, մեծի նկատմամբ հարգանք:
-Թշնամիները մեր մե՞ջ են:
-Թշնամիները նաև մեր մեջ են կամ, ավելի ճիշտ, փչացումը մեր միջոցով է արվում: Երբ Սասունցի Դավթի աղջիկը նետով սպանեց հորը, Դավթի վերջին խոսքերն էին. «Ցեցը մեր միջից է»: Հակառակ դեպքում ոչ ոք չի կարող մեզ հաղթել: Վերջերս իմացա, որ դպրոցներից մեկում 8-րդ դասարանի (նախկին 7-րդ) աշակերտներին տնօրենության գիտությամբ հարցաթերթիկներ են բաժանվել, հարցերից մեկում, օրինակ, երեխան պետք է պատասխանի` գիտի՞ արդյոք` առաջին սեռական հարաբերության ժամանակ որքան է հղիանալու վտանգը, կամ` եթե հաշիշ ես գործածում, հերոինը կազդի՞ քեզ վրա, ինչպե՞ս օգտագործել պահպանակները, ներարկիչները և այլն: Ես սա համարում եմ ոչ թե թշնամություն, այլ բարբարոսություն, սպիտակ եղեռն` մի քանի «գրանտակերների» կողմից:
-Ի՞նչ կասեք ներառական կրթության մասին: Որքան գիտեմ, այն արդեն վեց տարի գործում է Հայաստանում, ներգրավված է քսաներեք դպրոց, այս տարի պատասխանատուները հույս են հայտնել, որ դրանց թիվը կհասնի քառասուներեքի:
-Ներառական կրթության հիմքում իբր հումանիզմի տարրեր կան, ըստ որի` հասարակության բոլոր անդամները պետք է ինտեգրացվեն միմյանց, բոլորը հավասար են և պետք է ապրեն նույն ձևով: Արտաքինից, իհարկե, մարդասիրական մոտեցում է: Բայց եթե իրապես նայենք` ովքե՞ր են որոշում, թե որ երեխաները պարզապես ի վիճակի չեն իրենց հասակակիցների հետ ամբողջ տասը տարի սովորելու և ավարտելու դպրոցը: Դրա համար անհրաժեշտ են արհեստավարժ գիտնականներ, հատուկ հանձնաժողովներ: Խոսքը, իհարկե, շարժողական կամ նման բնույթի խնդիրներ ունեցող երեխաների մասին չէ, այլ մտավոր հետամնաց, որոնց միջև նույնպես կա շերտավորում: Ոմանք կարող են ժամանակի ընթացքում այս կամ այն չափով ինտեգրացվել հասարակությանը: Իսկ կան երեխաներ, որոնց համար ուղղակի զուր տանջանք է հանրակրթական դպրոց հաճախելը: Մյուս երեխաների համար էլ դժվար է նրանց տանջանքը տեսնելը: Մի երեխա կար ներառական կրթությամբ դասարանում, որ չէր հասկանում` ինքը որտեղ է, ռետին էր ուտում, քաշում էր երեխաների մազերից, գրիչներն էր վերցնում և այլն: Մեկ այլ դպրոցում երեխաներից մեկը վազում էր միջանցքում, ուսուցիչն էլ նրա հետևից, որ չվնասի իրեն կամ ուրիշներին: Նման երեխաներին դպրոց բերելը մի՞թե մարդասիրություն է: Մամուլում մի հոդված էր տպագրվել «Սովորական ֆաշիզմ» վերնագրով` ուղղված մեր բանաստեղծուհիներից մեկի դեմ: Նա «համարձակվել էր» դեմ արտահայտվել ներառական կրթությանը: Մի՞թե սեփական կարծիք հայտնելը ֆաշիզմ համարելը կրկնակի ֆաշիզմ չէ: Դա վտանգավոր մտածողություն է: Նրանք ասում են` Շվեդիայում կիրառվում է այդ մեթոդը: Բայց ո՞վ ասաց, որ Շվեդիան մեզ համար չափանիշ է, որտեղ հայր ու տղա ամուսնանում են իրար հետ: Ես չէի ցանկանա, որ իմ երեխան ապրեր նման երկրում:
-Ներառական կրթությունը կիրառող դպրոցները, հավանաբար, ֆինանսավորվում են։ Ըստ այդմ` ստեղծվո՞ւմ են համապատասխան պայմաններ ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:
-Յուրաքանչյուր երեխայի հետ պետք է առանձին աշխատանք տարվի, բացի ուսուցչից, պետք է լինեն հոգեբան, դաստիարակ, մեթոդիստ, խնամող: Առանձին կրթական ծրագիր է պետք, հատուկ դասագրքեր: Ես ոչ մի դպրոցում նման բան չեմ տեսել, և հնարավոր էլ չէ մեր պայմաններում: Կարծում եմ, մարդասիրական կլիներ, եթե պետությունը հատուկ և բավականին լավ պայմաններ ստեղծեր նրանց համար, իհարկե, նրանց հասարակությունից չմեկուսացնելով: Մինչդեռ, այդ հոգսն իր վրա վերցնելու փոխարեն, պետությունն ամբողջ այդ մտավոր, հոգևոր, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը գցում է փոքրահասակ երեխաների վտիտ ուսերին: Հասարակությունն իր առողջ մասով պետք է առաջ գնա, դիմագրավի իր առաջ ծառացած մարտահրավերներին: Այս և նման արհեստածին խնդիրները բալաստի նման կպչում են և խանգարում մեր առաջընթացին: Չմոռանանք, որ մենք Շվեդիա չենք, փոքր երկիր ենք` շրջապատված թշնամական երկրներով. մեզ թուլանալ չի կարելի:
-Այնուամենայնիվ, փորձենք թվարկել դրական ու բացասական հնարավոր ազդեցությունները, որ կարող է ունենալ ներառական կրթությունն առողջ և խնդիրներ ունեցող երեխաների վրա:
-Դրական ոչինչ չեմ կարող նշել: Մտավոր անհուսալի հետամնաց երեխայի հետ միևնույն դասարանում սովորելն առողջ երեխային չի դարձնում ավելի մարդասեր: Նա կարող է սովորել, որ իր կողքին կան նման մարդիկ, բայց դա չի նշանակում, թե կսիրի նրանց: Ինչ վերաբերում է խնդիրներ ունեցող երեխաներին, «ջերմոցային պայմանները» նրանց դարձնում են քմահաճ, նրանք շարունակ ուզում են ուշադրության կենտրոնում լինել` ի հաշիվ ուրիշների: ՈՒսուցիչները դասին հատկացված ժամանակի մեծ մասը ծախսում են նրանց վրա` առողջ երեխաների փեշերից քաշելով ու կասեցնելով նրանց զարգացումը: Առողջ հասարակության զարգացման բնական ռիթմը մտավոր հետամնացներին հարմարեցնելը ոչ թե սովորական, այլ արտասովոր ֆաշիզմ է: Ո՞վ է ասում, թե ներողամիտ մոտեցումից այդպիսի երեխաներն ավելի լավ կզարգանան, քան եթե պայքարի միջով անցնեն: Շառլ Բոդլերն իր գործերից մեկում գրում է, որ խփում է իրենից փող ուզող մուրացկանին, մուրացկանը նորից է փող ուզում, նա նորից է խփում, և այսպես այնքան ժամանակ, մինչև որ մուրացկանն ինքն էլ է խփում. նրա մեջ արթնանում է մարդը… Մենք պետք է յուրաքանչյուրի մեջ արթնացնենք մարդուն, բայց ոչ մյուսների մեջ մարդը մեռցնելու հաշվին:
-Ներառական կրթության վերաբերյալ կարծիքները տարբեր են: Չե՞ք կարծում, որ մինչ այն մեր կրթական համակարգում ներառելը պետք է քննարկվեր համապատասխան մասնագետների շրջանում, հասարակական կարծիք ձևավորվեր։ Ինչո՞ւ են հիմա միայն բարձրաձայնում, փորձում կասեցնել կամ հակառակը` ընդլայնել:
-Լավ հարց է, կարծում եմ, իսկապես չի քննարկվել, տեղյակ չենք` ով և ինչպես է այն հաստատել մեզանում: Երևի մեր պատգամավորները սեղմել են կոճակը` չիմանալով` ինչի համար են քվեարկում, ինչպես շատ ու շատ օրենքներ ընդունելիս:
-Իսկ ի՞նչ կասեք այն մտահոգության մասին, որ արագընթաց ու տեխնիկայով գերհագեցած մեր դարում նոր սերունդը հայտնի չէ, թե դեպի ուր է գնում:
-Բնությունն ասես նախապատրաստում է մարդուն: Երեխան, որ ծնվում է այսօր, նման չէ քսան տարի առաջ ծնված երեխային: Երեք տարեկան երեխան րոպեների ընթացքում կարողանում է օգտվել բջջային հեռախոսից, համակարգչից: Մենք առաջադիմությունից վախեցող չենք: ՈՒշիմ ենք, խելացի: Մեզանից վախեցողներ կան, մեր ուշիմությունը շատերին ձեռք չի տալիս: Ցավոք, մամոնապաշտները շատ են, ու դրսից կառավարող ուժերը հենվում են նրանց վրա: Հաճախ կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3726

Մեկնաբանություններ