ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐԻ ՓՈԹՈՐԻԿՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐԻ ՓՈԹՈՐԻԿՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
06.04.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում քրիստոնյա աշխարհը կրկին Զատկի տոնը նշեց` Մեծ պահքն ավարտվեց, «Քրիստոս հարեաւ ի մեռելոց, օրհնեալ է հարութիւնը Քրիստոսի»:
Մեզ հասանելի աշխարհն ավելի թանկ դարձավ. անցած տարվա համեմատ պարենային ապրանքների գներն աճեցին 0.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0,8, ծառայությունները թանկացան 0,8 տոկոսով. սա` ըստ պաշտոնական տվյալների, իրականում գնաճն ավելի բարձր է: Թանկացել է միսը` 15 տոկոսով, շաքարավազը` 28,4 տոկոսով, ձուն, կենդանական և բուսական յուղերը` 6 տոկոսով։ Ապրիլի 1-ից բարձրացավ գազի սակագինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 132 դրամ` 96-ի փոխարեն: Կիսամյակի արդյունքներն ամփոփելիս կհաշվենք, թե որքան ավելացան այլ ապրանքների ու ծառայությունների գները: Ճիշտ է, կառավարությունը որոշեց որպես գազի սակագնի բարձրացման փոխհատուցում մայիսի 1-ից սոցիալական նպաստը 3500 դրամով ավելացնել, իսկ նոյեմբերի 1-ից` 2650 դրամով, կենսաթոշակը: Եթե գազի սակագինը բարձրանում է ապրիլից, ինչո՞ւ կենսաթոշակը նոյեմբերին է ավելանում, և հետո` նպաստ ու կենսաթոշակ չստացողնե՞րն ինչ պիտի անեն գների անվերջ վերելքի ու իրենց ֆինանսների անվերջ վայրէջքի պարագայում: Կառավարությունն առայժմ փող չունի այս մասին մտածելու: Եվ նախագահն էլ մտածելու հանձնարարական չի տա` իմանալով ֆինանսների ու երկրի տնտեսության վիճակը:
Սպասվում են նաև ավիատոմսերի թանկացումներ: «Զվարթնոցը» տնօրինող «Արմենիա»-միջազգային օդանավակայաններ» ընկերությունն ավիավառելիքի 1 տոննան ավիաընկերություններին, նաև «Արմավիային» վաճառում է 1005-1008 դոլարին համարժեք դրամով, իսկ այն քաղաքներում, ուր չվերթեր են իրականացվում Երևանից, 1 տոննա ավիավառելիքի գները տատանվում են 600-900 դոլարի միջակայքում:
ԱՄՆ-ը սկսել է քննարկումները ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միջուկային զենքը դուրս բերելու ուղղությամբ: Միջուկային զենք կա Թուրքիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում` B-61 տեսակի 200 միջուկային ավիառումբ, հաղորդում է բրիտանական «The Times»-ը:
2002-ի ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: Անցած տարիներին «Ա1+»-ը մասնակցեց լիցենզավորման տասնյակ մրցույթների, և Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը ոչ մի անգամ նրա ծրագիրը եթերի արժանի չհամարեց: «Եթե «Ա1+» չլիներ, պետք էր հնարել», հեռուստաընկերության փակումից հետո ասաց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց «Ա1+»-ը կար, և նրան մնում էր «հնարել» եթերն առանց «Ա1+»-ի: Իրականում, իհարկե, հեռուստաընկերությունն այդքան սարսափելի չէր և ոչ էլ բացարձակ ու անվերապահ ընդդիմադիր էր, պարզապես համեմատաբար օպերատիվ էր, համեմատաբար առաջատար ու անհամեմատ անկառավարելի, որով վատ օրինակ էր ծառայում մյուս հեռուստաընկերություններին, և պետք էր ոչ միայն նրանց, այլև բոլորին ցույց տալ` ով է տանտերը: Այդպես փակվեց «Ա1+»-ը: 2010-ի հուլիսին ավարտվում է հաճախականությունների լիցենզիաների մրցույթի սառեցման երկամյա ժամկետը։
«Չգիտեմ` ինձ հետ ինչ կատարվեց», խոստովանեց 75-ամյա Մասատոսի Վակաբայասին ու վայր դրեց մանդատը, որովհետև սեղմել էր բացակա պատգամավորի քվեարկության կոճակը: Հարազատ կուսակցությունը նրա արարքը որակեց «ժողովրդավարության ժխտում, որն աններելի է», ու Մասատոսի Վակաբայասին հեռացավ Ճապոնիայի խորհրդարանից:
Անցած շաբաթ Հայաստանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Պաշտոնական հաղորդագրությամբ` երկուշաբթի նրանց հետ հանդիպեց ՀՀ արտգործնախարարը և հանդիպման ընթացքում անդրադարձավ «վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին»: Նրանց ընդունեց նաև ՀՀ նախագահը, զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե անդրադառնային Արկտիկայի ու Անտարկտիկայի հալչող ձյուներին: Որտե՞ղ է հմայիչ Մեթյու Բրայզան, որ «անմիջական» ու «անկեղծ» հրապարակում էր հանդիպումների ու փաստաթղթերի բովանդակությունը, պատասխանում լրագրողների բոլոր հարցերին, բայց երբեք չէր ասում ավելին, քան պիտի ասվեր: Նրան փոխարինած Ռոբերտ Բրադկեն գուցե պակաս հմայիչ չէ, բայց հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին ու լռում է:
Ապրիլի 5-ից Վաշինգտոն է վերադարձել Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը` մի բաժակ ջրի փոթորիկն ավարտվում է: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել է նրա վերադարձը` կարծիք հայտնելով, որ նրա ներկայությունն ավելի արդյունավետ կդարձնի թուրք-ամերիկյան ռազմավարական կապերը: Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ ապրիլի 12-13-ին կմասնակցի գլոբալ միջուկային անվտանգության խնդիրների վերաբերյալ համաժողովին: Համաժողովին մասնակցելու է նաև ՀՀ նախագահը: Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հանդիպումը համաժողովի շրջանակներում կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների քննարկում: Դա ԱՄՆ-ի նախագահին հիանալի հնարավորություն կտա ապրիլի 24-ի ուղերձում խուսափելու «ցեղասպանություն» բառից: Թուրքիային հնարավորություն կտա հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը շարունակելու ցանկությունը վերահաստատելով` ժամանակը ձգել մինչև իր նախապայմանների կատարման պայմաններ ստեղծվեն, Հայաստանին` վերստին ներկայանալու առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման իր պատրաստակամությամբ: Սա` նվազագույնը, բայց կարող է լինել և ավելին: Վաշինգտոնը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ճանապարհային նոր քարտեզ է նախապատրաստում, որի մանրամասները չեն հրապարակվում: Չի բացառվում, որ առաջվա նման հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան հարցի կարգավորումն առանձին են դիտվում, Ադրբեջանն այս խնդրի քննարկումից դուրս է, ճանապարհային քարտեզն ամրագրում է կոնկրետ քայլեր ու ժամկետներ, ինչը հիմք կտա կանխելու ԱՄՆ-ի Կոնգրեսում 252 բանաձևի հետագա քննարկումը:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հարցն է քննարկվել: Բարոնուհին լորդերին է ներկայացրել հիմնական փաստերը, ժամանակի միջազգային գործիչների արձագանքներն ու Մեծ Բրիտանիայում եղած փաստաթղթերը և կոչ է արել միանալու քաղաքակիրթ ազգերին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը: Լորդերի պալատում կառավարությունը ներկայացնող բարոնուհի Գլենիս Քինոկը հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը հիշում է դարասկզբի ցավալի դեպքերը, բայց չի կարող որևէ քայլ կատարել, որը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Կառավարությունը խորապես ցավում է հարյուր հազարավոր հայերի համար, ովքեր մահացել են սովից ու համաճարակներից Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին», բայց այդքանը միայն, և մերժում է հիշատակության օր սահմանելու կամ «ցեղասպանություն» բառը կիրառելու առաջարկները:
ՀԱԿ-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, արձանագրելով, որ վերջին շրջանում իշխանությունների գործողությունները վկայում են, որ նպատակ է դրվել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մոտալուտ պատերազմի տպավորություն ստեղծել, ինչի պատճառով, իբր, պետությունը ձեռնարկում է նախապատրաստական գործողություններ, տարբեր լրատվամիջոցներով պատերազմի վերսկսման հնարավորության քարոզչություն է տարվում, լուրեր են տարածվում Ղարաբաղում զոհված և Երևան բերված դիակների մասին: Տեսականորեն չբացառելով պատերազմի հնարավորությունը` ՀԱԿ-ը կարծում է, որ այդ ամենն իմիտացիա է։
«CNNTurk»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետը հեռուստաելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` վերստին խոսելով արխիվները բացելու անհրաժեշտության մասին. «Եթե երրորդ երկրներում կան արխիվներ, թող բացվեն, ուսումնասիրվեն բոլոր վավերաթղթերը, հետո միայն քայլ կատարենք»: Էրդողանը սխալ է համարում երրորդ երկրների ընդգրկումը ցեղասպանության հարցի վերաբերյալ քննարկումներում։
2010-ի ապրիլի սկզբին Հայաստանում քննարկում են 2013-ի անելիքները` երեք տարվա թռիչքով: «Նախագահ Սերժ Սարգսյանը միանշանակ իր թեկնածությունը կառաջադրի 2013-ի նախագահական ընտրություններում», ապրիլի 2-ին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նա հավանական չի համարել նախագահական ընտրություններում երկրորդ նախագահի առաջադրումը. «Կանխավարկածային չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին կդնեն թեկնածությունները: Դա շարունակվող ծրագիր է, և այս անգամ շարունակությունն ապահովում է Սերժ Սարգսյանը», կանխատեսել է Գալուստ Սահակյանը, ով, որպես կանոն, իր կանխատեսումներում գրեթե չի սխալվում:
Թուրքական «CNNTurk» գործակալության գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը հայտարարել է. «Հայերի համար սահմանի բացումն այնքան էլ հրատապ չէ, նրանք այնքան աղքատ չեն, որ թուրքերի կարիքն զգան»:
Իտալական «L'Espresso» շաբաթաթերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է հայերի Ցեղասպանությունն ընդունած երկրների խորհրդարաններին. «Իբրև քաղաքական գործչի ու պատմաբանի` ինձ համար անհասկանալի է` ինչո՞վ են ղեկավարվում այդ երկրների խորհրդարանները` դատապարտելով գոյություն չունեցող իրադարձությունների համար ամբողջ մի պետություն ու ժողովրդի: Դա անընդունելի է և՛ քաղաքական, և՛ գիտական տեսակետից»: Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության առնչությամբ նախարարն ասել է, որ իրեն արդեն իսկ եվրոպացի է զգում. «Թուրքիան ժամանակակից հզոր երկիր է: Մեր տնտեսությամբ մենք յոթերորդն ենք Եվրոպայում: Երբ ԵՄ որոշ երկրներ ճգնաժամի ժամանակ դժվարություններ էին ապրում, Թուրքիան զարգանում էր: Մենք ոչ մեկին չենք պարտադրում մեզ և չենք պատրաստվում բեռ դառնալ, պարզապես ուզում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, բարենորոգումների ոլորտում եվրոպական արժեքներն ընդունել»։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ