ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՌՈՒՍԸ, ԻՐ ՇԱՀԻՑ ԲԱՑԻ, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՈՒՐԻՇ ՇԱՀ ՉՈՒՆԻ

ՌՈՒՍԸ, ԻՐ ՇԱՀԻՑ ԲԱՑԻ, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՈՒՐԻՇ ՇԱՀ ՉՈՒՆԻ
14.09.2010 | 00:00

Ես միշտ եղել և մնում եմ ռուսամետ հայ մտավորական, բայց որը երբեք թութակի պես չի կրկնել հայ գրողի ասած «էն սհաթի …» խոսքերը: Չեմ կրկնել, որովհետև Աբովյանը դա ասել է տվյալ պահի ազդեցության տակ, ինչը երբեք չի խանգարել նրան հետագայում էլ դառը խոսքեր արտահայտելու, երբ տեսել է, թե ինչպես ռուսական զորքի մուտքից մի քանի տարի հետո ռուս չինովնիկը կաշառք էր վերցնում հայ գյուղացուց, ինչպես էր այդ ռուս պաշտոնյան անհարգալից վերաբերվում ցածրում կանգնած հայ գյուղացուն (կարծես այսօր նույն ցածրում կանգնած հային մերօրյա հայ պաշտոնյան սիրով և գուրգուրանքով է նայում), արհամարհանքով վերաբերվում մեր մշակութային արժեքներին (կարծես այսօր վրացին ավելի վատը չի անում): Աբովյանի խոր ուսումնասիրությունն ինձ հանգեցրել է նրան, որ ռուսը մեր լավը չուզող բարեկամն է: Բայց անկեղծ լինենք և հարցնենք` իսկ այդ ո՞վ և ե՞րբ է մեր լավն ուզել: Մենք մեր լավն ուզո՞ւմ ենք: Բա որ մենք մեր լավը ցանկանայինք, քսան տարի այդպես դաժանորեն կթալանեի՞նք երկիրը, հային սեփական տնից գաղթական կդարձնեի՞նք:
Երկուհարյուրամյա ռուսական կողմնորոշումը մեզ հուշում է հայտնի հայկական ասացվածքը` ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու, բայց փայտը ձեռքից չգցելու մասին: Իսկ մենք ի զորո՞ւ ենք այդպես վարվելու: Միանշանակ կարող եմ ասել` այո: Եթե հայ պաշտոնյան լինի օրինական ընտրված, կոմպրոմատներից հեռու, չվախենա պաշտոնը կորցնելու մտքից, հեղինակություն վայելի ժողովրդի մեջ և ամենակարևորը` չլինի նյութապաշտ: Եթե մեր շահը ռուսի հետ համընկնում է, պետք է հասկացնենք, որ Պուտինի անընդհատ կրկնվող խոսքերը, թե Ռուսաստանն ամեն ինչ անում է` ելնելով իր ազգային շահից, մենք էլ պետք է դնենք մեր արտաքին քաղաքականության մեջ մեր ազգային շահը, որը, ցավոք, ռուս-հայկական հարաբերություններում երբեք չի եղել: Մենք ռուս-հայկական հարաբերություններում դարեր շարունակ փնտրել ենք միայն մեր ֆիզիկական գոյության հասկացությունը, ինչը և դարերի ընթացքում մեզ բարդույթավորել և զրկել է ինքնուրույն մտածելու, պայքարելու կարողությունից, և չենք նկատել կամ էլ գիտակցորեն չնկատելու ենք տվել այն հսկայական կորուստները, որ ունեցել ենք այդ հարաբերությունների արդյունքում:
Միայն մի հարց իմ կողմից հարգված ազգին. ո՞ւր են Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած հայկական հողերը: Չենք հարցրել, չենք էլ հարցնում. հանկարծ ռուսը չնեղանա: Հետաքրքիր է, եթե նեղացավ, ի՞նչ պիտի անի, պիտի թողնի Հայաստանն ու հեռանա՞: Չի հեռանա, որովհետև եթե մեր հարևանները մեզ «ուտեն», վաղը Ռուսաստանի սահմանները, հավանաբար, Վոլգայի մոտից կսկսվեն:
Ես դեմ չեմ ռազմական պայմանագրի ժամկետի երկարացմանը, անգամ երբ Ռուսաստանը ցուցաբերում է մեր նկատմամբ ծայրահեղ անազնիվ քայլ և Ադրբեջանին զենք է վաճառում: Չտեսնենք այդ անազնվությունը և շարունակենք մեր դարավոր բարեկամությունը: Այդ պայմանագիրը, թեկուզ ձևականորեն, մեզ ապահովում է մեր թշնամիներից: Այդ պայմանագրով, ինչպես ոմանք են նկատում, ձգձգվում է Ղարաբաղի ստատուս քվոն (որովհետև դրանով էլ Ադրբեջանին հեռու են պահում Ռուսաստանի հետ մահճից դուրս գալու բուռն ցանկությունից), ինչը և մեզ ձեռնտու է: Ձեռնտու է, եթե Հայաստանի ղեկավարությունն օգտվի այդ ստատուս քվոյի երկարացումից` ինտենսիվորեն սկսի բնակեցնել ղարաբաղյան ազատագրված տարածքները: Ռուսաստանը չի թողնի` կասեն ոմանք: ԱՄՆ-ը շատ հարցերում չի զիջում Իսրայելին արաբա-իսրայելական կոնֆլիկտում, բայց Իսրայելն իր դեմքն է ցույց տալիս, իրենն է անում: Հայաստան երկրում ընդդիմությունը (ով էլ ուզում է լինի), իշխանափոխությունից բացի, ոչինչ չի պահանջում, այսինքն` ընդդիմությունն օգնում է օտարին (տվյալ դեպքում` ռուսին) մեր երկրի նախագահի հետ խաղալու իր թելադրած պայմաններով: Մեր ընդդիմությունը երբեք չբարձրացավ պետականության աստիճանի, երբեք մեր երկրում չստեղծվեց առողջ մթնոլորտ և այնպիսի տրադիցիա, որ ղեկավարը պաշտոնաթողությունից հետո (ինչո՞ւ չէ, նաև պաշտոնին) պատասխան տա իր անգործության համար, իր կատարած չարաշահումների համար:
Քոչարյանը ներեց Լևոնին, Սերժը` Քոչարյանին: Գալիքի մասին գուշակություններ չեմ ուզում անել: Այսօր կառավարությունը հայ ժողովրդին կանգնեցրել է հացի ճգնաժամի առաջ: Փաստեմ: Կառավարության այսօրվա քայլերը, էլիտար ցորենի սերմացու ձեռք բերելը, ապագայում սեփական հացարտադրությանն ուշադրություն չդարձնելը (ասենք` ինչո՞ւ միայն հացին) խոսում են կառավարության անգործության մասին, առաջին հերթին գյուղնախարարին է վերաբերում ասածս: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում, Ղարաբաղում, ազատագրված տարածքներում հազարավոր հեկտար հողեր անմշակ են մնում, և այդ նախարար կոչվածը միայն ոչխարից է խոսում: Ինչ ասեմ, երբ մարդու ողջ մտածողությունը ոչխարի հոտից դենը չի անցնում: Կառավարությունը պետք է հոգ տանի (անգործության համար պաշտոնյան պետք է դատարանի առաջ կանգնի, իմ կարծիքով` գյուղնախարարը ասածիս վառ օրինակն է) երկրում հացի խնդրի լուծման համար: Անկախ ներկրվող ցորենի արժեքից, կառավարությունը պետք է հաստատագրված գին առաջարկի գյուղացուն ցորենի արտադրության համար: Գյուղացին իր արտադրած ցորենը պետք է վաճառի պետությանը, ոչ թե հայրենիքի հետ ընդհանուր որևէ շահ չունեցող օլիգարխին:
Այսօր ցորենի առաջացած ճգնաժամը մեկ անգամ ևս հուշում է, որ մենք միշտ դարերով հույսներս դնում ենք սրա-նրա վրա: Ռուսաստանը ցորեն արտադրող է, պրոբլեմ չկա: Բայց, ինչպես տեսնում ենք, պրոբլեմը միշտ լինում է: Ռուսական բանակը հզոր է, մեզ կպաշտպանի, պրոբլեմ չկա: Բայց ինչպես կյանքն է ցույց տվել, այն կարող է, գիտակցաբար, թե անգիտակցաբար, երեք ժամով ուշանալ, Ռուսաստանում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ այդ բանակը ոչ թե կհեռանա, այլ կլքի երկիրը, մեզ թողնելով մեն-մենակ` թշնամու հետ: Հավատանք ռուսին, բայց պատմությունից դասեր քաղենք և հավատանք մեր ուժին և մեկ էլ այն բանին, որ ռուսը, իր շահից բացի, մեր երկրում ուրիշ շահ չունի: Հետևաբար, այդ պայմանագրի մեջ տեսնենք մեր ապագա անելիքը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. -Ես կողմ եմ այդ պայմանագրին, որովհետև մեր կառավարողներին հնարավորություն է տրվում ստատուս քվոյի պահպանության պայմաններում բնակեցնելու Ղարաբաղն ու ազատագրված տարածքները: Թեկուզ ռուսի կամքին հակառակ: Այսօրվա մեր կառավարողներն են կրում հետագա ողջ պատասխանատվությունն ազատագրված տարածքների ճակատագրի համար:

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ