ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՈՒ ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (ՎԱՇԻՆԳՏՈՆ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՈՒ ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (ՎԱՇԻՆԳՏՈՆ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
22.06.2010 | 00:00

Որոշ ժամանակ առաջ Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական համագործակցության հարցերի առթիվ առաջարկությունների մշակման գործում կարևոր դեր էր խաղում Ջ. Հոպկինսի համալսարանին առընթեր Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտը (Վաշինգտոն)։ 2000-ականներին Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության մշակման գործում այդ ինստիտուտի նշանակությունը զգալիորեն նվազեց, բայց նրա փորձագետներն ունեն մեծ փորձ սառը պատերազմի ժամանակներից, և նրանց կարծիքը, անկասկած, հետա-քրքրություն է ներկայացնում Կովկասի վերաբերյալ վաշինգտոնյան հայացքներն ու գնահատականները քննարկելիս։ Վերլուծական կարգով այդ հարցերի քննարկման գործում կարևոր տեղ ունեն Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի նախկին տնօրեն Չարլզ Ֆայերբենքսի, նույն ինստիտուտի ներկա տնօրեն Սվանթ Կոռնելի, ինչպես նաև ինստիտուտի նախագահ Ֆրեդերիկ Սթարի գնահատականները։ Այդ ինստիտուտը ներգրավել է տարբեր մտածողության շատ մասնագետների, բայց այն ընդհանուր առմամբ բնութագրվում է որպես բավականին ադրբեջանամետ ու թուրքամետ, թեև նրա աշխատակիցները քաղաքական կոռեկտության հարցում անբասիր են և իրենց հրապարակային գնահատականներում թույլ չեն տալիս բացահայտ ծայրահեղություններ։
Ինստիտուտի նախագահ Ֆրեդերիկ Սթարն ու գործադիր տնօրեն Սվանթ Կոռնելն ԱՄՆ-ի ներկա վարչակազմի քաղաքականության կողմնակիցներ չեն, քանի որ հասկանում են, որ Օբամայի քաղաքականությունը ենթադրում է ակտիվության թուլացում Կովկասում և Սև ծովում, ինչը չի կարող համապատասխանել փորձագետների շահերին, որոնք զբաղված են այդ տարածաշրջանների վերաբերյալ քաղաքական նախագծեր կազմելով, միաժամանակ հաշվի է առնվում այդ փորձագետների նշանակությունը Կովկասի պետությունների քաղաքական ղեկավարության ու քաղաքական շրջանակների համար։ Սակայն այնպիսի փորձառու քաղաքական նախագծող, ինչպիսին Ֆ. Սթարն է, հասկանում է, որ տվյալ իրավիճակում իմաստ ունի մշակելու ինստիտուտի նոր դիրքորոշում և առհասարակ փորձելու ներգործել Կովկասում ամերիկյան քաղաքականության ձևաչափի վրա, նպատակ ունենալով այն դարձնել ավելի իմաստալից, քաղաքական այդ ուղղությունում ապահովել փորձագիտության տեղն ու դերը։ Հազիվ թե ինստիտուտը մասնավոր հարաբերություններ ունենա Ֆիլիպ Գորդոնի` եվրասիական ուղղությամբ պետդեպարտամենտի առաջատար գործչի հետ, և հասկանում է, որ հիմա, իսկ ավելի շուտ ապագայում, Կովկասի վերաբերյալ քաղաքական նախագծումներով Վաշինգտոնում կզբաղվեն միանգամայն այլ փորձագետներ։ ՈՒստի ինստիտուտում ներկայացված փորձագետների խումբը պետք է կարողանա «գոյատևել» այս դժվարին ու անորոշ ժամանակաշրջանում։ Դրա համար էլ ինստիտուտի ղեկավարությունը որոշեց շարունակել պետդեպի դիրքորոշումը, որը շարադրված է մի պարզ բանաձևում. «Կովկասի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկա քաղաքականության էությունն է սպասել բուն տարածաշրջանից բխող խորհուրդներին ու առաջարկություններին»։ Այսինքն, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն իրեն առավելագույնս հեռու է պահում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից և մտադիր է խնդիրների լուծումը թողնել համապատասխան պետություններին։ Դա, իհարկե, կապված է ԱՄՆ-ի ընդհանուր արտաքին քաղաքական սկզբունքների հետ, բայց խնդիրը նաև այն է, որ թուրք-հայկական կարգավորում անունն ստացած գործընթացից հետո ամերիկացիներն ահագին նեղացած են Թուրքիայից ու Ադրբեջանից և նրանց հնարավորություն են «ընձեռում» ինքնուրույն ծանրութեթև անելու իրենց խնդիրները։ Գոնե ծանրութեթև անելու։ Փաստորեն, նույնպիսի դժգոհություններ կան նաև Վրաստանից, որը «սխալ էր հաշվարկել քաղաքական սպասելիքները», թեև իրականում հենց նման իրավիճակն է միանգամայն ձեռնտու ԱՄՆ-ին։ Դժվար է հիմա գտնել ԱՄՆ-ի քաղաքականության համար ավելի հարմար դիրքորոշում Կովկասի նկատմամբ։ Ներկայումս Կովկասն ԱՄՆ-ին կարող է հետա-քրքրել բացառապես քաղաքականության թուրքական կամ իրանական պրիզմայի միջոցով, և անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն համարվում առավել խնդրահարույց ԱՄՆ-ի կովկասյան քաղաքականության համար։ Այն ենթադրությունները, թե Կենտրոնական Ասիայի դերի աճն ինքնաբերաբար կհանգեցնի Կովկասի դերի պահպանմանը, այնքան էլ ճիշտ չէին։ Կենտրոնական Ասիան ավելի «ակտուալացվեց», և հենց այդ տարածաշրջանը «փրկարար» դարձավ Եվրասիայի ներքին տարածաշրջաններով զբաղվող փորձագետների գործունեության համար։ Այդուհանդերձ, հենց Կովկասն էր այդ ուղղություններում հարմարավետություն ապահովում փորձագետների համար։ Բայց ի՞նչ հասկանաս ինստիտուտի նախագահ Ֆ. Սթարից, եթե վերջինս Ադրբեջանի նախագահի հետ օրերս ունեցած հանդիպման ժամանակ էական ոչինչ չկարողացավ ասել, բացի այն, որ նա մի լավ կշռադատի, թե ինչպես պետք է նախապատրաստի այն հողերի յուրացումը, որոնք Հայաստանը, իբր, պետք է վերադարձնի Ադրբեջանին։ Այսպիսի երեսպաշտություններն արդեն հարմարավետություն չեն ապահովում ո՛չ աշխատանքում, ո՛չ կյանքում։
Չարլզ Ֆայերբենքսը նախկինում այդ ինստիտուտի գործադիր տնօրենն էր և շատ սերտորեն էր կապված ԱՄՆ-ի պետական համակարգի հետ, ղեկավարում էր տվյալ տարածաշրջանում գործընթացների հետազոտության ու վերլուծության մի քանի համալիր ծրագրեր, աշխատակցում պետական գերատեսչությունների և հիմնարկների, համագործակցում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ։ Ֆայերբենքսը նորպահպանողական փորձագետների պարագլուխն է, խիստ քննադատաբար է հանդես գալիս լիբերալ գաղափարների ու սկզբունքների վրա հիմնված ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության և, առհասարակ, դեմոկրատական կուսակցության քաղաքական գաղափարախոսության դեմ։ Այդ փորձագետը Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջաններ ԱՄՆ-ի «բնական ներթափանցման» կողմնակից է։ Նա փայլուն կերպով և բազմակողմանիորեն ծանոթ է այդ երկրների պատմությանը, քաղաքական և տնտեսական հրատապ գործընթացներին և պատրանքներ չի տածում այդ տարածաշրջաններ հիմնավորապես ներթափանցելու բարդության ու վտանգավորության, առավել ևս այդտեղ ամերիկյան ռազմական ներկայության առնչությամբ։ Նշվում են նրա վաղեմի կապերը Փոլ Վուլֆովիցի հետ, որի հետ սովորել է Չիկագոյի համալսարանում։ Սակայն, ի տարբերություն շատ նորպահպանողականների, Ֆայերբենքսը շատ համոզված մարդ է, և նորպահպանողականության գաղափարները նրա համար գովազդային թեզիսներ չեն։
Փորձագետը հիմնավորում է այն թեզիսը, որ ԱՄՆ-ը, հսկայական պետական միջոցներ ծախսելով և վտանգելով իր հեղինակությունը, ըստ էության, այդ տարածաշրջաններում ուղիներ է հարթել եվրոպական (առաջին հերթին գերմանական), ճապոնական և անգամ չինական կապիտալի համար, մինչդեռ ամերիկյան կապիտալն այդ տարածաշրջաններում ներկայացված է որպես երրորդական և անմրցունակ։ Փորձագետը կարծում է, որ, պաշտպանելով մարդու իրավունքների ու ազատությունների առաջնայնությունն այդ տարածաշրջաններում, ԱՄՆ-ը դրանով իսկ պաշտպանում է քաղաքական մանևրի, այդ երկրների հետ ավելի ճկուն հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Սա առանձնապես բացահայտ է երևում ՈՒզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ։ Արդյունքում այդ երկրների կապիտալի օգտագործման կարևորագույն ոլորտները զավթեցին ռուսական, եվրոպական և ճապոնական ընկերությունները։ Դա ԱՄՆ-ի քաղաքականությունն այս ռեգիոնում դարձնում է պարզապես անբնական, Միացյալ Նահանգների արմատական տնտեսական և քաղաքական շահերին չհամապատասխանող։ Ջորջ Բուշի վարչակազմի գործունեության շրջանում, չնայած կառավարության հասցեին վերլուծական և ինտելեկտուալ ոլորտների խիստ քննադատությանն ու զգալի ճնշմանը, փորձագետը շարունակում էր իր քաղաքականությունը, և դա ամենևին չէր փոխում նրա դիրքորոշումն ու մոտեցումները։ Փորձագետի կարծիքով, Կովկասի պետությունների և ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի խնդրահարույց է դարձել այն առումով, որ ՆԱՏՕ-ն արդեն ցուցադրել է դեպի Արևելք իր հնարավոր ընդլայնման սկզբունքային սահմանափակությունը։ Ընդ որում, այս հայացքները Ֆայերբենքսը տարածում էր դեռ տասը տարի առաջ, երբ քաղաքական և փորձագիտական շրջանակներում ժողովրդականություն էին վայելում միանգամայն այլ գաղափարներ։
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարական խնդիրների մասին հարցի առնչությամբ փորձագետն ասել է, որ իր պաշտոնական ձևակերպումներում բավականին ծավալուն խոսել է այդ մասին։ ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է կանխել ցանկացած ձևի եվրասիական որևէ նոր կայսրության ստեղծումը, հատկապես կոմունիստական։ Նոր կայսրություն չպետք է կայանա, դրա համար էլ նոր պետությունները պետք է մարտունակ բանակներ ունենան։ Թող որ այդ բանակները մեծ չլինեն և ունենան սահմանափակ հնարավորություններ, բայց ընդունակ լինեն հակահարված տալու տեղային հակամարտություններին և իրենց գործերին Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտության դեպքում։ Դա կարող է պակաս ծախսատար տարբերակ դառնալ, քան եթե նրանց տարածքներում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայվեն։
Փորձագետը կարծում է, որ ՎՈՒԱՄ-ի գծով այդ հնարավոր համաձայնությունները չեն կարող ուղղված լինել Հայաստանի մեկուսացմանը։ Անգամ դեմոկրատների կառավարությունն էր հասկանում, որ Հայաստանի կամ ցանկացած այլ պետության մեկուսացումն արդյունք չի տա։ Ցանկացած տարածաշրջանում ԱՄՆ-ի համար մեկուսացման սկզբունքը լիովին բացառվում է, ինչը կդառնա տարածաշրջանային դաշինքների կազմավորման նախագծերի քայքայման գործոններից մեկը։ Ներկայումս որևէ պետության մեկուսացում առհասարակ անհնար է։ Այդ երկու տարածաշրջաններում մեկուսացածությունն առավել բնորոշն ու վտանգավորն է որևէ քաղաքական խնդիր լուծելու ճանապարհին։ Հենց մեկուսացածությունն ու առճակատումն են ամերիկյան քաղաքականության հաջող տարածման հիմնական խոչընդոտը, ուստի ամերիկյան քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեկուսացման բոլոր դրսևորումների հաղթահարմանը։ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մեջ շատ են հակասություններն ու ձևականությունը։ ԱՄՆ-ում բազմիցս հայտարարվել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերներն են, բայց, փաստորեն, ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պակաս նախապատվելի չէ, ինչը կարող է ավելի բացահայտ դառնալ, եթե թուրք-հայկական հարաբերությունների վատթարացման միտումներն ուժեղանան։ Եվ դա կապված է ոչ միայն հայ համայնքի գործունեության հետ։ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական սերտ համագործակցության և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հենց որպես «առանձնացած» երկիր, որն իր արտաքին քաղաքական խաղն է խաղում տարածաշրջանում և նկատելի հաջողություններ ունի։ Հաշվի է առնվում նաև այն, որ Հարավային Կովկասում առայժմ միայն Հայաստանն ունի մարտունակ զինված ուժեր, և նրա դիրքորոշումից է մեծապես կախված կայունությունը տարածաշրջանում և նավթամուղների ու հաղորդակցության մյուս ուղիների անվտանգությունը։
ՆԱՏՕ-ի և Հարավային Կովկասի երկրների խնդրի առնչությամբ Ֆրեդերիկ Սթարի և Սվանթ Կոռնելի գնահատականները նկատելիորեն տարբերվում են Չարլզ Ֆայերբենքսի կարծիքից։ Երկու փորձագետները համակարծիք են, որ ավելի լավատեսական հայացքներ կան մոտ ապագայում դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման առումով։ Այդ փորձագետների գնահատականները մեծ մասամբ հիմնված են Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի վերջին տարիների մշակումների վրա, որոնք կատարվել են պետդեպարտամենտի պատվերով։ Նրանց կարծիքով, Հարավային Կովկասը չի կարող դիտվել որպես մի տարածաշրջան, որը երկարաժամկետ ռազմավարության առումով ինքնաբավ նշանակություն ունի։ Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունն ու տեղը սերտորեն կապված են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկու խնդրի հետ` ՈՒկրաինայի քաղաքական ապագայի որոշում և Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի հաստատում։ Փորձագետները պնդում են, որ առանց այդ խնդիրների լուծման խոսք անգամ չի կարող լինել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության և առհասարակ դեպի Արևելք դաշինքի ընդլայնման մասին։ Այս կարծիքը շատ ավելի իրատեսական է և հաստատվում է, օրինակ, «Նիքսոնի» կենտրոնում Կովկասի և Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն դոկտոր Փոլ Սանդերսի կողմից։ Այդ փորձագետները սերտ կապի մեջ են պետական կառույցների հետ, բայց հազիվ թե արտահայտելիս լինեն պաշտոնական տեսակետները։ Համաձայն դրանց, Վրաստանը ստորադաս նշանակություն ունի ԱՄՆ-ի ռազմավարության մեջ և անհնար է ձևավորել ՆԱՏՕ-ի կազմը ապագայում որպես «կտրտված տարածություն»։ Վրաստանն ու Հարավային Կովկասը, որոնք այնքան կտրված են ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտու հիմնական զանգվածից, չեն կարող դիտվել որպես այդպիսիք։ Հարկ է նշել պրոֆեսոր Սթիվեն Բլանկի դերը, որը սերտորեն համագործակցում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի հետ։ Բլանկի կարծիքով, ղարաբաղյան խնդիրը քաղաքական լուծում չունի, անգամ միջնաժամկետ հեռանկարում, Հայաստանը տարածաշրջանում ունի բազմաթիվ առավելություններ և չի զիջի դրանք, ինչը կապված է իր կենսագործունեության և Ղարաբաղի անվտանգության հետ։ Բացի այդ, Բլանկը հեռանկարներ չի տեսնում Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների ասպարեզում, ինչը կարող էր Հայաստանը դնել ավելի աննպաստ վիճակի մեջ։
Ֆրեդերիկ Սթարը համարում է, որ Կենտրոնական Ասիայում ամերիկյան քաղաքականության ոչ վաղ անցյալի անհաջողությունները պատահական չեն. ԱՄՆ-ը երրորդական ուշադրություն է հատկացրել այդ տարածաշրջաններին։ Անգամ 2001 թվի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ պարզ դարձան անմիջականորեն համընդհանուր անվտանգության հետ կապված կոնկրետ անելիքներն ու նպատակները, ԱՄՆ-ը հոգ չտարավ Կենտրոնական Ասիայի վերաբերյալ քաղաքական քայլերի ընդհանուր հայեցակարգի ստեղծման մասին։ Բանն այն չէ, որ նման կարգի փաստաթղթեր կազմվել էին, սակայն վարչակազմի կողմից լրջորեն չէին քննարկվել։ Խնդիրն ԱՄՆ-ի քաղաքականության համար այդ տարածաշրջանի նշանակությունը թերագնահատելն է։ Շահագրգռության այդ պակասը բացատրվում է տնտեսական ու քաղաքական շոշափելի շահերի բացակայությամբ։ Բայց ԱՄՆ-ի կողմից դիրքերի հանձնումը հանգեցնում է տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքերի ուժեղացման, որոնք շահագրգռված չեն բարեփոխումներով և արևմտյան ընկերակցությանը տարածաշրջանի երկրների ինտեգրմամբ։
Ավելորդ չէ նշել, որ քաղաքական իրադարձությունների զարգացումը ճշգրտումներ կհուշի ԱՄՆ-ի փորձագետներին, որոնք չեն թաքցնում իրենց համակրանքը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Անզուսպ ամբոխավարության և անսքող առևտրային լոբբինգի ժամանակները պատմության գիրկն են անցնում, հատկապես, երբ խոսքն այնպիսի տարածաշրջանների մասին է, ինչպիսին Կովկասն է։ Լավ կլիներ, որ այս մասին մտորեին նաև բրիտանացի և ռուս փորձագետները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ