Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ
04.12.2009 | 00:00

Իրանն այսօր վերապրում է իր գոյության ամենածանր փուլերից մեկը և կանգնած է միջազգային պատժամիջոցների իրական սպառնալիքի առջև։ Թեպետ Ռուսաստանն ու Չինաստանը հազիվ թե համաձայնեն ենթադրվող պատժամիջոցների «ամբողջական ծրագրին», բայց, այնուհանդերձ, նրանց համար դժվար կլինի ընդհանրապես անտեսել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, որոնց, անկասկած, կաջակցեն ամբողջ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։
Չնայած գնահատականներին, որ այդ պատժամիջոցներն Իրանի համար չեն վերածվի աղետի և նրա ՀՆԱ-ին կվնասեն ոչ ավելի, քան 5-15 տոկոսով, բայց դա էլ է զգալի, եթե նկատի ունենանք, որ, չնայած նավթի գների բարձրացումից ստացված ահռելի եկամուտներին, Իրանը շարունակում է ռազմավարական ներդրումների խիստ կարիք զգալ։ Կա կարծիք, որ Իրանը զգուշանում է ավելի շուտ ոչ թե պատժամիջոցների վերաբերյալ ընդհանուր որոշումներից, այլ ֆունկցիոնալ և տարածաշրջանային շրջափակումից, որը կարող է արժանանալ Մեծ Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների աջակցությանը։ Իրանն արդեն զգացել է ֆունկցիոնալ շրջափակման արդյունավետությունը, երբ ԱՄՆ-ը կարողացավ այդ դաշտում ներգրավել աշխարհի արդյունաբերական-ֆինանսական կենտրոններին։ Իրանը հասկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր որոշումների պայմաններում տարածաշրջանի մի շարք պետություններ կարող են միանալ իր նկատմամբ կիրառվող կոմունիկացիոն և առևտրային շրջափակմանը, և փորձում է կանխարգելել այդ հեռանկարը։
Որոշիչ դեր ունեցող պետություններից մեկը, որը կարող էր էական վնաս հասցնել Իրանին, Թուրքիան է։ Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Պակիստանի կողքին Թուրքիան Իրանի շրջափակման պայմաններում կարող է որոշիչ դիրքեր ձեռք բերել տարածաշրջանում և դառնալ արևմտյան հանրության առաջնային գործընկերը։ Միաժամանակ Թուրքիայի հրաժարումը հակաիրանական որոշումներն ու գործողությունները պաշտպանելուց կհանգեցներ Թեհրանի նկատմամբ տարածաշրջանային շրջափակման գործնական տապալմանը։ Սկզբունքորեն պատժամիջոցների հարցն Իրանի տարածաշրջանային քաղաքականության ամենամեծ խնդիրը չէ։ Իրանը մեծ ջանքեր է գործադրում միջազգային մեկուսացումը կանխելու այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ։ Չնայած այն բանին, որ իրանա-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին նոր հնչողություն են ստացել, ընդ որում` հակաամերիկյան տրամադրությունների ակնհայտ աճի պայմաններում, Թուրքիան և Իրանը, ինչպես նախկինում, հեռու են ռազմավարական հարաբերություններ ունենալու ձևաչափից և շարունակում են մնալ սկզբունքային մրցակիցներ տարածաշրջանում։ Թուրքիայի «նոր» քաղաքականությունը, նկատի ունենալով բոլոր հնարավոր «ռևերանսները» իսլամական երկրներին, ներառյալ նաև Իսրայելի քաղաքականության քննադատումը և Ռուսաստանի հետ թեկուզ սահմանափակ դաշինք ստեղծելու փորձերը, միաժամանակ դրական հետաքրքրություն և զգուշավորություն են առաջացրել Իրանում։ Իրանը շատ լավ է հասկանում, որ Թուրքիան փորձում է ձեռք բերել նոր, ավելի նախընտրելի դիրքեր Մերձավոր Արևելքում և Եվրասիայում, ինչը, այսպես թե այնպես, հանգեցնելու է իր դիրքերի թուլացմանը։ Առայժմ իրանա-թուրքական հարաբերություններում «մեղրամիս» է, ինչը խիստ անհանգստացնում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև եվրոպացիներին։ Արևմտյան հանրությունը շահագրգռված է ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի մեկուսացմամբ, ինչը տեղավորվում է վերջինիս արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու արևմտյան քաղաքականության մեջ։ Նույն կերպ է գնահատվում Թուրքիայի հնարավոր մերձեցումը Սիրիայի ու Իրաքի հետ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի նկատմամբ իրանական քաղաքականության մեջ կա մի հաստատուն չափորոշիչ, և դա Թուրքիայի հակաարևմտյան կուրսի խրախուսումն է։ Սակայն, դրանով հանդերձ, Իրանն աշխատում է թույլ չտալ իր դիրքերի որևէ սահմանափակում կամ անտեսում տարածաշրջանային քաղաքականության մեջ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն Իրանի շահերի տեսանկյունից պարունակում է բացառիկ անցանկալի պահեր։ Ամենից առաջ հարկ է ընդգծել, որ Իրանի համար առավել բացասական է այն, որ այդ նախագիծն իր ձևաչափով, բովանդակությամբ ու տրամաբանությամբ ամերիկյան է, և դա արդեն իսկ մտահոգում է Իրանին, փոխըմբռնման բացակայություն մտցնելով Թուրքիայի հետ նրա հարաբերություններում։ Այնուհանդերձ, Թեհրանում շատ լավ են հասկանում, որ չնայած ամերիկյան մտադրությունների առաջնահերթությանը, Թուրքիան փորձում է վերանայել այդ ծրագրի ուղղվածությունը և առավելագույնս դուրս գալ ԱՄՆ-ի ազդեցությունից, տրանսֆորմացնելով այդ ամերիկյան նախագիծը և վերածելով այն թուրքականի։ Սակայն Թուրքիայի այդ մտադրությունները շատ քիչ են Իրանին հանգստացնելու համար։ Որովհետև Թեհրանը գլխավոր վտանգ է համարում ոչ թե ԱՄՆ-ի ազդեցության մեծացումը Թուրքիայի ու Հայաստանի վրա, այլ Թուրքիայի ազդեցության սկզբունքային փոփոխությունը Հարավային Կովկասում։ Իրանցիները չեն կարող չտեսնել, որ ամերիկյան շահերի մակարդակը Հարավային Կովկասում նկատելի անկում է ապրում, ինչը, այսպես թե այնպես, կհանգեցնի Թուրքիայի ու Ռուսաստանի դերի ուժեղացմանը, որոնք փորձում են ԱՄՆ-ին Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանից դուրս մղելու նպատակով որոշակի դաշինք ձևավորել։
Սա, թերևս, ամենատհաճ հանգամանքն է Իրանի համար, հատկապես ռուս-իրանական համագործակցության ընդհանուր անկման պայմաններում, երբ Ռուսաստանը փորձում է Իրանի հարցում առավել համախմբված հանդես գալ եվրոպական պետությունների հետ, ինչը, սակայն, դադարել է ԱՄՆ-ին զսպող գործոն լինելուց։ Իրանցիները նաև գիտակցում են, որ Թուրքիային զսպելու քաղաքականության իրագործման ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական պետությունների փորձերն առանձնապես հաջողված չեն և տեսանելի հեռանկարում չեն հանգեցնի ցանկալի արդյունքների։ Ինչն էլ մեծացնում է թուրքական էքսպանսիային հակադրվելու անհրաժեշտությունն այն տարածաշրջաններում, ուր Իրանը կարողացել է որոշ դիրքեր ստեղծել և դիտարկում է դրանք իբրև «իր շահերի գոտի»։ «Հայկական գործոնը» Իրանի համար շարունակում է մնալ թուրքական էքսպանսիան զսպող լծակ, և այդ գործոնը չեզոքացնելու Թուրքիայի փորձերը չեն կարող չանհանգստացնել Իրանին, ինչպես նաև ԱՄՆ-ին, Ռուսաստանին, եվրոպական շատ պետությունների։
Իրանը շատ սահմանափակ հետաքրքրություններ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, մասնավորապես այն տեսանկյունից, որ կթուլանան թուրք-ադրբեջանական պարտավորեցնող հարաբերությունները և կնվազի Հայաստանի կախվածությունն ԱՄՆ-ից ու Ռուսաստանից։ Իրանը շահագրգռված է այլընտրանքային կոմունիկացիաների ձևավորմամբ, որոնք կապահովեին Սուեզի ջրանցքի, Սևծովյան նեղուցների և Իրաքի տարածքի «շրջանցումը»։ Այդ իմաստով Իրանին հետաքրքրում են Հայաստանով ու Վրաստանով դեպի հյուսիս-արևմուտք գնացող կոմունիկացիաները, այսինքն` եվրոպական ուղղությունը։ Իրանական բեռնափոխադրումներն այս ուղղությամբ կարող են հասնել 20 մլն տոննայի։ Առայսօր Իրանը չի հետաքրքրվել երկաթուղու կառուցմամբ` իր սահմանից դեպի Թուրքիայի արևելյան շրջաններ և Անատոլիայի հիմնական կոմունիկացիաները։ Իրանը շահագրգռություն չի ցուցաբերել նաև դեպի Միջերկրական ծովի արևելյան ափ երկաթուղու կառուցման նկատմամբ։ Երկաթուղային հանգույցի ձևավորումն իրանա-ադրբեջանական սահմանին, որ նախաձեռնել էր հիմնականում Ռուսաստանը, Իրանում չընկալվեց մեծ էնտուզիազմով։ Իրանի համար լավագույն տարբերակը Հարավային Կովկասում կլիներ ԱՄՆ-ի ու Թուրքիայի դուրսմղումը տարածաշրջանից, Ռուսաստանի, Եվրամիության և հենց իր` Իրանի, դերի մեծացումը։ Առայժմ այդպիսի իրադրության ձևավորումն իրատեսական չէ, սակայն իրանցիները համարում են, որ արդեն նկատվել են որոշակի միտումներ, և, հավանաբար, նրանք իրավացի են։
Ներկայումս Իրանը ոչինչ չի ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ամերիկյան նախագիծը տապալելու ուղղությամբ։ Ընդհակառակը, իրանցիները համոզված են, որ այդ ծրագիրը դատապարտված է տապալման, քանի որ այն կտրանսֆորմացվի ու կվերածվի հայ-թուրքական հարաբերությունների առավել վատթարացման։ Ադրբեջանի ու Վրաստանի գրգռվածությունը և Ռուսաստանի գիտակցումը, որ ինքը կորցրել է նախաձեռնությունն այդ հարցում, միանգամայն ձեռնտու են Իրանին։ Թեհրանի համար դժվար կլիներ ստեղծել իր շահերի համար ավելի բարենպաստ իրավիճակ։ Այդ ամերիկյան նախագիծը, ինչպես ոչ մի այլ բան, ցույց է տալիս ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում առկա իրողությունները, ի հայտ է բերում թուրքական քաղաքական դասակարգի և հասարակության տրամադրություններն ու մտադրությունները, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծված հարաբերությունները, ինչպես նաև ցույց է տալիս այդ քաղաքականությունը հաջողությամբ իրագործելու ԱՄՆ-ի ընդունակության չափը։ Բացի այդ, ի հայտ են գալիս Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի շահերն ու դիրքորոշումները` որպես Թուրքիայի նկատմամբ ակտիվ քաղաքականություն իրագործող պետությունների։ Ըստ ամենայնի, Թեհրանում կուտակված է ոչ քիչ վերլուծական տեղեկություն այդ նախագծի վերաբերյալ, և իրանցիները հակված են այն դիտարկելու իբրև փորձարարություն, որի նպատակը Թուրքիային որոշակի պարտավորեցնող ծրագրերի մեջ ընդգրկելն է։ Ըստ այդմ, Իրանը շատ հանգիստ է և որևէ մտահոգվածություն հանդես չի բերում։ Հարկ է ընդգծել, որ դա շատ կարևոր է այս գործընթացի իրագործումը դիտարկելու տեսանկյունից։ Կասկած չկա, որ, նախաձեռնելով այդ ծրագիրը, ԱՄՆ-ը կարևոր ծառայություն մատուցեց Իրանին, քանի որ այդ նախագծի արդյունքում հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատթարանան, և այդ հանգամանքը Թեհրանում կասկածի տակ չեն դնում։
Իրանն ակտիվորեն ձևավորում է իր դիրքերը Հայաստանում, ջանքեր գործադրելով նոր կոմունիկացիոն ենթակառուցվածք ձևավորելու ուղղությամբ, որը վերոնշյալ ծրագրերի իրագործման դեպքում կարող է վերածվել գեոտնտեսական ծրագրերի իրականացման բոլորովին նոր հնարավորությունների։ Իրանը վճռական ճեղքում է իրականացնում հյուսիս-արևմտյան ուղղությամբ, իսկ մնացած բոլոր նախագծերն իրանցիները դիտարկում են իբրև այլընտրանքային-թշնամական։ Իրանը բավարարությամբ է հետևում այն բանին, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները և Ռուսաստանն օգնություն են ցուցաբերում Հայաստանին, և հուսով է, որ Հայաստանը կպահպանի իր դիրքերը ղարաբաղյան և թուրքական ուղղություններով։
Ներկայումս Իրանի և Ռուսաստանի փոխվստահելի հարաբերությունները որոշակի, թերևս ժամանակավոր անկում են ապրում։ Ռուսաստանը փորձում է ներկայացնել իր եվրոպամետ քաղաքականությունը, նաև պատրաստ է համագործակցելու ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում և Աֆղանստանում ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ։ Ռուսաստանը հասկացել է, որ ինքն առավելագույն արդյունքների է հասել Իրանի հետ կապված իր հարցերի լուծման ուղղությամբ և կարող է իրեն թույլ տալ հրաժարվել հարաբերությունների ներկա մակարդակից` միջազգային քաղաքականության մեջ ուժերի ցանկացած դասավորության պայմաններում։ Միևնույն ժամանակ Իրանն իր ատոմային նախագծի հետ կապված Ռուսաստանին տվեց համարժեք պատասխան, այնպես, ինչպես պատասխան տրվեց եվրոպացիներին։ Արդյունքում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ առաջատար եվրոպական պետությունները չհասան նրան, որ իրենց գործառույթներն ընկալման արժանանան Իրանում։ Երկարատև քննարկումներից հետո եվրոպական դիրքորոշումն ավելի մոտեցավ ամերիկյանին։ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ինքնին չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, սակայն Ռուսաստանն այս իրավիճակում հաճույքով համաձայնում է մասնակցություն ունենալուն այդ գործընթացում։ Հենց այդ պատճառով էլ Իրանն իր հերթին բավարարված է Ռուսաստանի գրգռվածությամբ այն առումով, որ Թուրքիան այդպիսի մասնակցություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագծում։
Իրանն արդեն ի ցույց է դրել ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականություն կառուցելու նախաձեռնությունների տապալումը` Ռուսաստան-Թուրքիա-Իրան «եռանկյունի» ձևավորելու ճանապարհով։ Այդ «եռանկյունու» մեջ պետք է կուտակվեին մեծ լարվածություն և լուրջ հակասություններ, սակայն դա իրականում չդարձավ իրական գործիք ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը փորձում են նոր քաղաքականություն կառուցել, ընդ որում` առանց ԱՄՆ-ին ծառայություններ մատուցելու։ Նույն կերպ Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ի «հայ-թուրքական» նախագիծը կավարտվի կա՛մ լիարժեք տապալումով, կա՛մ օբյեկտիվորեն կմեռնի։ Դրանով հանդերձ, միանգամայն հնարավոր է ենթադրել, որ Իրանն իր նպատակներն ու շահերը այդ նախագծի շրջանակներում կփորձի համադրել Ռուսաստանի շահերի հետ և դրանով իսկ դառնալ Ռուսաստանի գործընկերն այս նախաձեռնությունը լռության մատնելու ուղղությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ