ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ԷՍ ՍՈՒՍԻԿ-ՓՈՒՍԻ՞ԿՆ ԸՆՉԻ ԿԱՏԱՂԵՑ»

«ԷՍ ՍՈՒՍԻԿ-ՓՈՒՍԻ՞ԿՆ ԸՆՉԻ ԿԱՏԱՂԵՑ»
19.11.2010 | 00:00

Այն, որ մի քանի տարի է, ինչ Վերահսկիչ պալատի (ՎՊ) յուրաքանչյուր բացահայտում հասարակական տարբեր օղակներում դառնում է բուռն քննարկման նյութ, արդեն սովորական բան է ու ոչ մեկին չի զարմացնում: Բայց ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում կատարվածը զարմացրեց ոչ միայն նիստի մասնակիցներին, այլև հանրությանը։ Սակայն, չշտապենք, ամեն բան հերթով։
Եվ այսպես, ԱԺ այս քառօրյայում ՎՊ-ի ստուգումներով հայտնաբերված խախտումների ու չարաշահումների «գզրոցի» պարունակությունն ամփոփ ներկայացրեց ոլորտը ղեկավարող Իշխան Զաքարյանը: ՈՒ մինչ ՎՊ-ի նախագահը կոնկրետ փաստերով և օրինակներով խոսում էր խորհրդարանի ամբիոնից, պատասխանում պատգամավորների հարցերին, ունկնդիրներին ու ակնդիրներին անակնկալ մատուցեց գրեթե միշտ ստվերում գտնվող ու երբեք ոչնչով աչքի չընկած մի երեսփոխան, երբ պաթոսով սկսեց ինչ-ինչ մեղքերի մեջ մեղադրել ՎՊ-ին:
Թերևս, սկսենք նրանից, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, որը համատեղության կարգով «Անանիա Շիրակացի» համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, խիստ էր հուզվել «իր» համալսարանի վերաբերյալ ՎՊ-ի հնչեցրած բացահայտում-քննադատությունից, և փորձեց պաշտպանվել` հարձակման անցնելու տարբերակով. «Համալսարանն արժանացել է ՎՊ-ի խիստ քննադատությանն այն պատճառով, որ հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը՝ 4 հազար դոլար կաշառք»:
Շատերին ապշեցրել էր ո՛չ թե հարձակում-մեղադրանքը, այլ այն իրողությունը, որ տարիներ շարունակ պատգամավորի աթոռն զբաղեցնող այս երեսփոխանը, որը երբեք «ձայն-ծպտուն» չէր հանում, «սուսիկ-փուսիկ, հեզիկ-նազիկ» գալիս էր, սեղմում իրեն «հասանելիք» կոճակն ու պո՜ւկ, անհետանում, հանկարծ «որոշեց» ինչ-որ բան ասել։
Հաջորդ օրը նրա մատուցած անակնկալին հետևեց Իշխան Զաքարյանի արձագանք-հակահարվածը. «Այն, ինչ արձանագրել ենք «Անանիա Շիրակացի» համալսարանում, միանշանակ ճիշտ է, հիմնավոր և անառարկելի: Խորհրդարանին տեղեկացնեմ, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի 100 տոկոս բաժնետերը, սեփականատերն այն նույն պատգամավորն է, որը երեկ խոսում էր այդ համալսարանի մասին: Սահմանադրության համապատասխան հոդվածով այդ տեսակ գործունեությունն արգելվում է և անհամատեղելի է պատգամավորական գործունեության հետ, որի հետ կապված մենք մեր գրավոր նամակը կներկայացնենք։ Մենք նաև քննարկել ենք ՎՊ-ին վարկաբեկելու հետ կապված զրպարտության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: Սակայն դատախազությունից մեզ ասացին, որ այդ հոդվածը ԱԺ-ն դեռևս մայիս կամ հունիս ամսին հանել է, ուստի մեզ մնում է իրավական ևս մեկ ճանապարհ՝ դիմել դատարան, ինչն այսօր ՎՊ-ն արդեն արել է: Խնդրի հետ կապված մյուս հարցերի մասին մենք արդեն կխոսենք օրենքի դաշտում»:
Այսքանը` մասնավոր դեպքի համար, իսկ ընդհանուրի առնչությամբ Իշխան Զաքարյանը ևս ասելիք ուներ. «Ստուգումների արդյունքում ոսկորը շատերի կոկորդում է մնում: Այն միլիարդների մասին, որ մենք խոսում ենք, և որոնք վերադարձվում են պետբյուջե, դրանք թոշակառուների կամ շարքային քաղաքացիների գրպանից չեն դատարկվում: Շատ լավ հասկանում ենք, որ որոշ մարդիկ պարբերաբար ուզում են ՎՊ-ին ներքաշել կեղտոտ խաղերի մեջ: Դա երևաց մեր գործունեության սկզբնական փուլում, երբ փորձ արվեց ուղղակի ջարդել Վերահսկիչ պալատի ողնաշարը: Չհաջողվեց: Այժմ սկսում են երկրորդ փուլը, որտեղ, ինչպես ցույց տվեց երեկվա ելույթը, կիրառվելու են անթույլատրելի, հայկական բարոյականությանը խորթ երևույթներ»։
Ստեղծված իրավիճակը գնալով նոր նրբերանգներ էր ձեռք բերում: Իշխան Զաքարյանի մատնանշած պատգամավորն այս անգամ ԶԼՄ-ների միջոցով փորձեց «մեղմացուցիչ հանգամանքներ» լույս աշխարհ բերել: Իրեն «լուրջ մարդու» տեղ դնելով՝ Սպարտակ Մելիքյանը փորձում էր համոզել, թե խոսում է ապացույցների «պաշարով», և դատարանում ամեն ինչ կպարզվի: Վերահաստատելով ՎՊ-ի նախագահի խոսքը, պատգամավորը փաստեց, որ, այո, ինքն այդ համալսարանի սեփականատերն է, ու իրենից են գումար պահանջել: Իսկ թե ով, այդպես էլ չասաց, սակայն չմոռացավ նշել նաև իր «բախտակիցների» թաքուն ցանկությունները. «Շատ-շատ պաշտոնյաներ, իհարկե, վախենում են բարձրաձայնելուց կամ այդ երևույթի մասին խոսելուց»: Իսկ քաջն պատգամավորի «դուխն» էդ ինչո՞ւ է հանկարծ «ելել-իրեն ուտում», և ինչո՞ւ է դեռևս մայիսին կատարված ստուգումների մասին այսօր բարձրաձայնում: Նրա պատասխանից այդպես էլ պարզ չեղավ` ինչու է այսքան ժամանակ լռել, ընդամենն ասաց, որ ՎՊ-ի իրավասությունը չէր ստուգումներ անցկացնել իր «օբյեկտում»: Հետո էլ` քանի որ «աղմուկներ անել» չի սիրում, պատրաստվում էր հանդիպել Իշխան Զաքարյանին ու «մի հատ բացատրել, որ այդպես չի կարելի անել»: Զրույցի ընթացքում, փաստորեն, պատգամավորն իրենից անկախ բացահայտեց սեփական մտադրությունը. «Եթե կա այն մթնոլորտը բոլորի մոտ, որ կարելի է ամեն ինչ անել, հետագայում ՎՊ-ի հետ լեզու գտնել, այդ ամենը ծածկել գնալ, կոռուպցիան միշտ էլ զարգանալու է»: Ասել է՝ նույն ենթատեքստով էր փորձում «մի հատ» Զաքարյանի հետ հանդիպել: Էն էլ չհաջողվեց: ՈՒ հիմա ՎՊ-ի դեմ միայնակ «անձնվեր» պայքարի է դուրս ելել պատգամավորը, նույնիսկ որոշել է դիմել խորհրդարանին, որպեսզի իրեն անձեռնմխելիությունից զրկեն, և «հետագայում որևէ մեկը չասի, թե անկաշկանդ եմ կամ խոչընդոտ եմ առաջացնում այդ քննությունը մինչև վերջ տանելու համար»:
Ի դեպ, պատգամավորը վստահեցրեց, որ ինքն «Անանիա Շիրակացի» համալսարանի գործերով չի զբաղվում, հավատարմագրային կառավարման է հանձնել այն, «այնտեղի գործերին չի խառնվում»:
Այս ամենում պատգամավորը նաև քաղաքական ենթատեքստեր է գտել: Ինչո՞ւ է իրեն «սրբի տեղ դրել ՎՊ-ն» ու կոռուպցիայի մեջ մեղադրում բոլորին։ Սա Մելիքյանի «սրտին չի նստում»: Ավելին, նա միայնակ է գործում, ու ոչ մեկն իրեն չի հրահրել, քանի որ ինքը «լուրջ մարդ է»: ՀՀԿ-ն, որի խմբակցության անդամ է, ևս «ոչ մի ճնշում չի գործել, որովհետև յուրաքանչյուր պատգամավոր ինքն իր համար պիտի պատասխան տա»: Լրագրողի այն ռեպլիկը, թե Ռոբերտ Քոչարյանին պիտի տեսնել այս ամենի հետևում, Սպարտակ Մելիքյանն անարձագանք թողեց:
Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորն ինքն իրեն գերազանցեց՝ հայտարարելով. «Խորհրդարանի 90 տոկոսն այս ամենի հետ համաձայն է, բայց, տարբեր պատճառներից ելնելով, դրա մասին չի բարձրաձայնում»: Վերջում էլ «տուժողն» անձնական մեղադրանք հնչեցրեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին (շա՜տ է վառված). «Ինքն իր լիազորություններն օգտագործում է իր անձնական շահերի համար»:
Մնալով կոռեկտության դաշտում և ոչ մի անձնական վիրավորանք չհնչեցնելով` Իշխան Զաքարյանը հիշեցրեց. «Երբ ՎՊ-ն խոսում է ֆինանսական խախտումների, չարաշահումների մասին, դա դեռ չի նշանակում, որ դա գողություն է։ Այս իշխանությունների առավելությունն է նաև տնտեսության մեջ եղած թերությունների և ընդհանրապես բոլոր բացթողումների մասին բարձրաձայնելը: Եթե կամք կա դրանք շտկելու, միանշանակ պետք է դրանց մասին խոսել: ՎՊ-ն էլ իշխանության մի օղակ է, որը ձևավորվում է հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համատեղ ջանքերով: Այսօր, երբ բաց խոսում ենք նման երևույթների մասին, հրապարակայնորեն քննադատում ենք, ուրեմն կան խնդիրներ, որոնք պիտի ուղղվեն: Արդեն ասել եմ այն 235 առաջարկությունների մասին, որոնք ներկայացրել ենք կառավարությանը: Սա վկայում է այս իշխանությունների առավելությունների մասին, չնայած շատ ու շատ երևույթներ ստացած ժառանգության արդյունքն են»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ