Երբ օրերս հանրապետության նախագահը քարոզչական պատերազմ սկսելու հարց բարձրացրեց, նրա ելույթն ունկնդրեցինք հեռուստատեսային բոլոր ալիքներով: Միաժամանակ օդում կախված մնաց ծանրաքաշ հարցականը. մեր հարգարժան նախագահը հույսն ի՞նչ ուժերի վրա է դրել:
Սկսած 1999-ից, երբ Հեյդար Ալիևը հանձնարարեց, որ ներկայիս Հայաստանի տարածքն էլ Ադրբեջան դարձնեն, մենք մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, վերջինը՝ հասցեագրված Հանրային խորհրդի ազգային ջոջ աղաներին, բայց անպատասխան մնացել, իսկ սայլն էլ տեղից չի շարժվել: Նախագահի ելույթին արձագանքում ենք` վերջապես: Վերջապես երկրի ղեկավարը կարևորեց քարոզչական պատերազմը:
Հանրահայտ է, որ ազերթուրքերի ներկա սանձարձակ շահարկումները` մեր պատմությունը, մշակույթը, մեր պատմական գործիչներին, մեր հայրենիքն իրենցը հռչակելու ողորմելի ճիգով, աշխարհը մեր դեմ տրամադրել չէին կարող։ Նրանց քարոզարշավն այլ հունով կգնար, եթե հիմքերի հիմքում «կացնի կոթը» մենք չտայինք նրանց, եթե մեր պատմաբանները Ստալինի պատվերով Հայոց Աղվանից աշխարհի պատմությունը չնվիրեին ազերթուրքերին: Քարոզչական պատերազմ ենք հայտարարում` հույսներս ինչի՞ վրա դրած, երբ մեր պաշտոնատար պատմաբաններն ու քաղաքական կոչված շրջանակները մի անգլիացի լրագրողի կեսի-կեսի չափ չգիտեն իրենց հայրենիքի այդ տարածքի` Հայոց Արևելից կողմանց պատմությունը: Եվ պատահական չէ, որ այդ կողմերի մասին բերան բացողներն ընկնում են զգայախաբության գիրկը` իրենց կամքից անկախ դառնալով ծաղրի առարկա:
«Քարվաճառ-Քյալբաջարը չպետք է վերադարձնել, որովհետև ազերիներն այնտեղից կթունավորեն մեր ջրերը կամ ջրերի հունը կփոխեն ու մեզ կզրկեն ջրից»: Նման անմտության հեղինակը որտեղի՞ց իմանար, որ Գետաշենից, Մարտունաշենից առաջ նույն Քարվաճառ-Քյալբաջարն է ենթարկվել նման ավերման ու բռնազավթման: Հայոց պատմաբանը նման տեղեկությո՞ւն է տրամադրել հայ մարդուն: Կամ տեղից վեր կացողը հողեր տալու մասին է բարբաջում: Հրապարակային հարց ենք ուղղում այդ «տվողներին», թող նրանցից մեկը պատասխանի: Ցարը, նվաճելով Անդրկովկասը, Արցախի Դիզակի մելիքության տարածքում ռուս մոլոկանների համար գաղթօջախ է ստեղծել` այն անվանակոչելով Կարյագինո, որը 1959-ին թուրքերը դարձրին Ֆիզուլի: Հիմա դուք ո՞ւմ եք տալիս Դիզակի այդ տարածքը` ռուսի՞ն, թե՞ ազերթուրքին: Միգուցե հանգի՞ստ թողնեք մեր հայրենի հողը և ուրիշ բանո՞վ զբաղվեք:
Բայց ցավալին այն է, որ մեր պաշտոնատար պատմաբանները ոչ միայն չեն մոտենում նման կնճռոտ հարցերին, այլև թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով պատնեշ են կանգնեցնում նման փորձ անողների դեմ, որպեսզի իրենց խեղաթյուրած պատմության կողքով անցնող չլինի (այս հարցում մեր տառապանքը փորձ ունի):
Շատ թե քիչ հաջող քարոզչական պատերազմ մղելու համար մենք պետք է առաջին հերթին ճշմարիտ գիտական դաշտ բերենք մեր պատմությունը: Մեր ժողովրդի հինգհազարամյա պատմության առաջին կեսը պաշտոնական պատմագիտությունն ուրանալով ուրացել և ուրանում է, վերջին երեքհարյուրամյակն էլ բոլշևիկորեն խեղաթյուրել են: Գոնե վերջին երեքհարյուրամյակը պետք է փրկենք խայտառակ խեղաթյուրումներից:
Վկայակոչենք ընդամենը մեկ փաստ: Հոկտեմբերյան հեղաշրջումից 13 օր հետո` նոյեմբերի 20-ին, Լենինն ու Ստալինը կոչով դիմում են մուսուլմանական աշխարհին` հայտարարելով, թե թույլ չեն տա Թուրքիայի բաժանումը մասերի, Հայաստանի պաշտպանության հարցն էլ օրակարգից հանում են: Երկու շաբաթ հետո Տրոցկու գլխավորությամբ ռուսական զորքերը դուրս են գալիս թուրքական ճակատից, Շամխորի մոտ զենքը հանձնում ազերթուրքերին ու վերադառնում Ռուսաստան: Հրապարակ են նետում բոլշևիկյան մի սուտ, թե իբր հայրենիք վերադարձող ռուսական զորքին զինաթափեցին մահակներով զինված ազերթուրք չոբանները: Իսկ ի՞նչ արեցին մեր պատմաբանները: «Հերոսաբար» Շամխորի մոտ հասցրին դաշնակցականներին, որպեսզի բռնագրավված զենքը եղբայրաբար կիսեն մուսավաթականների հետ: Նահանջող զորքերին կրնկակոխ` սուլթանական զորքերը հասան Գանձակ, հռչակեցին Ադրբեջանի Հանրապետություն` հաշվի առնելով, որ այն դառնալու է Իրանից նվաճվելիք Ազարբայջանի մաս: Ստեփան Շահումյանի բոլոր զգուշացումները, թե թուրքերը ծրագրել են ստեղծել մի նոր մուսուլմանական պետություն` Բաթումից մինչև Բաքու, Լենինի արհամարհանքին արժանացան: Ավելին: Շահումյանի բոլոր հորդորները՝ Կոմունային օգնություն հասցնելու վերաբերյալ, օդում մնացին, նույնիսկ կապի միջոց չտրամադրեցին, և ստիպված Տաշքենդի ու Աստրախանի միջոցով էին կապվում Մոսկվայի հետ: Լենինին հարկավոր չէր Մեծ Թուրանի հանգուցային կետում ունենալ մի Կոմունա, որը ազգային կազմով հայկական էր: Նույնիսկ Կոմունայի պարտությունից հետո Ռուսաստան մեկնող կոմունարներին տարան Ախչակումայի անապատ և ոչնչացրին` Լավրենտի Բերիայի գլխավորությամբ, որպեսզի տեսանելի չլինի Լենինի պանթուրանական քաղաքականությունը: Եվ ինչպիսի՜ գունազարդված նենգափոխությամբ են այդ ամենը ներկայացրել մեր պատմաբանները` արժանանալով բարձր կոչումների ու պաշտոնների:
Ներկայացնենք ոչ պակաս կարևոր մի փաստ ևս, որը ցուցադրում է մերոնց գերինտերնացիոնալիզմը: Անցած դարի 60-ականների սկզբին Ֆրունզիկ Պողոսյանը նախաձեռնեց 18-րդ դարի Ղարաբաղի մասին ուսումնասիրություն գրել` որպես թեկնածուական ատենախոսություն, և հասցրեց մեկ-երկու հոդված հրատարակել: Սակայն հայոց ակադեմիան չհաստատեց այդ թեման, և Պողոսյանը թեկնածուական պաշտպանեց «Աստրախանի Հայոց դատաստանագիրքը» անվտանգ թեմայով: Որոշ ժամանակ անց այսօր հակահայկական քարոզչությամբ աշխարհը դղրդացնող Ֆարիդա Մամեդովան նույն ակադեմիայում թեկնածուական պաշտպանեց ղարաբաղյան թեմայով, որում գրում էր, թե Դավիթ Բեկի զորքերի կազմում կային նաև հայ զինվորներ…
Իսկ մի՞թե այսօր էլ նույնը չի շարունակվում։ Վերջին ամենաթարմը օրինակը, ինչպես ասում են, դեռ թանաքը չչորացած։ Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ի լուր աշխարհի «իրազեկում» է, թե «բացառությամբ Սյունիքի, Լոռու, Ղարաբաղի, մեր մյուս գյուղերը հիմնադրվել են 1828-1830 թթ.` Թուրքիայից ու Իրանից գաղթածների ջանքերով»: Ճիշտ նույն զուռնան, ինչ փչում են Բաքվից: Պարոնը տեղյակ չէ՞, թե Շահ Աբասից մինչև Աբաս Միրզան ինչքան հայեր են գերեվարել Պարսկաստան, քանի՜ անգամ են սուլթանները գերեվարություններ արել: Շահ Աբասից տասնամյակներ առաջ թուրքական զորքերը Նախիջևանից և շրջակա գավառներից 40 հազար հայ են գերեվարել 1579-ին, իսկ 1585-ին՝ վաթսուն հազար` «Արարատյան գավառից» (Աշ. Հովհաննիսյան, Դրվագներ…, 1959 թ., գիրք 2, էջ 64-65): Պարզ չէ՞, որ բռնագաղթածների գյուղերը ոչնչացրել են։
Բայց ամենից վտանգավորը պարոնի ակտիվացումն է ղարաբաղյան ուղղությամբ: Լսած լինելով, որ Շահ Աբասը Արարատյան դաշտի ու Նախիջևանի հայությանը տարել է Պարսկաստան, ինքն էլ Ղարաբաղի տարածքն է դատարկում, ժողովրդին հասցնում Լոռի, Նոյեմբերյան, Իջևան` չիմանալով, որ նման տեղաշարժ է եղել 18-րդ դարի վերջին` Իբրահիմ խանի հետ ունեցած ընդհարումների հետևանքով: Այդ ինչպե՞ս Շահ Աբասի օրոք դատարկվեց Ղարաբաղը, երբ 18-րդ դարի սկզբին Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսը Պետրոս ցարին հայտնում էր, թե Ղարաբաղն ունի 40 հազար զինվոր, այդքան էլ կավելացնի, եթե ցարն սկսի կովկասյան արշավանքը: Իսկ Պետերբուրգ ուղարկած նրա պատվիրակներն էլ ցարին հայտնում են, թե Ղարաբաղն ունի 100 հազար ծուխ` ոչ պակաս մեկ միլիոն բնակիչ: Որտեղի՞ց լույս աշխարհ ընկան այդ ստվարաթիվ հայերը պարոնի դատարկած Ղարաբաղում:
Մեզ ամենից վախեցնողը, սակայն, պարոնի մտադրությունն է. «Ցանկանում ենք հստակ ներկայացնել, թե որոնք են հայկական, որոնք մուսուլմանական գյուղերը Ղարաբաղում»:
Մարդիկ, բռնեցե՛ք սույն պարոնների ձեռքը, այլապես Ղարաբաղը թրքացնելու են։ Նրանք որտեղի՞ց իմանան, որ նվաճողները կա՛մ թարգմանում էին մեր տեղանունները, կա՛մ աղավաղում: Այդ ճանապարհով մեր Քարհատը Դաշքեսան դարձրին (դաշ=քար, քեսան = հատել), մեր Գետաշենը` Չայքենդ (չայ=գետ, քենդ=շեն, գյուղ), իսկ Քարվաճառն էլ չկարողանալով թարգմանել` աղավաղելով դարձրին Քյալբաջար: Այս պարոնները «արխիվային փաստաթղթեր» ունե՞ն, որ պարզեն, թե այդ «թարգմանված» բնակավայրերում ովքեր էին ապրում: Իսկ եթե շատ են մտահոգված մուսուլմանական գյուղերով, գոնե երկուսի մասին տեղեկություն կհայտնենք:
Հայտնի հեղափոխական Բոգդան Կնունյանցի հայրը, տեղափոխվելով Շուշի, Ննգի գյուղում ունեցած իր կալվածքների համար երեք թուրք պահակ վարձակալեց, որոնք բնավորվեցին այդ կալվածքում: Խորհրդային տարիներին մեթոդիկ հետևողականությամբ ազերթուրքերով լցրին գյուղը, կոլտնտեսությունների խոշորացման քողի տակ շրջակա գյուղերի հողերից չաղ բաժին հատկացրին նրանց և դարձրին դրկից գյուղերի համար պատուհաս Ղըրըդաղլու, որը 80-ականներին արդեն միջնակարգ դպրոց ուներ: Դիզակի Հողեր գյուղն անցած դարի 50-ականների կեսերին կտրեցին Հադրութի շրջանից ու հանձնեցին դեռևս Ֆիզուլի չդարձած Կարյագինոյի շրջանին: Կարճ ժամանակահատվածում այն լցրին ազերիներով` դուրս մղելով տեղաբնիկ հայերին: Այսպես են ստեղծվել ազերթուրքական գյուղերը Ղարաբաղում, որոնք ոչ թե գյուղեր էին բառիս ավանդական իմաստով, այլ Ղարաբաղի տարածքների թուրքական բռնազավթումներ:
Այս կտրվածքով պետք է նրանց բերել քարոզչական դաշտ, պետք է աշխարհի ականջին հասցնել, որ խորհրդային տարիներին Ղարաբաղի հայերը վերակենդանացրին Լենկ Թեմուրի անապատ դարձրած հայոց Բայլականը, դարձրին Ժդանովի անունով շրջան, Բաքվի ղեկավարությունն այն կամայականորեն կտրեց մարզից, դարձրեց հանրապետական ենթակայության շրջան, հետևողականորեն հայերին դուրս մղելով այնտեղից` լցրեց ազերթուրքերով, և հայոց Բայլականն էլ դարձրեց Բելուկան:
Ահա թե ինչու մենք պետք է առաջին հերթին մեր վերջին երեքհարյուրամյակի բոլշևիկորեն խեղաթյուրված, բռնաբարված պատմությունն իրական, գիտական դաշտ տեղափոխենք, որ կարողանանք գործուն քարոզարշավ սկսել: Իսկ դրա համար գոյություն ունեն ժամանակին ստեղծված բազմաբովանդակ անկախ գրականություն, մամուլ, ցարական ու բոլշևիկյան արխիվների անպարփակ վավերագրեր, որոնք նոր լույսի տակ կներկայացնեն մեր պատմության ճշմարիտ էջերը: Միաժամանակ ունենք պատմաբանների մի պատկառելի բանակ: Եթե մեր նախագահին հաջողվի այդ պատմաբաններին համոզել կամ պարտադրել, որ ձեռք քաշեն նախկին աղավաղվածը վերաարտագրելուց և մտնեն սկզբնաղբյուրների աշխարհ, անաչառ օբյեկտիվությամբ ներկայացնեն պատմական անցուդարձերը, դրանով կլիցքավորվի քարոզչական պատերազմը: Այլապես կմնանք հակառակորդին զվարճացնողի դերում` խաղացնելով ջրերի թունավորումը կանխելու գեղամյանական դեղատոմսը:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ