ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
19.03.2010 | 00:00

1910 թվականի անհայտ մի օր Ատլանտյան օվկիանոսում գտնվող փոքրիկ Ջեկիլ կղզում մի հավաք կայացավ։ Գաղտնապահության բոլոր կանոնների համաձայն, բանկիրներն ուղևորվեցին այդ կղզի` ծածուկ պահելով անգամ իրենց անունները։ Տեղ հասնելուն պես դիմակավորումն ավելի ուժեղացավ։ Այդ հավաքի մասնակիցներից մեկն իր հուշերում գրում է. «Մեկ շաբաթվա, թե տասն օրվա ընթացքում մենք ամբողջովին մեկուսացած էինք արտաքին աշխարհից, չէինք օգտվում ո՛չ հեռախոսից, ո՛չ հեռագրից։ Բոլորս թաքնվեցինք այդ լքյալ կղզյակում։ Մեզ սպասարկում էին մեծ թվով ոչ սպիտակամորթ աղախիններ, բայց նրանք գաղափար անգամ չունեին, թե ովքեր են Բենը, Պոլը, կամ Նիլսոնը, առավել ևս անտեղյակ էին, թե ովքեր են Վանդերլիպը, Դեյվիսոնը կամ Էնդրյուն։ Այդ բոլոր անունները նրանց ոչինչ չէին ասում»։ Մթության քողի տակ ասես մաֆիայի կնքահայրեր դարձած բանկիրները հավաքվեցին հեռու այդ վայրում` օգտագործելով ծածկանուններ և փոխելով արտաքինը։ Կղզու միակ հյուրանոցի դահլիճում նրանք համաձայնեցրին, իսկ ըստ Ֆրանկ Վանդերլիպի խոսքերի, համատեղ կազմեցին սենատոր Նելսոն Օլդրիչի զեկույցը` ուղղված Կոնգրեսին։ Հենց նշված անձնավորությունն էլ առաջարկեց ԱՄՆ-ում ստեղծել մասնավոր կենտրոնական բանկ` «Դաշնային պահուստի համակարգ» (ԴՊՀ) անվանումով։
Սակայն մինչ այդ լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվել։ Սկսենք նրանից, որ ցանկացած գործողության դիմելու համար առիթ է հարկավոր։ Երկրի ֆինանսական կառուցվածքի փոփոխության համար այն նույնպես անհրաժեշտ էր, միայն թե` ֆինանսական։ Իսկապես էլ հորինվեց շատ ազնվաբարո մի պատրվակ։ Ամերիկյան Սենատին պարզաբանումներ տրվեցին, թե անհրաժեշտ է մի մարմին, որը կարողանա արդյունավետորեն պայքարել ֆինանսական անկայունության դեմ։ Հետևաբար, նախ և առաջ, պետք էր նույն այդ անկայունությունն առաջ բերել։ ՈՒ շատ հմտորեն էլ իրականացրին դա։ Աշխարհի և ոչ մի բանկ չի դիմանա այնպիսի փորձության, եթե նրա բոլոր ավանդատուները միաժամանակ հետ պահանջեն իրենց գումարները։ Առավել ևս, եթե մնացած գործընկերները մերժեն նրան վարկեր տրամադրելն ու, ընդհակառակը, պահանջեն անմիջապես մարել իրենց հանդեպ ունեցած պարտավորությունները։ Նման ֆինանսական կառույցի սնանկացումն անխուսափելի է։ Հենց նման կերպ էլ կազմակերպվեց այն ճգնաժամը, որը ստացավ 1907-ի ֆինանսական խուճապ անվանումը։ Փոքր-ինչ ուշադիր դիտարկելու պարագայում անգամ աչքի է զարնում հետագայում տեղ գտած բոլոր ճգնաժամերի հետ նրա ունեցած հայելային նմանությունը։ Դրանք բոլորը ջրի երկու կաթիլի պես նման են իրար։
Որպես թիրախ ընտրվեց Knickerboker Trust (KT) ներդրումային բանկը։ Իր մեծությամբ այն շուկայի երրորդ խաղացողն էր։ Անսպասելիորեն սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե բանկը դիմակայում է լուրջ դժվարությունների։ Անհանգստացած ավանդատուները նետվեցին հետ ստանալու իրենց փողերը։ KT-ի ղեկավարությունն օգնության խնդրանքով դիմեց ժամանակի գլխավոր բանկիր Ջոն Մորգանին։ Սակայն վերջինս հրաժարվեց օգնել, չնայած սնանկացման եզրին հայտնված բանկի սեփականատիրոջ հետ մտերմական հարաբերությունների մեջ էր։ Այդ լուրն իր հերթին է՛լ ավելի ահագնացրեց խուճապը։ Այն իր գագաթնակետին հասավ 1907-ի հոկտեմբերի 22-ին։ Բանկի բացվելուց հետո մինչև կեսօր ավանդատուները հետ վերցրին շուրջ 8 մլն դոլար, ինչը համարժեք է այսօրվա 50 մլն դոլարին։ Կեսօրին KT-ն փակեց իր դռները և դադարեցրեց վճարումները։ Ալիքաձև տարածվող խուճապը պատեց նաև ֆինանսական այլ հաստատություններին իրենց ավանդներն ի պահ տված անձանց։ Մեկ օր անց նույն պատմությունը կրկնվեց արդեն երկրում իր մեծությամբ 2-րդը հանդիսացող Trust Company of America-ի հետ։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում նրանց ունեցած 60 մլն ակտիվներից պակասեց 13 միլիոնը։ Բառացիորեն դրա հաջորդ օրը խուճապը տարածվեց արդեն Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Մեկը մյուսի հետևից սկսեցին փակվել և սնանկանալ տարբեր բանկեր (միայն այդ օրը սնանկացավ 7 բանկ), բրոքերական գրասենյակներ և տրեստներ (և ոչ միայն Նյու Յորքում, այլև ողջ երկրով մեկ)։
ՈՒ ճիշտ այդ պահին որպես փրկիչ ասպարեզ իջավ Ջ. Մորգանը։ Հենց նա էր, որ «փրկեց» ամերիկյան տնտեսությունը` լինելով ճգնաժամի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Նա հրաժարվեց հիմնահարցերը դրանց ծագման փուլում կարգավորելուց, սպասեց, մինչև դրանք լայն թափ հավաքեցին, այնուհետև վճռականորեն ու արագ սկսեց վերացնել այն։ Այլ բանկիրների հետ համատեղ նա Միացյալ Նահանգների ֆինանսական շուկա ներարկեց 25 մլն դոլար, ինչը կայունացրեց իրադրությունը։ Կարևոր է հասկանալ, որ ցանկացած ֆինանսական ճգնաժամ փողի բացակայության հետևանք է։ Հայտնվում են փողեր և ճգնաժամն ավարտվում է։ Ինչպես ասում են` հրդեհն ամենից ավելի հեշտ է մարել հենց նրա հրձիգի համար։
«Հայրենիքի փրկիչ» Մորգանը չմոռացավ նաև սեփական շահը։ Ասեմ, որ այս հանգամանքը հատուկ էր նաև հետագա բոլոր ճգնաժամերի հիմնական կազմակերպիչներին, ավելին, այն հենց դրանց առաջացման գլխավոր պատճառներից մեկն է։ Պատրվակ բռնելով այն, որ հորիզոնում արդեն նշմարվող TCI երկաթուղային ընկերության սնանկացումից հետո այն իր հետևից չքավորության գիրկը կնետեր բոլոր բաժնետերերին, նա չնչին գնով ձեռք բերեց այն։ ՈՒ թեև նախագահ Թեոդոր Ռուզվելտը մենաշնորհների սկզբունքային հակառակորդն էր, այդ յուրացման վրա նա աչք փակեց։
1907-ի խուճապի պատճառով անկում ապրեցին տնտեսական բոլոր ցուցանիշները։ Բաժնետոմսերի շուկան նվազեց 37 տոկոսով, սնանկացան ամենաքիչը 25 բանկ և 17 տրեստ, հումքի գներն ընկան 21 տոկոսով, մեկ տարվա ընթացքում արդյունաբերությունը կրճատվեց 11 տոկոսով, իսկ գործազրկությունը 2,8 տոկոսից հասավ 8-ի։ Շատ կառույցներ մեծ կորուստներ ունեցան։ Ինչ վերաբերում է Մորգանին, ապա նա ճգնաժամից դուրս եկավ է՛լ ավելի հարստացած։ Նախապես տեղյակ լինելով ֆինանսական շուկայի մոտակա փլուզման մասին, որը հենց ինքն էլ կազմակերպել էր, նա սկզբում բարձր գներով վաճառեց իր բաժնետոմսերը, հետո հետ գնեց դրանք, ինչպես ասում են, ջրի գնով, նույն կերպ ձեռք բերեց իրեն անհրաժեշտ այլ ընկերությունների հսկիչ փաթեթները և այդ ամենի արդյունքում մեծապես ավելացրեց իր ունեցվածքը։ Սակայն ամենակարևորն անգամ դա էլ չէր։ Իր հիմնական եկամուտը նա համարում էր հասարակական վստահության կապիտալի ձեռքբերումը։ Չէ՞ որ շուրջբոլորը վստահ էին, որ միայն Մորգանի միջամտության շնորհիվ ճգնաժամը չդարձավ լայնամասշտաբ։ Իսկ արդեն 1908-ի հունիսից տնտեսական ցուցանիշները նորից սկսեցին աճ արձանագրել։ Պրինստոնի համալսարանում «հերոս» բանկիրին մեծարում էր արդեն ԱՄՆ-ի նոր նախագահ Վուդրո Վիլսոնը. «Մենք կարող էինք խուսափել բոլոր խնդիրներից, եթե հատուկ հանձնաժողով կազմեինք մի 6-7 այնպիսի պետական այրերից, ինչպիսին Մորգանն է»։
Ջոն Մորգանը չտեսավ իր իսկ սաղմնավորած զավակի ծնունդը։ Նա մահացավ 1913-ի մարտի 31-ին Հռոմում։ Նրա կայսրությունը ժառանգեց նրա որդի Ջոն Մորգանը։ Հոր և որդու միատեսակ անունները շատ հեղինակների մոտ դառնում են այս կամ այն իրադրության լուսաբանման ժամանակ խառնաշփոթության պատճառ։ Սկսում է թվալ, թե ԴՊՀ-ի հիմնադիրը գտել էր հավերժ երիտասարդության և երկարակեցության կենարար հեղուկը։
ԴՊՀ-ի որոշումները չեն կարող փոփոխվել ԱՄՆ-ի կառավարության կամ մեկ այլ մարմնի կողմից։ Ո՛չ ԱՄՆ-ի գանձատունը, ո՛չ որևէ այլ պետական կառույց, այլ միմիայն ԴՊՀ-ն է թողարկում դոլարներ և պարտքով տալիս ԱՄՆ-ի կառավարությանը` նրանց թողարկած փոխառության տոմսերի գրավի դիմաց։ Դրանից հետո, հավաքելով հարկերը ձեռնարկություններից և անհատ անձանցից, այն վերադարձնում է ԴՊՀ-ի գումարները` գումարած տոկոսները, չէ՞ որ պետական արժետոմսերը երաշխավորում են նրանց սեփականատերերին տոկոսային հավելումներ։ ՈՒշադրություն դարձրեք այդ չափազանց հետաքրքիր պահի վրա։ Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը թողարկում է արժետոմսեր։ Եվ ոչ ոք իրեն հարց չի տալիս` իսկ ինչո՞ւ պետությունն այդ նույն քանակի դրամ չի թողարկում։ Այդ տարիմաստ իրողությունը մատնացույց է արել դեռևս էլեկտրականության գյուտարար Թոմաս Էդիսոնը. «Անհեթեթություն կլիներ պնդել, թե մեր երկիրն ի զորու է թողարկելու 30 մլն դոլարի փոխառության տոմսեր և անզոր է թողարկելու նույն արժեքի դոլարներ։ Դրանք երկուսն էլ վճարման պարտավորության ֆինանսական գործիքներ են, սակայն դրանցից մեկը շահավետ է վաշխառուներին, իսկ մյուսն օգնում է մարդկանց»։ Զբաղվել փողի սպեկուլյացիայով անհնարին է, այն չունի անվանական և կուրսային արժեքներ։ Իսկ փոխառություններով կարելի է դա անել. փոխառությունների, բաժնետոմսերի և մնացած այլ ֆինանսական թղթերի արժեքը, ի տարբերություն փողի, մշտապես փոխվում է։ Դա է պատճառը, որ ԱՄՆ-ի և աշխարհի մեծ մասի ֆինանսական համակարգն այդքան նմանվում է գժանոցի...
ԱՄՆ-ի նախագահն իշխում է միայն թղթի վրա, իսկ իրական իշխանությունն ամենևին էլ նրան չի պատկանում։ Այդ է պատճառը, որ ԴՊՀ-ի ղեկավարի գործառության ժամկետը 14 տարի է, և ինչ կուսակցություն էլ իշխի Վաշինգտոնում, միայն բնական պատճառները կարող են խանգարել նրան մնալու մինչև այդ ժամկետի ավարտը։
Մինչև սեփական արժույթի ի հայտ գալն ԱՄՆ-ում օգտվում էին իսպանական, անգլիական և ֆրանսիական դրամից։ 1785-ին ամերիկյան Կոնգրեսը որոշում ընդունեց դոլարը երկրում որպես դրամական միավոր սահմանելու վերաբերյալ։ 1792-ին Ֆիլադելֆիայում հիմնվեց դրամատուն, իսկ 1793-ին լույս աշխարհ եկան առաջին ամերիկյան դոլարները։ ՈՒղղակի հարց տվեք ինքներդ ձեզ` ինչի՞ էր պետք դոլարի էմիսիան հանձնել մասնավոր կրպակի։ 121 տարի շարունակ ամերիկյան իշխանությունները հաջողությամբ կատարել էին իրենց «ամուսնական» ֆինանսական պարտականությունը և հանկարծ մի ակնթարթում այդ հույժ կարևոր իրավունքը տվեցին մեկ ուրիշի։ Ինչո՞ւ։ Մի՞թե պետությունն ինքը անընդունակ է դրամ հատելու։ Իսկ եթե այն անզոր է նման տարրական բաներ կատարելու, ուրիշ էլ ինչի՞ է այն ընդունակ ընդհանրապես։
1913-ի դեկտեմբերին Նելսոն Օլդրիչն ամերիկյան Սենատի քննարկմանը ներկայացրեց ԴՊՀ-ի ստեղծման վերաբերյալ օրինագիծը։ Չխորանալով նրա քվեարկության հետ կապված հոգնեցուցիչ մանրամասների մեջ, նշենք, որ միայն մի սենատոր դեմ արտահայտվեց։ «Սարսափելի» ազգանվան տեր Գիլբերտ Հիչքոքը, համաձայնելով ֆինանսական կարգավորիչ մարմին ստեղծելու անհրաժեշտության հետ, անսպասելիորեն առաջարկեց մի շարք լրացումներ, որոնք հիմնովին փոխում էին նրա բուն էությունը։ Նա առաջարկեց ԴՊՀ-ն դարձնել ոչ թե մասնավոր, այլ պետական մենաշնորհային կառույց։ Բնականաբար, նրա բոլոր առաջարկություններն ամբողջությամբ մերժեցին ծննդյան տոների առիթով իրենց տապակած հնդկահավերի ու խմիչքով լի սեղանների մոտ շտապող սենատորները, որոնք առանձնապես տրամադրված էլ չէին խորանալու օրինագծի մանրուքների մեջ։ Թռուցիկ ասեմ, որ նման հնարքով շատերն են երկրի համար կարևորագույն օրինագծեր, թող ներվի ասել, քարշ տվել ներկայացուցչական մարմնով։ Դեռ չէր հասցրել չորանալ թանաքն ԱՄՆ-ի երկու պալատների ընդունած այդ փաստաթղթի վրա, երբ իր ստորագրությունը դրեց նաև ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը։
Նելսոն Օլդրիչը ջանում էր ամենևին էլ ոչ հենց այնպես։ Նրա դուստրն ամուսնացած էր բանկիր Ջոն Ռոքֆելլեր-կրտսերի հետ։ Նրա թոռն արդեն կրում էր Նելսոն Օլդրիչ Ռոքֆելլեր անունը և հետագայում Ջերալդ Ֆորդի օրոք զբաղեցրեց փոխնախագահի պաշտոնը։ ԴՊՀ-ի իրական տերերի անուններն անհայտ են, մինչ օրս հրատարակված բոլոր ցուցակները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։ Բայց, ամենայն հավանականությամբ, այդ «երջանիկների» ցուցակից անմասն չեն Մորգանները, Ռոքֆելլերները, Վարտբուրգները։ Մի խոսքով, ինչպես ասում են, բոլորը մերոնք են։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ