ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ» ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ

«ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ» ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ
11.05.2010 | 00:00

Ռուսական լեգենդի համաձայն, հին ժամանակներում իշխան Օլեգն իր վահանն է խփել Ցարգրադի դարպասին (այն ժամանակ Կիևյան Ռուսիայում այդպես էին անվանում ներկայիս Ստամբուլը)։ Այդ հաղթանակի շնորհիվ նա ռուս վաճառականների համար անտուրք առևտրի իրավունք նվաճեց։ Եվ ահա այսօր, դարեր անց, Մոսկվա-Անկարա փոխհարաբերությունները և այն գործընթացը, որի ժամանակ տնտեսական համաձայնությունները ձեռք են բերվում ոչ մարտադաշտում, տարածաշրջանի և աշխարհի համար դառնում են եթե ոչ գլխավոր, ապա նշանակալի աշխարհաքաղաքական հարց։ Թեև թուրք վերլուծաբանները խոսում են «մրցակցող դաշնակիցների հարաբերությունների» մասին, իսկ ռուսները դրանք պատկերացնում են «ռազմավարական գործընկերության» տեսքով, ըստ էության, ռուս-թուրքական հարաբերությունների արագընթաց զարգացումը դա չի փոխում։ Եվ արդեն կարելի է արձանագրել մի կայացած փաստ` երբեմնի մրցակիցները դառնում են բարեկամներ։
Միայն մի քանի ամսվա ընթացքում տեղի է ունեցել բարձր մակարդակի երկու պաշտոնական այց. նախ` հանդիպում Մոսկվայում, իսկ հիմա էլ Դմիտրի Մեդվեդևն է մեկնում Անկարա։ Եթե Մոսկվայում հիմնվեց Համագործակցության բարձրագույն խորհուրդ (միջպետական մեխանիզմ` քաղաքական ղեկավարության մակարդակով), ապա հիմա առաջընթաց քայլ է արվում և ստեղծվում է Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհուրդ, որը կգլխավորեն Ռուսաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը։ Խորհրդի առաջին նիստը տեղի կունենա առաջիկա օրերին Թուրքիայում։ Քանի որ տարեկան Ռուսաստանից ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա, իսկ Ռուսաստանի տարածքում գտնվում են թուրք շինարարներ ու գործարարներ, հուրախություն շատերի, կարևորագույն հարցերից մեկը կդառնա վիզայի վերացումը երկրների միջև։ Բայց, ամենագլխավորը, կողմերը հույս ունեն համաձայնագիր ստորագրել «եռափուլ ռազմավարական ճանապարհային քարտեզի» մասին, որն ընդգրկում է Ռուսաստանի ու Թուրքիայի կապերն առևտրատնտեսական ոլորտում, քաղաքական ասպարեզում և միջազգային հարցերում, ինչպես նաև հասարակությունների ինտեգրացումը։ Նկատենք, որ այսօր Թուրքիան հինգերորդ տեղն է գրավում Ռուսաստանի արտաքին առևտրական գործընկերների շարքում, իսկ Ռուսաստանը` առաջինը Թուրքիայի արտաքին առևտրական շրջանառության ասպարեզում։ Ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունն անցնում է 38 մլրդ դոլարից, ընդ որում, դրա մոտ 75 տոկոսը բաժին է ընկնում ռուսական գազամատակարարումներին։ Պաշտոնական տվյալներով, թուրքական ներդրումները Ռուսաստանում կազմում են 6 մլրդ դոլար, իսկ ռուսական ներդրումները Թուրքիայում` 4 մլրդ։ Ընդ որում, կողմերը միանգամայն իրագործելի են համարում առաջիկա հինգ տարում ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու խնդիրը։ Ծրագրվում է նաև համաձայնագիր կնքել օդային հաղորդակցության, Սամսուն և Կավկազ նավահանգիստների միջև երկաթուղային լաստանավերի երթևեկության, երկու երկրներում մշակութային կենտրոնների բացման մասին և այլն։ Թուրքիայի համար մեծ նշանակություն ունի Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարության հարցը, որին կարող են ներգրավվել ռուսները։ Դա կապված է այն բանի հետ, որ Բոսֆորի նեղուցն արդեն ի վիճակի չէ մեծ քանակությամբ հեղուկանավեր բաց թողնել։ Դրան զուգընթաց հանդիպման օրակարգում ներառված են մեծ քանակությամբ կորպորատիվ փաստաթղթեր, այդ թվում` համաձայնագրեր «Ռոսնեֆտի», «Տրանսնեֆտի» և «Գազպրոմի» հետ։ Եվ այստեղ ուշադրության առնենք մի արմատական հանգամանք, որը, թվում է, այդ անսպասելի եղբայրության «անկյունաքարն» է դառնում։
Նախկինում թվում էր, թե ներկա գործընկերները հանդես են գալիս «էներգետիկ պատերազմի» տարբեր կողմերում, Թուրքիան մասնակցում էր «Նաբուկո» նավթամուղի նախագծին, իսկ Կրեմլը, իր հերթին, պայքարում էր «Հարավային հոսք» խողովակաշարի նախագծի օգտին։ Մատակարարումների գների ու ծավալների շուրջ երկար վեճերից հետո, այժմ երկու նախագծերը լրջորեն արգելակված են ներդրումների պակասի պատճառով։ Դրա հետևանքով Մոսկվան ու Անկարան ներկայումս մտմտում են «երկնագույն հոսք» երկրորդ գազամուղի մասին։ Կա նաև այլընտրական տարբերակ` Անկարան կարող է ընդունել Մոսկվայի առաջարկությունն ու միանալ «Հարավային հոսք» նախագծին, դրանով իսկ ոչ միայն փրկել «Պուտինի հոգեզավակը», այլև ամրապնդել Ռուսաստանի մենաշնորհը եվրոպական էներգաշուկայում։ Իր հերթին դա ճեղքում է նաև թուրքերի համար, չէ որ խողովակաշարն անցնելու է Սև ծովում Թուրքիայի առափնյա տնտեսական գոտիով։ Բայց ամենագլխավորն այն է, որ ցանկացած դեպքում Թուրքիայի Հանրապետությունը դառնում է էներգետիկ տարանցման Եվրոպայի կարևորագույն հանգույց։
Այսինքն, «էներգետիկ սերը», ամենայն հավանականությամբ, Կրեմլի իրատեսների համար ռուս-թուրքական գործընկերության գլխավոր շարժիչ ուժն է։ Պատահական չէ, որ Մեդվեդևի այցին նախորդել էր փոխվարչապետ Սեչինի` ամբողջ նավթային ու գազային հատվածների գլխավոր պատասխանատուի, լոբբիստական ակնառու գործունեությունը։ Նա, ինչպես հայտնի է, մայիսի սկզբներին Թուրքիայում էր և համոզում էր, որ «թուրք գործընկերների հետ համագործակցությունը չափազանց մեծ հետաքրքրություն է ներկայացնում»։ Ինչպես և կարելի էր սպասել, Կրեմլը մի շարք նուրբ քայլեր ձեռնարկեց, հավանաբար, մի շարք խոստումներ տվեց և տպավորիչ արդյունքների հասավ։
Սակայն գլխավոր հարցերից մեկը, որ քննարկվելու է հանդիպման ընթացքում, կդառնա Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցումը միջերկրածովյան Մերսին նավահանգստի մերձակայքում։ Եվ այստեղ ի հայտ է գալիս այցի գլխավոր շարժառիթը. թեև Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ անհրաժեշտ է մայիսին «մոտենալ Ռուսաստանի հետ բանակցությունների վերջնագծին», հաղորդում է, որ Մոսկվան ու Անկարան համաձայնեցրել են շինարարության բոլոր մանրամասներն ու առևտրային պայմանները, սակայն, նկատենք, որ գործարքի ստորջրյա խութեր դեռևս կան։ Այսպես, 2008 թվականի դրամաշնորհման ժամանակ Թուրքիայի նախարարների խորհուրդը հավանություն էր տվել ռուս-թուրքական կոնսորցիումի առաջարկությանը։ Այն ներառում էր ռուսական «ԱԷԿ-2006» նախագծով 1,2 ԳՎտ հզորությամբ չորս էներգաբլոկների կառուցում` 2016-2019 թթ. գործարկման ժամկետով։ Այդուամենայնիվ, արդեն 2009 թ. նոյեմբերին Թուրքիան չեղյալ հայտարարեց դրամաշնորհման արդյունքները, իսկ 2010-ի սկզբին թուրքերը վերստին «փոշմանեցին» և պայմանավորվեցին համագործակցել ռուսների հետ։ Ինչպես նշում է ՌԴ էներգետիկայի նախարարը. «Մենք այստեղ աշխատում ենք փորձարկել մի սխեմա, երբ արտասահմանում կառուցում ենք ատոմակայաններ և շարունակում տնօրինել դրանք, ապահովելով Թուրքիայի էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարում»։ Ընդ որում, Շմատկոյի ասելով, ռուս կապալառուները պարտավորվում են ապահովել նախագծի ֆինանսավորումը, և թուրքական կողմը չի մասնակցի այդ ֆինանսավորմանը։ Կհամաձայնե՞ն, արդյոք, թուրքերը այդ «ձրի պանրին», կշարունակվե՞ն, արդյոք, այդ խառնաշփոթը և բազմամսյա լարված բանակցությունները, և կկնքվի՞, արդյոք, Մոսկվայի համար այնքան կարևոր պայմանագիրը։ Առայժմ միարժեք պատասխաններ չկան։ Առավել ևս, որ շատերը թուրքական (և ոչ միայն թուրքական) հասարակական վերնախավում ամենևին էլ ուրախ չեն «երկիրը կախման մեջ դնել նաև ռուսական ատոմային ասեղից»։
Եվ այստեղ կարելի է նկատել «հանդիպման մեխը»։ Թեև ռուս-թուրքական մերձեցման գլխավոր շարժիչ ուժը, ինչպես առաջին հայացքից է թվում, տնտեսությունն է, այդուամենայնիվ, հանդիպման ժամանակ պետք է սպասել նաև աշխարհաքաղաքական ճշգրտումներ։ Առավել ևս, որ «հին չարչի» թուրքերը միշտ էլ աչքի են ընկել, իրենց համար արդեն իսկ շահավետ գործարքներից բացի, նաև լրացուցիչ շահ կորզելու կարողությամբ և ցանկությամբ։ Երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, Ռուսաստանի նախագահի խոսքերով ասած, նպաստում է «ռուս-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթի ամրապնդմանը»։ Ինչպես գրում են ռուս փորձագետները. «Այսօր արդեն պարզ է. Ռուսաստան-Թուրքիա գործընկերությունը հենց այն պակասող օղակն է, որը չկար կովկասյան նախագծում։ Ռուսաստանն ու Թուրքիան եվրասիական դարպասի երկու գլխավոր աշխարհագրական սյուներն են, Եվրոպայի ու Ասիայի միջև մի համընդգրկուն անցում։ Առանց նրանց համաձայնեցված գործողությունների տարածաշրջանի մնացած երկրները` ՈՒկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Կենտրոնական Ասիայի պետությունները, հազիվ թե կարողանան հաջողությամբ հանգել հակամարտություններից զերծ հայտարարի»։ Ահա այսպիսի նոր ու անսպասելի կոնսենսուս։ Բացի այդ, ակնհայտ է, որ Թուրքիան էլ Ռուսաստանի համար ունի ոչ միայն էներգապաշարների վաճառահանման շուկայի հատկանիշ, այլև դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի երկրներ «այլընտրական պատուհան» է։ Այսինքն, պարզ ասած, երկու նախկին կայսրությունները, որոնք դեռևս տառապում են «անցած ժամանակների» մեծապետության կարոտախտով, ուզում են ոչ առանց սեփական շահի փոխել աշխարհաքաղաքական դասավորությունն այն ռազմավարական միջանցքում, որը Պարսից ծոցը կապում է Աֆղանստանի ու Կենտրոնական Ասիայի հետ։ Արժե նկատել, որ այս փաստն արտացոլում է նաև «նեոօսմանյան անհանգստություն» տարածաշրջանի ճակատագրի համար, և հերթական «ծնկաչոք վիճակը» ռուսական մետրոպոլիայի առջև։
Հետևաբար, ամենևին էլ պատահական չէ, որ Մեդվեդևը Թուրքիայում քննարկելու է ղարաբաղյան հիմնահարցը` «Մոսկվա-Անկարա ռազմավարական առանցքի» գլխավոր խանգարիչ հանգամանքը։ Արդեն հանդիպման նախօրեին հայտարարվել էր, որ «Եվրասիայի երկու առաջատար տերությունների` Լեռնային Ղարաբաղի և, ընդհանուր առմամբ, Կովկասի խնդիրների կարգավորմանը Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցության անհրաժեշտություն կա»։ Ավելին, դարձյալ հանդիպման նախօրեին նախագահ Գյուլը հայտարարեց, որ Անկարան ու Մոսկվան վարում են Հայաստանին առնչվող փակ բանակցություններ, որ «իրականացվում է լռին, բայց շատ ակտիվ դիվանագիտություն»։ Ընդ որում, պարզաբանելով, թե ինչու են Ռուսաստանի հետ վարվող բանակցությունները գաղտնի պահվում, նա նշեց, որ «գործընթացի բովանդակության բացահայտումը կարող է միայն բարդացնել այն»։ Սակայն դժվար չէ գլխի ընկնել, որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը կձգտեն անմիջապես լուծել ռազմավարական ու մարտավարական բնույթի խնդիրները։ Նախ, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը վերջնականորեն տեղափոխել Ռուսաստանի բացահայտ և Թուրքիայի քողարկված խնամակալության տակ։ Երկրորդ, հաշվի առնելով էներգետիկ ոլորտում Մոսկվայի և Բաքվի ընդլայնվող համագործակցությունը, առաջադրել Մոսկվա-Բաքու-Անկարա էներգետիկ միություն ստեղծելու գաղափարը, ընդ որում, «հնազանդեցնելով համառ հայերին»։ Եվ ամենագլխավորը, փորձել «կովկասյան խաղից» դուրս մղել և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային։ Այլ խոսքով, թեև չի ազդարարվում, բայց, ակնհայտորեն, առաջիկա հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր նպատակն է Կրեմլին ստիպել ներգործելու Հայաստանի վրա։ Քանի որ, անշուշտ, բոլոր «թուրքական վայ-ռազմավարները» դեռևս կարծում են, թե հենց Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ համոզել Հայաստանին այդ «փրկության ծրագրի» հեռանկարայնության և օգտակարության մեջ։ Ակնհայտ է նաև, որ թե՛ Անկարայում և թե՛ Բաքվում բացարձակապես համոզված են, որ առանց Մոսկվայի կամքի և մասնակցության Ղարաբաղի «գորդյան հանգույցը» չի կտրվի։
Եվ այստեղ ուշադրություն դարձնենք ևս մեկ, խիստ հատկանշական հանգամանքի վրա. դեռ մինչև ՌԴ նախագահի այցը, թուրքական իշխանություններն ակտիվացրել էին Նախիջևանի հիմնախնդրի արծարծումը։ Հայաստանին մեղադրելով այն բանում, որ նա սպառնալիք է ներկայացնում այդ առանձնատարածքի անվտանգությանը, Թուրքիան, փաստորեն, օրինական առիթ էր որոնում հնարավոր գործողությունների համար։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան ակտիվորեն հայտարարեց երաշխավորի իր իրավունքների մասին, վկայակոչելով Կարսի պայմանագրի դրույթները, որի կողմերից մեկը Ռուսաստանն է։ Այնպես որ, այդ երկրների միջև «աշխարհաքաղաքական խառնակչությունը» թափ է առնում և ամենատարօրինակ ձևերն է ընդունում։
Այս ամբողջական ենթատեքստում բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրենք մի ակնհայտ, անվիճելի և անքննելի հանգամանքի վրա։ Համարձակվենք հավաստիացնել. որքան էլ գործուն ու մեծ լինեն Հայաստանի իշխանությունների վրա Կրեմլի «ներգործության չափերը», որքան էլ հիմնավորված լինեն Ռուսաստանի բացառիկ ազդեցությունից դուրս չգալու հայ քաղաքական վերնախավի մի մասի մտադրությունները, ազգային առաջնային խնդիրներին հակասող ցանկացած լուծում ոչ միայն կմերժվի ամբողջ հայ հասարակության կողմից, այլև կործանարար կդառնա դրանք ծրագրողների և կրողների համար։ Տնտեսական շահը և պատմության քննությունը բռնած դաշինքի շահը միշտ չէ, որ համընկնում են։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ