ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԹՈՒՐՔԻԱՆ` «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴ»

ԹՈՒՐՔԻԱՆ` «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴ»
09.07.2010 | 00:00

Տխրահռչակ «Խաղաղության տորմիղի» ակտիվիստները վաղուց արդեն ցրվել են իրենց տները, իսկ մարդասիրական բեռը, որ նրանք շտապում էին, ճիշտ թե սուտ, հասցնել «Գազայում աղքատության մեջ գտնվող իրենց եղբայրներին», բարեհաջող հոտում է պահեստում։ Ավելին, Իսրայելի կառավարությունը, փաստորեն, ինքը «խախտեց շրջափակումը», ընդունելով նոր սահմանափակումներ, որոնք չեն շոշափում քաղաքացիական բնակչության շահերը։ (Նկատենք, տորմիղի հետ կապված միջադեպից անմիջապես հետո Թել Ավիվն առաջարկեց վերահսկողության լիազորությունները վստահել Եգիպտոսին, սակայն Կահիրեն, որը, իր հերթին, բարդ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ, նախընտրեց ձեռնպահ մնալ այդ առաջարկությունից։) Սակայն թուրքական իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ և ձեռ քաշել վերջին ժամանակներս սովորական դարձած «յաթաղան ճոճելուց»։ Օր չի անցնում, որ Իսրայելի, Երուսաղեմի, Գազայի, տորմիղի, Ալ Աքսայի հետ կապված նոր հայտարարություններ չհնչեն։ Արդեն հետ է կանչվել թուրքական դեսպանը, թուրքերի կողմից իսրայելական ինքնաթիռների հանդեպ պատժամիջոցներ են սահմանվել, կասեցվել են ռազմական գործարքները երկրների միջև, չեղյալ են համարվել համատեղ զորավարժությունները։ (Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարությունն Իսրայելի պաշտպանության բանակին տեղյակ է պահել Միջերկրական ծովի ավազանում համատեղ որոնողափրկարարական զորավարժություններից հերթական անգամ հրաժարվելու որոշման մասին, որոնց անցկացումը նախատեսված էր օգոստոսին։) Թուրքական խորհրդարանն արդեն քանիցս աշխուժորեն քննարկել է Իսրայելի դեմ ուղղված «պատժամիջոցների» խստացման հեռանկարները. խոսքը վերաբերում է իսրայելցի զբոսաշրջիկների այցեհրավերների վերացմանը, անվտանգության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում բոլոր նախագծերի սառեցմանը, Թել Ավիվում թուրքական դեսպանության փակմանը և այլն։ Թուրքական տվյալների համաձայն, իր «սկզբունքային դիրքորոշման» պատճառով այդ երկրի կրած վնասը միայն տուրիստական բիզնեսի գծով կազմել է մոտ 400 մլն ամերիկյան դոլար։ Եվ այն շարունակում է աճել, քանի որ թուրքական առողջավայրերում հյուրանոցներն ստիպված են կտրուկ իջեցնել իրենց ծառայությունների գները, կապված պահանջարկի կտրուկ անկման հետ` մեկ գիշերվա համար 70 թուրքական լիրայից հասցնելով 40-ի։
Այդուամենայնիվ, ասես չնկատելով այս ամենը, Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը վերստին պահանջում է Իսրայելից անհապաղ ներողություն խնդրել և հավաստիացնում է, որ հակառակ դեպքում Անկարան լիովին կխզի դիվանագիտական հարաբերությունները։ Բացի այդ, Դավութօղլուն վերստին խփել է Իսրայելի ամենացավոտ կետին և հայտարարել, որ «Երուսաղեմը Թուրքիայի ազգային հարցն է», որ «կգա օրը, երբ խաղաղություն կտիրի, և Երուսաղեմը կդառնա Պաղեստինի մայրաքաղաքը»։ «Մահմեդականների պաշտպանի դերում» չի հոգնում վարժվել նաև վարչապետ Էրդողանը։ Նա ասում է, որ իրեն «ձանձրացրել է Իսրայելի կեղծիքը» և նախազգուշացնում է, որ «իր նոր Թուրքիան արմատներից զուրկ երիտասարդ երկիր չէ», ինչպիսին, ենթադրաբար, Իսրայելն է։ (ՈՒշադրություն դարձրեք «արմատներից զուրկ» ծածկախոսքին։) Մոռանալով իր ժամանակավոր կարգավիճակի և ամբողջ Եվրոպայի անունից հանդես գալու պարտականության մասին, իր երկրի առաջնորդին կրկնում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Չավուշօղլուն. «Նախ, Իսրայելը պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի իր գործողությունների համար։ Սրանք են Թուրքիայի պայմանները», և, երկրորդ, նրա կարծիքով` «դա միջազգային խնդիր է»։ Ի դեպ, «միջազգային» բառն ամենևին վրիպում չէ. Դավութօղլուն բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է վարել Իսրայելի մեկուսացման միջազգային քաղաքականություն։ Ավելի «փափուկ» Գյուլը, իր հերթին, տրտնջում է այն բանից, որ Թուրքիայի և Իսրայելի փոխհարաբերությունները երբեք չեն հարթվի Իսրայելի կոալիցիոն կառավարության ներսում առկա պառակտման պատճառով։ («Թուրքական հարցի շուրջ» հակասությունները սրվել են վարչապետ Նեթանյահուի և արտաքին գործերի նախարար Լիբերմանի միջև։) Թուրքիայի նախագահը կարծում է, որ իսրայելցիները «ընդունակ չեն ռացիոնալ գործողություններ իրականացնելու», և մատնանշում է, որ «Իսրայելը, ամենայն հավանականությամբ, ուզում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ»։
Իսկ ինչպիսին պետք է լինեն, Անկարայի կարծիքով, Թել Ավիվի ռացիոնալ գործողությունները։ Պարզվում է, Թուրքիան Իսրայելից պահանջում է կատարել հինգ պահանջ` պաշտոնապես ներողություն խնդրել տորմիղի կալանման համար, փոխհատուցում վճարել զոհվածների ու տուժածների ընտանիքներին, միջազգային հետաքննություն սկսել, լիովին վերացնել Գազայի վերահսկվող հատվածի շրջափակումը, ինչպես նաև վերադարձնել կալանված նավերը։ Նկատենք, որ ԱՄՆ-ը, ի պատասխան այդ պահանջների, Թուրքիային զգուշացրել է միջազգային հանձնաժողովի աշխատանքի` նրա համար հնարավոր բացասական հետևանքների մասին։
Ավելին, անգամ այն բանից հետո, երբ իսրայելցիները, հնարավոր է, իրենց իմաստունների պատգամով, թե «իսկական հերոսը նա է, ով զսպում է իր պոռթկումները», հանդես եկան Բրյուսելի բանակցությունների նախաձեռնությամբ (մեկ այլ վարկածով, հանդիպման նախաձեռնողը եղել է Թուրքիան), թուրքական ջղագրգիռ հռետորիկան սոսկ բարձրացրեց շիկացման աստիճանը։ Հետևեցին բացահայտ վիրավորանքները «գլխավոր հակաթուրքի»` Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի հասցեին, և նոր վերջնագրերը` «Մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք, և մտադիր չենք երկար սպասել Թել Ավիվի պատասխանին», և եթե ներողություն չլինի, ապա «հարաբերություններն էլ երբեք չեն վերականգնվի»։ Ահա այսպես, լիակատար համոզմունքով և առանց կասկածի նշույլի։
Ընդ որում, թուրքերը ասես չեն էլ նկատում, որ այս ամենը, ըստ երևույթին, չափն անցնել է նշանակում, ինչպես պահանջների առումով, այնպես էլ դիմելաձևերի, և որ Իսրայելի իշխանությունները ոչ մի պարագայում չեն կարող դրանք բավարարել։ Ինչպես և պետք էր սպասել, Իսրայելի վարչապետի պատասխանը միարժեք էր. «Այստեղ ներողություն խնդրելու բան չկա։ Մեր զինվորները հարկադրված են եղել պաշտպանվել, որպեսզի Լինչի դատաստանի չենթարկվեն»։ Եվ դա, ակնհայտորեն, Իսրայելում գերիշխող կարծիք է։ Ավելին, ինչպես հրեական մամուլն է նշում, «այն, որ շարքային իսրայելցին վաղուց է հասկացել և այս կապակցությամբ որոշում է ընդունել բոյկոտել թուրքական առողջարաններն ու թուրքական ապրանքները, վերջապես հասկացել են նաև իշխանությունները»։ Նկատենք, որ վերջին ժամանակներս այնտեղ ծնունդ է առել բոյկոտի նոր տեսակ` «սպառողական», և հաղորդումներն այն մասին, թե թուրքական առողջարանների ու ապրանքների բոյկոտը զգալի վնաս է հասցնում այդ երկրի տնտեսությանը, անկեղծորեն ուրախացնում են իսրայելցիներին։ Ի դեպ, Իսրայելի արդյունաբերողների միավորումը հայտարարում է, որ անգամ դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում 3,5 մլրդ դոլարի հասնող տնտեսական կապերի խզումն իրատեսական չէ, համենայն դեպս` մոտ ապագայում։ Չափազանց շատ պայմանագրային պարտավորություններ կան, մասնավորապես, սպառազինությունների ոլորտում իսրայելցի և թուրք ձեռնարկատերերի միջև, ընդ որում, ոչ միայն միմյանց, այլև միջազգային գործընկերների հանդեպ։ Այդուամենայնիվ, փորձագետների կարծիքով, Թուրքիայի նոր իսլամիստական և խելահեղ հակաիսրայելական արտաքին քաղաքականությունը «տարօրինակ կերպով ազատարար ազդեցություն կգործի Իսրայելի վրա»։ Իսրայելը պետք է հիմա իր համար պարզի` անկախ այն բանից` ինքը զո՞ւսպ կգործի, թե՞ ամբողջ ուժով, միևնույն է, բացասական արձագանք կստանա իր նախկին գործընկերոջից։ ՈՒրեմն, ինչո՞ւ չորդեգրել ուժեղի և ամեն առիթով ներողություն չխնդրող երկրի կերպար, և դրանով իսկ ստիպել հարգել իրեն։ Ինչպես ազգային կարգախոս դարձած հրեական ասացվածքն է ասում` «եթե ուժով չի ստացվում, կստացվի ավելի մեծ ուժով»։
Այդուամենայնիվ, Իսրայելի և Թուրքիայի հակամարտությունը, հավանաբար, է՛լ ավելի կբորբոքվի, և այն ամենևին էլ տորմիղի վրա հարձակման հետևանք չէ։ Երկու երկրների հակամարտությունը զգալիորեն սրվել է վերջին տարիներին և բացահայտորեն կրում է ոչ թե պատահական, այլ լավ մտածված համակարգային բնույթ։ Պատճառները պետք է փնտրել ոչ այնտեղ, ուր թուրքերը հիշել են իրենց «պաղեստինցի եղբայրներին», և ոչ էլ այնտեղ, ուր Գազայում նորածիններին սկսել են Էրդողան անունով կոչել. այս ամենը մանրուք է, թեև հնարավոր է, թուրքերի համար` հաճելի։ Շատ ավելի կարևոր է այն, որ միայն հակահրեական ալիքի վրա է հնարավոր, ինչպես թվում է Անկարայում իշխող «նոր օսմաններին», իր շուրջը համախմբել Մերձավոր Արևելքը։ Էրդողանի վերջին քաղաքական քայլերը ստիպում են հենց դա ենթադրել։ Համաձայն թուրքական և ռուսական աղբյուրների, գոյություն ունի Արևելյան միության` Եվրոպական միության տարածաշրջանային համարժեքի ստեղծման հեռագնա պլան։ Այդ միության գաղափարախոսների կարծիքով, որոնցից գլխավորը Դավութօղլուն է, «նման կազմակերպության ղեկավարի դերում Թուրքիան իր տեղում կլիներ, և դա կլիներ յուրօրինակ Օսմանյան կայսրության վերականգնում»։ Ընդ որում, պարզվում է, ախորժակը տարածվում է ոչ միայն հարևանների վրա. «նոր օսմանների» կարծիքով, իրենք ոչ միայն Օսմանյան, այլև Բյուզանդական կայսրության ժառանգորդներն են։ Եվ նրանց աղավաղված աշխարհընկալմանը համապատասխան` «Արևելյան միությունը լիովին կարող է խաղաղորեն տարածվել նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս, միավորելով իր պապենական տարածքները Ջիբրալթարից մինչև Դանուբ», ներառել Բյուզանդիայի մահմեդական և ուղղափառ նահանգները, հատկապես Ալբանիան ու Սերբիան, Մակեդոնիան ու Չեռնոգորիան, անգամ Ռումինիան ու Վրաստանը, իսկ հետագայում, առհասարակ, կարելի է ախտորոշել «Օսմանյան կայսրության բաղկացուցիչ մասերը, որոնք, ասես անդամահատված լինելով իրենց պարտադրված անկախությամբ, չկարողացան դառնալ լիարժեք պետություններ»։ Այսպես ուրեմն, չի եղել եվրոպական ժողովուրդների պայքար, չեն եղել զոհեր ու արյան ծովեր։ Մոռացության է մատնվել նաև այն, որ արաբներն էլ են պայքարել օսմանների դեմ, և այստեղ բանն ամենևին էլ այն չէ, որ «արաբական ապստամբությունը բարձրացրել է անգլիական հետախուզության փայլուն գործակալ Լոուրենս Արաբացին»։ Պատահական չէ, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի Վաշինգտոն կատարած այցի նախօրեին բանակցություններ տեղի ունեցան Սաուդյան Արաբիայի Աբդալա թագավորի և ԱՄՆ-ի նախագահի միջև։ Բանակցություններում հանկարծ որոշեցին հիշել մերձավորարևելյան խաղաղ կարգավորման պլանը, որը ժամանակին առաջարկել էր Աբդալան։ Ընդ որում, Էր Ռիադը չի թաքցնում իր անհանգստությունը տարածաշրջանում Սիրիայի ու Իրանի և այդ դաշինքին հարող Թուրքիայի ազդեցության աճի առթիվ։
Ավելին, բացահայտորեն չեն արդարանում Անկարայի հույսերը` կապված Օբամայի հետ, թեև հենց վերջերս թուրք քաղաքական գործիչները հայտարարում էին. «Թուրքիան որևէ ճնշում չի զգում ԱՄՆ-ի կողմից, ավելին, հիմա մենք ենք ճնշում գործադրում ԱՄՆ-ի վրա»։ Քաղաքական դիտորդները, որոնք նախօրոք ենթադրում էին, թե նախագահ Օբաման հազիվ թե մեկ անգամ էլ փորձի վարչապետ Նեթանյահուին ցույց տալ իր դժգոհությունն Իսրայելի քաղաքականությունից, ճիշտ դուրս եկան։ Մոտենում են միջանկյալ ընտրությունները, իսկ նախագահի և ամբողջ դեմոկրատական կուսակցության վարկանիշն առանց այն էլ ցածր է։ Իսրայելամետ տրամադրություններն ուժեղ են ոչ միայն հանրապետական կուսակցությունում, այլև դեմոկրատ օրենսդիրների, ինչպես նաև ընտրողների մեծամասնության շրջանում` անկախ կուսակցական պատկանելությունից։ Մինչ Օբաման պնդում է դադարեցնել հրեական ռազմաբնակավայրերի շինարարությունը Երուսաղեմի արևելյան մասում և Հորդանան գետի արևմտյան ափին, ամերիկյան առնվազն 40 կազմակերպություններ շարունակում են փող հանգանակել հրեական վերաբնակիչների համար։ Ավելին, նոր պահպանողական քաղաքագիտական առաջատար կենտրոններից մեկը Թուրքիային դատապարտել է «հակասեմական զրպարտանքների» համար, վարչակազմին կոչ է արել դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ և նրան հեռացնել ՆԱՏՕ-ից։ Պրոֆեսոր Էլիոթ Կոգանը գրում է, որ «իսլամիստական վարչակարգի, Եվրոպայից մերժված լինելուց դժգոհության, Թուրքիա որպես Մերձավոր Արևելքի առաջատար տերություններից մեկը ներկայացնող նորօսմանականության գաղափարախոսության զուգորդումը Թուրքիան թշնամական է դարձրել ոչ միայն Իսրայելի, այլև Ամերիկայի համար»։
Այնպես որ, անկասկած, «օսմանյան ուղին» վարդերով պատված չի լինելու։ Այն, անտարակույս, Թուրքիային, եթե նա խելքի չգա, կտանի կործանման։ Իսկ առայժմ Թուրքիայի իշխանությունները տարված են իրենցով, իրենց պլաններով ու իրենց առաքելությամբ։ Մեկուկես դար առաջ ռուսական Նիկոլայ Առաջին կայսրը, բրիտանացի դիվանագետի հետ զրուցելիս, Թուրքիան բնութագրել էր որպես «Եվրոպայի հիվանդ մարդ»։ Այսօր այդ պիտակը, ինչպես երբեք, լավ է սազում Օսմանյան կայսրության ժառանգորդին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ