Այո: Չնայած, դասական առումով, նրանք սկսվում են հերթական ընտրությունների հաջորդ օրը, այնուհանդերձ, Հայաստանում այս աշնանից «մոլեգնում» է քաղաքական-նախընտրական «տերտերը»:
Ընդ որում, սա առաջին ընտրությունն է լինելու, որտեղ երեք նախագահները կռվելու են նույն հարթությունում և, ըստ ամենայնի, բավականին անողոք, չնայած, եթե ֆորս մաժոր չեղավ, «նախկինները» հետ են քաշվելու (մանավանդ Քոչարյանը) խիստ սահուն, որքան համառ փորձում են առաջ գալ` ողջ ասպարեզը թողնելով Սերժ Սարգսյանին, ինչի նախադրյալներն արդեն իսկ ուրվագծվում են:
Բոլոր դեպքերում, ո՞ւմ «կոնյոկներն» ինչպիսիք են: Փորձենք դիտել:
«ՆՈՒ ԳՈՎՈՐԻ՜ ԺԵ, ՄԿՈ՜»
ՈՒ Մկոն «գովորիտ արեց»: ՈՒ չտվեց Սերժ Սարգսյանի անունը: Առայժմ: Բայց էականը դա չէր: Դրանով ԲՀԿ-ն, փաստորեն, փակեց Քոչարյանի առաջ գալը: Բայց` հերթով:
Այն, որ իշխանական տանդեմը, ի դեմս Սարգսյանների` Սերժ և Տիգրան, անչափ հետաքրքիր պարտիա է սկսել` «step by step» տարբերակով քաղաքական դաշտը վերցնելու, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Մի լուր տանք ու անցնենք առաջ. այս տանդեմի «արարքները» հաջորդ նյութերում դիտարկելու համար:
Այսպիսով, նախագահականը (դե, հասկանալի է` ով) խնդիր է դրել ուժեղացնել, շատ ուժեղացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Բոլոր հարթություններում: ՀՀԿ-ական: Վարչապետական: Գեոպոլիտիկ: Ներպոլիտիկ: Որ Քոչարյանը հետագայում, եթե հետ է քաշվում նախագահական «աթոռից» ու ընտրություններից, «նյու» վարչապետական հակումներ չդրսևորի: Ո՞վ գիտի։
Այո, վարչապետը խիստ սրընթաց գալիս է Չինու կողմերից և նույնքան սրընթաց արշավում է դեպ պարսից կողմեր` միջազգային սանկցիաների, Իսրայելի ու ԱՄՆ-ի սպառնալիքների տարափի ներքո, բայց, պարսից հող հասնելուց առաջ էքստեռն ռեժիմով երիտասարդների մի ողջ «փաթեթի» ՀՀԿ-ակացնում ու նոր է գնում «պարսու» արքունիքում իրեն ցույց տալու (դաշնակների ականջները խուլ, Քոչարյանինը` ընդհանրապես խուլ, որովհետև եթե էդ կողմերում «Զեթ» կառույցի, դեսի-դենի խնդիրներ Հո-Հի-դա-ն էր «լուծում», քաղաքական խնդիրներն ու «պապայությունը», բնականաբար, էքսնախագահ Քոչարյանի վրա էին), նույն արքունիքում Ահմադինեժադին տեսնելու:
Այնքան ու այնպես տեսնելու, որ Հայաստան գալուց հետո էլ, ոչ ավել-ոչ պակաս, սպասվող միջուկային ռմբակոծությունների իրանյան ֆոնին, արևմտամետ մեր գործիչ Սարգսյանը` Տիգրան, համարձակություն ունեցավ աջակցական խոսքեր շշնջալու պարոն Ահմադինեժադի վարչակազմի վերաբերյալ... ու տիկին Մարին` Յովանովիչ, խիստ ըմբռնումով մոտեցավ այդ մտքերին: Համենայն դեպս թույլ տրվեց, որ Տիգրան Սարգսյանն այդքան խաղա գեոդաշտում և այն էլ այնպիսի նուրբ երկրի հետ, ինչպիսին Իրանն է, և այնպիսի նուրբ թեմայով, ինչպիսին Ահմադինեժադն է: Դե, հիմա կարող է տիկին Մարին զբաղված էր Բայդենի երեսը պարզեցնելով, նրան «Յութուբներից» տուն տանելով, ամերիկյան հայ լոբբիի և Կոնգրեսում կրած պարտության հարցերով, այնուհանդերձ, որ Տիգրան Սարգսյանը «նոն ստոպ» տարբերակով ներխուժում է քաղաքական «բարձր սֆերաներ», այլևս ոչ թե կրկնելով` «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայնում, և սեր` ամեն ինչում», այլև «կադրային փոփոխություն, տասնօրյա ժամկետ, կոռուպցիոն բաներ», հասկանալի է դառնում, որ իշխանական երկյակը թափ է հավաքում` առաջիկա ընտրություններին ընդառաջ:
Ընդ որում, հետաքրքիր սրընթաց արշավանքների մեջ է նաև Սերժ Սարգսյանը` «պրիցելի» տակ պահելով ոչ միայն հարկային ու մաքսային մարմինները, երկրի ընդերքը, այլև բոլոր մարզերը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ճիշտ էր Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր, որ երկուսուկես տարում իսկապես ընդդիմությունը հերոսական գործ է արել` պայքարի լադը պահելով ձեռքին: Պարզապես վատն այն է, որ ընդդիմադիրների քաղաքական տեխնոլոգիաները մի քիչ մաշվել են. էդ «բստրումները» «Կարախանյան-գրիֆի» տակ տեղ չեն թողնում լուրջ վերաբերվելու ՀԱԿ-ի պայքարի մեթոդոլոգիային. «բստրականությունը» դառնում է նրանց համար ուղիղ ճանապարհ, իսկ հայտնի խոսք է, որ սուտ ասողի տունը կրակ է ընկնում, էլ ոչ ոք չի հավատում. իրենք թացն ու չորն էնքա՜ն են իրար խառնել, որ նույնիսկ ճիշտ խոսքը դադարում է ընկալուն դառնալուց:
Մի բան էլ. էն, որ իշխանություններն են ռուսական «ոտք» սիրում, դե, իհարկե, հասկանալի է` «օրհնված», մի կերպ կարելի է հասկանալ, բայց որ ՀԱԿ-ը, ի խորոց սրտի և խիստ պերմանենտ, այդ ոտքն է անվերջ վկայակոչում, նրա ողորմածությանն սպասում, բացարձակ անհասկանալի է, նախ որ, հրեն լավ էլ ռուսասեր իշխանություն ունենք, էլ էդտեղ ու էդ գաղափարին ընդդիմադիր այլընտրա՞նքը որն է: Եվ հետո, ՀԱԿ-ի գաղափարախոսական «կաստյակը»- ինտելեկտուալ տղերքն առավել ազատական, ասել է` արևմտյան և ոչ ռուսական արժեհամակարգի կրողներ են, էդ ո՞նց է ստացվում, որ «սենց» է ստացվում` օդում լիքը հարցեր թողնելով:
Մի բան լավ է, ու բոլորիս համար հույս կա, որ բանտարկված տղերքին ի վերջո կազատեն... եթե՜ իշխանություններն իմանան, թե ինչ մեծ քար են գցելու իրենց ուսերից: ՈՒ` մեր ուսերից:
Հասանք Մկոյենց:
Ակնհայտ է, եթե առաջին և երրորդ նախագահների դեպքում խաղը գրեթե պարզ է, երկրորդ նախագահի պարագան առավել է նուրբ այնքանով, որ վերջինս ցանկանում է խաղալ, իսկ խաղի դաշտ այս պահին նրա համար ոչ միայն նախատեսված չէ, այլև եղած առկա փոքր հնարավորություններն են սահմանափակվում:
Մի քանի կետերով: Նախ` նրա էլեկտորատը, որպես այդպիսին և որպես կազմակերպիչ մաս, բավականին տար-տղնված վիճակի մեջ է հայտնվել: Այդ էլեկտորատը բաղկացած է ԲՀԿ-ից, որոշակի օլիգարխներից, չինովնիկական որոշակի զանգվածից` ըստ ամենայնի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ, «քաղաքական մասը» Օսկանյանն է, որի վրա վերջերս կարծես ինչ-որ «դեղնություն է իջել». նա բացակայում է քաղաքական բանավեճից:
Օլիգարխների մասով տես հարակից նյութը: Ասել է` այնտեղ ընթանում է «ուդար-կոնտրուդար» մոդուլյացիան: Օսկանյանը, ինչպես ասացինք, լռում է, մնում է ԲՀԿ-ն:
Ա՜յ, ԲՀԿ-ի պարագան եղել և մնում է ոչ թե նուրբ, այլ նրբանուրբ: Այս կուսակցությանն ակամա դարձնելով ջոկեր բոլորի խաղում (չնայած ուկրաինական միտրոպոլիտի Սպիտակ հրավերքն արդեն վերջն էր. միտրոպոլիտը եկել էր Յանուկովիչի հրապարակը համ էլ դիտելու. հիշենք, որ նա չէր օրհնողը նախագահ ընտրված «մեր ընկեր Յանուկովիչին», «մեր ընկերոջը» նախագահ էր օծել Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը` Կիրիլը. ՈՒկրաինո պատրիարքը եկել էր երևի սուբլիմացնելու իր չարածը, իր հոգևոր անկախությունը մեզանում` Սպիտակի հրապարակում շեշտելու):
Եվ ուրեմն` ԲՀԿ առաջնորդն էն որ ասել էր, որ իրենք 50+1 են վաստակելու, Սերժ Սարգսյանը մի հանդիպման ժամանակ հարցրել էր նրան. Գագո՞, էդ ի՜նչ ես ասել: «Դե, նախագահ ջան, մի բան է, ասել եմ, էլի»: ՈՒ հարազատորեն ժպտացել էին «զմիմեանս»:
Եվ ընդհանրապես, ասել, որ նրանց հարաբերություններն ու ժպիտները միշերտանի են, միամտություն կլինի: Զորօրինակ, Կոլյաևիչը վերջերս հաճախ է նեղ միջավայրում ասում, որ Սերժ Սարգսյանի հետ ավելի հեշտ է աշխատելը, քան... «քա՜ն էի առաջ», զի նա (Սերժը) կարողանում է կոմպրոմիսի գնալ:
Բայց ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն այնպիսի մի հայտարարություն արեց օրերս, որը, ասում են, խառնել է բոլորի հաշիվները: Խոսքը ԲՀԿ-ի` սեփական թեկնածուով ընտրությունների գնալու, Գագիկ Ծառուկյանի «առանցք» դառնալու մասին է: Ասում են` նախագահականում խիստ «մի թավուր» են վերաբերվել սույն մտքակազմությանը:
Մի չհաշվե՞նք էդ «կազմությունը»: «Ա շտոժ»:
Նախ` ֆիքսենք, որ այս ամենի մեղավորը ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանն է: Չէ՜, ոչ այն պատճառով, որ ասել էր` երբ ուզենք, ինչպես ուզենք, ումով ուզենք կթուլացնենք ԲՀԿ-ն: Ամենևին ոչ: Պարզապես այս Ռազմիկը որտեղ նստում (բացի սովետական բանտերից), որտեղ վեր էր կենում, ասում էր` թող ԲՀԿ-ն ասի, ով է իր թեկնածուն, մանավանդ, եթե ուզում է 50+1 ստանալ. օրինակ, մեր և Արթուրի (ոչ թագավոր, այլ Բաղդասարյան) թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Դե, ԲՀԿ-ն էլ, քաղաքակիրթ, քաղաքականությունից հասկացող կուսակցություն, որպեսզի ազատվի զոհրաբյանական հետապնդումներից, տվեց իր թեկնածուի անունը:
Գագիկ Ծառուկյան:
Էդ դեպքից հետո բանասացների և փորձագետների կարծիքները սրընթաց կիսվել են: Մի մասը պնդում է, որ դա անչափ շատ է զայրացրել նախագահականին և նրա էմիսարներին. «Է՜ս ի՞նչ բան է»...
Մյուս, առավել խորունկ մասն էլ պնդում է` իսկ ինչո՞ւ ոչ: Իմա` իսկ եթե Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը փոխպայմանավորվա՞ծ գնան ընտրությունների: Մանավանդ որ մի նեղ շրջապատում Կոլյայիչն ասել է, որ միայնակ է գնալու ընտրությունների:
Ասել է` Կոլյայիչը փորձում է ստանձնել բուֆերի դերակատարություն: Այդ դեպքում և հաստատորեն նա դեպ իրեն կքաշի բողոքավոր-կրիտիկական հսկա մի զանգված: Հետո էլ` «ՈՒմ տակ ուզի, կդնի» այդ զանգվածը:
Օրինաչափորեն դա լինում են իշխանությունները: Չնայած բոլորը գիտեն, որ Ծառուկյանը շատ լավ հարաբերությունների մեջ է ընդդիմության, է՛լ առավել «Երկրապահի» որոշակի թևերի հետ: Եվ ընդդիմության հետ լավ հարաբերություններն այսօր չէ, որ այդպիսիք են: Ճիշտ է, այս պարագայում շատերը նաև վտանգ են տեսնում ապագա ընտրություններում Քոչարյան-Տեր-Պետրոսյան ստվերային միասնական խաղի, ինչի հավանականությունն անչափ փոքր է: Նախ, որովհետև իշխանությունն այսօր միգլխանի է, և այնպիսին չէ, ինչպիսին 2008-ին էր: Նման սցենար հնարավոր է լոկ ֆորս մաժորի դեպքում, ինչը նյութի սկզբում արդեն իսկ քիչ հնարավոր համարեցինք: Բայց քանի որ ասվում է` երբեք մի ասա երբեք, ապա ֆորս մաժորի դեպքում էլ հո չե՞ն կարող առաջին և երկրորդ նախագահները համաձայնեցված գործել. Քոչարյանն անմիջապես տեր կկանգնի ԲՀԿ-ին:
ՈՒ քանի որ ֆորս մաժորի հնարավորությունը փոքր է, ԲՀԿ հռչակված թեկնածուն, մի կողմից, խաղից հանում է (կարելի է, չէ՞, պատկերացնել, թե քոչարյանական «վերադարձի միֆին» սպասողները ո՜նց հիասթափված կլինեն Ծառուկյանի այդ հայտարարությունից) Քոչարյանին, մյուս կողմից` ինքը կդառնա լուրջ խաղացող (՞):
Իսկ ո՞վ կշահի այդ դեպքում։
Խորհուրդ նախագահականին` ծանր մի տարեք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ