38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սերը տիեզերքի ամենաուժեղ և իմաստուն իշխանությունն է

Սերը տիեզերքի ամենաուժեղ և իմաստուն իշխանությունն է
01.04.2024 | 14:45

Հակառակորդիդ նկատմամաբ առավելություն ձեռք բերելու և հաղթանակի հասնելու ոսկե կանոնը. «Տվեք մարդուն այն, ինչի կարիքը նա ամենաշատն ունի»:

Արևն ու քամին մի անգամ վիճում են, թե ով է իրենցից ավելի ուժեղ, և որոշում են մրցել, թե ով առաջինը կկարողանա մերկացնել անցորդին: Քամին սկսում է ուժեղ փչել անցորդի վրա` հարվածելով նրան օդի ուժեղ հոսանքներով: Բայց որքան ուժեղ էր փչում քամին, այնքան ավելի պինդ էր անցորդը կոճկում վերարկուն:

Երբ ուժասպառ եղած քամին հանձնվում է, արևը ջերմացնում է մարդուն իր շողերով: Անցորդը շոգում է և հանում վերարկուն:

Մենք շատ ավելիին կհասնենք, եթե փորձենք հասկանալ մարդկանց, բարի ու հանդուրժող, սրտացավ ու բարեհամբույր լինենք նրանց հանդեպ: Նման հարաբերությունները կարելի է նկարագրել մեկ պարզ բառով` «Սեր»:

ՍԵՐ

Սերը տիեզերքի ամենաուժեղ և իմաստուն իշխանությունն է: Որքան շատ սեր ենք նվիրում շրջապատին, այնքան ավելի արագ ենք հասնում մեր բոլոր նպատակներին և ավելի շատ էներգիա ենք ստանում շրջապատից:

Սերը հզոր ուժ է բայց գործնականում մարդիկ ընտրում են կոնֆլիկտի ճանապարհը: Նրանք ենթադրում են, որ պայքարն ավելի շուտ կհասցնի ցանկալի արդյունքի: Պայքարի միջոցով նպատակին հասնելն ավելի ազդեցիկ է թվում, իսկ նպատակին հասնողն այդ պարագայում` ավելի ուժեղ: Բայց կոնֆլիկտի միջոցով խնդիրների լուծումը միայն կարճաժամկետ արդյունք է տալիս: Հետագայում անխուսափելիորեն նոր, ավելի բարդ խնդիրներ են առաջանալու: Սիրուց ավելի հեշտ ու արդյունավետ ոչինչ չկա: Չէ՞ որ՝

«Մի կաթիլ մեղրով կարելի է ավելի շատ մեղուներ գրավել, քան՝ թույնի մի ամբողջ կճուճով»:

Միայն սիրո և ըմբռման վրա է կառուցվում մարդկանց միջև երկարաժամկետ վստահությունը:

Մենք, իհարկե, գիտենք ոսկե կանոնը` «Մարդկանց այնպես վերաբերվիր, ինչպես կուզես, որ քեզ վերաբերվեն»: Սա շատ կարևոր օրենք է, որը բավական մեծ օգուտ է տալիս: Բայց սա նաև իր հակառակ կողմն ունի: Բոլոր մարդիկ տարբեր են: Նրանց ցանկություններն ու կարիքները չեն համընկնում: Մենք չենք կարող շփման հիմքում դնել միայն մեր արժեհամակարգը: Այդ պատճառով էլ մենք պետք է մարդկանց այնպես վերաբերվենք, ինչպես նրանք ցանկանում են: Պետք է չվիրավորենք նրանց, այլ հասկանանք նրանց արժեհամակարգը:

Անհրաժեշտ է ուշադիր հետևել և ուսումնասիրել մարդկանց: Ամեն մարդ շրջապատին ազդակներ է հաղորդում իր ցանկությունների ու կարիքների մասին: Իսկական հանճարն այդ ազդակները բռնողն ու ճիշտ մեկնաբանողն է: Եթե կարողանում ենք դա անել, կկարողանանք նաև այնպես վերաբերվել մարդկանց, ինչպես դուր է գալիս նրանց, ոչ թե՝ մեզ: Նման հարաբերություններում մարդը, բազմությունը քոնն են, և հաղթանակը չի ուշանա:

Քսանչորս ոսկե ուղենիշ-կանոն` մարդկանց հետ հարաբերություններում շահած դուրս գալու համար

1. Ցանկացած հնարավորության դեպքում աջակցեք ու քաջալերեք մարդկանց: Գովեք, երբ նրանք նույնիսկ աննշան հաջողության են հասնում: Գովստի խոսքեր ասեք, դրանք նման են արևի շողերի, առանց դրանց մարդիկ մեծ հաջողությունների չեն հասնում և ձեզ օգուտ չեն բերի:

2. Մարդկանց միշտ իրենց դեմքը պահելու հնարավորություն տվեք: Երբեք ոչ մեկին մի վիրավորեք ու մի ծաղրեք: Ուրիշների սխալներին մեծ նշանակություն մի տվեք: Մի ինքնահաստատվեք այլոց սխալների վրա:

3. Մարդկանց մասին միշտ լավը խոսեք: Եթե մարդու մեջ որևէ դրական բան չեք գտնում, ավելի լավ է ուղղակի լռեք:

4. Ուշադիր հետևեք մարդկանց: Այդպես ավելի արագ կնկատեք մարդկանց ճիշտ գործերը:

5. Մարդկանց արարքներում միշտ ազնիվ մղումներ ու նպատակներ տեսեք: Բոլորին հաճելի է, երբ իրենց ազնիվ մարդ են համարում: Եթե ցանկանում եք մարդու մեջ դրական փոփոխություններ տեսնել, այնպես վերաբերվեք նրան, կարծես թե նա արդեն ունի այդ դրական հատկանիշները: Այդ դեպքում նա կներդնի բոլոր ջանքրը, որ չհիասթափեցնի ձեզ:

6. Հնարավորինս քիչ քննադատեք մարդկանց: Քննադատությունը պետք է վերաբերի նրա արարքներին, ոչ թե` նրա անձին: Ամեն կերպ ցույց տվեք, որ նրան լավ եք վերաբերվում և ցանկանում եք օգնել:

7. Թույլ տվեք մարդկանց, որ զգան իրենց կարևորությունը: Սեփական ուժեղ կողմերն ընդգծելու փոխարեն ընդունեք սեփական թուլությունները: Եթե ցանկանում եք թշնամիներ ձեռք բերել, ցուցադրեք նրանց ձեր գերազանցությունը: Իսկ եթե ցանկանում եք ընկերներ ձեռք բերել, չվարվեք նման կերպ:

8. Եթե սխալ եք թույլ տվել, ներողություն խնդրեք: Եթե սպասում եք, որ ձեզ քննադատելու են, նրանցից առաջ անցեք և առաջինն ընդունեք ձեր սխալը:

9. Հրամաններ արձակելու փոխարեն առաջարկներ արեք: Այդ կերպ կկարողանաք համագործակցային միջավայր ստեղծել` դիմադրություն չառաջացնելով:

10. Ըմբռնումով մոտեցեք այն հանգամանքին, որ երբեմն շրջապատի մարդիկ կարող են դյուրագրգիռ լինել: Նյարդայնությունը հաճախ ազդանշան է, որ մարդն օգնության կարիք ունի: Կարեկցանք ցուցաբերեք մարդկանց հանդեպ, նրանք ունեն դրա կարիքը:

11. Հնարավորինս քիչ խոսեք: Ուրիշներին արտահայտվելու հնարավորություն տվեք և լավ ունկնդիր եղեք:

12. Ստիպեք դիմացինին հավատալ, որ դա իր գաղափարն է: Եթե լավ գաղափար է, կարևոր չէ, թե ով է առաջինը հնչեցրել այն:

13. Մի ընդհատեք խոսողներին, եթե նույնիսկ կարծում եք, որ դուք ճիշտ եք: Նրանք, միևնույն է, ձեզ չեն լսելու, մինչև չասեն իրենց ասելիքը:

14. Փորձեք ամեն ինչին նայել դիմացինի աչքերով: Մի հնդկական ասացվածք կա` «Մի մղոն անցիր ընկերոջդ կոշիկներով»: Միշտ վերլուծեք` ինչով է պայմանավորված դիմացինի պահվածքը: Ամեն ինչ հասկանալը ձեզ կբերի հաղթանակ:

15. Երբեք մի փորձեք ապացուցել, որ դուք ճիշտ եք, եթե նույնիսկ դիմացինից ավելի խելացի եք: Համաձայնեք, որ հնարավոր է` դուք սխալվում եք: Արդյունքում, դիմացինը ինքնուրույն կհամոզվի, որ դուք իրավացի եք:

16. Հաճախ նվերներ արեք, նույնիսկ՝ առանց առիթի: Ստեղծարար մոտեցում ցուցաբերեք մարդկանց ուրախացնելու համար:

17. Եթե ձեզ հակաճառում են, զսպեք ձեր հույզերը: Սկզբից լսեք մարդուն: Նրա ասածի մեջ գտեք այն կետերը, որոնց հետ համակարծիք եք: Ինքնաքննադատաբար մոտեցեք զրույցին: Խոստացեք զրուցակցին մտածել նրա ասածի մասին և շնորհակալություն հայտնեք:

18. Իրական հետաքրքրություն ցուցաբերեք մարդկանց: Գործեք հետևյալ կարգախոսով. «Հետաքրքրվիր մարդկանցով` նրանց մոտ քո հանդեպ հետաքրքրություն առաջացնելու փոխարեն»: Ցույց տվեք նրանց օգտակար լինելու ձեր պատրաստակամությունը:

19. ժպտացեք մարդկանց: Ոչ ոք այնքան չունի ձեր ժպիտի կարիքը, որքան այն մարդիկ, որոնք հիմա ընդհանրապես ժպտալու ցանկություն չունեն:

20. Մարդկանց միայն ամբողջական անունով դիմեք, դա հարգանքի նշան է:

21. Սովորեք իրավիճակին հետևել նաև ուրիշների աչքերով: Ավելի հաճախ ձեզ հարց տվեք. «Ինչ են իրականում մարդիկ ցանկանում: Ինչո՞վ կարող եմ ես նրանց ուշադրությունը և վստահությունը գրավել»:

22. Աշխատեք այնպես անել, որ ձեզ հետ զրույցից հետո մարդկանց տրամադրությունը բարձրանա, դրականորեն փոխվի ձեր հանդեպ վերաբերմունքը:

23. Սովորեք ներել: Հիշաչար մի եղեք:

24. Մի ափսոսացեք հաճոյախոսությունը: Բայց այն չպետք է նման լինի քծնանքի:

Ոմանք այս կանոններն օգտագործում են բացառապես սեփական նպատակներին հասնելու ձգտումով, բայց դրանք պետք է օգտագործվեն մեր ազգային նպատակներն իրագործելու համար:

Երբ ծաղիկները թոշնում են, դրանք վրձինով չեն ներկում, որ թարմ ու գրավիչ տեսք ունենան, այլ սնուցում և ջրում են:

Այս կանոնների ոգին այն է, որ տանք մարդկանց այն, ինչի կարիքը ունեն, և այդ մարդկանց հետ հասնենք հաղթանակի:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ