Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արդի պայմաններում հոգևոր Հայաստանի վերակերտման հնարավորություններն ու առանձնահատկությունները

Արդի պայմաններում հոգևոր Հայաստանի վերակերտման հնարավորություններն ու առանձնահատկությունները
13.02.2024 | 20:56

ՈՒղիղ հարյուր տարի առաջ հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը մինչև այսօր չվերծանված «Հոգևոր Հայաստանի» նպատակ գաղափարն առաջադրեց ։

21 –րդ դարում անկախ Հայաստանի Հանրապետության գոյության ու գործունեության նոր մարտահրավերներին հանդիման և միաժամանակ Սփյուռքի աշխարհագրության, ցավոք, ավելի տարածականացման պայմաններում կրկին առաջնահերթ է դառնում տերյանական «մեկ միասնական Հոգևոր Հայաստանի» վերակերտման խնդիրը պատմական հայրենիք Հայաստան-Ավետյաց Երկիր կենտրոնով, որի, թեկուզ, մեկ տասնամյակով ուշացումն արդեն անուղղելի կլինի, որովհետև Սփյուռքի հերթական սերունդը ևս անդեմ կտարրալուծվի գլոբալիզացիոն շառավղում։ Իսկ ՀՀ-ի և, ընդանրապես, հայ ժողովրդի շահերը համաշխարհային մշակույթին ինտեգրում ենթադրում են միմիայն սեփական արժանապատիվ կեցվածքով ու ազգային ինքնատիպ կոլորիտով ։ Թեև Սփյուռքի տեղերում հայ համայնքներ են գործում, այն Սփյուռքի համար ընդամենը գաղափարական և վիրտուալ հասկացություն է, որովհետև չեն ապահովվում անչափ կարևոր բաղադրիչների համաձուլումը։
Այս խնդրի հրատապությունն ու լուծման անհրաժեշտությունը լրիվ խորությամբ պիտի գիտակցեն և ընդ որում անվերապահ համագործակցեն ՀՀ ներկա և գալիք բոլոր կառավարությունները՝ համապատասխան կառույցներով և Սփյուռքում գործող մշակութային բազմաբնույթ ընկերությունները, Սփյուռքի հայ համայնքները, մեր հասարակության ինտելեկտուալ խավը։
Դա, իհարկե, ամենևին հեշտ աշխատանք չէ։ Աշխարհակալ Հոգևոր Հայաստան կայսրության հիմքերը կառուցելու համար նվազագույնը մեկ տասնամյակի խիզախում և տքնաջան աշխատանք է պահանջում այդ վեհ գործին լծված երդվյալներից ու համապատասխան բազմաբնույթ մասնագետներից , որը, սակայն հնարավոր է համազգային ախտ դարձած թայֆայաբազության գործելակերպի բացարձակ մերժման և միայն մշակութային իրական արժեքների շրջանառության դեպքում։ Որովհետև հաստատված և ճանաչված համաշխարհային մշակութային արժեքների հետ մրցակցության քննություն կբռնեն լոկ մեր սրբագրված, իսկական ճշմարիտ արժեքները: Բոլորիս հայտնի այդպիսի օրինակ է մեր դուդուկի հոգեսույզ վարպետ կատարումների օգտագործումը այլազգի ռեժիսորների ամենևին ոչ հայկական մոտիվներով նկարահանված ֆիլմերում։ Եվ այդ գնահատումը, ես համոզված եմ, ազգային ինքնագիտակցության հպարտությամբ է ներարկում թե՛ անգլախոս, թե՛ ռուսախոս, թե՛ ֆրանսախոս և մյուս բոլոր հայկազուն երիտասարդների սրտերը: Աշխարհի մշակութասեր հասարակությանը և Սփյուռքի ծաղիկ երիտասարդությանը միմիայն ճշմարիտ արժեքներով մենք կարող ենք հետաքրքրել ու գրավել։ Ընդ որում, հայազգի յուրաքանչյուր երիտասարդի՝ որպես կարևորագույն միավորի, անպայման ընդգրկումը համազգային մշակութային դաշտում , կարելի է ասել, այսուհետ պարտավոր է լինել ՀՀ արտաքին քաղաքականության և մասնավորապես Սփյուռքի (ցավոք, այլևս չկա ) ու ԿԳՄՍ նախարարությունների դիտակետում։

Անցած տասնամյակում ՀՀ Սփյուռքի նախարարության ստեղծումն ու գործունեությունը Հոգևոր Հայաստանի վերակերտման ուղղությամբ արդեն լուրջ , գործնական քայլ էր։ Անարդյունավետության խնդիրը, կարծեմ, մեր ընդհանրական այլասերված մենթալիտետի մեջ է։ Ցանկացած վեհ գաղափար և գործունեություն ճարպկորեն վերափոխելու, պլակատային դարձնելու և այսրոպեական շահ ստանալու նման այլ «ժուլիկություններից» հրաժարվելը մեր օրերում արդեն հրամայական պահանջ է։ Թե՛ Հայաստանի բնակչությունը, թե Սփյուռքի մեր հայրենակիցները հիասթափվում և հուսախաբվում են պետական գործիչների, ԱԺ պատգամավորների «օլիգարխացումից»՝ սանձարձակության, շվայտության, ստախոսության բազմաբնույթ դրսևորումներից։

Օրինակ, մանսավորապես «Արի տուն» այնքան գեղեցիկ ծրագրում , ցավոք, անտեսվել էր բարոյական մթնոլորտի կարևորությունը։ Հյուր եկած հայորդիներին ու օտարներին պարզապես թալանեցին… ցածրորակ սպասարկման անչափ բարձր գներով։
Կրկնում եմ՝ Ավետյաց Երկիր Հայաստանը սրբավայրի նշանակություն պիտի ունենա նախ կառավարության և հայաստանյան հասարակության համար , փոխադարձ հարգանքի, իրավունքների և պարտավորությունների ճանաչմամբ ու կատարմամբ։ Վստահության կամուրջներ նախ և առաջ պիտի ստեղծվեն հասարակության տարբեր խավերի, իշխանությունների ու ժողովրդի միջև։ Եվ դրա ամենաառաջին ցուցանիշը , իհարկե, անկախության այս աբսուրդ և համազգային աղետ դարձած արտագաղթի նվազումը կլինի։ Քանի դեռ ցրվում ենք՝ հավաքվելու, գումարվելու, ի մի գալու մասին խոսելն անհեթեթություն է։
Ապշեցուցիչ է, որ համաշխարհային տնտեսությանն ու , ընդհանրապես, քաղաքակրթությանը համարձակ ինտեգրվող երեսնամյա Հանրապետությունում վերից վար առայսօր չեն գիտակցել , որ ՀՀ-ում այլևս չկան փակ համակարգերին հատուկ տեղական նշանակության խնդիրներ, որոնք կարել էր սազացնել «մերոնք» խմբի ուժերով։ Այդպիսի բաց համակարգում, երբ ամեն ինչ ներկրում ենք ՝ ընդհուպ հոգևոր «արժեքները» , նույնիսկ շինափայտի նշանակության մեկ ծառի հատումը որպես վառելափայտ, նույնիսկ մեկ հեկտար վարելահողի չօգտագործումը , նույնիսկ հնարավոր փոքր արտադրության ժամանակին չստեղծելն ու չգործարկելը ընդամենը մեկ երիտասարդ հեռանկարային կադրի հեռանալը հայրենիքից , ժամանակին մեկ լավ գրքի չհրապարակվելը ․․․համաշխարհային մրցակցությունում մեր հերթական պարտություններն են , որոնք ընդհանուր առմամբ մեր մշակութային «պապուասության» հետևանքն է։

Այսինքն՝ քաղաքակրթության շեմից նոր ներս մտած, կառուցման փորձ և պետական մտածողություն չունեցող կիսագրագետ վայրենիների նման ի վիճակի չենք մեր հոգևոր , նյութական պաշարներն ու հնարավորությունները ճիշտ՝ ի նպաստ պետության և ժողովրդի օգտագործել։
Ախր բոլորս էլ մանկուց գիտենք, որ մշակույթը ընդհանրապես շատ ավելի տարածական ու բազմաշերտ հասկացություն է , քան երգ ու պարը, ծափն ու ծիծաղը, ինչպես առ այսօր թյուրիմացաբար ընկալում են «հարգարժան» ոմանք։ Այս ամենը, թեկուզ ուշացումով, դեռևս հնարավոր է շտկել կադրային ճիշտ քաղաքականության և գիտակցված ընտրությունների միջոցով․ միշտ նախապատվությունը այսուհետ տալով գիտելիքին ու փորձառությանը, ճշմարիտ հայրենասիությանն ու «խալխի նոքար» լինելու պատրաստակամությանը։
Ըստ կարողության և մտահորիզոնի, ոչ ըստ ցանկության, ճիշտ քաղաքականության մասին է ժողովրդական հետևյալ ավանդազրույցը։
․․․Ժամանակին մի արդարադատ թագավոր քաջությամբ, հնարամտությամբ և հմայքով միմյանց չզիջող երկու որդի է ունենում։ Ինչպես բոլոր մահկանացուները՝ այս թագավորն էլ պատկառելի տարիք առնելով, ցանկանում է երկիրն ու թագը հանձնել արժանավորին ։ Սակայն երկար ժամանակ չի կարողանում կողմնորոշվել։ Վախենում է սխալ ընտրությունից , երկրի ճակատագրի հետ խաղալուց ։
Ամիսներ անց, երբ երկիր ներխուժած հերթական խուժանին զորքով վռնդում են երկրի հյուսիսային սահմաններից , որին արքան ևս մասնակցում էր, վերադառնալիս հանգստանում են մի հարթավայրում ։ ՈՒժով, եռանդով լեցուն երկու արքայազն էլ ձիավարում, մրցում են, սարահարթը մի քանի անգամ կտրում-անցնում։ Երբ սրանք վերադառնում են, զգոն արքան յուրաքանչյուր անգամ հարցնում է տեսած-լսածից։
Ավագը պատմում է , որ սարահարթի մի անկյունում անծանոթ , անչափ բարետես ու սաղարթախիտ , երկնուղեշ ծառեր կան , առաջարկում է դրանցից մի քանիսը հանել , տեղափոխել և թագավորական ապարանքի մոտ տնկել։ Կրտսեր որդին էլ ավելացնում է, թե ինքն էլ այդ ծառերի շրջակայքի հողն ուսումնասիրել է, այն բարեբեր սևահող է, որը նաև բավարար խոնավություն ունի։ Իր կարծիքով՝ մոտակայքում ստորերկրյա ջրեր են հոսում։ Այդ ջրի երակը գտնելու և ջրհոր կառուցելու դեպքում այստեղ կարելի է բնակավայր հիմնել, ամրոց կառուցել, որ սահմանակից թշնամիների դեմն այսուհետ առնողներ լինեն, այլևս երկիրը փրկվի ասպատակումից։
Այս խոսքերը լսելով՝ հայր արքան համբուրում է կրտսեր զավակի ճակատը։ Ապա իշխաններին և զորքին շարք է կանգնեցնում, իր գլխից թագը հանում, կրտսերին թագավոր է կարգում, թագադրում և ուրախ սրտով վերադառնում պալատ:
Ընթերցողս , երևի, հասկացավ, որ փորձառու արքան իր սիրասուն որդիներից նախապատվությունը տվեց ստեղծագործական մտահորիզոնով օժտվածին, եղածին մի բան ավելացնողին, պետության անվտանգության մասին մտածողին։ Հազարամյակներ շարունակ մեր նախնիներն այդպես են երկիրը պահել։ Մեր օրերում այդ կարևորագույնի արհամարհման պտուղները բոլորս առ այսօր «վայելում» ենք։ Սակայն ժամանակն է ապավինել հազարամյակների ընթացքում ապացուցված և սրբագրված մեր Գոյաբանական Կոդի սկզբունքներին ու արժեքներին ։
Հոգևոր Հայաստանի վերակերտումը հնարավոր է միմիայն ՀՀ-ն օրինակելի երկիր դարձնելու , ներքին իրավիճակը շտկելու և համազգային կարգապահության ռեալ հիմքերի վրա։ Ախր, աշխարհն ու Սփյուռքը մեզ շատ լավ տեսնում են, դատարկ խոսքը իրական գործից տարբերում են։ Մենք հաճախ ինքներս մեզ չենք տեսնում, մեզ չենք գնահատում միջազգային դիտակետից և չափանիշներով։
Եվ սա պիտի լինի ընդհանրական համազգային գաղափարախոսությունը. հայրենիքի վերկանգնման ու բարգավաճման նպաստումը, հնարավորինս անկախ և անվտանգ հանրապետության կառուցումը, Հայաստանի բնակիչների համար սոցիալական նորմալ պայմանների ստեղծումը։

Այս ամենը, իհարկե, կրկնում եմ , միայն հնարավոր է հայրենանպաստ իշխանություններ ունենալու դեպքում։ Աքսիոմա է, որ բոլոր մարդիկ ցանկանում են ապրել ժողովրդավար երկրում և արժանապատիվ կյանքով։
Եվ ընդհանրապես , միավորման և ժողովրդավարացման գործընթացը պետք է սկսել վերջ տալով բոլոր արհեստական բաժանումներին՝ կիրառել միմիայն միասնության սկզբունքը։ Մեկ հայրենքի և մեկ ժողովուրդ, մեկ իշխանություն և մեկ ընդդիմություն, մեկ կրոն և մեկ լեզու, մեկ գաղափար և մեկ հավերժություն:
Պարտադիր պայման է աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր միավորի՝ անհատի ներգրավումը հայրենի մշակութային դաշտում։ Աշխարհասփյուռ հայազգի երիտասարդության համախմբումը հոգեբանական տեսանկյունից նույնպես հնարավոր է, որովհետև յուրաքանչյուր անհատ իր ձևավորման տարիքում անխտիր ցանկանում է ճշտել իր «ով» լինելը։ Մշակույթի գործիչներս պարտավոր ենք պատասխանել հայկազուն երիտասարդների այդ հարցին և նրանց յուրաքանչյուր առիթով հպարտանալու, վեհանալու հնարավորություն ընձեռել՝ քաջ և ազատասեր Հայկի հետևորդն ու տաղանդաշատ հայ ժողովրդի մշակույթի ժառանգորդը լինելու կապակցությամբ։ Հանճարեղ պատմահայր Մովսես Խորենացին «Հայոց պատմության» նախաբանում սերունդներին և հազարամյակներին ուղղված խոսքում ամրագրել է այդ ազգապահպան և սերունդներ դաստիարակող կարևորագույն սկզբունքը. «․․․թեև մենք փոքր ածու ենք, սակայն մեզանում էլ հիշատակման արժանի մեծ գործեր են կատարվել․․․»։ Ընդ որում, մեր օրերի համեմատությամբ առավել ահեղ ժամանակում Խորենացու գործը հնարավոր դարձավ պետական իմաստուն և հեռատես գործիչների՝ Գյուտ կաթողիկոսի և իշխան Սահակ Բագրատունու երկարատև հովանվորչության միջոցով:

Այսօր ես ցավով, տխրությամբ ու ամենայն շփոթմունքով եմ ընկալում մշակույթի ասպարեզը հեղեղած «հեղինակավոր» դիլետանտների, նրանց հովանավորների գործունեությունը, որոնք բառացիորեն անտեսել են Մեծերի կողմից սերունդ կրթելու և վեհացնելու ազգապահպան առաքելության պատգամը՝ դրանով իսկ վտանգելով նորաստեղծ պետականության անվտանգության հիմքերը։
Անչափ կարևոր է յուրաքանչյուր հայորդու սրտում ներարկել պաշտամունքը մայրենի լեզվի նկատմամբ։ Պարտադիր է ուսուցանել նաև լեզվի գրավոր տարբերակը, որը, իմ խորին համոզմամբ, մեր միասնության և ընդհանրության կարևորագույն երաշխիքն է։
Չի կարելի մոռանալ այն պատմական փաստը, որ դեռ երկու հազար տարի առաջ Արտաշես Մեծը պատմական Հայաստանի սահմանները գծեց հայալեզու ցեղերի՝ հայախոս տարածքների միավորման միջոցով։
Գուցե այսօր հարկ է նաև բարձրաձայնել մեր չնաշխարհիկ լեզվի՝ ամբողջ աշխարհի համար խիստ գիտական նշանակությունը։ Այն շատ հին լինելով ՝ իր շերտերում պարունակում է բազմաթիվ հասկացությունների բացատրություններ։ Օրինակ, այլոց կողմից զուտ մեխանիկորեն օգտագործվող «արիացի» -ն հայերենով այնքան գեղեցիկ բացատրություն ունի։ Խոսքը արի արևապաշտների մասին է:

Մեր լեզվի խորքերում պահպանված է նաև ժողովուրդների տեղաշարժերի ժամանակագրությունը, որը նույնպես դեռևս խորությամբ չի ուսումնասիրվել։
Ես , որպես հայ գրող, իմ պայքարի դաշտը տեսնում եմ մեր լեզվի ու գրականության տարփողման , արժևորման ու ճշմարիտ արժեքների մատուցման ասպարեզում։ Այս առումով խիստ անհրաժեշտ եմ համարում հայ մամուլի գոյությունը Սփյուռքի համայնքերում։ Որովհետև հատկապես գրական լեզուն նաև պիտի օգտագործվի, անընդհատ կիրառվի, որ չմոռացվի և պահպանվի լեզվամտածողությունը, որ հայության զգացողության նախապայմանն է անհատի հոգեվիճակում։ Ընդ որում, միայն մեր լեզվի օգտագործման միջոցով կարող ենք առնել նախաջրհեղեղյան Դրախտի համն ու հոտը, որը յուրահատուկ է միմիայն հայերենին։
Հոգևոր Հայաստանի աշխարհակալ կայսրության ձևավորման համար կարևորագույն պայման եմ համարում յուրաքանչյուր հայորդու գիտակցությունում Հայաստան հայրենիքը որպես Ավետյաց Երկիր դիտարկելու ՝ անպայման վերադառնալու և բնակվելու հստակ որոշումն ունենալը։ Սա կլինի մեր ընդհանրության և միասնության կարևորագույն բաղադրիչը՝ Համազգային Գաղափարի նախապայմանը։
Գործնական տեսանկյունից անչափ կարևոր է մեր ազգային արժեքները բազմալեզու հրատարակումների, ինտերնետային կայքերի , տեսահոլովակների ու ձայներիզների միջոցով նպատակամետ, պարբերական և համախմբված կիրարկումը։ Դա կարելի է կատարել պետական համապատասխան կառույցների համագործակցված հովանավորչությամբ նվիրյալների միջոցով , որոնք արդեն սկզբունքորեն կայուն են և մեծ փորձ, իմացություն և կոփվածք ունեն ճշմարիտ արժեքների գնահատման ու ներկայացման, վերոնշյալ համազգային աղետ դարձած մշակութային ճղճիմությունների, գրական խայտառակությունների դեմ պայքարում։
Մենք այնքան ահռելի արժեքավոր մշակութային ժառանգություն ունենք, որ կարող ենք անհատին ՝ թե՛ հայազգի, թե՛ օտարազգի, իր ողջ կյանքում պահել մեր հոգևոր ազդեցության ասպարեզում։ Եվ համացանցն այսօր դրա հնարավորություններն ընձեռնում է։ Պարզապես պետք է ստեղծել Յութուբյան, Ֆեյսբուքյան, Ինստրագամյան , Տիկ-Տոկյան հավելվածներ , որտեղ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն լեզուներով հինգ կամ տասը րոպենաոց հաղորդումների անոնսներ՝ հղումներ են ուղարկվում հետևորդներին։ Նման հաղորդումների թեմաներից կարող եմ հուշել ՝ Ջիվան Գասպարյանի դուդուկի կատարումները, մեր օրերում աշխարհը գրավող տաղանդավոր երիատասարդ քանոնահարուհի Մարիաննա Գևորոգյանի կատարումներից, թավջութակահար աշխարհառչակ հայերի կատարումներից, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրայն, Էդվարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան ․․․Եվ , իհարկե, Մեծն Կոմիտաս:
Նկարիչներից Այվազովսկուն, Սուրենյանցին, Արշիլ Գորկուն, Գառզուին:
Մեր հնությոններից՝ Զվարթնոց , էջմիածին, Սանահին:
Սահակայնցի մուլտֆիլմերից:
Հայերեն մեր գրականության Մեծերից ասմունքի կատարումներ:
Ախր ամենը նվաստս չի կարող իմանալ և ոչ էլ մի հոդվածի սահամններում ասել։ Սա թիմային աշխատանք է , լուրջ աշխատանք է։ Որը, սակայն, անհապաղ անհրաժեշտ է կատարել։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Մեկնաբանություններ