Քնից արթնացողն այսօր խոսում է պատերազմի, Արցախի ու հայրենիքին օգտակար լինելու մասին: Ռազմական փորձագետների, դիվանագետների ու քաղաքական գործիչների հովերով տարված՝ սոցիալական ցանցերում «դարակազմիկ» մեկնաբանություններ են սփռում փափուկ բազմոցների մեջ հարմար տեղավորված ամենագետները: Իրար դասեր տալու շքերթ ասես լինի, ամենագետի կեցվածքով՝ ով հասցնում, հորդորում, կոչ է անում ու մատ թափ տալիս մյուսի վրա: Բացի դատարկաբանություններից այս օրերին հաճախ հանդիպում ենք նաև «Իսկ դու այսօր ի՞նչ ես արել հաղթանակի համար» բովանդակությամբ գրությունների:
Մեղադրական եզրակացության տոնայնություն ունեցող շարադրանքի հեղինակները, ցավոք, հիմնականում պաշտոնատար անձինք են: Ամեն բան ժողովրդի ուսերին գցող չինովնիկները նախընտրում են կիսամուննաթ տոնով հռետորական հարցեր տալ, քան թե գործ անել: Մոտ երեք տարի առաջ Երևանի տարբեր փողոցներում «Իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար» գրությամբ պաստառներ հայտնվեցին ու միանգամից բացասաբար ընդունվեցին հասարակության կողմից, քաղաքային իշխանություներին էլ կոչ արվեց՝ բոլոր տեղերից հեռացնել պաստառները:
«Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից: Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար՝ անկախ պաստառներից»,- Facebook-ի իր էջում գրել էր Մխիթար Հայրապետյանը։
Այժմ բավարար կամք ու համարձակություն կունենա՞ իմքայլական պատգամավորը թիմակիցներին նույն բանն ասելու։ Իսկ հաղթանակի համար ինչ-որ բան անողները այսօր ո՛չ պաստառների կարիք ունեն, ո՛չ էլ կոչերի ու հորդորների։ Կոմունալ ծախսերը ժամանակին վճարելուց մինչև առաջնագիծ տաք գուլպաներ ուղարկելը հաղթանակ կերտող քայլ է: Որևէ մեկը դիմացինին ինչ-որ բան հասկացնելու կամ պարտադրելու իրավունք պարզապես չունի, ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչպես նեցուկ լինել պետությանը: Ինչը, որտեղն ու երբն ամենքիս խղճի ու մտքի որոշելիքն են, հետևաբար մեզնից որևէ մեկը մյուսին հայրենասիրության դասեր տալու իրավունք չունի: Իսկ հաղթանակը, անկասկած, մերն է լինելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ