ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սֆինքսն ասաց, որ ոչինչ չի ասելու

Սֆինքսն ասաց, որ ոչինչ չի ասելու
09.11.2012 | 12:54

Թեթև սրտով ու գոհունակ կարող էի գրել` Սֆինքսը վերջապես խոսեց, վերջ անորոշությանը, ԲՀԿ-ն տեսակետ հայտնեց: Կարող էի: Եթե ԲՀԿ-ի քաղաքական ասպարեզ նետված հայտարարությունը լիներ պաշտոնական և ներկայացվեր իբրև կուսակցության տեսակետ, այլ ոչ թե բարձրաձայնվեր ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարի անունից, և բացառված լիներ, որ կարող է հաջորդել «անձնական տեսակետ է հայտնվել» ռեֆրենը: Եթե նոր առաջարկը բխեր ԲՀԿ-ի անցած տարիների օրենսդրական գործունեության տրամաբանությունից: Եթե այս հայտարարությունը չավելացներ անորոշությունը: Եթե, վերջապես, մեկ քայլով ԲՀԿ-ն մի քանի հարց չլուծեր քաղաքական ասպարեզում, որով այդ քայլը դառնում է ոչ այնքան քաղաքական, սկզբունքային, իրավական, որքան կոնյունկտուրային: Եթե ակնհայտ չլիներ, որ այդ քայլը ձեռնտու է մի քանի անձանց միաժամանակ, բայց չի լուծում ոչ մի հարց հիմա: Եթե ակնհայտ չլիներ, որ ԲՀԿ-ն փորձում է ինչ-որ բան ասել` ոչինչ չասելու համար:

Խորհրդարանական կառավարման, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման տեսակետներն անգամ նորանկախ Հայաստանում նորություն չեն, և քանիցս բարձրաձայնել են այլ կուսակցություններ: Դեռ անցյալ դարից: Այլ երկրների օրինակներ են բերվել, որտեղ գործում է խորհրդարանական կառավարման մոդելը: Կազմվել է առավելությունների ու թերությունների հաշվեկշիռը: Խորհրդարանական կառավարումը համարվել է առավել ժողովրդավարական, հակակշիռների և զսպումների առավել գործուն մեխանիզմ, և այլն, և այլն: Իսկ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցման անհրաժեշտություն իրենց նախընտրական ծրագրերում նշել կամ ընդունել են համարյա բոլոր կուսակցությունները, մի մասը պայմանավորել է ժամանակով, համարելով, որ վաղ է 100-տոկոսանոց համամասնականի անցնել, որ մեծամասնականը դեռ գոյության իրավունք ունի տարբեր հիմնավորումներով` ընդունելի կամ վիճելի: Այս տեսական-քաղաքական հարցերը նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետից մեկ ամիս առաջ քաղաքական ասպարեզ նետելը նման է այդ ասպարեզից նվազագույն կորուստներով և հնարավորինս դեմքն ու դիրքը պահպանած հեռանալուն: Համարյա` նահանջ երգով: Նոր մարտից առաջ` ուժերը պահպանելու համար:
ԲՀԿ-ն իրազեկում է քաղաքական դաշտը համախմբելու իր մտադրության մասին. «Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից ևս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության լուրջ գաղափարական հենք»: ՀՀ սահմանադրությամբ նախատեսված է նախագահի պաշտոնավարումը 5 տարի ժամկետով, իսկ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով` «Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013 թ. ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը 4 տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները (2017 թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք դնելու նոր համակարգի»: Բայց Սահմանադրությանը հակասելը, ակներևաբար, առանձնապես հանցանք չէ մեր երկրում, մանավանդ եթե խնդիր է դրվում նոր համակարգի անցումը: Ամբողջ խնդիրը հենց այդ նոր համակարգն է: Փաստը մնում է փաստ, որ նախագահական և կիսանախագահական կառավարման մոդելները Հայաստանում լիարժեք չեն գործում մեկ պարզ պատճառով` և՛ հիմնական օրենքը, և՛ մյուս օրենքները կիրառվում են խտրականորեն:

Ի՞նչ երաշխիք, որ խորհրդարանական կառավարումն ապահովելու է օրենքների գերակայություն: Ի՞նչ երաշխիք, որ խորհրդարանական կառավարման պարագայում խորհրդարանական ընտրություններին նոր մարտի 1 չի հաջորդի: Խորհրդարանական կառավարումը կկանխի կոռուպցիան: Որ խորհրդարանական կառավարումն ավելի գործունակ է և արդյունավետ չավարտված պատերազմի պարագայում: Տեսական խորհրդածությունների դաշտ չմտնելու համար ընդամենն արձանագրենք, որ կառավարման ցանկացած մոդելի արդյունավետության պարտադիր պայմանը քաղաքական կամքն է:
Քաղաքական ուժերը, ինչպես և ծրագրված էր, պատրաստակամություն են հայտնել քննարկելու ԲՀԿ-ի առաջարկը: Բացի ՀՀԿ-ից: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ` որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը` հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»:
«Ժառանգություն» կուսակցությունը բաց է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլև մյուս կուսակցությունների հետ քննարկելու պետական կառավարման խորհրդարանական համակարգի և 100 տոկոս համամասնական ընտրակարգի մասին կարևոր հարցերը»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
ՀՅԴ-ն, որ վաղուց է խոսում խորհրդարանական կառավարման ու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, ողջունել է ԲՀԿ-ի առաջարկը. «Բնականաբար, այս հարցերի շուրջ նրանց հետ կոնսուլտացիաները հնարավոր են: Իսկ մանրամասներն արդեն ՀՅԴ ԳՄ գործն է»:
ՀԱԿ-ը, ի դեմս խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, կարևորել է «քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, մի կողմ թողնելով անձերին» և տեղնուտեղը առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին. «Մենք ունենք հզոր, կոնսոլիդացնող թեկնածու, որը, համոզված եմ, նշածս մարտահրավերի դեմ կարող է պայքարել. դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Յուրաքանչյուր կուսակցություն կունենա իր ասելիք-առաջարկը, հետո քննարկումների դաշտում կարող ենք ամեն ինչ քննարկել»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարության մեջ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը համարել է հոգեհարազատ, որովհետև ՕԵԿ-ն այդ մասին տարիներ շարունակ խոսում է և քննարկման պատրաստակամություն է հայտնել, եթե դա լինի ԲՀԿ-ի պաշտոնական առաջարկը. «Կլինի՞ տվյալ քաղաքական ուժի պաշտոնական լուրը կուսակցության ղեկավարության կողմից, որ ուզում են քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպել, մեր կուսակցությունը կքննարկի և առաջարկությունների շուրջ իր կարծիքը կասի»:
Այսինքն` խաղի պայմաններն ընդունված են այս փուլում: Երբ քննարկումները կայանան ու որոշակի հանգրվանի բերեն, առաջարկը կարող է հնչել և կուսակցության կամ նրա նախագահի անունից: Դա կնշանակի, որ նման կարևորագույն խնդրի համար գերկարճ ժամանակամիջոցում քաղաքական էլիտան վերադասավորվում ու վերաձևակերպում է իր «պատկանելությունը», իսկ հանրային քննարկումներն ուղղակի անտեսվում են, ժողովուրդը ինչպես պետք չի եղել, այնպես էլ պետք չէ նման կարևորագույն հարցերի լուծման ժամանակ: Ակնհայտ է նաև, որ ձևակերպվում է ընդդիմադիր այն բևեռը, որ Վարդան Օսկանյանն անվանում էր իշխանության հակակշիռ` ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: Թերևս առանց ՀԱԿ-ի, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելին հազիվ թե հավանություն տա Հայաստանում կիսանախագահական կառավարման հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե սա համարենք տարակարծության պաշտոնական պատրվակ, պիտի տեսնենք նաև պատճառը` ՀԱԿ-ը խաղից դուրս է հայտնվում, որովհետև նոր խաղում առանձնապես կապիտալ չունի, ինչպես նաև անելիք: Ահա և ռեալ քաղաքականություն վերադարձավ Ռոբերտ Քոչարյանը` այս անգամ Նաիրա Զոհրաբյանի «առաջարկով», առաջարկ, որի անհրաժեշտությունը թելադրված է միայն մեկ նկատառումով` ապահովել Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական ու տնտեսական ծրագրերի, գլխավորապես, իհարկե, ԲՀԿ-ի, բարեհաջող գոյատևումը առաջիկա տարիներին` սահուն անցում ձևակերպելով կառավարման այն ձևին, որն ակնառու չի դարձնի երկրորդ նախագահի նախագահական հավակնությունները, այսինքն` նա նորից միակ տղամարդն է, նորից վոին է, հետո ինչ, որ նախագահ չէ, վարչապետ է, խորհրդարանի նախագահ է: Ամեն ինչ կարգին է, այդ կարուսելը սկսելու է պտտվել 2017 թվականից հետո, իսկ մինչև այդ ԲՀԿ-ն, նոր հանգամանքներում, կարող է գործող նախագահի թեկնածությունը չպաշտպանել (եթե նա չհամաձայնի այս համատիեզերական բարգավաճում խոստացող առաջարկին) և սեփական թեկնածու էլ չառաջադրել` ապահով պաշտպանվելով իր առաջարկի պատյանով: Այդ դեպքում նրա էլեկտորատը ում էլ անցնի (Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե նա առաջադրվի, կամ ոչ մեկին), առանձնապես կարևոր չէ, կարևորը քաղաքական ու տնտեսական կապիտալի պահպանումն է` քաղաքական ցուցափեղկը կուսակցության տեսքով և տնտեսական հզորությունը` իբրև քաղաքականության շարժիչ ուժ: Ընտրությանն անհրաժեշտ մնացած դեկորները կհավաքվեն անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում, նվազագույն գնով: Եվ դա կկոչվի ևս մեկ քայլ առաջ ժողովրդավարության ճանապարհին:
Կարճ ժամանակից, երբ կուսակցությունները առաջարկվող քաղաքական քննարկումների խաղը կավարտեն, ակնհայտ կդառնա, որ քաղաքական դաշտ նետված հերթական խայծը կլլվեց բարեհաջող և ավարտեց իր առաքելությունը: Հանրագումարում պարզ կդառնա, որ երկրում չկա ընդդիմություն, եթե ՀԱԿ-ը վերջապես չհասկանա, որ սա իր համար ճշմարտության պահ է` ելակետ, դեպի ժողովուրդը վերադառնալու և 2007-ին իր նշած խնդիրները լուծելու համար: Վերադարձ, որ սակավ հավանական է: Եվ քանի որ խնդիրները` ձևակերպված, թե չձևակերպված, մնում են, քաղաքական նոր ուժի անհրաժեշտությունը կդառնա օրախնդիր: Մինչև 2017 թվականը բավարար ժամանակ կա իմիտացիոն, ձևական, անձնակենտրոն գործունեությունից իրական, բովանդակային ու իմաստավորված փոփոխությունների անցնելու համար: Ժողովուրդը երկար չի սպասի:
Ճշմարտության իր պահը պիտի ճշտի նաև ՀՀԿ-ն` նախ իր ներսում, հետո մերձավոր ու հեռավոր շրջապատում յուրայիններին, դաշնակիցներին ճշտելով ու վերանայելով ծրագրերը: Որպես կանոն, իշխանությունը միշտ մեղավոր է նույնիսկ բնական ու տարերային աղետների համար, իսկ Հայաստանում աղետներից շատ ավելի աղետալից են կառավարման համակարգերը, որ ամենից լավ գիտի ՀՀԿ-ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «Ես սիրում եմ քեզ, Միշել, ավելի, քան երբևէ». հրապարակավ այս խոստովանության համար պետք էր վերստին ընտրվել ԱՄՆ-ի նախագահ: «Ես Սպիտակ տուն եմ վերադառնում` մեր ընդհանուր ապագայի համար ավելի համառ ու ոգեշնչված պայքարելու համար: Ես երբեք այսքան վստահություն չեմ զգացել ԱՄՆ-ի հանդեպ, որքան հիմա», նախագահի իր ելույթում ասել է Բարաք Օբաման: Նոյեմբերի 6-ին նա վերընտրվեց ԱՄՆ-ի նախագահ: Հանրապետական Միթ Ռոմնին առաջինը շնորհավորեց նրա հաղթանակը, որովհետև երկուսն էլ սիրում են իրենց հայրենիքը: Համեմատեք նոյեմբերի 6-ը օվկիանոսի այն ու այս ափերին:

Դիտվել է՝ 3141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ