ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՄԻՋՈՒԿԱԶԵՐԾ «ՄԵՂՐԱՄԻՍԸ» «ՀԻԱՆԱԼԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ

ՄԻՋՈՒԿԱԶԵՐԾ «ՄԵՂՐԱՄԻՍԸ» «ՀԻԱՆԱԼԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ
16.04.2010 | 00:00

Նախագահ Օբամայի սրտին այնքան հաճո միջուկազերծ «մեղրամիսը» չափազանց հաջող, իսկ դիտորդների մեծամասնության գնահատմամբ` «հիանալի» շարունակություն է ունեցել Վաշինգտոնի ատոմային գագաթաժողովում։ Համաժողովը, որին մասնակցում էին 47 երկրների ղեկավարները, Ռուսաստանի նախագահի համոզմամբ, «ամենաանպրոբլեմն» էր։ Նրա բոլոր մասնակիցները միանգամայն համակարծիք էին ընթացիկ իրավիճակի գնահատման և հայտարարված նպատակին հասնելու մտադրության գործում` չորս տարվա ընթացքում ապահովել միջուկային նյութի հուսալի պաշտպանություն ահաբեկիչներից ու այլազան քայքայիչ տարրերից։ Հիմնականում փակ դռների հետևում, գաղտնի պայմաններում անցած բանակցությունների արդյունքում երկրները հրապարակել են համատեղ հաղորդագրություն, որով միջուկային ահաբեկչությունը ճանաչել են որպես միջազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը։ Փաստաթղթում ասված է. «Մենք ողջունում ենք բոլոր խոցելի միջուկային նյութերի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կոչը և միանում դրան»։ Այդ փաստաթղթի կատարման շրջանակներում երկրների ղեկավարները պայմանավորվել են ապահովել միջուկային զենքի պարունակած միջուկային նյութի և միջուկային կայանքների ֆիզիկական անվտանգությունը, թույլ չտալ «չլիազորված սուբյեկտների առնչությունը միջուկային տեխնոլոգիաներին»։ Ղեկավարներն առանձին ընդունել են գործողության պլան։ Հնչել են նաև կոչեր` էներգետիկայի ասպարեզում բարձրհարստացված ուրանից անցնելու ցածրհարստացվածին, վավերացնելու ՄԱԿ-ի այն համաձայնագրերը, որոնք կազմված են միջուկային անվտանգության միջազգային ստանդարտների մշակման նպատակով։ Մասնակիցներն ընդունել են խաղաղ ատոմային ծրագրեր զարգացնելու յուրաքանչյուր պետության իրավունքը, բայց համաձայնել են, որ ամեն մի այդպիսի երկիր պարտավոր է վերահսկել իր տարածքում միջուկային նյութերի անվտանգությունն ու պահպանվածությունը։ Երկրները պարտավորվել են ուսումնասիրել միջուկային նյութերի պահպանման ընդհանուր տեղեր ստեղծելու հնարավորությունը։ Փաստաթուղթը երկրներից պահանջում է քրեական բնույթի ամենակոշտ միջոցներ նախատեսել այն անձանց ու կազմակերպությունների համար, որոնք մասնակցում են ռադիոակտիվ մթերքների հետ կապված ապօրինի գործարքների։ Առաջարկություններ են արվել միջուկային անվտանգության հետ կապված քրեական գործերը հանձնելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի քննարկմանը։ Եզրափակիչ փաստաթղթի ամենակարևոր կետը համարվել է միջուկային ահաբեկչության դեմ ուղղված համաձայնագրին նոր երկրների միանալու պահանջը։ Այս ամենն Օբամայի համար գագաթաժողովի գլխավոր նպատակն էր, այն, հավանաբար, կարելի է համարել ԱՄՆ-ի նախագահի արտաքին քաղաքական հաջող քայլը և մեծ քայլ «միջուկազերծ մոլորակի» վերաբերյալ նրա ծրագրերի ճանապարհին։
Սակայն միանգամայն բնական է, որ երբ մեկ վայրում և միաժամանակ այդքան մեծ թվով «աշխարհի հզորներ» են գտնվում, ապա դժվար է խուսափել քաղաքական կոնյունկտուրաներից, փորձագիտական մեքենայություններից և պարզապես թյուրըմբռնումներից։ Այսպես, դիտորդներն ընդգծում են, որ ղեկավարներից միայն 12-ի հետ է Օբաման երկկողմ բանակցություններ ունեցել, ու դա պայմանավորված էր ժամանակի և իրատեսության նկատառումներով։ Անուշադրության է մատնվել նախագահ Սաակաշվիլին, որը Վաշինգտոնում զրույցի փոխարեն ստիպված է եղել բավարարվել անցած շաբաթ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությամբ։ Եվ դա այն դեպքում, որ նախօրեին հաղորդագրություն էր հնչել առ այն, որ վրացական հատուկ ծառայությունները ձախողել են սև շուկայում զենքի համար նախատեսված ուրանի վաճառքի հանցավոր մի մտադրություն։ Հաղորդվում է, որ այդ ուրանի հարստացման աստիճանը կազմել է 70 տոկոս, քանակը մեծ չի եղել, ընդամենը մի քանի գրամ։ Թե որ երկրից են եղել ավազակախմբի անդամները, Վրաստանի պաշտոնական անձինք չեն հաղորդել։ Սակայն դա Օբամային առիթ է տվել մնացած ամբողջ աշխարհին կոչ անելու «ոչ միայն խոսել, այլև գործել»։ Եվ այդուամենայնիվ, այն, որ «հավատարիմ Սաակաշվիլու» հետ հանդիպման համար աշխատացանկում ժամանակ չի գտնվել, անշուշտ, ուրախացրել է Մոսկվային, որը նախանձելի համառությամբ վրաց նախագահին համարում է թիվ 1 թշնամի։ Թեև որոշ փորձագետներ Յանուկովիչի հետ Օբամայի հանդիպումը համարում են նախանշան Կրեմլի դժգոհության համար, սակայն, դատելով ըստ ամենայնի, ամերիկացիների համար ՈՒկրաինայի նախագահը «թշնամի է, որին պետք է սիրել», այդ թվում` Վաշինգտոն-Մոսկվա ամրապնդվող հարաբերությունների համար։ Ի դեպ, ուկրաինացիները «նվեր» են մատուցել և հայտարարել, որ կցանկանային ՈՒկրաինան դարձնել «բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունեցող չեզոք երկիր»։ Ավելին, նրանք համաձայնել են ազատվել 60 տոննա բարձրհարստացված ուրանից, որն այժմ օգտագործվում է հետազոտական ռեակտորներում։
Այնպես որ, Օբաման ՈՒկրաինայի վարքագծում տեսել է «ընդօրինակման օրինակ», իսկ ամերիկյան պաշտոնական շրջանակները հենց այդ փաստով են բացատրել «առանձնակի բարեհաճությունը»։
Առհասարակ, թվում է, որ վերջին հանդիպումը Վաշինգտոնում ևս մեկ քայլ դարձավ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «վերաբեռնման» քաղաքականության ճանապարհին։ ԱՄՆ-ի նախագահը մեկ անգամ ևս նշել է, որ շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կանի, որ նվազեցնի «Ռուսաստանի ղեկավարության կասկածամտությունն ԱՄՆ-ի քողարկված շարժառիթների հանդեպ», մտադիր չէ փոխել իր քաղաքական կուրսը, և Կրեմլին «պարզ ու հետևողական ազդանշաններ» կհաղորդի։ Այսպիսով, ինչպես նշում են մի շարք ռուս դիտորդներ, «վերաբեռնման առաջին տարվա պատմությունը ցույց է տալիս, որ կառուցողական փոխգործակցության քաղաքականությունը կարող է կարևոր շահ բերել»։ Ռուսաստանի նախագահն իր հերթին հայտարարել է Ժելեզնոգորսկում (Կրասնոյարսկի երկրամաս) զենքի համար նախատեսված պլուտոնիում արտադրող վերջին ռեակտորի փակման որոշման մասին։ Գագաթաժողովում ստորագրված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանն իր պլուտոնիումի օգտահանման համար պետք է ծախսի 2,5 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ը, բացի իր ծրագրի վրա կատարելիք ծախսերից, պետք է 400 մլն դոլար տրամադրի ռուսական ծրագրի իրականացմանը։ Դատելով ըստ ամենայնի, «առարկայական քաղաքականության» ամերիկացի ժամանակակից հետևորդները հանուն այդ «հաղթանակների» կարող են և պատրաստվում են աչք փակել «ժողովրդավարության կրած կորուստների», Կրեմլի «կայսերապետական հավակնությունների» և ուրիշ շատ բաների վրա։
Պատահական չէ, որ բրուքինգյան ինստիտուտում Մեդվեդևի ելույթի գլխավոր շարժառիթներից մեկը եղել է «Մի՛ սովորեցրեք ապրել» թեզը։ ՌԴ նախագահը հայտարարել է. «Մեր հարաբերությունների պատմությունը դյուրին չի եղել։ Մենք մե՛կ գրկախառնվելով խեղդել ենք իրար, մե՛կ մեր միջև անդունդ է գոյացել»։ Այնինչ, նրա կարծիքով, պետք է կառուցել երկարաժամկետ իրատեսական հարաբերություններ։ Նա մեջբերել է Օբամայի այն խոսքերը, թե «ԱՄՆ-ին պետք է հզոր, խաղաղ ու բարգավաճող Ռուսաստան», և ավելացրել, որ «Ռուսաստանին էլ պետք է պատասխանատու, խաղաղ, հեղինակավոր և ներդաշնակ զարգացող Ամերիկա», որը վայելում է ամբողջ միջազգային հանրության հարգանքը և հարաբերություններն այլ երկրների հետ կառուցում է զուգակշռության հիման վրա։ Մեդվեդևը նաև նշել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի աջակցությունն է ակնկալում Առևտրի համաշխարհային կազմակերպությանն իր անդամակցության հարցում։ Նրա խոսքերով ասած, ԱՄՆ-ի նախագահն անցած տարի խոստացել էր, որ կնպաստի այդ հարցի առաջընթացին։ «Բայց, ցավոք, առայժմ արդյունք չկա»,- ասել է Մեդվեդևը, ընդգծելով, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու մտադրությունը չի հակասում Մաքսային միության վերաբերյալ Ռուսաստանի պլաններին։
Այնուհետև Մեդվեդևն ասել է, որ պատրաստ է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել հարձակողական սպառազինությունների կրճատման վերաբերյալ նոր պայմանագիրը, եթե նույն բանը միաժամանակ անի ԱՄՆ-ի նախագահը։ Իմանալով, որ ամերիկացիները կարող են փաստաթուղթը խորհրդարան ներկայացնել մայիսի սկզբին, ՌԴ նախագահն ասել է. «Դե որ այդպես է, ուրեմն մենք էլ։ Մենք դա կարող ենք անել փաթեթային լուծման տարբերակով։ Առավոտյան նախագահ Օբամայի հետ կխոսենք հեռախոսով, ես նրան կհարցնեմ` «Դու ներկայացնո՞ւմ ես, եթե այո, ապա ես էլ կներկայացնեմ»։ Մեդվեդևը նաև կարևոր է համարում, որ Մոսկվան ու Վաշինգտոնը շարունակեն համագործակցել ոչ միայն ռազմավարական միջուկային ուժերի զինաթափման հարցերում։
Խոսելով Իրանի մասին, Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ չէր ցանկանա, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ ընդունի այդ երկրի դեմ, բայց հնարավոր համարում է, որ դրանք կարող են անխուսափելի դառնալ։ «Իրանը որոշակի խնդիրներ է հարուցում։ Ամենագլխավորն այժմ համոզվելն է, թե իրենից ինչ է ներկայացնում նրա միջուկային ծրագիրը»։ Նա նշել է, որ պատժամիջոցների հարցը պետք է լուծվի բոլոր երկրների շահերը հաշվի առնելով, և հույս է հայտնել, որ այդ հարցը կհաջողվի լուծել «քաղաքական-դիվանագիտական միջոցներով»։ Ընդ որում, նա ընդգծել է, որ պատժամիջոցները, եթե գործի դրվեն, պետք է լինեն «խելացի», չպատժեն Իրանի ժողովրդին, այլ ապահովեն միջուկային զենքի չտարածումը։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է նաև, որ Մերձավոր Արևելքում միջուկային կոնֆլիկտի բռնկումը կսպառնա վերածվել ծավալուն մարդկային աղետի, առաջ կմղի միջուկային սպառազինությունների մրցավազքը և կբացի «նոր, շատ տխուր էջ մարդկության պատմության մեջ»։
Այն հարցին, թե ՌԴ նախագահն ինչպես կարող է մեկնաբանել Ղրղզստանում տիրող իրավիճակը, Մեդվեդևը պատասխանել է, որ, իր կարծիքով, երկիրը հյուսիսի ու հարավի տրոհվելու իրական վտանգ կա, և որ հանրապետությունը գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։ Ռուսաստանի նախագահի ասելով, եթե տեղի ունենա վատթարագույնը, ապա ամեն տեսակի ծայրահեղականներ կլցվեն Ղրղզստան, և այն կդառնա երկրորդ Աֆղանստան։ Նա պատասխանել է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ կտրվածքին վերաբերող հարցերին, մեկ անգամ ևս ընդգծել, որ «Միացյալ Նահանգներն իր ռուսաստանյան քաղաքականության մեջ պետք է առաջնորդվի այն բանի սթափ գնահատականներով, թե ինչի կարելի է հասնել և ինչի չի կարելի հասնել երկկողմ հարաբերություններում», և «ԱՄՆ-ը պետք է ելնի այն բանի պարզորոշ ըմբռնումից, որ Կրեմլի հետ փոխգործակցելը միշտ էլ հեշտ չի լինելու»։ Մեկ ժամից ավելի է Դմիտրի Մեդվեդևը շփվել ամերիկյան լսարանի հետ և վերջում զարմանքով նշել, որ իր համար սովորական հարցերը Ռուսաստանի քաղաքական համակարգի, Պուտինի հետ իր հարաբերությունների և զանգվածային լրատվության միջոցների ազատության մասին, չկային, որոնց ինքը դեմ չէր լինի պատասխանել։ Այնպես որ, գագաթաժողովից, դատելով ամեն ինչից, գոհ են մնացել, փաստորեն, բոլորը։ Թեև այնտեղ իրավաբանորեն պարտավորեցնող ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, այդուամենայնիվ, ղեկավարները լավ հաղորդակցվել են, հայտարարել մտադրությունների մասին, արել բավականաչափ հայտարարություններ։ Խոստումներ են տրվել որոշակի քաղաքական արդյունքների հասնել երկամյա ժամկետում, մինչև հաջորդ գագաթաժողով, որն անցկացվելու է Հարավային Կորեայում, ավելին, համաձայնություն է ձեռք բերվել բոլոր 47 երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով հանդիպում անցկացնելու ամեն վեց ամիսը մեկ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ