ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Վայ մամա ջան, էս ինչ է կատարվում, էս ինչ տեղ եմ ընկել.. » (մեջբերումը «Միմինո» ֆիլմից)

«Վայ մամա ջան, էս ինչ է կատարվում, էս ինչ տեղ եմ ընկել.. » (մեջբերումը «Միմինո» ֆիլմից)
06.06.2024 | 21:00

Երեկ գրել էի, որ «բուհական կրթական ծրագրերում տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչի ներդրման և զարգացման» համար, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն շուրջ 60 000 ԱՄՆ դոլար «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ» է ստացել:

ԵՊՀ-ից ասում են, որ դրամաշնորհը ստացել է մեկ այլ Հովհաննիսյան Հովհաննես, որն ամենևին այսրոպեական Հ.Հ-ն չէ: Այսինքն, 60 000 ԱՄՆ դոլարը, դրամաշնորհը Հովհաննիսյան Հովհաննեսին տրամադրելու վերաբերյալ փաստը և մնացած գրածներս, մասնավորապես` անգրագիտության, ալիմենտների, սնանկության և այլնի մասին ընդունում են, միայն ասում են, որ 60 000 ԱՄՆ դոլարն այլ Հովհաննիսյան Հովհաննեսին ենք տվել:

Երեկ երեկոյան հայտնվեց նաև այդ ԱՅԼ Հովհաննիսյան Հովհաննեսը և ասաց, որ ինքը մեկ այլ Հովհաննիսյան Հովհաննեսն է և 60 000 ԱՄՆ դոլարն իրեն են տվել:

Մի հին պատմություն հիշեցի:

ՈՒրեմն, շուրջ 25-30 տարի առաջ Երևանի երկաթգծի կայարանում Պեպո անունով ձկնավաճառ կար: Շատ հայտնի և խարդախ մարդ էր: Ընդ որում, իր խարդախությունները Պեպոն իրականացնում էր բացառապես կայարանի տարածքում:

Ի վերջո, 2000 թ. Պեպոյին ազատազրկեցին: Դատավարության ընթացքում, ես ներկայացնում էի Պեպոյի գործունեությունից տուժածներից մեկի շահերը: Դատարանում, գործի փաստական հանգամանքները ներկայացնելու ընթացքում, շփոթվեցի և, որպես Պեպոյի հիմնական «նստավայր», կայարանի շուկայի փոխարեն, նշեցի ԳՈՒՄ-ի շուկան:

Ամբաստանյալ Պեպոն ընդվզեց, ասելով, որ ընդունում է իր բոլոր խարդախությունները, սակայն չի ընդունում, որ դրանք իրականացրել է ԳՈՒՄ-ի շուկայում: Վերջինս պնդեց, որ գործել է բացառապես կայարանի շուկայում: Բոլորիս, այդ թվում դատավորի, տրամադրությունը բարձրացավ:

Վերադառնամ ԵՊՀ:

Լավ, ենթադրենք` 60 000 ԱՄՆ դոլարը տվել են ոչ թե Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին, այլ Հովհաննես Օնիկի Հովհաննիսյանին: Նախ` ԵՊՀ-ի կայքում դա որևէ կերպ չի երևում և այդ փաստն ընդունվում է երկու Հովհաննիսյան Հովհաննեսների կողմից:

Դրանից բացի` ի՞նչն է փոխվում:

Ո՛չ խնդրի էությունն է փոխվում, ո՛չ գումարի չափը, ո՛չ դրա տրամադրման վայրն ու նպատակը:

Առավելագույնը` ես պատրաստ եմ ներողություն խնդրել այսրոպեական Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանից և ճշտել, որ 60 000 ԱՄՆ դոլարը, Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի այսրոպեական ռեկտորության օրոք, ԵՊՀ-ից ստացել է Հովհաննես Օնիկի Հովհաննիսյանը:

Գո՞հ եք:

Եվ, ուրեմն, եկեք չշեղվենք թեմայից, չմոռանանք ինչու ենք հավաքվել և քննարկենք նախորդ գրառմանս մեջ արծարծված 60 000 ԱՄՆ դոլարի, ալիմենտների, սնանկության, ինչպես նաև ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալների վերաբերյալ հիմնահարցերը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Ձկնավաճառ Պեպոյին 15 տարով դատապարտեցին: Դատարանը վճռեց, որ Պեպոյին պատկանող գույքը պետք է բռնագանձվի, սակայն պարզվեց, որ Պեպոն գույք չունի:

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ