ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
29.07.2023 | 10:22

(սկիզբը` այստեղ)

Պատկերացնելու համար Մխիթար Սեբաստացու մեծությունը և այն ավանդը, որ նա ունի հայ մշակույթի զարգացման գործում, բավական է հայացք գցել միաբանության ծավալած գործունեության յուրաքանչյուր բնագավառի վրա։
Նախ՝ Մխիթարյան միաբանության գործունեության կարևոր ասպարեզներից է ուսումնակրթական առաքելությունը։ Սեբաստացին քաջ գիտակցում էր, որ հայ ժողովուրդը, իր հետ կատարված բոլոր ողբերգություններից հետո, կարծես կանգնած է մտավոր անկման եզրին։

Օտարների լծի տակ, հայրենիքում ապրող ժողովուրդը և օտար ափերում ցրված գաղթական հայությունը դանդաղորեն կորցնում էր լեզուն և ավանդույթները, որոնց տեղը գրավում էին այն ժողովուրդների բարբառները և սովորությունները, որոնց մեջ ապրում էր։ Այս պայմաններում կենսական էր դպրոցի և վարժարանի դերը, որոնք կպատրաստեին իսկական առաքյալների՝ դաստիարակելու նոր սերունդներ, քանզի հենց նրանց շնորհիվ էր միայն հնարավոր hայ ժողովրդի վերածնունդը։ Ահա այս գործն է, որին ամբողջ կյանքում ծառայում է լուսավոր հայը, մեծ մտավորականը, խորապես հայրենասեր մարդը։ Սեբաստացին, ապա նրա հաջորդները դպրոցներ են բացում տարբեր հայաբնակ քաղաքներում․ աշխարհի տարբեր մասերում 1732 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 100 Մխիթարեան վարժարան՝ բացառապես հայ երեխաների համար։
Միաբանության առաջին կրթական օջախը` ճեմարանը (ակադեմիա), հիմնվում է 1732 թ. Ս. Ղազարի վանքին կից, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այն հետագայում դառնում է ճանաչված ուսումնագիտական կենտրոն, որտեղ հայերեն սովորելու և հայագիտությամբ զբաղվելու համար Ս. Ղազար են գալիս եվրոպական ճանաչված գիտնականներ և մտավորականներ, այդ թվում՝ Բայրոնը, Բրեյնդը, Ստենդալը, Պետերմանը, Վ. Սկոտը և ուրիշներ.:
Ավելի ուշ Մխիթարյան վարժարաններ են բացվում Եղիսաբեթուպոլիսում (Տրանսիլվանիա, 1746-1820 թթ․), Վարատինում (Հունգարիա, 1749-1820 թթ․), Կ․ Պոլսում (Թուրքիա, 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան), Տրապիզոնում (Թուրքիա, 1817-1915), Պադովայում (1834 թ., Մուրադյան), Վենետիկում (1836 թ., Ռաֆայելյան), որոնք 1870 թ. միավորվելով՝ կոչվում են Վենետիկի

Մուրադ-Ռաֆայելյան վարժարան, Փարիզում (1929 թ․ Սամուել Մուրադյան), Վիեննայում (Աստվածաբանական կղերանոց (ուսումնարան), որտեղ տարբեր երկրներից եկած ապագա Մխիթարյան վարդապետներն ուսումնասիրում են աստվածաբանություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն, փիլիսոփայություն, հայ բանասիրություն և այլ առարկաներ), Բուենոս Այրեսում (1956 թ․), Հալեպում (1936 թ․), Բեյրութում (1936 թ․), Ստամբուլում (1825 թ․), Լոս Անջելեսում (1979 թ․) և այլուր։

1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։

Այսպես 1994 թ. Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։ Եվս մեկ ժառանգավորաց դպրոց ներկայումս գործում է Լիբանանում, որոնց վերապահված է միաբանությունը նոր

վարդապետ-միաբաններով համալրելու առաքելությունը։

Վերջին 10 տարում միաբանությունը համալրվել է միայն մեկ միաբանով, ևս երեք շրջանավարտ ներկայումս անցնում են փորձնական մեկամյա փուլը։
Ի դեպ, 1816 թ․ անգլիացի պոետ Ջորջ Բայրոնը Սուրբ Ղազարի միաբանություն ամենահաճախ այցելող հյուրերից էր, որը, ծանոթանալով Մխիթարյաններին, մտերմանում է նրանց հետ («Այստեղ շրջում են իննսուն վարդապետներ, որոնք խոսում են միայն ամենաանհրաժեշտը․․․»), սիրում նրանց ձեռնարկած գործը և նպատակը, հայոց հին լեզուն և մատենագրությունը: Այնքան, որ սկսում է լրջորեն զբաղվել հայերենով։ Նրա ուսուցիչը լուրջ հետազոտող, բանասեր Հայր Հարություն Ավգերյանն էր, որը, ասում են, շատ լավ հասկանում էր բանաստեղծի փոթորկուն հոգին և ամեն կերպ աշխատում էր խաղաղեցնել նրան։
Բայրոնն ամբողջ ձմեռ՝ ամեն առավոտ, դուրս էր գալիս, մակույկով միայնակ ճեղքում ջուրը՝ հայոց կղզի գալու համար։ Գալիս էր վայելելու հայ գիտուն և հյուրասեր վանականների ընկերակցությունը, սովորելու նրանց դժվարին լեզուն, իսկ երեկոյան դարձյալ մակույկով վերադառնում էր Վենետիկ, քանզի միաբանության խստաբարո հայրերը բանաստեղծին թույլ չէին տալիս ժամանակավորապես բնակություն հաստատելու վանքում։

Փոխարենը նրան մի ընդարձակ, հատուկ սրահ են հատկացնում, որտեղ և սկսվում են նրա՝ հայերենի առաջին դասերը։ Այն մինչ օրս կրում է «Լորդ Բայրոնի սենյակ» անվանումը։ Այստեղ հավաքված են նրա բոլոր ստեղծագործությունները և նաև Մխիթարյան տպարանում հրատարակվածները։ Այստեղ է նաև պոետի դիմանկարը։

Բայրոնը սիրում էր ժամերով նստել ձիթենիների ստվերում և նայել անվերջ վազող ալիքներին, ստեղծագործել։

Վանքի բակում մինչ օրս աճում է այն ձիթենին, որի տակ և գրել է «Չայլդ Հարոլդի ուխտագնացության» չորրորդ երգը։
Ավգերյանի շնորհիվ Վենետիկում անցկացրած երեք տարիները (1816-1818) Բայրոնի համար դառնում են գիտական համագործակցության բեղուն շրջան: Նրանք միասին պատրաստում և 1817 թ․ հրատարակում են անգլերեն-հայերեն քերականության ձեռնարկը՝ հայերի օգտագործման համար։ Բանաստեղծը, կարծես թե փոխհատուցման համար, ֆինանսավորում է դրա առաջին հրատարակությունը, ինչպես նաև հոգում, որ այն տարածում գտնի: Կրկին միացյալ ջանքերով նրանք հրապարակում են նաև անգլերեն-հայերեն բառարան: Բացի դրանից Բայրոնը կատարում է որոշ թարգմանություններ հայ մատենագրությունից, որոնք նրա նամակներից քաղված առանձին հատվածների և այլ արժեքավոր փաստաթղթերի հետ մեկտեղ Մխիթարյաններն ամփոփում են 1870 թ․ Ս. Ղազարում տպագրված (իսկ 1907 թուականին վերահրատարակված) «Lord Byron's Armenian Exercises and Poetry» խորագիրը կրող ժողովածուում (անգլերեն և հայերեն):

1819 թ․ Ավգերյանն ու Բայրոնը ձեռնամուխ են լինում նաև հայերեն-անգլերեն քերականության ձեռնարկի հրատարակմանը՝ անգլիախոս ուսանողության համար: Հարություն Ավգերյանի խնդրանքով Բայրոնը

հայերեն-անգլերեն ձեռնարկի համար մի առաջաբան է գրում, որում հիացմունքով գովերգելով ողջ միաբանությունը՝ միաժամանակ բարձրացնում է հայ ժողովրդին թուրքական և պարսկական լծից ազատագրելու խնդիրը։ Քաղաքական նկատառումներից ելնելով, սակայն, Մխիթարյանները որոշում են չհրապարակել այդ առաջաբանը, ինչը խորապես վիրավորում է բանաստեղծին, և նա այլևս չի վերադառնում Ս. Ղազար:
Բայրոնի «հայկական» նամակներն ինքնին արժեքավոր և վառ ապացույցն են այն մեծ դերի, որ անգլիացի բանաստեղծը խաղացել է հայ մշակույթը օտարներին ծանոթացնելու գործում: Հիրավի Բայրոնի նամակների միջոցով է անգլիախոս ընթերցողն առաջին անգամ ծանոթացել դեռևս 18-րդ դարի սկզբից ողջ Եվրոպայում մեծ համբավ ու հռչակ վայելած հայագիտական խոչոր կենտրոնի՝ Վենետիկի Մխիթարեանների կատարած գիտական ու լուսավորչական աշխատանքին։

Մխիթարյան միաբանության տարեգրությունը վկայում է (միաբանությունն ունի հատուկ մատյան, որի մեջ նշանավոր այցելուները թողել են իրենց տպավորությունները: Այդ մատյանում առաջին ստորագրությունը լորդ Բայրոնինն է), որ Բայրոնից բացի հայկական Սուրբ Ղազար կղզի են այցելել ու հիացել բազմաթիվ լուսավոր անհատականություններ, գիտության հսկաներ՝ Թ. Մուր (1819), Վ. Ֆլորիվալ (1828), Վ. Սկոտ (1832), Հ․ Պետերման (1833), Ա. Մյուսե (1834), Ժորժ Սանդ (1834), Է. Դուզե (1886), Է. Թեյլոր (1851), ֆրանսիացի հայագետ Վիկտոր Լանգլուա (նա առաջինն է եվրոպական հայագետների մեջ, որ հատուկ հետազոտություն է նվիրել Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությանը՝ սկսած սկզբնավորումից մինչև իր օրերը, նաև միաբանության ակադեմիայի անդամ էր), Հ. Հյուբշման, Ն. Մառ, Ֆ. Ֆեյդիտ, կոմպոզիտորներ՝ Ռ. Վագներ, Ջ. Ռոսինի, Գ. Դոնիցետտի, Ջ. Վերդի, Ի. Ստրավինսկի, ինչպես նաև եվրոպական երկրների միապետներ ու առաջնորդներ՝ Իսպանիայի թագավոր Կառլոս IV, Իտալիայի թագավոր ՈՒմբերտո I, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր Էդուարդ VII, Նապոլեոն Բոնապարտ և այլք, աշխարհահռչակ նկարիչներ՝ Հ. Այվազովսկի (1869),

Մ․ Սարյան, Վարդգես Սուրենյանց (1881, ուսումնասիրել է հայկական մանրանկարչությունը), ազգագրագետ Երվանդ Լալայան (1894 թ․ աշխատել է կղզում շուրջ վեց ամիս), երաժշտագետ Կոմիտասը (Փարիզում, Ցյուրիխում, Լոզանում ունեցած համերգային և երաժշտագիտական աննախադեպ հաջողություններից հետո Կոմիտաս Վարդապետը 1907 հունիսի 12-ին Արշակ Չոպանյանի հետ մեկնում է Իտալիա: Հուլիսի 30-ին Մխիթարյան միաբանության Գրադարանի դահլիճում Հ. Իգնատիոս արք Կյուրեղյան Աբբահոր նախագահությամբ տեղի է ունենում Կոմիտաս Վարդապետի հետ հանդիպման երեկոն: Վարդապետը հանդես է գալիս ելույթ-դասախոսությամբ՝ միաբանության անդամներին ծանոթացնում իր կատարած ստեղծագործական և հայ ժողովրդական ու հոգևոր երաժշտության տեսակներին վերաբերող տեսական աշխատություններին: Ապա գրադարանում ուսումնասիրում հայկական երաժշտական նոտագրության (խազական) համակարգը)։ Բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Ղազարում 1924 թ.։

1963 թվականին այն այցելել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, իսկ 1969 թ․՝ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը և շատ ուրիշներ:

(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 13943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ