Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ճոխ կենացներից ու փոխադարձ պատիվներից անդին ի հայտ են գալիս նաև թուրք-վրացական հակասությունները

Ճոխ կենացներից ու փոխադարձ պատիվներից անդին ի հայտ են գալիս նաև թուրք-վրացական հակասությունները
22.09.2009 | 00:00

ԹՈՒՐՔԻԱ՞Ն Է ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Թուրքիայի վերջին նախաձեռնությունները վկայում են, որ Եվրամիության կողմից Թուրքիայի անդամակցության վերջերս տեղի ունեցած փաստացի մերժումից ելնելով, թուրքական կառավարող կուսակցությունը որոշել է ապացուցել, թե իր երկրի աշխարհաքաղաքական ներուժն ավելի է, քան երբևէ։ Իսկ Եվրոպան շատ բան է կորցնում` հրաժարվելով Թուրքիային իբրև իրավահավասար և կայացած գործընկեր ճանաչելուց։ Դատելով ամենից` թուրքական քաղաքական գործիչներն ու դիվանագետներն իրենց զինանոցում ընդգրկել են հենց իրենց հորինած այն թեզը, թե տարածաշրջանի մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել Թուրքիայի մասին, և փորձում են այն փաթաթել միջազգային հանրության վզին։ Թեպետ այդ ինքնագնահատականն առաջին հայացքից կարծես բավական դրական են ընդունում տարածաշրջանի որոշ երկրներ, և Անկարան սկսել է նրանց համար դիտարկվել իբրև առաջնահերթ գործընկեր։
Ահա օրերս էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Վրաստանի պատվո շքանշանով պարգևատրելով իր երկրում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգորին, այդ հանդիսավոր իրադարձության ժամանակ մասնավորապես հայտարարեց. «Թուրքիան Վրաստանի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում»։ Ըստ Վրաստանի նախագահի, Թբիլիսիին և Անկարային կապում է սերտ քաղաքական գործընկերությունը, գոյություն ունի ազատ առևտրի ռեժիմ, ինչի շնորհիվ էլ փոխադարձ ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին ընդլայնվել է մի քանի անգամ։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն, «սպեղանի դնելով» վրացական վերքերին, հայտարարեց, թե Վրաստանն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, ու Անկարան մշտապես հանդես է եկել եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման օգտին։ Դիվանագիտական «ռևերանսները» Անկարան փորձում է լրացնել առաջարկվող տնտեսական ծրագրերով, որոնք կարևոր են նաև Արևմուտքի համար։ Դրանք միայն էներգետիկ նախագծերը չեն, որոնց շուրջ մեծ ու փոքր «պատերազմները» դեռ չեն դադարել, այլ հենց երկկողմ տնտեսական նախաձեռնությունները։ Բոլորովին վերջերս վրաց-թուրքական սահմանում շահագործման հանձնվեց երկու երկրների էներգահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրական գիծը, և այս նախագծում իր մասնակցությունն ունի նաև Ադրբեջանը։ Հոկտեմբերին Արդվինի շրջանում, վրաց-թուրքական սահմանի վրա, կբացվի «Ստամբուլյան շուկան», որը նախատեսված է երկու կողմերի մանր ու միջին բիզնեսի զարգացման համար, և մինչև 10000 դոլար արժողության ապրանքներն այստեղ զերծ են լինելու մաքսատուրքից, գործելու են նաև այլ արտոնություններ։ Շնորհակալությամբ լցված վրաց մտավորականությունն էլ ոգևորված է Թուրքիայի «եղբայրական» վերաբերմունքից այն բանի համար, որ վրացական հոգևորականներին տարվա մեջ յոթ անգամ թույլատրվել է Ստամբուլի հայտնի ուղղափառ եկեղեցիներից մեկում վրաց լեզվով պատարագ անցկացնել։ Միաժամանակ, վրացական մտավորականների մի խումբ «ուխտագնացություն» կատարեց այսօր Թուրքիայի տարածքում գտնվող 9-10-րդ դարերի վրացական վեց եկեղեցիներ, թեպետ դրանց մի մասը պարզապես քայքայված վիճակում է, մյուսները` վերածված մզկիթների, շատերի վրացական ծագումն էլ խիստ կասկածելի է։ Բայց դա չի խանգարում Թբիլիսիի և Անկարայի պաշտոնական շրջանակներին` հայտարարելու երկու կողմերի «դարավոր անխախտ բարեկամության» և Կովկասում ունեցած «պատմական առաքելության» մասին։
Սակայն ճոխ կենացներից ու փոխադարձ պատիվներից անդին նկատելի հետևողականությամբ ի հայտ են գալիս նաև թուրք-վրացական հակասությունները, որոնք վաղ թե ուշ վերաճելու են լուրջ միջադեպերի։ Վերջերս վրացական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն (վրացիների բնորոշմամբ` թուրքական Քիսինջերը) հայտարարեց, որ պատրաստվում է այցելել Աբխազիա։ «Թուրքիան Կովկասի ժողովուրդներին նայում է որպես մի տան բնակիչների, ովքեր ապրում են մի տանիքի ներքո, և դրանից ելնելով մենք ցանկանում ենք, որ վրացիներն ու աբխազները միասին ապրեն այդ տանը փոխադարձ հարգանքի պայմաններում։ Առաջիկա այցն այդ նպատակն է հետապնդում»,- հայտարարեց Դավուդօղլուն։ Սակայն այդպիսի «անկողմնակալ բարեգործությունը» այնքան էլ տրամաբանական չէ։
Դեռևս սեպտեմբերի 10-ին Դավուդօղլուի տեղակալ ՈՒնալ Չերիքոզը, որ զբաղվում է հատկապես Կովկասի խնդիրներով, այցելեց Սուխում և հանդիպեց Աբխազիայի արտգործնախարարի հետ։ Թուրք դիվանագետները նախօրոք տեղեկացրել էին Թբիլիսիին այդ այցի մասին` փորձելով պահպանել պահանջված ձևականությունները։ Սակայն նույն օրը թուրքական հայտնի և ազդեցիկ «Հուրիեթ» թերթը հրապարակեց «Աբխազիան հուսով է, որ կճանաչվի Թուրքիայի կողմից» խոսուն վերնագրով հոդվածը։ Վերոնշյալ հոդվածում հնչեցված էր պաշտոնական Սուխումի այն տեսակետը, որ աբխազական ղեկավարությունը հուսով է առաջիկայում ականատես լինել Թուրքիայի կողմից իր երկրի անկախության ճանաչմանը։ Այդպիսի սպասումները բոլորովին էլ անհիմն չեն, և ռուսական ու արևմտյան փորձագետների կարծիքով` կարող է տեղի ունենալ, այսպես ասած, ճանաչումների փոխանակում, երբ Աբխազիայի անկախությունը ճանաչելու դիմաց Ռուսաստանն իր հերթին կճանաչի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը։
Անշուշտ, այսօր դա թվում է ֆանտաստիկա, բայց միայն անտեղյակների համար։ Իրականում Թուրքիայում բնակվում է աբխազական բավական մեծաթիվ սփյուռք, ովքեր իրենց անվանում են մուհաջիրներ։ Նրանց շրջանակում պետք է ընդգրկել նաև Թուրքիայում ապրող ադղա-չերքեզական սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր լեզվով և մշակույթով մոտ են աբխազներին։ Որոշ տվյալներով` այս զանգվածի թվակազմը գերազանցում է կես միլիոնը. սա ավելի է, քան բուն Աբխազիայում բնակվող աբխազների թվաքանակն է։ Աբխազական սփյուռքի առկայությունն Անկարայի համար միշտ էլ կարևոր նշանակություն է ունեցել կովկասյան քաղաքականությունը մշակելիս։ Եվ որքան էլ Անկարան, Հարավային Կովկասի հետ կապված, փորձում է շարունակ շեշտադրել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը, այնուհանդերձ, դա այնքան էլ չի տարածվում Սուխումի վրա։ Դեռևս 1991-ին աբխազական ազգային շարժման առաջնորդ Վլադիսլավ Արձինբան այցելեց Թուրքիա և արժանացավ մի շարք լուրջ քաղաքական գործիչների ընդունելությանը։ Մի քանի տարի առաջ Թուրքիայում բնակվող աբխազները Սուխումի կենտրոնում ավարտեցին «Յասեմին» խոշոր հյուրանոցի շինարարությունը, ինչպես նաև դեպի Թուրքիա աբխազական ածխի ու անտառանյութի արտահանումը (այդ բիզնեսն ի սկզբանե գտնվում է մուհաջիրների ձեռքում)։ 1994-ից Աբխազիայում գործում է թուրքական «Բաշարան-քոլեջը», որի գործունեությունը նախատեսված էր մինչև 2030 թվականը և հանդիսանում է Աբխազիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունը։ Աբխազական սփյուռքի ջանքերով վերականգնվեց Տրապիզոն-Սուխում ծովային հաղորդակցությունը, բնականաբար, նաև թուրք-աբխազական ուղղակի առևտուրը, ինչը արժանացել է թուրքական կառավարության հավանությանը։
Միաժամանակ Աբխազիայի քաղաքացիության մասին օրենքում հստակ ամրագրված է, որ աբխազական սփյուռքի ներգաղթը մայր հայրենիք անչափ կարևոր է և արժանի հատուկ խրախուսանքի, ինչից ելնելով էլ սփյուռքում բնակվող աբխազներին պարզեցրած կարգով և արագ կարող է քաղաքացիություն շնորհվել։ Մինչև այսօր, այսպես կոչված, «մեծ ներգաղթը» չի կայացել, սակայն այդ նպատակով տարեկան միջոցներ են տրամադրվում։ Ավելորդ չէ, թերևս, հիշել, որ նաև վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Անկարան անուշադրության էր մատնում վրացական քաղաքական դասակարգի և մամուլի կոշտ քննադատությունը, բողոքի զանգվածային միջոցառումները` Թուրքիայի կողմից Աբխազիային ցուցաբերվող աջակցության հետ կապված։ Հետաքրքիր է նաև այն, որ վերջին շրջանում Թուրքիայում ակտիվացել է օսական, թեկուզ ոչ մեծաքանակ, սփյուռքը և հանդես է գալիս կոչով` «Մենք չենք բաժանում Օսիան հյուսիսի և հարավի, այլ քննարկում ենք միասնական ու անկախ Օսիայի խնդիրը»։
Վերոնշյալը, թերևս, վկայությունն է այն իրողության, որ Վրաստանին չգրգռելու համար, Աբխազիայի անկախությունն առայժմ չճանաչելով հանդերձ, Անկարան հստակ հասկացնում է Թբիլիսիին, որ ինքը միշտ էլ առանձնահատուկ հարաբերություններ է ունենալու Սուխումի հետ (ապագայում գուցե և Ցխինվալի)։ Թուրքական դիվանագետներն արդեն պատրաստ են ուղղակիորեն այցելելու Աբխազիա, չնայած Վրաստանն այդ տարածքը համարում է «օկուպացված», իսկ նրան հարող Սև ծովի առափնյա հատվածը հայտարարել է միջազգային նավարկության համար փակ գոտի։ Պատահական չէ, թերևս, որ Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի կատերները չեզոք ջրերում կալանեցին թուրքական տանկերներից մեկը, որը 2700 տոննա վառելանյութ էր տեղափոխում Աբխազիա` Պանամայի դրոշի տակ։ Վրացական իշխանությունները բռնագրավեցին նավն ապրանքի հետ, իսկ վրացական դատարանը նավի թուրք նավապետին դատապարտեց 24 տարվա ազատազրկման։ Այս տարվա սկզբից ի վեր Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերը Աբխազիայի առափնյա ջրերում ձերբակալել են 23 նավ, որոնցից չորսը` «օկուպացված տարածքի ջրեր մուտք գործելու կանոնների խախտման» համար։ Սակայն բոլոր այս կարգի միջադեպերը, այսպես թե այնպես, առայժմ կարգավորվում են, և Պանամայի դրոշի տակ լողացող նավն էլ Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ դարձավ քննարկման առարկա, նավի սեփականատերերը 18 հազար դոլար տուգանք մուծեցին, իսկ նավապետն էլ 24-ամյա ազատազրկումից ազատվեց։
Եվ, այնուհանդերձ, կան հիմքեր պնդելու, որ Վրաստանը կփորձի հակադրվել թուրքական ազդեցության տոտալ տարածմանն Աբխազիայում, նաև բուն Վրաստանում։ Մասնավորապես, Բաթումի տրանսպորտային հանգույցի շրջանում վրացական կողմը սահմանափակվեց միայն տեղական օդանավակայանը և դրան հարող որոշ տարածքներ թուրքական ընկերության կառավարմանը հանձնելով, թեպետ Անկարայի ակնկալիքները շատ ավելին էին։ Վրաստանն առիթից առիթ հասկացնում է, որ նպատակահարմար չի համարում Թուրքիայի մասնակցությունը շինարարական տարբեր մրցույթներին, լեռնահանքային արդյունաբերության և էներգետիկայի օբյեկտների սեփականաշնորհմանը։ Վրացական մտավորականությունը դեմ հանդես եկավ Վրաստանում թուրքական կրթամշակութային հաստատությունների ցանցի ստեղծմանը, իսկ ազգային անվտանգության ծառայությունը միջոցառումներ իրականացրեց վարչական պաշտոններից այն չինովնիկների հեռացման ուղղությամբ, որոնք գործնականում թուրքական լոբբիստներ էին, ինչն անդրադարձավ հատկապես Աջարիայի ու Քվեմո-Քարթլիի շրջանների վարչակազմի վրա։
Սակայն հիմնական խնդիրը վրաց-թուրքական հարաբերություններում մնում է այն, որ Թբիլիսին գործնականում հրաժարվում է թուրք-մեսխեթներին Վրաստանում վերաբնակեցնելու իր ստանձնած պարտավորության կատարումից, իսկ նրանց թիվը փոքր չէ` 240 հազարից մինչև կես միլիոն։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ բարեկամության հավաստիացումներ պարունակող երդումների հետևում առկա են վրաց-թուրքական հարաբերությունների չլուծված ու նաև սկզբունքորեն անլուծելի հիմնախնդիրներ։ Վրաստանը կարծես սկսել է զգալ թուրք-ադրբեջանական դաշինքի լուրջ ազդեցության տակ հայտնվելու վտանգը, բայց առայժմ հարկադրված է գնալ այդ ճանապարհով, քանի որ չունի իր տնտեսության և էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանում հիմնական տրանզիտային երկիր դառնալու այլ հնարավորություններ։ Բայց վերոնշյալ պրոբլեմները դեռևս կհիշեցնեն իրենց գոյության մասին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ