«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«ԻՊ-ն այժմ հետաքրքրված չէ ահաբեկչական գործունեությունն այս տարածաշրջանում տարածել»

«ԻՊ-ն այժմ հետաքրքրված չէ ահաբեկչական գործունեությունն այս տարածաշրջանում տարածել»
28.11.2015 | 19:47

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման դեպքին և ռուս-թուրքական հարաբերություններին: «Դժվար է դատողություններ անել, պետք է նախ ստանալ բոլոր իրադարձությունների ու միջազգային հանրության գնահատականը, շատ երկրներ քննադատել են այդ իրավիճակը, դատապարտել են ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, անկախ այն հանգամանքից՝ դա տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում, թե նրա սահմանից դուրս: Նախագահ Պուտինը ճիշտ էր ասում՝ այդ ինքնաթիռը սպառնալիք չէր Թուրքիայի համար: Այդ ինքնաթիռը թռչում էր արդեն մարտական առաջադրանքը կատարելուց հետո, թափելով ռումբի իր ողջ բեռը: Նա ունակ չէր կռվելու կործանիչների դեմ, փաստացի անզեն էր: Իսկ խփել անզեն ինքնաթիռը՝ սխալ է, ճիշտ չէ»,- ասաց նա: Պատասխանելով հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Թուրքիան՝ նա ասաց. «Վերջին անգամ ես շատ զարմացա, երբ ասացին, թե չգիտեին, որ ռուսական ինքնաթիռ է: Ինչպե՞ս չգիտեին, եթե հրաշալի տեսանելի է՝ այն ծպտված չէր թռչում, ուներ խորհրդանիշներ, որով կարելի է դատել ինքնաթիռի պատկանելության մասին: Առավել ևս, ոչ ոք չի կապվել որոշակի հեռավորության վրա: Այստեղ, հավանաբար, կան ինչ-որ ուժեր, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելով: Մենք այժմ տեղեկություն ենք ստանում, որոնց հավաստիությունը 100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց կան տեղեկություններ, որ Էրդողանի որդին մասնակցել է այդ բոլոր գործողություններին՝ նավթ գնել-վաճառելով: Իսկ դա նշանակում է ո՞ւմ օգտին՝ ԻՊ-ի օգտին, միջազգային ահաբեկչության օգտին: Դա այն ամենն է, ինչի դեմ մենք պայքարում ենք, ինչի դեմ պայքարում է Եվրոպան»,- ասաց նա: Փարիզում 10 մարդ այնպիսի ահաբեկչություն կազմակերպեցին, որ ոչ ոք անգամ պատկերացնել չէր կարող: «Նույնն այժմ տեղի է ունենում այլ երկրներում: Եվ դա պատիվ չի բերում կազմակերպիչներին: Ես կարծում եմ, որ աշխարհը աստիճանաբար հասկանում է, որ չկա չափավոր ընդդիմություն, ինչպես ընդունված է կոչել: Դա անգամ ընդդիմություն չէ, դա ահաբեկչական խմբավորում է, որը պայքարում է բոլոր մտածված ու չմտածված մեթոդներով, խաղաղ բնակիչների անդորրն են խախտում: Ռուսական ինքնաթիռի կործանումը Սինայում, որում ավելի քան 200 անմեղ մարդ կար, զոհվեցին երեխաներ, ի՞նչ պայքար է»,- ասաց նա: Հարցին, թե որքանով է հավանական, որ «Իսլամական պետությունն» ահաբեկչական գործողությունները կտարածի մեր տարածաշրջանում, Անդրեյ Սորոկինը պատասխանեց, որ վերջին տվյալները վկայում են, որ «Իսլամական պետությունն» այժմ հետաքրքրված չէ ահաբեկչական գործունեությունն այս տարածաշրջանում տարածելով, նրանց իրենց խնդիրներն էլ բավական են:
Ըստ նրա՝ Ռուսաստանը մասնակցելով ռմբակոծություններին, առաջին հերթին ԻՊ-ին զրկում է աջակցությունից: «Այսինքն` զրկվում է նավթ վաճառելու հնարավորությունից: Նավթի վաճառքից ու գնումից, այսինքն՝ համալրումից զրկվելով, որով զբաղվում են մի քանի երկրներ, այդ թվում՝ մեր հարևանները: Այդ պատճառով այստեղ ես առաջիկայում բացառում եմ «Իսլամական պետության» հետ կապված վիճակի ազդեցությունը այս խմբավորման կողմից կամ նրանց առկայությունն այդ տարածաշրջանում, նրանք այժմ դրա ժամանակը չունեն: Ավելին՝ նրանք արդեն բավական ակտիվ սկսել են գործել Աֆղանստանում, չնայած, սկզբունքորեն Աֆղանստանը հեռու է, սակայն Կասպից ծովով մեր կողքին է»,- ասաց նա: Անդրեյ Սորոկինը նշեց, որ այդ չարիքի դեմ պետք է պայքարել ամենուր: «Իսլամական պետություն»-ը Աֆղանստան է եկել համեմատաբար վերջերս և կար մի քանի տարբերակ՝ կամ նրանք կհամագործակցեն թալիբների հետ, կամ չեն ճանաչի նրանց: Բայց նրանք համաձայնության չեկան: ԻՊ-ը վիրավորեց թալիբների հոգևոր առաջնորդին, և նրանց մեջ թշնամանք կա, այսինքն՝ նրանք միասին չեն: Գուցե դա արդեն լավ է, սակայն Աֆղանստանի հետ ԱՊՀ երկրները սահման ունեն՝ Կասպից ծովով Ադրբեջանի հետ, որը ևս ԻՊ-ի կարիքը չունի: Իսկ Թուրքիան այլ հարց է, նրանց մոտ քրդերն են: Եթե ԻՊ-ը կռվի քրդերի հետ, Թուրքիան բարձրաձայն կամ առանց բարձրաձայնելու կաջակցի այդ խմբավորմանը, քանի որ այստեղ արդեն այնքան քաղաքական հարցեր կան, որքան աշխարհաքաղաքական, որոնք լուծել է պետք: Սակայն այդ հարցերը լուծելու համար պետք է ԻՊ-ի վերջը տալ: Դրանով այժմ զբաղվում է թե ՆԱՏՕ-ի հետ համատեղ կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, թե Ռուսաստանը, և մենք հույս ունենք, որ այլ երկրներ ևս կմիանան այդ պայքարին»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ