Հավատացեք՝ դժվար գործ է, որովհետև եթե նման օրինակները բացառություն չլինեին, մենք մի քիչ ավելի լավ կապրեինք ու պաշտպանված կլինեինք, ավելի շատ կսիրեինք մեր հայրենիքը ու քիչ կմտածեինք օտար երկրներ տանող ճանապարհի մասին: Մյուս կողմից, լավ օրինակները, հաջողված պաշտոնյաներին նկատել ու գնահատել է պետք, որովհետև այդ բացառություններով է, որ երկիրը կայանում է, նրանց շնորհիվ է, որ հայրենիքը սոսկ բաժակաճառից վերածվում է իրական արժեքի՝ քաղաքացուն իր գրկում պահելով:
Բանակը մեր պետության ամենակայացած ինստիտուտն է՝ իր նշանակությամբ ավելին, քան աշխարհի շատ երկրներում: Ու սա բնական է, օրինաչափ է, որովհետև մեր երկրի կայացման հիմքում, մեր պետության հեռանակարի ակունքում ղարաբաղյան պատերազմի հաղթանական է, որի ինստիտուցիոնալ դրսևորումներից մեկը հենց մեր բանակն է: Անցած տարի, առնվազն երկու անգամ, բանակն ապացուցեց, որ մեր բոլորի անվտանգության հիմնական երաշխավորն է, քանի դեռ կարգավորված չեն մեր հարաբերությունները հարևան երկու երկրների հետ, իսկ մեր դիվանագիտության որակը հեռու է բավարար լինելուց: Հայաստանի բանակը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, դարձավ Հայաստանի ինքնիշխանության, մեր կամքի խոհրդանիշը:
Հայաստանի ոստիկանությունը, անկախ բոլոր թերություններից, քննադատություններից, անցած մի քանի տարում բարեփոխվել է, ավելի է մոտեցել քաղաքացուն, նրա դարդ ու ցավին, հոգսին: Կույր պետք է լինել՝ չնկատելու համար այն բարեփոխումները, որ իրականացրել է Վլադիմիր Գասպարյանը: Սա չի նշանակում, որ մենք ունենք իդեալական ոստիկանություն, բայց հույս է տալիս, որ ունենք համակարգ, որը ձերբազատվել է «մենթության» բարդույթից ու ավելի մարդակենտրոն է դարձել:
Կուզեի, շատ կուզեի, որ հաջողություններն արձանագրված լինեին ոչ թե ուժային կառույցներում, այլ այն ոլորտներում, որոնց գործունեությունը կապ ունի մարդու կյանքի որակի հետ: Դժբախտաբար, այդպես չէ, ու տարօրինակ չէ, որ ուժի, հարկադրանքի հետ ասոցացվող կառույցներն ավելի մոտ են կանգնած մարդուն, քաղաքացուն, քան պետական այն օղակները, որոնց սոցիալական ֆունկցիան ամրագրված է օրեսնդրորեն:
Մեր կառավարությունը՝ իր հավաքականության մեջ, արտահայտում է օլիգարխիայի շահերը, պետական գործառույթ իրականացնում են, թերևս, բանակն ու ոստիկանությունը՝ մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն ապահովելով: Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Գասպարյանն ավելի մեծ ժողովրդականություն ունեն, քան՝ մյուս բոլոր նախարարները միասին վերցրած: Սա գովաբանություն կամ PR չէ, այլ՝ իրականության ամրագրում, գուցե՝ տխուր իրականության:
Թերևս պարադոքսալ հնչի, բայց ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում այսօր ավելի շատ բանակն ու ոստիկանությունն են կանգնած, քան՝ օլիգարխիայի «տանիք» հանդիսացող պետական քաղաքացիական կառույցները:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ