ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Չինաստանի հայ համայնքի կազմակերպական կառույցը և զարգացման հեռանկարները

Չինաստանի հայ համայնքի կազմակերպական կառույցը և զարգացման հեռանկարները
11.07.2014 | 12:39

Արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում գնալով ավելի է կարևորվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դերը միջազգային գործընթացներում: Տիրապետելով համապատասխան ռեսուրսների` Չինաստանն արձանագրել է ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական մեծ հաջողություններ` լուրջ հայտ ներկայացնելով թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին երկբևեռ աշխարհակարգի պայմաններում իր տեղն ամրագրելու նպատակով:

Չինաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային դրույթներից է «աշխարհի պաշտպանության իրագործումը ողջ աշխարհում»: Ելնելով այս դրույթից՝ պաշտոնական Պեկինը ուղիներ է հարթում աշխարհի տարբեր երկրների հետ բազմակողմանի կապեր հաստատելու նպատակով: Չինական դիվանագիտությունը մեծ ճկունությամբ դինամիկ զարգացող հարաբերություններ է կառուցում նույն տարածաշրջանը ներկայացնող բոլոր երկրների հետ, անկախ իրողությունից՝ այդ երկրները ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ` բարեկամակա՞ն, թե՞ թշնամական:
Վերջին տասնամյակի ընթացքում Չինաստանի կառավարությունը Կովկասյան տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային շահեր է հետապնդում: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Չինաստանի հետ զարգացող հարաբերությունները, իսկ Չինաստանը, իր հերթին, քայլեր է ձեռնարկում չին-հայկական բարեկամական հարաբերությունների խորացման ուղղությամբ: Բավական է նշել այն, որ ՉԺՀ կառավարությունը խիստ հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքներով:
Հայ-չինական երկկողմ հարաբերությունների խորացումը գտնվում է երկու կողմերի դիվանագետ-քաղաքագետների և մյուս մասնագետների ուշադրության կենտրոնում: Սակայն կատարված վերլուծություններում և ուսումնասիրություններում շատ փոքր դեր է հատկացված Չինաստանի հայ համայնքին: Այս մոտեցումը հիմնավորվում է այս կերպ. թվով մի քանի հարյուր հայերը չեն կարող էական դերակատարում ունենալ 1,6 մլրդ բնակչություն ունեցող երկրում: Այս մոտեցումը հիմնովին սխալ է: Նման գաղափարաբանությամբ առաջնորդվելը հղի է խիստ բացասական հետևանքներով: Անհրաժեշտ է կիրառել բոլոր հնարավոր միջոցները Չինաստանում հայ ինքնության և ընդհանրապես հայապահպանության առաքելությունն իրագործելու, չինահայ համայնքը հայ-չինական հարաբերություններում կարևոր առանցք դարձնելու նպատակով:
ՀՀ անկախացմանը և Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգընթաց զարգացման նոր շրջափուլում հայտնվեց չինահայ համայնքը: Ներկայումս դժվար է հստակ մատնանշել Չինաստանում ապրող հայության թիվը, քանզի նրանցից բացի Չինաստան են մեկնում հայ գործարարներ, ուսանողներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ այլ երկրներից: Չինաստանի հայ համայնքը կենտրոնացած է Հոնկոնգում, և համայնքը ներկայացնող հայերի թիվը կազմում է մոտ 200-250 մարդ, այն դեպքում, երբ 2003-ին Հոնկոնգի հայերի թիվը կազմում էր 20-25 մարդ: Այժմ հայ համայնքի և Չինաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած հայերի թիվը մոտ 900 է:
Վերջին տարիներին չինահայ համայնքը ակտիվ գործունեություն է ծավալում, չնայած այն հանգամանքին, որ մինչև 2013-ը բացակայում էին վարչական ղեկավար մարմինն ու համայնական կազմակերպությունները: Համայնքում անցկացվող միջոցառումներին հայերը մասնակցում էին կամավորության սկզբունքով:
Չինահայ համայնքի և հայ-չինական բազմակողմանի հարաբերությունների զարգացման գործին մասնակցում են մի շարք պետական գերատեսչություններ, բայց արտակարգ նշանակություն ունեն ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունները: Հայաստանի Հանրապետությունը Չինաստանում ներկայացված է ի դեմս Չինաստանում ՀՀ դեսպանության, իսկ Չինաստանի հայ համայնքի խնդիրներով զբաղվում է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապի բաժինը: Չինաստանի հայերին այցելում են Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, հոգում նրանց հոգևոր կարիքները:

Չինաստանի հայ համայնքի կազմակերպական կառույցը


1. Հոնկոնգի և Չինաստանի հայկական համայնք
2. Տնօրենների խորհուրդ
3. Գործադիր մարմին, խորհրդականների խորհուրդ

Համայնական
կազմակերպություններ
1. Ջեք և Ջուլիա Մաքսյանների անվան հայկական կենտրոն
2. Չինաստանի հայկական ուսանողական միություն

Տեղեկատվական
աղբյուրներ
1. ՀՀ-china.mfa.am, mindiaspora.am, Ավստրալիայի թեմը կայք չունի:
2. Չինաստան - «Տեղեկագիր» Չինաստանում հայ համայնքի,
chinastan.org, chinahay.com:
3. «Բացահայտիր Չինաստանը», «Չինաստանում հայ ուսանողների միություն», «chinahay» ֆեյսբուքյան խմբեր:

Չինաստանի հայ համայնքի զարգացման հեռանկարները
Չինաստանի հայկական համայնքը միտում ունի համալրվելու նոր կազմակերպություններով, քանզի համայնքը ներկայացնող հայությունը խիստ շահագրգռված է ընդլայնել համայնքի գործունեությունը: Հեռահար նպատակ է հետապնդվում նույն շրջափակում միավորել նաև Սինգապուրի, Մալայզիայի, Վիետնամի, Թաիլանդի հայերին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշտական կապի մեջ գտնվել և նպաստել չինահայ համայնքի գործունեությանը ՀՀ պետական գերատեսչությունների մակարդակով։
. Մշտական կապ պահպանել «Հոնկոնգի և Չինաստանի հայկական համայնք» կազմակերպության և նրա հետ կապ ունեցող կազմակերպությունների ու միությունների հետ` համարելով այն Չինաստանի հայերին միավորող կառույց, նպաստել նորաստեղծ համայնքի գործունեության ընդլայնմանը, չինահայերին մասնակից դարձնել համասփյուռքյան և համահայկական ձեռնարկներին:
. Չինաստանում ՀՀ դեսպանության համացանցային կայքի «Հայ համայնք» բաժնի «Չինաստան» ենթաբաժնում (http://china.mfa.am/hy/ community-overview-cn/) ավելի մանրակրկիտ ներկայացնել հայ համայնքի պատմությունը և տեղադրել թարմացվող տեղեկություններ չինահայերի, նրանց կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
. Սփյուռքի նախարարության կամ այլ բարեգործական կազմակերպության ջանքերով սկսել դրամահավաք Հոնկոնգում հայկական եկեղեցի կառուցելու նպատակով, որը կփոխարինի Ջեք և Ջուլիա Մաքսյանների անվան հայկական կենտրոնում գտնվող փոքրիկ աղոթատանը, կմիավորի չինահայերին հոգևոր հարկի տակ` մտնելով Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի կազմում:
. ՀՀ արտաքին տնտեսական լծակներն ու միջոցները ավելի մերձեցնել և հասանելի դարձնել Չինաստանի հայ համայնքի համար, նպաստել և դյուրացնել ինչպես չինահայ համայնքը ներկայացնող գործարարների` ՀՀ-ում ներդրումներ կատարելու, այնպես էլ ՀՀ և արտերկրի գործարարներին՝ Չինաստանում գործունեություն ծավալելու նպատակով:
. Նպաստել տեղեկատվական դաշտի զարգացմանը, չինահայ համայնքի հետ կապված տեղեկատվական կայքերի որակյալ աշխատանքին՝ դարձնելով դրանք չինահայերի մասին ստացվող հիմնական տեղեկատվական աղբյուր, կազմակերպել առցանց հաղորդումներ, հարցազրույցներ, հանդիպումներ, լսումներ:
Այս քայլերը կնպաստեն երկու կարևոր նպատակների իրագործմանը` Չինաստանում և հարակից երկրներում հայապահպանության առաքելության իրականացմանը, հայ ինքնության պահպանությանը և չինահայ համայնքի հզորացմանը, համայնք, որն ունի բոլոր նախադրյալները դառնալու հայ-չինական հարաբերությունների զարգացման կարևոր առանցքներից մեկը:


Կարո ԺԱՄԽԱՐՅԱՆ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գիտա-վերլուծական կենտրոն

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ