Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Ճգնաժամի ազդեցությունն անուղղակիորեն նկատելի է նաև բանկային համակարգում»

«Ճգնաժամի ազդեցությունն անուղղակիորեն նկատելի է նաև բանկային համակարգում»
06.03.2009 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Չնայած այն պնդումներին, որ Հայաստանի ֆինանսական շուկան վտանգված է համընդհանուր ֆինանսական ճգնաժամի պատճառով, մոտ ժամանակներս «Անելիք» բանկի կապիտալը կհամալրվի 30 մլն դոլարով, որից 15 մլն դոլարն արդեն փոխանցվել է բանկի հաշվեհամարին։ Եթե նկատի ունենանք, որ այդ համալրումը կիրականացվի լիբանանյան ներդրողի հաշվին, ապա կարելի է ենթադրել, որ հայաստանյան նշված շուկան այլ երկրների շուկաների համեմատ այս պահի դրությամբ ավելի հուսալի վիճակում է։ Նկատենք, որ այս գործարքի արդյունքում «Անելիք» բանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի 51 տոկոսը կանցնի նոր բաժնետերերին։ Ինչո՞վ է պայմանավորված նոր բաժնետեր փնտրելու անհրաժեշտությունը։ Այս և գործարքի այլ մանրամասների շուրջ զրուցեցինք «Անելիք» բանկի վարչության նախագահ, բաժնետեր ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ։
-Բանկի կապիտալիզացիայի մեծացման անհրաժեշտություն կար,- ասաց պարոն Ճզմաչյանը։- Սովորաբար այն իրականացվում է կա՛մ գործող բաժնետերերի ներդրումների շնորհիվ, կա՛մ ստացված շահույթն ուղղվում է կապիտալի համալրմանը, կա՛մ էլ նոր ներդրողների հաշվին։ Ինչ խոսք, թեև շահույթը միշտ ուղղվել է կապիտալի մեծացմանը, սակայն կյանքի զարգացմանը զուգահեռ եղած շահույթը բավարար չէր, որ կարողանայինք մյուս բանկերի հետ համահունչ քայլել։ Բնականաբար, մեզ մոտ ևս առաջ եկավ նոր ներդրողներ փնտրելու անհրաժեշտություն, ինչի ուղղությամբ երկու տարուց ավելի աշխատանքներ ենք իրականացրել։ Իսկ լիբանանյան այս բանկի հետ բանակցությունները սկսել ենք 1,5 տարի առաջ։ Իհարկե, եթե անկեղծ լինենք, ապա ցանկացած բաժնետեր չի ցանկանում նվազեցնել իր բաժնետոմսերի քանակը, սակայն, մյուս կողմից, կապիտալի մեծացումը դառնում էր կենսական անհրաժեշտություն։ Եվ կարելի է ասել՝ մենք գտանք այն պոտենցիալ բաժնետիրոջը, ով թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական բարձր արժանիքներ ունի։ Սա է, որ նպաստեց բանակցությունների դրական արդյունքին, թեև դրանց սկզբնական շրջանում մենք համաձայնության չէինք կարողանում գալ գնային առումով։
-Այսինքն, վերջիններս «Անելիք» բանկի բաժնետոմսերն ավելի ցա՞ծր էին գնահատում։
-Այո՛։ Դա այն դեպքում, երբ միջազգային կառույցների իրականացրած ուսումնասիրության արդյունքում բաժնետոմսերը շատ ավելի թանկ էին գնահատված։ Բայց չմոռանանք, որ դա մեկուկես տարի առաջ էր։ Ժամանակավորապես մի քանի ամիս բանակցությունները դադարեցվեցին և այնուհետև կրկին վերականգնվեցին։ Սակայն «Անելիք» բանկի համար, ցավոք, դրանք շարունակվեցին, երբ աշխարհը ֆինանսական խոր ճգնաժամի մեջ էր, թեև ֆինանսական ճգնաժամը Հայաստանում ամենաքիչն է դեռևս անդրադարձել բանկերի վրա։ Եվ իմ խորին համոզմամբ, ՀՀ կառավարությունը պետք է առավելագույն ճիգեր գործադրի, որպեսզի թույլ չտա, որ ֆինանսական համակարգի փլուզում տեղի ունենա։
-Այս պահին որքա՞ն է բանկի կապիտալը։
-Ըստ պայմանագրի, բանկի կապիտալը ավելանալու է 9 մլրդ դրամով, որը համարժեք է 30 մլն դոլարին։ Ինչպես ասացի, արդեն փոխանցված է գումարի 50 տոկոսը։ Չնայած դրան, ես համարում եմ, որ գործարքը դեռևս ընթացքի մեջ է և ինչ-ինչ էքսցեսների դեպքում կարող է ունենալ նաև հետադարձ ընթացք։ Իմ այս տեսակետն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մենք` բանկիրներս, իրատեսական մտածողություն ունենք, և մինչև տվյալ գործարքը 100 տոկոսով չկատարվի և չանցնի անցյալի գիրկը, կարծում ենք, որ հարցը 10 տոկոսով է լուծված։
-Որքան Ձեզ գիտեմ, Դուք սովորություն ունեք խոսել, երբ գործարքն ամբողջությամբ ավարտված է։ Սակայն այս դեպքում Դուք Ձեզ նման չէիք և հանրությանն ավելի շուտ տեղյակ պահեցիք գործարքի մասին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Ճիշտ եք ասում։ Սակայն առաջին անգամ «Անելիք» բանկ ներդրվեց միանգամից 15 մլն դոլարի գումար, իսկ դա փոքր գումար չէ Հայաստանի համար։ Այդ նորությունն արագ տարածվեց, և մենք դա չցանկացանք թաքցնել։
-Նոր բաժնետիրոջ ներգրավումն ազդելո՞ւ է բանկի անվանման վրա։
-Չեմ կարծում, որ մեր բանկի անվանումը փոխվի։ Նախ և առաջ, ըստ կանոնադրության, բանկի անվանումը փոփոխելու համար անհրաժեշտ է ունենալ բաժնետերերի ձայների 75 տոկոսը։ Հին բաժնետերերը, ունենալով ձայների 49 տոկոսը, երբեք չեն համաձայնի դրան։ Ռուսաստանի, Վրաստանի, Տաջիկստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի մեր գործընկեր բանկերի հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ իրենց բնակչության շրջանակներում «Անելիք» բանկը, որպես արտասահմանյան բանկ, ամենաճանաչելի բանկն է։ Այսինքն, սա լավ կայացած բրենդ է, և այն փոխել նպատակահարմար չենք գտնում։ Ավելին` մեր բրենդը ճանաչողական իմաստով չի զիջում լիբանանյան մեր նոր գործընկերոջ բանկի բրենդին։ Ինչ վերաբերում է ղեկավար կազմին, ապա առանձնապես փոփոխություն չի լինի։ Սակայն խորհրդի կազմի մեջ փոփոխություններ կլինեն։ Կփոխվեն խորհրդի նախագահը, խորհրդի որոշ անդամներ:
-Իսկ ի՞նչ է լիբանանյան բանկի անունը։
-Ըստ պայմանավորվածության, այդ բանկի անվանումը կհնչեցնեն հենց իրենք` Հայաստան ժամանելուն պես։ Ես չէի ցանկանա խախտել այդ պայմանավորվածությունը։
-Իսկ դա ե՞րբ կլինի։
-Գործարքը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև ամառ։ Հայաստանի, մասնավորապես, ԿԲ-ի հետ որևէ խնդիր չկա։ Այժմ սպասում ենք Լիբանանի ԿԲ-ի պատասխանին։
-Ինչո՞ւ եք ընտրել լիբանանյան բանկ և ոչ եվրոպական։ Եվ, ըստ Ձեզ, ինչո՞վ է «Անելիք» բանկը գրավել հակառակ կողմին։
-Ընտրությունը ճակատագրինն է։ Մեր զրույցի սկզբում նշեցի, որ երկու տարուց ավելի բանակցել ենք տարբեր երկրների բանկերի հետ` ներառյալ եվրոպականը։ Լիբանանյան բանկը հետաքրքրված էր հայաստանյան բանկային համակարգով, և երբ դիմել էին ՀՀ ԿԲ-ին, ապա, ի թիվս այլ բանկերի, ԿԲ-ն ներկայացրել էր նաև մեր բանկը։ Եվ այդպես կայացել է մեր հանդիպումը։ Կարծում եմ, մեր բանկի գրավչությունը պայմանավորված է հետևյալով. «Անելիք» բանկը եզակի է նրանով, որ միակ հայաստանյան բանկն է, որը Մոսկվայում ունի «Անելիք ՌՈՒ» սեփական բանկ։ Երկրորդ` միակն է, որ ունի ֆիզիկական անձանց տրանսֆերտների ռեալ գործող «Անելիք» համակարգ։ Չեմ ուզում անուններ տալ, սակայն պետք է նշեմ, որ հայաստանյան անգամ խոշոր բանկերի կողմից տրանսֆերտների գերակշիռ մասն իրականացվում է «Անելիք» բանկի համակարգով։ Երրորդ` «Անելիք» բանկն ընդգրկված է բոլոր միջազգային վարկային ծրագրերում, որոնք գործում են ՀՀ-ում։
-Դուք նշեցիք, որ Ձեր բանկի կապիտալը կարող էր համալրվել նաև եղած բաժնետերերի ներդրումների հաշվին։ Ինչո՞ւ վերջիններս ներդրում չարեցին, թեև չորս բաժնետեր ունի «Անելիքը», յուրաքանչյուրը 25 տոկոս բաժնետոմսերով։
-Որովհետև գործող բաժնետերերը նման հնարավորություն չունեին։ Այն պարզ պատճառով, որ 14 տարի շարունակ բանկի ստացած շահույթն ուղղվել է կապիտալի համալրմանը և ոչ որպես դիվիդենդ հատկացվել բաժնետերերին։ Հուսով եմ, որ այդ քաղաքականությունն առաջիկա 5 տարիների ընթացքում ևս կպահպանվի։
-Վերադառնանք ֆինանսական ճգնաժամի հարցին։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ՀՀ-ի ֆինանսական շուկայում, և կառավարության կողմից իրականացվող քայլերը որքանո՞վ են նպաստում ճգնաժամը մեղմելուն։ Չե՞ք կարծում, որ բյուջեի հավաքագրման ծանրությունը դնել միջին եկամուտ ունեցողների ուսերին (հարկել կոշկակարներին, դասախոսներին) այս պահին ճիշտ քայլ չէ։
-Հեռու եմ տնտեսական ոլորտի նախկին կամ ներկա ղեկավարության քայլերը քննադատելու ցանկությունից։ Դրա հետ մեկտեղ միշտ համարել եմ, որ խոշոր բիզնեսմենների վրա պետությունն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի։ Սակայն ցանկացած զարգացող երկրում, որոնց թվին եմ դասում նաև Հայաստանը (ճգնաժամից դուրս իրավիճակում), հարկային հիմնական բեռը բաժին է ընկնում միջին խավին։ Դա նշանակում է, որ միջին խավը կայացած է այդ երկրում։ Ինչ խոսք, մենք դեռևս պետք է հասնենք նրան, որ հասարակության մեջ միջին խավի տոկոսը մեծ լինի, ինչի արդյունքում սոցիալական բևեռացումը կփոքրանա։ Այս պահի դրությամբ չէի ասի, որ կառավարությունը փորձում է բյուջեն համալրել միայն փոքր ու միջին բիզնեսի հաշվին, բայց և չեմ կարող այն լիովին անտեսել։ Տեղին է հիշել վիետնամական մի ասացվածք. «Մանրուքները վտանգավոր են նրանով, որ շատ են»։ Օրինակ, բանկային համակարգում ընդհանուր վարկային պորտֆելում միկրովարկերի տեսակարար կշիռը մեծ տոկոս է կազմում, և, որպես կանոն, դրանք ամենառիսկայինն են։ Եթե մեկ բառով գնահատենք ֆինանսական շուկայի իրավիճակը, ապա քանի որ բանկերը տնտեսության բաղադրիչ մասն են, ճգնաժամի ազդեցությունն անուղղակիորեն նկատելի է նաև մեր համակարգում։
-Ինչո՞վ։
-Դժվարացել է որոշ վարկերի վերադարձելիությունը, նվազել է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վարկավորման հայտերի քանակը։ Այս ամենով հանդերձ ես լավատես եմ։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2781

Մեկնաբանություններ