Մեր բոլոր ազգային ախտերի հիմքը մեր ազգային մենթալիտետն է։ Ազգային մենթալիտետը պարտադիր չէ,որ իր հիմքում ունենա սեփական ազգային պետություն ունենալու, այն հզորացնելու ձգտումը։
Ազգայինն ինքնին ենթադրում է,որ անհատի ջանքերը բացառապես ուղղված են ագգի, այլ ոչ պետության պահպանմանը, որի փայլուն օրինակը հայկական սյուռքն է։ Խնդիրն այն է, որ Հայաստանի ներսում գործում է ազգապահպանման նույն պարադիգմը, ինչ՝ սփյուռքում, չնայած պետք է լիներ ճիշտ հակառակը։ Իսկ այս պարադիգմի պայմաններում պետականությունը բացարձակ արժեք չէ, այլ ընդամենը ժամանակավոր հանգրվան։ Դրա համար էլ, երբ պետականություն, անկախություն ենք ձեռք բերել, ամիջապես նույն ջանասիրությամբ և կատաղությամբ սկսել ենք այն ոչնչացնելու ծրագիրը ու եկել հասել այս օրվան։
Թերևս, սա է հիմնական պատճառը, որ միշտ նման ծավալների արտագաթղ ենք ունեցել և ունենք։ Գնացողները գնում են ու լծվում «ազգապահպանության սուրբ գործին» ու դրանով քավում իրենց մեղքի բաժինը։
Ինձ ուղղեք, եթե սխալվում եմ, բայց սփյուռքի բոլոր հեղինակավոր կառույցների ջանքերը կրկին միտված են ազգային արժեքների, այլ ոչ հայոց պետականության պահպանմանը։
Էս միտքը մեկ-երկու օրում չի ինձ մոտ առաջացել։ Երկար եմ մտածել, փորձել գտնել պատճառները:
Անհատական մակարդակում մեր հոգեկերտվածքում նույնպես լրջագույն շեղումներ կան, որոնց մասին մենք նույնիսկ չենք մտածում, որովհետև չենք տեսնում․․․
Մի լավ ընկեր ունեմ, որը հիմա արտասահմանում է ապրում։ Խելառ հայրենասեր էի նրան ասում։ Չի եղել մի դեպք, որ սահմանային լարվածություն լիներ, ու նա առաջինը չմեկներ առաջնագիծ։ Մասնակցել է համարյա բոլոր մարտական գործողություններին, վիրավորվել է, մեկ անգամ՝ շատ լուրջ։
Ընկերս իրենց բակում փոքրիկ խանութ ուներ, պատահական մի օր մտա, նայում եմ, ոչ մի ՀԴՄ կտրոն չի խփում։ Երբ մենակ մնացինք, ասում եմ՝ ի՞նչի չես կտրոն խփում, օրինավոր երկրի մասին ես երազում, բողոքում, պատրաստ ես կյանքդ առանց մտածելու հայրենիքի համար զոհել,բայց ՀԴՄ չես խփում։
Պատասխանը, որ տվեց, շատ էի լսել ուրիշներից, բայց նրա շուրթերից բոլորովին այլ կերպ հնչեց՝ մեկ ա բան չի փոխվելու...
Փիլիսոփայական կամ հոգեբանական որևէ ուղղություն չկա,որ բացատրություն տա այս երևույթին, երբ անհատը չի ցանկանում հայրենիքի օրինավոր քաղաքացի լինել, բայց պատրաստ է կյանքը զոհել էդ նույն հայրենիքի համար։ Մեծամասնությամբ էդպիսին ենք։
Դրա համար, տուն կառուցելուց առաջ, պարիսպն ենք կառուցում ու ենթագիտակցորեն մեզ բաժանում մնացածից։ Իմ տունը, իմ պետությունը պարսիպների ներսում է։ Դրանից դուրս՝ թեկուզ ջրհեղեղ․․․
Արմատը, թերևս, դարեր շարունակ պետությունից զրկված լինելու մեջ է, երբ առաջ են մղվել միայն ազգապահպանության և գոյապահպանության խնդիրները, իսկ պետություն ունենալը երբեք գերնպատակ չի եղել,այլ միայն՝ միջոց։
Լուծում կա ու էդ լուծումը դպրոցն է, որը մեր պետականության ու անկախության դարբնոցը պետք է լինի։ Բայց բոլորովին նոր որակի դպրոց, որը կկերտի վաղվա Հայաստանի քաղաքացուն, ում համար պետությունն ու պետականությունը կլինեն բարձագույն արժեք։ Ու դա պետք է սկսել արդեն այսօր։
Նաև խիստ անհրաժեշտ է անհապաղ փոխել մեր հիմնը, դրոշն ու զինանշանը, որոնք, սիմվոլիկայի իմաստով, թերի են ու սխալ:
Հարություն Ղուկասյան