(Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը Վահե Ավետյանի մահից անմիջապես հետո)
«Խորին ցավակցություններս Վահե Ավետյանի ընտանիքին ու հարազատներին: Պինդ կացեք ու մխիթարվեք Վահեի հիշատակի հավերժությամբ, ով այլևս ապրելու է ձեր հետ, ձեր հիշողություններում ու մտքերում:
Անկեղծորեն, Վահեի մոր ու քրոջ նման հավատում էի հրաշքին` նրան, որ եթե մինչև հիմա Վահեն թեկուզ անգիտակից ապրում է, ապա Աստված նրան մեզանից ու իր ընտանիքից չի խլելու: Ավաղ, Վահեին տարավ իր մոտ, որովհետև չկարողացանք պաշտպանել նրան:
Մեր երկրում մարդիկ զավակ են ունենում, հույսեր կապում նրա հետ, հավատում նրա ապագային, պետական բյուջեով լավ թե վատ ծախս է արվում այդ քաղաքացու վրա, ու վերջինս կամ լքում է իր երկիրն ու ծնողին, կամ էլ, վատագույն դեպքում, մի անպատժելի, թռփոշացած, հաբռգած կենդանի ջնջում է այդ ամենը` հույսեր, երազանքներ, ջանքեր, ներդրումներ, ապագա` ցույց տալով, թե մարդը Հայաստանում ճանճի նման բան է:
Երկու դեպքում էլ մարդը մեր երկրում արժեք չունի: Եվ պետությունը, իր հանցավոր անտարբերությամբ, որոշ դեպքերում հանցավոր մեղսակցությամբ անուղղակի թե ուղղակի հավանություն է տալիս այս ամենին:
Եթե այդպես չլիներ, ապա շատ պաշտոնանակությունների մասին լսած կլինեինք մինչև հիմա»,- Վահե Ավետյանի մահից հետո այս գրառումն է թողել «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում: