Նորվեգացի Անդերս Բրեյվիկի շարունակվող դատավարության առնչությամբ արևմտյան մամուլը մեղադրյալին որակում է որպես ահաբեկիչ, մարդասպան, սադիստ, խելագար և այլն։ Ինչ խոսք, միայն այդպես կարելի է պիտակել մեկին, որն անողոք սառնասրտությամբ գնդակահարել է յոթ տասնյակից ավելի երիտասարդների, որոնց մեղքը եղել է սոսկ այն, որ պատկանել են Նորվեգիայի կառավարող «իսլամահաճ» կուսակցության երիտասարդական թևին։
Այդուհանդերձ, նույնչափ կարևոր է պարզել այն բոլոր դրդապատճառները, որոնք այդ մարդուն, եթե նա, իրոք, մեղսագիտակ է, հասցրել են նման խելահեղ հանցագործության։ Ի վերջո, նման արարքի կարող է դիմել նաև մոլեռանդ ֆանատիկը, իսկ որ այդպիսին է Բրեյվիկը, կասկած չկա։ Տվյալ դեպքում նրա ֆանատիզմի հիմքը, իր իսկ ասելով, խոր հայրենասիրությունն է` Նորվեգիայի իսլամացման ու նրա մոտալուտ կործանման, նորվեգական էթնոսի անհետացման իրական վտանգի գիտակցումը։
Ելնելով տխրահռչակ «քաղաքական նրբանկատությունից»` եվրոպական լրատվամիջոցները խուսափում են Բրեյվիկի գաղափարների լուսաբանումից։ Սակայն արժե ծանոթանալ դատավարության ընթացքում նրա արտահայտած մտքերին, որ հրապարակել է ռուս նացիոնալիստական թերթերից մեկը։ Ներկայացնում ենք սոսկ որոշ հատվածներ Եվրոպայի մուսուլմանացման այդ յուրահատուկ «մանիֆեստից»։ Թեև, կրկնում ենք, ոչինչ չի կարող արդարացնել Բրեյվիկի սարքած հրեշավոր սպանդը։
«Այն, ինչը դուք այսօր դեմոկրատիա եք անվանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ լիբերալ-մշակութային-մարքսիստական դիկտատուրա։ «Մշակութային մարքսիզմի» նոր գաղափարախոսություն է դարձել մուլտիկուլտուրիզմը, որը, ըստ էության, արգելում է ցանկացած քննադատություն տվյալ գաղափարական դրույթները քարոզողների հասցեին»։
«Ես բացարձակապես համոզված եմ, ինչպես մյուս «ռազմատենչ նացիոնալիստները», որ եթե մեզ հաջողվի կանգնեցնել Եվրոպայի նկատմամբ իրագործվող մուլտիկուլտուրային փորձարարությունը, ապա մենք կփրկենք եվրոպական երկրների հարյուր հազարավոր, գուցե և միլիոնավոր քաղաքացիների կյանքը»։
«Սոցիալ-դեմոկրատները որոշել են լրիվ փոխել մեր երկիրն ու Արևմտյան Եվրոպան, դրանք դարձնել բազմազգ ու մուլտիկուլտուրային հասարակություն, նույնիսկ չհարցնելով իրենց ժողովուրդների կարծիքը հանրաքվեի միջոցով։ Իսկ չէ՞ որ այդ քաղաքականությունը հանգեցնում է մեծ ցնցումների, և հետևանքները խիստ արյունալի կարող են լինել։ Միակ բանը, որ պետք է զարմացնի Նորվեգիային և Եվրոպային, այն է, թե ինչու 22/7-ի նման իրադարձություն տեղի չի ունեցել շատ ավելի վաղ»։
«Եթե հայացք գցենք Նորվեգիայի վիճակագրական վարչության վերջին զեկույցին, ապա կտեսնենք, որ իմ երկրում ներգաղթողները մեծամասնություն կկազմեն 2040 թվականին։ Սակայն իրականում բերված տվյալները կեղծ են, ավելի ճիշտ` խաբեական, որոնք մեզ մոլորության մեջ են գցում։ Մուլտիկուլտուրիստների պատվերով պատրաստված զեկույցում հետազոտվող խմբերից կանխակալ բացառել են ասիացիներին, աֆրիկացիներին և Հյուսիսային Եվրոպայի մյուս երկրների քաղաքացիներին, ներգաղթողներին, խառն ընտանիքների երեխաներին, երբ ծնողներից մեկն Ասիայի, Աֆրիկայի կամ Մերձավոր Արևելքի ծնունդ է։ Փաստ է, որ բնիկ նորվեգացիներն Օսլոյում փոքրամասնություն կկազմեն արդեն հինգ տարի հետո։ Եվ դա տեղի կունենա»։
«Իսլամը գերիշխում է և՛ Նորվեգիայում, և՛ Եվրոպայում։ Եվրոպացի ձախ քաղաքագետները, գիտնականները, լրագրողները հայտարարում են, թե մուսուլմանների գերակշիռ մասը խաղաղ քաղաքացիներ են և վաղուց հրաժարվել են բռնությունից։ Բայց դա սուտ է ու քարոզչություն։ Բրիտանիայում բնակվող մուսուլմանների 25 տոկոսը Լոնդոնում 7/07-ին իրականացված ահաբեկչական գործողություններն արդարացրեց այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի զորքերը գտնվում են Աֆղանստանում։ Իսկ Անգլիայում բնակվող մուսուլմանների 40 տոկոսն արդար համարեց Նյու Յորքի ահաբեկչությունը»։
«Թույլ և մասնատված էթնիկական խմբերը թույլ մշակույթ են ստեղծում։ Ցանկացած մշակույթի հիմքը էթնիկական խումբն է, իսկ այն, ինչ տեղի է ունենում մեզանում, այլ կերպ, եթե ոչ այդ խմբի խճողում, չես անվանի։ Եվ վերջին 60 տարում ձախերն ու մարքսիստներն ավերեցին այն, ինչ ստեղծվել էր հարյուրամյակների ընթացքում։
«Ներկայումս Նորվեգիայում առաջացել է ժողովրդագրական մի վիճակ, երբ երկրում ծնվողների մեծ մասը մուսուլման է։ Ի վերջո, մեզ չի՞ սպառնում լիբանանցի քրիստոնյաների ճակատագիրը։ Լիբանանը ժամանակին քրիստոնեական երկիր էր. 1911 թվականին քրիստոնյաներն այնտեղ կազմում էին բնակչության 80 տոկոսը։ Ներկայումս Լիբանանը դարձել է մուսուլմանական երկիր քրիստոնեական փոքրամասնությամբ, որն անընդհատ հալածանքների է ենթարկվում»։
«Ահա և մենք մոտենում ենք ևս մի կարևոր խնդրի` Եվրոպայի իսլամացմանը։ Ինչքան ավելի են բազմանում մուսուլմանները եվրոպական երկրներում, այնքան ավելի է մեծանում նրանց պահանջների ցուցակը երկրի բնիկ քաղաքացիներին ու իշխանություններին` հատուկ սննդամթերքների խանութներ, առանձին գերեզմանոցներ ու լողավազաններ, իսլամական ավանդույթներով գործող բանկեր, շարիաթական դատարաններ, առանձին արաբական դպրոցներ, մանկապարտեզներ։ Եվ այդ ամենը ֆինանսավորում են ոչ միայն իսլամական երկրները, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, այլև Նորվեգիան է վճարում այդ «իսլամական բավականության» համար»։
«2007 թվականից Սաուդյան Արաբիան 600 միլիարդ դոլար է ծախսել Եվրոպայի, Կանադայի, Ավստրալիայի և Ամերիկայի իսլամացման համար։ Խոսքը վերաբերում է 1500 մզկիթների կառուցմանը, 202 իսլամական քոլեջների, 210 իսլամական մշակութային կենտրոնների բացմանը»։
«Ահա և եվրոպացի մուլտիկուլտուրիստները բացել են մեր երկրների դռները իսլամի հետևորդների առաջ։ Ավելի քան 30 միլիոն մուսուլման է արդեն ապրում Եվրոպայում, 150 հազար` միայն Նորվեգիայում։ Եվ 1960 թվականից, երբ առաջին մուսուլմանները հայտնվեցին մեր երկրում, առայսօր բռնաբարվել է 90 հազար նորվեգացի կին, շատերը ենթարկվել են խմբային բռնաբարության, ոմանք ինքնասպանություն են գործել։ Հարյուրավոր նորվեգացիների են սպանել մուսուլմանները։ Այս ամենը հանցագործություն է նորվեգական ժողովրդի դեմ, և պատասխանատվության առյուծի բաժինն ընկնում է կառավարող կուսակցության` Նորվեգիայի աշխատանքային կուսակցության վրա»։
«Բնիկ նորվեգացիները փախչում են այն շրջաններից, որտեղ մուսուլմաններ են բնակվում։ Մուսուլմաններն արհամարհում են մեր հասարակությունը, մեր մշակույթը, մեր ավանդույթներն ու լեզուն»։
«Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ մուսուլմանները խաղաղ ապրեն իրենց ընդունող ժողովրդի հետ»։
«Մենք ուզում ենք մնալ որպես նորվեգացիներ, որպես նորվեգական ազգ, քրիստոնեական հավատով, մինչդեռ գտնվում ենք մի իրավիճակում, երբ այդ ամենը կորցնում ենք, կորցնում ենք մեր քաղաքները, մեր երկիրը, այն, ինչը մեզ հոգեհարազատ է մեր պատմության 12 հազար տարվա ընթացքում։ 5-10 տարի հետո նորվեգացիներս փոքրամասնություն կդառնանք մեր սեփական մայրաքաղաքում և մյուս քաղաքներում։ Իսկական չարիք են մեր քաղաքների հեղեղումը ասիացի և աֆրիկացի ներգաղթողներով, քրիստոնեության ոչնչացումը և նրա նենգափոխումը իսլամով»։
«Հարձակումը, որ ես գործել եմ 22/7-ին, սոսկ կանխահարված էր ի պաշտպանություն Նորվեգիայի բնիկ ժողովուրդների, ի պաշտպանություն մեր մշակույթի։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Իմ արարքը կատարվել է ըստ անհրաժեշտության և իմ ժողովրդի, իմ մշակույթի, իմ կրոնի, իմ քաղաքի, իմ երկրի անունից»։
Հրապարակման պատրաստեց
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ