ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայրենիքի վրա «ժամանակ չվատնելու և ռեսուրսներ չծախսելու» մասին կարող է խոսել միայն անհայրենիք մեկը

Հայրենիքի վրա «ժամանակ չվատնելու և ռեսուրսներ չծախսելու» մասին կարող է խոսել միայն անհայրենիք մեկը
10.12.2023 | 17:11

«Մենք 30 տարի ուղղակի ժամանակ էինք վատնել ու ռեսուրսներ ենք ծախսել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր»:

Սա Արցախի վերաբերյալ Փաշինյան Նիկոլի արտաբերած բառերն են:

Հայրենիքի վրա «ժամանակ չվատնելու և ռեսուրսներ չծախսելու» մասին կարող է խոսել միայն անհայրենիք մեկը: Սակայն, նույնիսկ` անհայրենիքները կարծիք արտահայտելու և քաղաքական դիրքորոշում ունենալու իրավունք ունեն: Եվ այս իմաստով Փաշինյան Նիկոլի բառերը վտանգավոր են և դատապարտելի:

Նախ` «ի սկզբանե անլուծելի խնդիրներ» չկան: Ցանկացած խնդիր լուծում ունի:

Բացի դրանից` նորագույն պատմությունը ցույց է տալիս խնդիրների լուծման տարբերակները:

70-ականների սկզբին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը, 90-ականներին` Կոսովոն անկախացավ Սերբիայից, Աբխազիան և Հարավային Օսիան` Վրաստանից, Մերձդնեստրը` Մոլդովայից: Մեր օրերում կիսվեց Սուդանը, Եթովպիան:

Անլուծելի՞ էր արդյոք Կոսովոյի խնդիրը: Ոչ, քանզի այս պահին աշխարհի 124 պետություն պաշտոնապես ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Նույնը Հարավային Սուդանի և Էրիթրեայի պարագայում: Համոզված եմ` մնացածն իրենց հերթին են սպասում:

Հյուսիսային Կիպրոսի խնդիրն առկախված է արդեն 50 տարի: Պատկերացնու՞մ եք, որ այդ տարածքի ղեկավարը հայտարարի Հյուսիսային Կիպրոսի «անիմաստության» մասին: Ես չեմ պատկերացնում:

Հայտարարելով, որ Արցախի հարցն «ի սկզբանե, անլուծելի էր», Փաշինյան Նիկոլը լուրջ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, վերջինիս քաղաքական իմիջին:

Արցախի խնդիրն «անլուծելի չէր»: Սխալ էր «ի սկզբանե» ընտրված արտաքին քաղաքական վեկտորը, որը, ի վերջո, հանգեցրեց Արցախի խնդրի «անլուծելիությանը»: Ի տարբերություն Հայաստանի, օրինակ` Կոսովոն ի սկզբանե ճիշտ վեկտոր էր ընտրել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ