Աստծո անցած յոթ օրում աշխարհում ոչինչ էլ չեղավ, որ պատմության գրքում գրվեր, բայց լուսանցքներում գրվեցին բազում էջեր: Լինում են ժամանակներ, որ պատմության լուսանց-քներն ավելին են պատմության էջերից:
Վայոց ձորի Արենի գյուղի մերձակա Թռչունների քարայրում հնագիտական պեղումների ժամանակ 2007-ին` երեք տարի առաջ, հայտնաբերվել է Աբու Հասանի աջ չարոխը, որտե՞ղ է ձախը, գիտնականները դեռ չգիտեն, ինքը` Աբու Հասանն էլ չգիտի, որովհետև 5637 տարի առաջ նա բոլորովին էլ Աբու Հասան չէր: Հայ հնագետները գուցե այդքան էլ չզարմանային` չարոխը չարոխ է, էլի, բայց նրանց հետ եղել են իռլանդացիներ ու ամերիկացիներ, վերցրել, չարոխը տարել են ու սկսել են քննել: Չգիտես ինչու` չեն ուսումնասիրում չարոխի մեջ հայտնաբերված խոտը, որ քիչ բան չի պատմի 5637 տարի առաջվա կյանքի ու աշխարհի մասին, քան կովի կաշվի կտորը, որ քուղերով կապվել է ոտքին: Նման կոշիկներ գտնվել են նաև Եվրոպայում, բայց սա ամենահինն է և ամենաամբողջականը` հագի ու գնա ֆուտբոլ խաղալու:
Ստամբուլում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկի վրա ճնշում գործադրելը ռիսկային է: Ռուսաստանը չէր ցանկանա, որ կողմերից որևէ մեկը հայտարարեր, թե իրեն ճնշում են: ՌԴ կառավարարության նախագահը կարծում է, որ պատասխանատվությունը կրում են հակամարտության կողմերը, և կողմերի համար ընդունելի լուծում պետք է գտնվի: Հարցը չափազանց բարդ է, և պետք է համբերություն դրսևորել: Սա լուրջ հարված է ադրբեջանցի հայրենասերներ համար, որոնք համոզված պնդում էին, թե Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա և պետք է գործադրի: Եթե, իհարկե, իմաստ ունի հավատալ բարձրաձայնվող դիվանագիտությանը, որը հաճախ բնավ էլ վճռորոշը չէ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Վենետիկում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր. «Մենք պատրաստ ենք հանդիպմանը, եթե տեսնենք, որ հայկական կողմը չի ձգձգում գործընթացը և առաջընթացի ցանկություն ունի»: Մամեդյարովը բավականաչափ անկեղծացել է` պատմելով, որ մադրիդյան սկզբունքները ներկայացնելուց հետո Աթենքում կայացած հանդիպումները արդյունք չտվեցին: «Բոլորը կարծում էին, որ փաստաթուղթը, որի վրա երկու տարի աշխատանք է տարվել, հնարավորություն ստեղծում է հիմնական փաստաթղթի վրա աշխատանքներ սկսելու համար, բայց հայկական կողմի համաձայնությունը չստացվեց»,- ասել է Մամեդյարովը: Նա կարծում է, որ «փաստաթղթերում սկզբունքային նոր բան չկա` բացառությամբ որոշ նրբությունների, որոնց վրա Ադրբեջանն առաջարկել է աշխատել»: Ըստ Մամեդյարովի` համանախագահները պետք է հայկական կողմին փոխանցեն ադրբեջանական կողմի մոտեցումները, միջնորդները հետո կքննարկեն ընդհանուր իրավիճակը և հնարավոր է` հանդես գան նոր առաջարկներով: Հայաստանի արտգործնախարարությունն արդեն երկուշաբթի արձագանքել է ոչ միայն օպերատիվ, այլև ըստ էության. «Առաջընթացը բանակցային գործընթացում հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճոճելու փոխարեն ընդունի իր պատասխանատվությունը հակամարտություն սանձազերծելու և դրա հետևանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումներն իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք, և անպտուղ չաղավաղի հակամարտության էությունը և բանակցային գործընթացի բովանդակությունը»:
Իսկ հունիսի 9-ին ԱԺ պատգամավորներին զարմանալիորեն հետաքրքրել է, թե որն է Հայաստանի դիրքորոշումը մադրիդյան սկզբունքների լրացումների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը, իր պնդմամբ, ընդունում է, Հայաստանը` լռում: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը զայրացած կամ Ադրբեջանի, կամ պատգամավորների վրա, ասել է. «Հայաստանը դեռ երկու տարի առաջ հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցության հիմք: Երկու տարի անց Ադրբեջանը փորձում է ձևացնել, թե ինչ-որ բան է ընդունում: Ի՞նչ է ընդունում Ադրբեջանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հարցը կարգավիճակի հարցն է, Ադրբեջանը չի ընդունում ինքնորոշման իրավունքը, չի ընդունում ուժի չկիրառման մասին համաձայնագրի առաջարկը և միայն խոսում է տարածքային ամբողջականության մասին»: Էդվարդ Նալբանդյանն այդ պահվածքը որակել է գեբելսյան պրոպագանդա, որով Ադրբեջանը խաբում է իր ժողովրդին, ինքն իրեն: Մնում է հիշել` ո՞վ հաղթեց Գեբելսին. Մոլոտո՞վը, թե՞ Ժուկովը, և երբ` պատերազմից առա՞ջ, թե՞ հետո:
Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել ռազմական դոկտրինին, որի համաձայն Բաքուն իրեն իրավունք է վերապահում, օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ ռազմական ուժը, ազատագրել տարածքները և վերականգնել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Չդիմացավ, չդիմացավ ԱԺ նախագահը և խախտեց լուռ մնալու իր խոստումը, թեպետ չափազանց լուրջ ու զայրալից էին նրան հորդորել: Իհարկե, նա ունի արդարացում` Հայաստանում սուսուփուս է, երկրից դուրս է՞լ չխոսի: Լիմասոլում խորհրդարանների նախագահների համաժողովում «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով ելույթ է ունեցել Հովիկ Աբրահամյանը: Իհարկե, դա չի նշանակում, որ ՀՀ Ազգային ժողովը ժողովրդավարական խորհրդարան է, և ԱԺ խոսնակն էլ պաշտպանել է ընդդիմության իրավունքները, սահմանել պարտականությունները: Բայց նրա այս ելույթը նույնիսկ իր համար, որ հայտնի «խոսքաշեն» է, մեծագույն ձեռքբերում է և արժի բաժանել խորհրդարան ներկայանալու պարտադրված հերթական զոհ դպրոցականներին` խոր ուսումնասիրության համար: Գյուտ գյուտի վրա է արել Հովիկ Աբրահամյանը: Անձի ինքնամեծարման պոռթկումով նա զեկուցել է. «ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր ես բազմիցս կոչ եմ արել ընդդիմությանը` օգտագործել խորհրդարանի ամբիոնը որպես քաղաքական քննարկումների հարթակ»: Պատկերացնո՞ւմ եք: Այսինքն` մինչև նրա նախագահ դառնալը խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական քննարկումներ խորհրդարանում չէր կարող ու չէր անում: Խեղճ ընդդիմություն: Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը, չգիտես ինչու, այդպես էլ նրա «բազմիցս կոչերին» չի արձագանքում: Անխիղճ ընդդիմություն: Սա ընդամենը շարքային անհեթեթություն է, կա նաև փաստական անհեթեթություն. «Մեր երկրի խորհրդարանը գործով է ապացուցում իր հավատարմությունը ժողովրդավարության չափանիշներին ու եվրոպական արժեքային համակարգին:
Դրա մասին են վկայում ՀՀ ԱԺ կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր ընդունված օրենքները և ներկայում ընթացող բարեփոխումների գործընթացը»: ՈՒրեմն` ի՞նչ, մեր անկախության պատմության կեսը գցում ենք դե՞ն, միայն ԵԽ-ին անդամակցելուց հետո՞ է սկսվում «հավատարմությունը ժողովրդավարությանը», իսկ ԵԽ-ին անդամակցելուց առաջ ընդունած օրենքները հակաժողովրդավարակա՞ն էին: Հետաքրքիր է` ԱԺ նախագահի այս «թվաբանության» հետ ՀՀ նախկին ու ներկա նախագահները համաձա՞յն են: Իսկ «ներկայում ընթացող բարեփոխումները» հաստատ հեռուստատեսության և ռադիոյի մասին ընդունված և օտարալեզու դպրոցների մասին ընդունել չհասցրած օրինագծերն են: Սա էլ դեռ ոչինչ: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը գործընկերներին պատմել է ԱԺ կանոնակարգը և գլուխ գովել, որ կանոնակարգը սահմանում է, թե ինչ է խորհրդարանական ընդդիմությունը և ինչ կարող է անել: Սա էլ վերջը չէ: Մտքի թռիչքը նրան մղել է կատարյալ անհեթեթության. «Այս համաժողովը պետք է արտացոլի մեր պատկերացումները ժողովրդավարության մասին: Սակայն, կարծում եմ, որ իրական պատկերն ավելի լավ տեսնելու համար հետաքրքիր կլիներ նույն հարցով կազմակերպել կոնֆերանս, որին հրավիրված լիներ միայն ընդդիմությունը: Եվ եթե պարզվեր, որ երկու համաժողովների գնահատականները համընկնում են, ապա հնարավոր կլիներ ասելու, որ մեր երկրներում մենք հասել ենք ժողովրդավարության պատշաճ մակարդակի»: Պատկերացրի՞ք, այսինքն` ընդդիմությունը և իշխանությունն այնքան անհամատեղելի հասկացություններ են, որ միայն առանձին-առանձին հավաքներում կարող են գնահատականներ տալ: Ժողովրդավարության և քաղաքական տոլերանտության այս փայլուն գյուտից հետո մի հարց` իսկ եթե պարզվեր, որ համաժողովների գնահատականները չե՞ն համընկնում, մարտի մե՞կ էր հաջորդելու: Ժողովրդավարության և եվրոպական արժեքային համակարգի այս աղոտ պատկերացումները, թերևս, իրապես հայտնություն են դարձրել Հայաստանի խորհրդարանի նախագահի ելույթը: Հակագովազդն էլ գովազդի տեսակ է: Ներհայկական հարթակում նման ելույթները գուցե սովորական են, բայց ժամանակն է խնայելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը և այլ երկրներում ելույթ ունենալիս խուսափելու ինքնատիպ լինելուց և ինքնուրույն մտքեր արտահայտելուց:
Ոչ միայն Հովիկ Աբրահամյանը, Բարաք Օբաման էլ չդիմացավ ու վերցրեց նամակ գրեց Իլհամ Ալիևին, փոստին էլ չվստահեց ու նամակն ուղարկեց պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի ձեռամբ: «Ես գիտեմ, որ լուրջ խնդիրներ կան մեր հարաբերություններում, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք դրանք լուծել»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը, հետո էլ ավելացրել. «Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը էական է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկարատև կայունության համար, և այս գործընթացին աջակցելը կմնա ԱՄՆ-ի առաջնահերթությունը»: Պատկերացնո՞ւմ եք` ինչ երջանկություն կլիներ նման նամակ ստանալը Աբդուլլահ Գյուլի համար, բայց Օբաման գիտի` ում ինչ գրի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևը, քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացին Թուրքիան ու Բրազիլիան: Բանաձևն արգելում է տեխնիկական օժանդակություն ցուցաբերել Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրին, Իրանին մատակարարել նոր տեխնոլոգիաներ, ուղղաթիռներ, մարտական օդանավեր, տանկեր, ռազմանավեր, հրթիռներ: Բանաձևը պահանջում է զգոնություն ցուցաբերել Իրանում գրանցված կամ Իրանի իրավասության տակ գտնվող ընկերությունների հետ գործարար կապերում, պատժամիջոցներ է սահմանում 40 իրանյան ընկերությունների նկատմամբ, արգելում է իրանական բանկերին այլ երկրներում սեփականություն ձեռքբերել, համատեղ ձեռնարկություններ ստեղծել, նոր բիզնեսներ հիմնադրել: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարևորեց բանաձևի ընդունումը, քանի որ տարիներ շարունակ Իրանի կառավարությունը հրաժարվում է կատարել միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները: «Իրանն անտեսել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Իրանի ղեկավարները թաքնվել են բարձրագոչ ճարտասանության հետևում` միաժամանակ ձեռնարկելով քայլեր, որոնք խոր մտահոգություն էին պատճառում»,- ասել է Օբաման: Բարձր գնահատելով Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցած երկրներին` Հիլարի Քլինթոնն ասել է, թե Թուրքիան նույնպես ջանքեր էր գործադրում նույն նպատակին հասնելու համար, իսկ նրա օգնական ՈՒիլյամ Բեռնսը ԱՄՆ-ի հիասթափությունն է հայտնել Թուրքիայի քվեարկությունից: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բանաձևի ընդունումից հետո հայտարարել է. «Նրանք հաստատեցին մեր դեմ ուղղված բանաձևը, որը նշանակություն չունի Իրանի ժողովրդի համար»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, որ Եվրամիության պատճառով Թուրքիան հեռանում է Արևմուտքից: Թուրքիայի վարչապետ Էրդողանը նրան պատասխանել է անողորմ ու կտրուկ. «Դա կեղտոտ քարոզչություն է»: Էրդողանն արաբաթուրքական ֆորումի նիստում հարկ է համարել բացատրել. «Եթե մենք «ոչ» չասեինք այդ բանաձևին, ինքներս մեզ հերքած կլինեինք: Մերժած կլինեինք մեր իսկ ստորագրությունը: Դա անպատիվ պահվածք կլիներ մեր կողմից: Չէինք կարող այդպիսի սխալ թույլ տալ, որովհետև պատմությունը մեզ չէր ների: Գալիք սերունդները մեզ չէին ների»: Եթե թուրքական պետության ղեկավարներն այսքան բարձր գիտակցություն ունենային նաև 20-րդ դարասկզբին, այսքան մտածեին պատմության և գալիք սերունդների գնահատականի մասին, ինչքան տարբեր կլիներ իրենց ու տարածաշրջանի պատմությունը:
Իսրայելի բնակչության 78 տոկոսը «Ազատության տորմիղի» միջադեպից հետո Թուրքիան համարում է թշնամի երկիր: Gal Hahadash հետազոտական կենտրոնի հարցման մասնակիցների 92 տոկոսը ճիշտ է համարում իսրայելական զինուժի միջամտությունը և միայն 5 տոկոսն է դեմ բանակի միջամտությանը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ