Հիլըրի Քլինթոնի այցը կլանել է տարածաշրջանի ուշադրությունը: Այցը «կետային» է և ներառում է այն երկրները, որոնք այս պահին որոշում են ԱՊՀ հետխորհրդային երկրներ-Ռուսաստան-Արևմուտք խաղի նոր կանոնները:
ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՏԻԿՆՈՋԸ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ
Նա արժանի է դրան: Դե` ոչ միայն կանանց համերաշխության և Մոնիկային` Լևինսկայա, հաղթելու համար: Զուտ գեոպոլիտիկ նպատակադրումներով. նրա այցը ազդանշում է` դեռ վաղ է կարծել, թե «վերաբեռնման» քաղաքականությունն այնքան հեռու է գնացել, որ ՈՒկրաինան, Աբխազիան ու Օսիան «տված» Նահանգները կարող է տալ Հարավային Կովկասը, եթե շատ կոշտ` Ղարաբաղը. թույլատրելով Ռուսաստանին այնտեղ «համատեղ» ջանքերով բլիցկրիգվել ու ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել:
Այսպիսով, ամերիկյան նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան, ինչ խոսք, նոր դասավորության մասին է ազդանշանում: 18 տարի տարածաշրջանում նման կարգի այց չի եղել: Չնայած «վարդերի» բույրը շնչելու համար Վրաստան ժամանեց անձամբ ինքը` Բուշ-կրտսերը, ավելին` մի լավ «կենտաուրի» պարեց թիֆլիսյան հրապարակում, այնուհանդերձ, պետդեպի քարտուղարի այց եղել է մեկ էլ 90-ականների սկզբին, երբ տարածաշրջան էր այցելել Ջ. Բեյքերը: Չե՞ք հիշում նրան:
Արժե հիշել. նա ԽՍՀՄ-ի գերեզմանափորներից է: Եվ, այնուհանդերձ, Բեյքերի այցելած Հարավային Կովկասն այլ «տարածք» էր. այնտեղ արտաքուստ դեռ իշխում էր ռուսաստանյան ոգին-մենթալիտետը, սակայն Խորհրդային Միության փլուզմամբ արդեն իսկ ապացուցվում էր, որ տարածաշրջանը դանդաղ ենթարկվում է ներքին տրանսֆորմացիայի:
Թե ինչքան խոր է այդ տրանսֆորմացիան Քլինթոնի այցելած Հարավային Կովկասում, չարժե ծանրանալ, արժե լոկ արձանագրել` Բեյքերի այցի գլխավոր նպատակադրումներից մեկը դարձյալ ղարաբաղյան խնդիրն էր, ընդ որում, եթե այն ժամանակ պատերազմ էր, ապա նրբագեղ տիկինն այսօր գալիս է տարածաշրջան` անձամբ թույլ չտալու դրա կրկնությունը:
Ղարաբաղյան խնդրում ամերիկյան տրանսֆորմացիան նույնպես հետաքրքիրներից է. 1994-ի զինադադարի պայմանագրով ոչ միայն ավարտվեց (դե` լավ, «սառեցվեց») պատերազմը, այլև տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դերակատարությանը փոխարինելու եկավ ԵԱՀԿ ՄԽ-ն` հիմնականում ամերիկյան առաջնահերթություններով, որովհետև այդ խմբում գլխավոր դերակատարությունն ունեին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, հանդիպումներն էլ տեղի էին ունենում Քի ՈՒեսթում, Ռամբուեում, Փարիզում, Պրահայում, Մադրիդում:
2008-ից «վերաբեռնումը» հասավ նաև Կովկաս, և հանդիպումների շղթան սկսեց շղթայվել Ռուսաստանի տարածքներում` «ժնջիլը» մասամբ հասցնելով նաև Թուրքիա: Ինչո՞ւ: Որովհետև, ինչպես համոզված են փորձագետները, միաբևեռ աշխարհից բազմաբևեռի անցման շրջանում ռեգիոնների դերակատարությունը մեծանում է, ու հիմա` Քլինթոն-տիկնոջ այցը ռեգիոններում «զոնը» ամերիկորեն հետաքննելու (էն «շպիոնների» գո՞րծն ինչ եղավ ԱՄՆ-ում. պուտինականներն ասում են` Մեդվեդևի դեմ է, մեդվեդևականներն էլ թե` Պուտին Վլադիմիր-հետախույզի դեմ է), տեղերում իրավիճակին մոտիկից ծանոթանալու, հասկանալու, յուրյանց, կոնկրետ դեպքում, տիկնոջային գեղադիր պատկերը Հարավային Կովկասի տաքարյուն լիդերների մոտ թողնելու համար է (թե չէ` հեռախոս, հա հեռախոս. ինչպե՞ս եք, Սերժ Ազատովիչ, լավ ելույթ ունեցաք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մալադեց, իսկ Մերկելի հետ ո՜նց էիք նայվում. մի խոսքով... հայ ՆԱՏՕ՜, հայ կնի՜կ, հայ հեռախո՜ս, իսկ հիմա` ամեն բան առաջին ձեռքից և շրթից):
«ՅԱՆԿԻ ՉՍԻՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄ»
Մանավանդ Աֆղանստանում ու Իրաքում այդպես ու այդքան խրվելուց հետո:
Այսպիսով, Հարավային Կովկասի, իսկ իրականում Իրանի ողջ հմայքն այն է, որ այստեղ, այո, բացառվում է համաձայնեցված գործողությունների համաժամանակյա տրանսֆորմացիա` Մեդվեդև-Օբամա մեղրամիսում: Չնայած չար լեզուներն ասում են` համաձայնել է Մեդվեդևը, որ տարածաշրջան մտնի ՆԱՏՕ-ի կոնտինգենտը:
Ղարաբաղյան խնդիրը (իրանականն էլ) ունի մաքսիմում և մինիմում եզրեր: Բոլոր կողմերի համար: ՈՒ որքան տարբեր ու հակառակ են կողմերի մաքսիմում սպասումները, այնքան նույնական է մինիմում սպասումը: ՈՒ այս խաղի ողջ հմայքն այն է, որ մինիմում ծրագրում բոլորը` ներառյալ Ադրբեջանը, համաձայն են, որպես չարյաց փոքրագույն, պահպանելու ստատուս քվոն:
Դիտարկումն սկսենք ԱՄՆ-ից: ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է` թույլ չտալ պատերազմ ռեգիոնում. նրա համար խոշոր հաշվով լրիվ մեկ է` «գրավյալ տարածքներն» ում տիրապետության տակ կլինեն: Ադրբեջանը Նահանգներին հետաքրքրում է դեպ Աֆղանստան տրանզիտի, Իրանը` գազային հնարավորությունների համար: ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որ Ռուսաստանին ու Չինաստանին Իրանի հարցում դարձնի «կանխատեսելի»: Իրանի նկատմամբ վերջին սանկցիաներից հետո Նահանգները ցանկանում է ևս մեկ «կետով» ուժեղացնել այս սանկցիաներրը և դրանք հասցնել էներգետիկ «վետոներին»: Բանն այն է, որ խորամանկ Իրանը «քայլ` ձիով» է արել: Իրան է կանչել ռուսաստանյան «ինքնագիտակցությանը»` բոլորի վրա բանեցվող մահակ-«Գազպրոմին»` համատեղ մշակելու-շահագործելու վերջերս «բացված» երկու հարուստ նավթային հանքերը: Ինքնին հասկանալի չէ՞, էներգետիկ ասեղի վրա նստած Ռուսաստանի համար սա ինչ «բոյի» գայթակղություն է, և այն էլ` «Նաբուկոյին» դեմ-հանդիման:
Բայց սա ամբողջը չէ։ Եթե «Գազպրոմը» պարսից «ամուսնական» այդ առաջարկը չընդունի, Իրանը պատրաստ է սիրավեպ սկսելու Չինաստանի հետ. իսկ Չինաստանն այդ սիրավեպն «ապրել» շատ է ուզում. վերջինիս շատ ու մշտապես հետաքրքրել են իրանական նավթագազային ակտիվները:
Բա հիմա տիկին Քլինթոնն ինչպե՞ս չգա տարածաշրջան` տեղում կարգի բերելու այս և մյուս հարակից` կենսական խնդիրները: Որոնցից հաջորդն էլ, ինչպես ասացինք, Ռուսաստանի ձեռքով ղարաբաղյան գոտում հնարավոր բլիցկրիգի, ռուսական խաղաղապահների տեղակայման խնդիրն ու ամեն վայրկյան խախտվող հրադադարն է:
Ընդ որում, նրբագեղ տիկինն իր պետդեպականությամբ այցն այնպես է կառուցել, որ մենք մտածենք` մեզ է ամենաշատը «սիրում», Ադրբեջանն էլ մտածի` իրեն, իր նավթային հանքերն ու աֆղանական տրանզիտն է սիրում: Տիկինն ամերիկյան Անկախության օրը կիսել է մեր և Ադրբեջանի միջև. օրվա մի կեսը կանցկացնի Ադրբեջանում, հետո «կեսին» կգա մեզ մոտ (փաստորեն, գիշերը մեզ մոտ կանցկացնի. իսկ գիշերը մեզ մոտ լավ է ստացվում. ասել ենք. չնայած բոլոր փորձագետները միաբերան կրկնում են` որևէ կարգի փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող. տիկինը պարոնի հետ ասուլիս կտա նախագահականում, ժամն ու օրը անվտանգության տեսակյունից չեն ասում, «պարոն» ասելով էլ նկատի ունենք ընդամենն Էդվարդ Նալբանդյանին):
Հիլըրին, ինչպես մեր Քոչարյան Ռոբերտը, կարծում է` հենց միայն իր երևալը` «ղալամով քաշած պատկերը», էս կողմերում (Քոչարյանը կարծում էր` հենց միայն լուրը, որ ինքը վերադառնում է` կկազմաքանդի ողջ պետական ապարատը) կարող է լուծել հազար ու մի հարց։ Հա, ի դեպ, Հիլըրիի այցի նախօրյակին Արևմուտքը` Հաագայի գրասենյակը, լուր տարածեց, որ ստացել է Քոչարյանի գործը: Ոնց ուզում եք մեկնաբանեք:
Մի խոսքով, ամերիկյան տիկնոջ այդ այցի ամենաէական մեսիջը կլինի հետևյալը` ղարաբաղյան հարցում իրենք «աթանդա» են ու այսուհետ «աթանդան» իրենք են:
ԱՅԴ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ «ԲՈԼՇԵՎԻԿ ՏԱՏԻԿԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ»
Ռուսաստանն իր հերթին փորձում է անել ամեն ինչ, որ խաղը պահի իր ձեռքում, և անպայման մի փաստաթուղթ պոկի կողմերից, որպես մինիմում ծրագիր, որպես մաքսիմում էլ ունենալով, իհարկե, «պրեամբուլան» ու ռուս խաղաղապահների մասին «թուղթը», որպես իդեա-ֆիքս:
Եթե ուշադիր նայեք, ապա Քլինթոնի այցից առաջ հատկապես ու էլի աշխույժ են ռուսական-հայ էմիսարները. նրանց լուրջ առաջադրանքներ են տրված` ուղեղները լվալու, ռուս խաղաղապահների գոյության փաստին հայ մենթալիտետը հարմարեցնելու և մնացած «հաշիվներով»:
Ավելին` Քլինթոնի այցից առաջ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարության ֆոնին, ասպարեզ նետվեց «պետերբուրգյան սկզբունքներ» եզրույթը, որի «նրբությունների» մասին ոչ օձն իր պորտով, ոչ էլ հավքն իր թևիկներով «չկարողացան» ինֆորմացիա պեղել, սակայն մադրիդյան սկզբունքների «պետերբուրգյան» (բա՜րձր է հնչում) տրանսֆորմացիայով աշխարհի ու բազմաչարչար մարդկության ենթագիտակցության մեջ «արմատավորեցին» հիմունքները, թե Ռուսաստանն է տերն այս խաղի:
Հաջորդական քայլով էլ Ռուսաստանը ՄԽ նախագահող երկրների հայտարարության անգլերեն տեքստի տակ ստորագրելուց հետո, ձեռը դրեց ճակատին ու «միտք արեց տխրադեմ»` գրելով նաև ռուսերեն «տեքստ»` բազարի տեղ թողնելով իր և Ադրբեջանի միջև: Անունն էլ դուրս եկավ` Հայաստանի շահերն է պաշտպանում:
Մյուս քայլով Ռուսաստանը փորձեց Հայաստանում գտնել ուժ, որը դեստաբիլիզացիայի կտանի հայաստանյան ներքաղաքական կյանքը (ի դեպ, ընտրությունների գնացող Ադրբեջանին էլ լավ օրեր չեն սպասում այս առումով), որոշակի հանդիպումներ եղան: Ընդ որում, չորեքշաբթի օրվա ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը բաց տեքստով ՀԱԿ-ին ասել է` նման բան չի լինի:
Ընդհանուր առմամբ, առանձին քննարկման թեմա են նաև համանախագահող երկրների հայտարարության թեզիսները, և այնուհանդերձ, այդ հայտարարության ողջ հմայքը մեզ համար այն էր, որ Ադրբեջանը լավ շփոթված է դրանից: Ըստ ամենայնի, Ռուսաստանը խոստացել և փորձել էր ամեն ինչ անել, որ Թուրքիան որոշակի դերակատարություն ունենա ղարաբաղյան խնդրում: Ադրբեջանն էլ` «նոր տարբերակ, նոր առաջարկներ» ասելով (դա էլ «պետերբուրգյանի» մեկ այլ ընթերցումն էր, փաստորեն) հենց դա նկատի ուներ: Բայց քանի որ Ռուսաստան-Թուրքիա մեղրամիսը` «Նաբուկոյի», ադրբեջանական գազի հաշվով չտվեց այն արդյունքները, որոնք կայծակ-պայմանագիր կդառնային Սեչինի ու Թուրքիայի միջև, Ռուսաստանը մասամբ հետ քաշվեց` թողնելով Ադրբեջանին առանց «նոր առաջարկների», բլիցկրիգի հույսին, որին էլ ի պատասխան ամերիկյան կողմը Ֆրիդմանի «տեսքով» Մեծ տիկնոջ տարածաշրջանային այցից առաջ ասաց. կարող ես, սիրելի սուվերեն Ադրբեջան, հարձակվել, պատերազմ սկսել, բայց հիշիր` պատերազմները անկանխատեսելի են լինում:
ՈՒ հիմա, այդ այցից առաջ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթանում է «նյարդերի կռիվ», դիրքավորման մանևր, բազարի «շուխուր»: Համանախագահող երկրների վերջին հայտարարության մասով Հայաստանն առաջ ընկավ ու ասաց, որ «համակրում» է այդ հայտարարությունը, այն լավիկն է (չնայած ոչ մի լավ բան էլ այնտեղ չկա), մտածելով, որ Ադրբեջանին կթողնի մերժելու առաքելությունը, Մամեդյարովն էլ խաղի մեջ մտավ երկու յարուսով. վերևի յարուսից քիթիկը հանեց ու թե` հա, «յախշի»` դուրեկան հայտարարություն էր, տակի յարուսից էլ թե` խաղաղապահներ չեն լինի ո՛չ ՄԽ երկրներից, ո՛չ հարևաններից. այսինքն` բարիշելու տեղ չունենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ամերիկայի խաղաղապահների հետ...
Իսկ ՆԱՏՕ-ի մյուս «անշառ» երկրները... Էն, որ Մեդվեդևը «բարիշել» է:
«Իմացվիլ չի», որովհետև տիկնոջ այցը տարածաշրջան նախ և առաջ ստատուս քվոն պահպանելու համար է, իսկ «քվոն» երբ կվերջանա, նույնպես «իմացվիլ չի»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ