ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՄԵԾ ՄԱՐԱԹՈՆԻՑ ԱՌԱՋ

ՄԵԾ ՄԱՐԱԹՈՆԻՑ ԱՌԱՋ
15.06.2010 | 00:00

Ղարաբաղյան խնդրում հսկիչ փաթեթի «տեղափոխումը» Ռուսաստանից Միացյալ Նահանգներ ժամանակ կպահանջի: Մինչ «տրանզիտը» կկայանա, դիտենք` ներհայաստանյան խաղացողներն ի՞նչ «հսկիչ փաթեթներ» ունեն աշնանն սկսվող մեծ մարաթոնից առաջ:
Հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշնանն սկսվող մարաթոնը դիտարժան է նաև այն առումով, որ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների իրական հայտերը հենց այդ ժամանակ են ներկայացվելու:
Սկսենք ՀՀԿ-ից: Այս կուսակցության բնորոշիչը` ներքին, բովանդակային տրանսֆորմացիայի բացակայությունն է: Լծակներն այնտեղ փոխարինում են ամեն ինչի: ՀՀԿ-ն սպառել է ԱՄԿ-ի բրենդը, դիսիդենտության բրենդն էլ օրվա քաղաքական բանտարկյալները նրա ձեռից առան, նոր բան ՀՀԿ-ի ընդերքում չի հասունանում, և դա այն պարզ պատճառով, որ «հասունացնողների» պահանջարկ-առաջարկ կուսակցությունում չկա: Այն դասական իշխող կուսակցություն է` կոմկուսի հանգի, ուր կա մեկ կամք-մեկ արձագանք: ՈՒստի ինչ ամանի մեջ լցվի, այն ձևը կընդունի: Խնդիրը մեկն է` ով է «լցնողը»:
Վերջին արտաքին և ներքաղաքական զարգացումներն արձանագրեցին. Սերժ Սարգսյանն այնտեղ և այս պահին միանձնյա լիդեր է: ՈՒ դեռ երկար լիդեր է: Սակայն այստեղ «ուրախացնող» քիչ բան կա: Ոչ այն պատճառով, որ բունտը նավի վրա ճնշվեց ամենամինիմալ կորուստներով և շատ արագ: Իսկ որ ամենակարևորն է` Քոչարյանը հետ չվերադարձավ յուր ֆավորիտիկների հետ: Եվս մեկ անգամ այս ակտիվը գրանցենք ՀՀԿ-ի վրա նշագրմամբ` ՀՀԿ-ի և նրա լիդերի անվիճարկելի «հմայքը» Քոչարյանին կանխելն էր. առաջին անգամ 2008-ի նախընտրական փուլում (վարչապետ չնշանակելով), երկրորդ անգամ` էլի նախընտրական փուլում (Քոչարյանի վերջին ակտիվացումը հասկանալի է` 2012, ապա և 2013 թթ. ընտրությունների համար էր)` էլի վարչապետ չնշանակելով:
Մի խոսքով, կյանքի մեջ առաջին անգամ հայոց երկրորդ նախագահը «հարմարվեց» ոչ թե իր ուզածին, այլ հայաստանյան իրողություններին, ինչը լավ էր բոլորի, բայց առաջին հերթին` հենց Քոչարյանի համար` խորք գնալու առումով:
Անցնելով առաջ` երկրորդենք. ՀՀԿ-ն ամորֆ, մասամբ` հոգնած, միակուսակցական համակարգ ապահովող քաղաքական կառույց է, իսկ «բունտարներին» տեղը դնելու առումով բավականին հետաքրքիր ՀՀԿ վերջին համագումարն այդպես էլ չիրականացրեց բարեփոխվելու-նորոգվելու-կոնսերվացումից փրկվելու հռչակումները, որոնք գոնե մասնակի «տալչոկի» կտանեին այդ հսկա, արդեն «ծեր և շատակեր» մարմինը:
Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն մնում է քաղաքական դաշտի խաղն ապահովող կառույց, որն ունի մեկ խաղացող (որքան էլ ցավալի է) և լիքը չինովնիկներ:
ՈՒ հիմա, որ ասում ենք ՀՀԿ, «մարդ-նավատորմ» կարգավիճակը նկատի ունենք: Այսպիսով, արտաքին քաղաքական մեծ խաղում (ուզում-չենք ուզում) «մարդ-նավատորմ» կուսակցությունը խաղաց բավականին գրագետ (ֆորտունան էլ «նավատորմի», հետևաբար` ՀՀԿ-ի կողմից էր):
Աշուն ՀՀԿ-ն, փաստորեն, մտնում է բավականին պինդ: Գեոքաղաքական զարգացումներն այնպիսի դասավորություն են գծագրել այս պահին Հայաստանի համար, որ այն պահանջված է աշխարհաքաղաքական առավել գլոբալ խաղացողների` թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների համար:
Ռուսաստանին կանդրադառնանք ներքևում` հիշելով Տեր-Պետրոսյանի տառապանքի փորձով ձեռքբերած բավականին ծանրակշիռ խոսքը. տարածաշրջանում-Հայաստանում ոչինչ չի կարող լինել, եթե Ռուսաստանը չի ցանկանում:
Հիշենք նաև, որ օրերս «Մոնդն» էլ գրել էր, որ Օբամայի համար այս տարածաշրջանում Հայաստանն առաջնահերթություն է, և նրան ամենից շատ հենց այդ երկիրն է հետաքրքրում:

ՈՒ թե այս ամենին էլ գումարում ենք Մերձավոր Արևելքի հնարավոր զարգացումների տարբերակներից մեկը` Իսրայել-Իրաքի Քրդական Ինքնավարություն-Հայաստան «սպասվելիք» կոնֆիգուրացիան, ապա ընդհանրապես հետաքրքիր պատկեր ենք ունենում: Ի դեպ, վերջին կոնֆիգուրացիայով հետաքրքրվողի դերաբաշխումը բաժին է ընկել ոչ թե ՀՀԿ-ին, այլ ՀՅԴ-ին. ՀոՀիԴա-ն օրերս Իրաքում մասնակցել է քրդական կուսակցության համագումարին և բավականին ոգևորված է այս կարգի հեռանկարներով (այդ մասին կխոսենք` ՀՅԴ-ն «նավատորմիղը» «դիտելիս»):
Աշնանն սպասվող մի հանգամանք էլ հաշվի առնենք ու անցնենք առաջ. նույն աշնանն Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են: Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ուշադրությունը, բնականաբար, սևեռվելու է Ալիև-պուճուրի վրա, ու «ճողվելու» հեռանկարն անհամբեր նրան ևս սպասելու է: Այն, որ Ադրբեջանն անչափ նուրբ իրադրության մեջ է, ինքնին տեսանելի է ոչ միայն աջ ձեռով իր գազը Ռուսաստանին (իմա` Հարավային հոսքին), իսկ ձախով Թուրքիային (իմա` «Նաբուկոյին») տալու հաշվով (անկեղծ ասած` շատ քիչ հավանական է, որ այդ երկու հակոտնյա նախագծերը միանան միմյանց, ինչպես վերջերս կարծում են որոշ փորձագետներ), այլև Ադրբեջանի գործերը վատ են այն առումով, որ Ռուսաստանը Ղրղզստանը դարձրել է դիդակտիկ նյութ, նրա վրա մաստեր-կլասներ է ցուցադրում` հատուկ չհասկացողների համար:
Չծանրանանք հանգամանքի վրա, որ Օշում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պարզ առիթը Ղրղզստանում և հատկապես Օշում տեղակայվելիք ռուսական և ամերիկյան բազաների լուրջ կռիվն է: «Ճողվող» Ղրղզստանը պահանջեց ՄԱԿ-ի, իսկ իրականում` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման զորքեր: Ինչ կլինի այս ամենի արդյունքում, ակներև կդառնա առաջիկայում, այնուհանդերձ, ադրբեջանական աշնանային ընտրություններն ուղղակի «փայլուն» դաշտ են լինելու նման ներկայությունների «վիճարկման», ինչի դեպքում շատ հետաքրքիր «տեսարանների» ականատեսն ենք լինելու (ասածն արգումենտացնելու համար խոնարհաբար խնդրում ենք դիտել Ադրբեջանի ռազմական նոր դոկտրինը, որ շատ պարզ առևտուր է առաջարկում այդ հաշվով):
Հուսանք` ադրբեջանական նոր դոկտրինը բոլորս դիտեցինք ՀՀԿ` իշխող կուսակցության հետ, որի լիդերի անմիջական «իրավասության» ներքո գտնվող պաշտպանության նախարարն օրերս Բրյուսելում էր ու հանդիպում էր Պենտագոնի շեֆի հետ: Ընդ որում, նույն «ժամին», երբ ՀՀԿ «շեֆը»` Սերժ Սարգսյանը, շտապում էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն, ուր աստիճանների վրա նրան անհամբեր դիմավորեց Կովալենկոն (չշփոթել Շահգելդյանի հետ) ու` «պաչ-պռոշտի», ջան-ջիգյար (էն Միրոնովին հիշում եք, չէ՞, ոնց հետ կանգնեց Ղարաբաղի «ճանաչման» մասին խոսքերից. հիշում եք, չէ՞, որ ասինք` Գրիզլովը հիմա գար, փութով կշտապեր Գյումրի` թուրքերի հետ կռվում նահատակված իրենց զինվորներին անմահացնող հուշակոթողը վերաբացելու):
Մի խոսքով, Գեյթսի և Օհանյանի ֆոնին, դրանից առաջ Սերժի ու Ռասմուսենի ու հնչած բավականին հետաքրքիր հայտարարությունների ֆոնին` Ռուսաստանի դեսպանատան աստիճաններից սկսած` գրեթե ռազմավարական մեղրամիս է Հայաստանի և Ռուսաստանի միջև (ասել ենք, չէ՞` օձի կծածն օձի թույնով են բուժում):
Քաղաքական լեզվով ասած` Ռուսաստանից Իրանի առնչությամբ համաձայնություն ստանալուն զուգահեռ, փխրուն հաջողություններ գրանցած Օբամայի վարչակազմը, փաստորեն, ոտը դրել «պեդալին»` իր բեռնատարի ատամնանիվի տակ է փորձում հավաքել կորսվածը. սկսում է ռազմաբազաներ տեղակայել միջինասիական հանրապետություններում, նաև` Ադրբեջանում (Աբիևին գովերգող Ռուսաստանը երեկ «բողոքի նոտա» է հղել առ այն, որ ամերիկյան ռազմաբազա տեղակայելու դեպքում Ադրբեջանը կդառնա ահաբեկչության կենտրոն-թիրախ... դե, որ Ռուսաստանը մի բան ասում է` ուրեմն մի բան գիտի. հիշեցի՞ք մեր ընտրություններին հաջորդած մարտի մեկն ու Մյասնիկյանի արձանի մոտ եղած հայտնի ռուս գեներալին. ով անցյալը հիշի, նրա աչքը դուրս գա):
Մի խոսքով, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը (չէ՛, սա Էվանսի տարբերակը չէ), որին մինչ այս ոչ լսել էինք, ոչ տեսել, սկսեց ի խորոց սրտի ջան-ջիգյար անել ՀՀԿ լիդերի, որ է` Հայաստանի Հանրապետության նախագահի հետ:
Ավելին, «դրսևորումը» չեղավ միայն աստիճանների վրա: Մեր ռազմավարական գործընկեր պարոն Կովալենկոն աստիճաններով բարձրացել, նույն սիրատոչորությամբ վերցրել է դավթարն ու ղալամը ու գիր էր քաշել: 2009-ի հաշվով: «Հայտնի տեղեկանքի»: Որը, ի դեպ, է՞ն «ղդար» էր դարմանել մեր ռուսոֆիլների «դարդերը», է՜ն «ղդար» էր ոգևորել նրանց` ցանկալին իրականության տեղ ընդունելու առումով, որ մեղմ ու քնքուշ ժպիտ է առաջանում քիմքիդ` նրանց պրագմատիզմի ու հաշվել կարողանալու «հաշվով»:
Ընդ որում, եթե «հաշվի» չառնենք նույնիսկ ժամանակավրեպության հանգամանքը (2009-ին գրված «թուղթ ու գիրն» ի՞նչ արժեք կարող է ունենալ վայրկյանների հարաբերությամբ փոփոխվող տարածաշրջանի և աշխարհի համար), «տեղեկանքն» այնքան ոչ պրոֆեսիոնալ էր կազմված, որ մի պարբերությունը մյուսի հետ շատ խոր հակասության մեջ էր մտնում: Ընդ որում` հակված ենք պնդումին, որ այն ոչ թե 2009-ին է կազմվել (որովհետև վերջին զարգացումների «ծիր» էլ կար նրանում), այլ օրերս:
ՈՒ խիստ տարակուսելի էր, որ դրան անդրադարձել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը: Չմոռանանք, որ նրա արտահայտած տեսակետը պետք է համարել Ռուսաստանի պաշտոնական տեսակետը: Սա` առաջին հայացքից:
Երկրորդ հայացքը կանգ է առնում այն փաստագրման վրա, որ «Ռեգնումի» այդ հրապարակմամբ (իսկ այն սեչինյան լրատվամիջոց է, չէ՞), հերթական անգամ Ռուսաստանը, ինչպես Միրոնովի դեպքում եղավ, սրբագրում է իր ասածը` գեոքաղաքական զարգացումներին ընդառաջ:
Ընդ որում, Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ-դեսպանի իրական ասելիքն ամենևին էլ չէր վերաբերում «տեղեկանքի» բուն բովանդակությանը, որի նկատմամբ նա ունի այն նույն մոտեցումը, ինչ ցանկացած տառաճանաչ կարող է ունենալ` «մակերեսային, հակասական»:
Ոչ: Խնդիրն առավել խորքային է:
Ռուսաստանն այդով շատ հստակ մեսիջ է ուղարկում հայաստանյան բոլոր «ծագերին». նրանց, ովքեր հույսեր և «տեսլականներ» են փայփայում Ռուսաստանի օգնությամբ իշխանության հասնելու, նրանց, ովքեր Ռուսաստանի կողմից պահվում-սնվում են` խաղի «լադը» պահելու համար` իր բոլոր էմիսարներին, այո, խիստ և բավականին հատու ասվում է` Ռուսաստանը Հայաստանում այս պահին խաղեր տալու ռեսուրս չունի, չի ցանկանում այդ «խաղերը», սատարում է Սերժ Սարգսյանին:
Եվ վերջ:
Ավելին` Հայաստանը Ռուսաստանի առաջնահերթությունն է. դեսպան Կովալենկոն «սևով սպիտակի վրա» ասում է. «Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների ամրությունը և ներքին ու արտաքին ճնշումներից դրանք պաշտպանելու հետևողականությունը երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի աստիճանական և կայուն զարգացման երաշխիքներն են, իսկ Ռուսաստանի համար` առաջնահերթություն»։
Համարյա Օբամայի պես:
Բայց արդեն` Ռուսաստանի կտրվածքով:
Բա՛:
(շարունակելի)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ