ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԹՆԴԱՆՈԹԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻ ԵՐԱՄԻ ՎՐԱ

ԹՆԴԱՆՈԹԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻ ԵՐԱՄԻ ՎՐԱ
29.06.2010 | 00:00

Հայկական եթերը հեռուստաէկրանը վաղուց սիրելի զբաղմունքի է վերածել արևմտյան և ռուսական էկրաններում շփոթ և ավերածություններ առաջացրած տարաբնույթ և «բազմաբույր» հեռուստանախագծերի վերարտադրումը: Եվ, պետք է խոստովանել, անվրեպ հաջողակ են այս ոլորտում: Ինչպես որ գերուշիմ-գերնպատակային են, թող ներվի որակումը, բացահայտ բանագողության դիմելիս: Հաղորդաշարը (կամ նախագիծը) բարեհաջող փորձարկում անցա՞վ ռուսական ալիքներով, ապահովե՞ց պահանջվող վարկանիշը, ուրեմն` առա՜ջ, «բռնագրավում ենք» ու հրամցնում հայ հեռուստադիտողին, մշակում նրա քիմքը, միաժամանակ մաշկում արժանապատվության վերջին «զրահները»։
Գարնանը հայկական հեռուստաէկրանի ընդհանրական խառնիճաղանջ վիճակից հոգեհան եղած հասարակական աջթևայինները, քաղաքական ակտիվն ու պաշտոնական ատյանները քշտեցին թևերն ու անցան գրոհի: Հանկարծ «հայտնաբերեցին», որ հեռուստաէկրանը բռնագրաված սերիալներում գերիշխող դաժանության, բռնության, ամբարտավանության հետևողական քարոզը վտանգում է աճող սերնդի բնականոն աճը, էկրանից հորդում է արյան վրեժի, անառողջ կրքերի, սեռական կռապաշտության քարոզը, և այս ամենի ազդեցության ներքո կրթված սերունդը կրտվում է հոգեպես, նաև մարմնապես: Մի խոսքով, հուզախռով աղմկեցին բանախոս-փրկիչները, «անարգանքի սյունին գամեցին» հեռուստաընկերություններն ու վերջիններիս սեփականատերերին և, ինչ-ինչ մասնավոր փոփոխությունների հասնելով ոլորտը կարգավորող օրենքում, անսքող բավարարվածությամբ լռեցին։
Եվ... «բարեկրթվեց» հայկական սերիալային բոմժապատումը։ Հարավամերիկյան սերիալային մշակույթի հակառակորդն օվկիանոսից անդին կա՛ ու կարո՛ղ է տեսանելի ապագայում ծնկի բերել ձե՛զ, բոլորի՛դ` կանադական հյուսիսից մինչև Պատագոնիա, Բուրկինա Ֆասոյից էլ` Նոր Գվինեա: Եվ սա միանգամայն օրինաչափ է, զի ժողովրդավարական-հետնախորշային մշակույթ կերտելիս մենք անվերապահորեն առաջատար ենք Երկիր մոլորակում, ինչ ասես, որ արժե «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիք» հաղորդաշար-ռմբահարումը: ՈՒ կարևոր չէ, թե ի՞նչը կամ ո՞վ է սույն պարագայում «մեծ հայկականում» չաղ` մսացու ե՞զը (կովը, հորթը, խոզը, հնդկահավը), քավորկի՞նը, թե՞ հաղորդաշարի հեղինակի դարակազմիկ երևակայությունը: Հավանաբար, վերջինս, քանզի սույն «գրպանահատային խրախճանքի» տիրուհին «ազգափրկիչ-պետականաշեն» հույժ նշանակալից ծրագիր է իրականացնում` Երկիր-Արմենիայի բոլոր գյուղաբնակ, գործազուրկ, լյումպեն-պրոլետարիական խավերին հեռուստասերիալի հերոսներ դարձնելով: Սակայն, ըստ որոշ տիտղոսակիր տեսաբանների, սա հայկական իրականության հայելադարձումն է։
Այս ամենը հասարակական և ազգային-պետական ցավքաշների մտապատկերում է ամրագրված, շուկայական ազատականություն է, ազատ բարքեր ու կրքեր: Եվ ահա սկսվում է նողկանքի հետևողական (և ցավալիորեն հեռանկարային) քարոզարշավը, հիգիենիկ փաթեթն է էկրանին իր բոլոր կենսաբանական գրգռիչ մանրամասներով:
Ի դեպ, Լոնդոնում` նախորդ դարի յոթանասունականներին, հանրային երթեր կազմակերպեցին պահպանողական անգլուհիները` պահանջելով հեռուստաէկրանն ազատել սույն տեսականու հանրահռչակումից: Մեր իրականությունում, ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում է՛լ ավելի կաթոլիկ ենք, քան Վատիկանի վսեմաշուք տիրակալը:
Բարոյականությունը ոտքի կոխան դարձնելը պետական իշխանության (այս պարագայում` խորհրդարանի) նախընտրած զբաղմունքն է: Անվերջ-անսկիզբ ինչ-որ «բարձր ու վերասլաց հովանիներ», ինչ-որ հարսանքախնջույքային քավորաբույր կենացներ` ամրագրված օրենքով, գովազդային խառնաշփոթ, վարկանիշային մակընթացություններ` օրնիբուն: Դարձյալ` օրենքի սահմաններում:
«Աշխարհը պտտվո՜ւմ է, քամակը դեմ է անում...»։ Ի՜նչ միամիտ էին անկրկնելի Մաթևոսյանի հրաշալի հերոսները, ի՜նչ անաղարտ էին մեր սարերն ու մենք: ՈՒ ի՞նչ իմանային, որ աշխարհը պտտվելու-պտտվելու է, անկախ ու ազատ Հայաստանը դեմ է առնելու պատնեշված բարոյազրկությանը: Շուկա է, ազատականություն, բարքերի ու կրքերի հույժ արդիական խառնակություն: Անընդգրկելի են հայկական նորանկախ իրականության ծավալներն ու հարթությունները, որ հրեշավոր սպունգի նման ներծծելով արևմտյան բազմաբույր թափոնը, մարսում են ու «քամակը դեմ անում»` նորանոր զոհեր պահանջելով։
Երկու հանգամանք կարող է հայոց խորհրդարանին «պարտադրել» հետևողական անտերության մատնելու վերոնշյալը. կա արևմտյան հեռուներից իջած որոշակի պարտադրանք և... սեփական անտարբերությունը: Հավանաբար` երկրորդը: Ամենայն հավանականությամբ, ներքաղաքական, թող ներվի ասել, գզվռտոցից զատ, մեր խորհրդարանն այլ նշանակալից զբաղմունք այսօր չունի: ՈՒ եթե ունի, ապա, «քաղաքակրթման հույժ նշանակալից» ելևէջներով, մերթ դպրոցականներն են հյուրընկալվում օրենսդիրում, մերթ «անկաշառ ու անկախ» պատգամախոսն է օլիգարխին վայել հարսանիք կազմակերպում, մերթ էլ պարզվում է, որ պատգամավորների բարոյականն է վիրավորվել խիստ, մարդիկ ժամանակավորապես տեղափոխվել են կառավարության շենք, և խաթարվել է նրանց բնականոն աշխատանքը` վասն հայրենյաց:
Մի խոսքով, հայոց խորհրդարանը «լրջագույն քայլեր» է ձեռնարկում` քաղաքակիրթ աշխարհին համահունչ քայլելու: Օրեր անց կսկսվի հայկական հեռուստաեթերի թվայնացումը, և բարոյականն ու բանականն այսուհետ ոտքի կոխան կդառնան տեխնիկապես վերազինված-արդիականացած:
Իսկ պատգամավորական գզրոցներում փառակալում են թանգարանների, գրադարանների և ստեղծագործական միությունների մասին օրենքները:
Եվ` որպես վերջաբան: Հրաշալի մի առաջարկ` «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը» կազմակերպել խորհրդարանում: Պատգամավորների մասնակցությամբ:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ