ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՀԱՍԿԱՑԱ՞Ք ՃՈԽՈՒԹՅԱՆ «ԿԼԱՍԸ»

ՀԱՍԿԱՑԱ՞Ք ՃՈԽՈՒԹՅԱՆ «ԿԼԱՍԸ»
20.10.2009 | 00:00

Չենք անդրադառնալու ԱԺ նախագահի և ԲՀԿ առաջնորդի զավակների հարսանյաց հանդեսին, հարսնաշորի ճոխությանը (օրինակ՝ նախորդ անգամ Ծառուկյանի դստեր զգեստն արժեցել էր 100 հազար դոլար), մի քիչ չտեսություն, մի քիչ էլ ժամանակի կորուստ կլինի:
Անդրադառնանք հարսանյաց քաղաքական (ամեն բան այս երկրում մի քիչ, եթե ոչ «ամպի չափ», քաղաքականացված է) և գեոպոլիտիկ ասպեկտներին:
Գեոպոլիտիկ. ներկա են եղել ռուսական բոլոր հայտնի աստղերը՝ Պուգաչովա, Վառում, Աբրաամ Ռուսո... սակայն «Օջախի» դռանը, դրսում մեքսիկացիք սերենադներ են նվագել:
Հարսանյաց հանդեսին լուրջ ու ծանրակշիռ ներկայություն են ունեցել դաշնակցականները (երևի թե միտինգում՝ «մենք անցնում ենք հարձակման, մենք անցնում ենք գրոհի» հայտարարությունից հետո իսկապես եկել էին «հարձակման»). այնքան ծանրակշիռ, որ ընկեր Հրանտը հասցրել է պարել քնքշաբույր ու կրակոտ (բայց անպայման հայ) Իրինա Ալեգրովայի հետ: Տանգո: Հա, ի դեպ, Քոչարյանն ամբողջովին «նացիոնալիստական» մոտեցում է որդեգրել հարսանիքին և տանգո է պարել բացառապես իր տիկնոջ՝ Բելլայի հետ:
Նատաշա Կորոլյովայի թիմում երկու այնպիսի աղջիկներ են պարել, որ ծիրան-ծիրան մեր տղամարդիկ... հասկացաք:
Բայց ոնց որ շեղվեցինք քաղաքականությունից: Եվ, ուրեմն, պսակադրության կարգը տեղի է ունեցել Էջմիածնի սբ. Գայանե եկեղեցում: Կարգը կատարել է Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Կճոյանը (Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը ներկա չեն եղել պսակադրությանը):
Նրանք եկել են բուն հարսանյաց տուն՝ «Օջախ». հայտարարվել է՝ Սերժ Ազատի Սարգսյան, ՀՀ նախագահ: Բոլորը ոտքի են կանգնել: Հայտարարվել է՝ Ռոբերտ Քոչարյան. դահլիճը ոչ միայն ոտքի է կանգնել, այլև բուռն օվացիաներով, խորին հրճվանքով ու բացականչումներով է ընդունել Քոչարյանին (չէ՛, ոչ մի քաղաքական եզրակացություն չենք անում դահլիճի ուղղվածության մասով, ո՛չ մի), Քոչարյանը հանդեսին՝ հարսանյաց, եկել էր իր երկու որդիների և հարսների հետ: Իսկ չենք անում, որովհետև, ինչպես ասացին հարսանյաց մասնակիցները, Սերժը՝ քեֆը հազար, մի լավ ուրախացել, մի բոլ պարել է:
ՈՒ կարող էլ էր, որովհետև այս փուլում նա «կրած» է, և քաղաքական-գեոպոլիտիկ զարգացումները լրիվ բարենպաստ են Հայաստանի ու նրա համար (դե, չէ. նկատի չունենք, որ Ադրբեջանը ֆազից ընկել, առել ու Թուրքիայի դրոշակներ է իր երկրից հավաքում, ո՛չ էլ նկատի ունենք Արազ Ազիմովի հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղի խնդրով բանակցային «նոր մոտեցումներ» է դրսևորում, իմա՝ ասում է՝ գնացեք նրանից ուզեք Ղարաբաղի «գրավյալ» տարածքները, ով ձեզ այդ մասին խոսք է տվել, իսկ խոսք է տվել Քոչարյանը...):
Հա, ի դեպ, ասում են, շատ անկաշկանդ հարաբերություններ են եղել նույն Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի միջև:
Համ էլ ասում են, Ս. Սարգսյանի էդքան պարելը «ռազմինկա» էր՝ հոկտեմբերի 31-ին էլ իր դստեր հարսանիքն է:
Սակայն էկզոտիկա, բոլոր դեպքերում, հարսանյաց հանդեսին եղել է՝ չորս նախագահ նստած են եղել մի սեղանի շուրջ. չորսն էլ... մի բոյի՞: Հը՜ը՜: Չորսն էլ՝ Ղարաբաղից: Պեյզաժը մի քիչ մեղմել է լոռեցի (ի՜, դե, համարյա Ղարաբաղ է, էլի) վարչապետը, մի քիչ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հաջորդ էքսկլյուզիվը, ըստ դիտորդների, այն է եղել, որ հենց հարսը պարելիս է եղել, ԱԺ նախագահը «պուլիմյոտի» արագությամբ եկել-հասել-հետը պարել է կամ գտնվել է շատ մոտ տարածքում՝ «արդեն մերն» է կարգախոսով:
Հրավիրվածների մեջ են եղել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, Թուրքիայի Բուրսա քաղաքից նոր վերադարձած Հայրապետյան Ռուբենն ու Ալեքսանյան Սամվելը:
Հարսանյաց մասնակիցները խմել են «բեզբոժնո», պարել են՝ խելքները փչածի չափ, «պախմելը» տևել է երեք-չորս օր, խելքները հետ գալուց հետո մտածել են՝ «միայն հարսանիքի ավտոմեքենաների փողով կարելի էր մի մարզ պահել». հա, ի դեպ, խնամոնք «զմիմյանս» պայմանավորվել են, որ հանկարծ «Ջիպ-միպ» չլինի, բացառապես ու շատ թանկարժեք «մոբիլներ» պետք է լինեն. տողերիս հեղինակը մեքենաներից «ռազբիրատ» չի անում, բայց ոնց որ ասին՝ «Ռոլս-ռոյս», «Ջոն ռո՞յս»... հա, ինչպես խոստովանեց հարսանիքին մասնակցած մի ոչ շատ մեծահարուստ քաղաքական գործիչ՝ «հոյակա՜պ արաղներ էին. ասի՝ էդ դատարկ շշերից մեկը տանեմ-դնեմ սերվանդիս մեջ՝ խրուստալից էին, չարեցի»:
Հասկացա՞ք ճոխության «կլասը»:
Ապրե՛ք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ