ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԷԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍՈՒՄ»

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԷԼ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍՈՒՄ»
17.09.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Ինչո՞ւ էիք մեկնել ԱՄՆ, ի՞նչ ծրագրով ու ի՞նչ նպատակով:
-Հրավերն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից էր, նպատակը օրենսդիր աշխատանքի և կառավարման համակարգի հետ ծանոթացումն էր, Հայաստանից մասնակցում էինք ես և Արտակ Դավթյանը: Ծրագիրը բավականին հագեցած էր, մեծ թվով հանդիպումներ էր ընդգրկում` պետդեպարտամենտի, նահանգների կոնգրեսականների, դատախազների, լոբբիստական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության: Հանդիպումներ ունեցանք հայկական տարբեր կազմակերպությունների և առաջնորդարանի ներկայացուցիչների, շարքային ամերիկացիների հետ:
-Օրենսդիր աշխատանքում ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան:
-Ընթացակարգային առումով նմանություններ կան, բայց որոշումների ընդունման մեխանիզմների տարբերությունները մեծ են: ԱՄՆ-ի Կոնգրեսը հզոր կառույց է, որ ակտիվ մասնակցություն ունի նաև արտաքին քաղաքականությանը: Օրինակ, ԱՄՆ-ի դեսպանների նշանակումը իր վետոյով մեկ սենատոր կարող է կասեցնել, նախագահը կարող է իր որոշումով ներկայացուցիչ նշանակել, բայց սովորաբար ԱՄՆ-ի նախագահներն այդ իրավունքից չեն օգտվում` Կոնգրեսի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են: ԱՄՆ-ում որոշումները որպես օրենք փոխզիջումներով են ընդունվում, և քաղաքական մեծամասնությունը փոքրամասնության հետ փորձում է փոխզիջումների գնալ: ԱՄՆ-ում լավ կայացած է քաղծառայության համակարգը, տարբեր կուսակցություններ իշխանության գալով` կարող են փոփոխություններ կատարել, բայց այդ քայլին հազվադեպ են դիմում, որովհետև գնահատում են աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, և նման ավանդույթ չկա: Աշխատանքի գնահատման չափանիշը մասնագիտական կարողություններն են: ԱՄՆ-ի պետական կառավարման համակարգը ձևավորված է նահանգների և համայնքների հիման վրա, բոլոր նահանգներից սենատորները հավասարաչափ են ընտրված` երկուական, իսկ կոնգրեսականներն ընտրվում են ըստ բնակչության թվի: Նևադայում հանդիպումներ ունեցանք գլխավոր դատախազի տեղակալների հետ: ԱՄՆ-ի դատավորներին և մի քանի նահանգներում դատախազներին ընտրում է ժողովուրդը: Կառավարման համակարգի ամբողջ էությունը հակակշիռների և զսպումների մեխանիզմի մեջ է:
-Առանց ընտրակեղծիքների՞:
-Ընտրական հանձնաժողովների հետ ևս հանդիպումներ ունեցանք` ԱՄՆ-ի կենտրոնական և նահանգային ընտրական հանձնաժողովներում: Մեր ընտրական համակարգից ամերիկյանը տարբերվում է. դաշնային կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանափակ լիազորություններ ունի, հետևում է նախագահի ընտրության ֆինանսական կողմին, հիմնական ընտրությունները կազմակերպում են նահանգների ընտրական հանձնաժողովները: Երբ Ձեր հարցադրմանը նման հարց տվեցի, հայացքներից հասկացա, որ հարցը չեն հասկանում, իմաստ չեն տեսնում ընտրակեղծիքի համար: Եթե մենք կարողանանք Հայաստանի ընտրական գործընթացներն էլ կատարելագործել, քաղաքական օրակարգի բազում հարցեր դուրս կգան կամ այլ լուծումներ կստանան: Հատկապես կարևոր է դատական համակարգի անկախությունը, ընտրովիությունը դատավորներին այդ հնարավորությունը տալիս է: Նահանգապետի ձևավորած մարմինը վերահսկում է դատավորների աշխատանքը և կարող է կասեցնել նրա գործունեությունը, բայց նման դեպք չի եղել: Մեր հեռախոսային արդարադատության համակարգի հետ ոչ մի համեմատություն: Եվս մի տարբերություն մեզնից` ԱՄՆ-ի կառավարման համակարգը առավելագույն հնարավորություններն է ստեղծում տնտեսության զարգացման համար:
-Օվկիանոսը մեղմորեն հատելով` հասնենք Հայաստան, բացակայությունից հետո ո՞նց գտաք Ձեր հայրենիքը:
-Բացակայությունս այնքան տևական չէր` 21 օր, որ մեծ փոփոխություններ գտնեի, նույն ընթացքով շարժվում ենք: Ցավոք: Դեռ մեկնելուցս առաջ իմացա, որ իշխանությունները նոր ական են տեղադրում` ի դեմս նոր Ընտրական օրենսգրքի, որը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին: «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն համատեղ հայտարարություն են ուղարկել Վենետիկ, որ նախագիծը բացառապես իշխանական է: ԵԽ տարբեր բանաձևերում արձանագրված քաղաքական հորդորները, որ ընտրական բարեփոխումները պետք է ընդդիմության հետ համատեղ աշխատանքի արդյունք լինեն, լրիվ անտեսված են, թեպետ ընդդիմությունը պատրաստակամ է աշխատել: 2008-ին աշխատանքային խումբ ստեղծվեց, որի նիստերին, օրինակ, ես մասնակցել եմ, հետո աշխատանքներն ընդհատվեցին, թեպետ որոշ հարցերի շուրջ համաձայնություն ձևավորվել էր: Մենք կարծում ենք, որ հերթական ընտրությունները պիտի լինեն բացառապես համամասնական ընտրակարգով, իշխանությունները կողմ են մեծամասնական ընտրակարգի պահպանմանը: Ես համոզված եմ, որ Ընտրական օրենսգրքի առաջարկվող «բարեփոխումները» հերթական իմիտացիան են, ոչ մի փոփոխություն չեն բերելու: Իշխանություններին պետք է դրական եզրակացություն կորզել Վենետիկից և հերթական իմիտացիան կազմակերպել:
-Ձեր կարծիքով` ինչի՞ն է ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը` հայտարարություն, այցերի հաճախացում, Աստանայում եզրափակիչ հաշվետվության ներկայացում... Այս արագացումը ինչ-որ արդյունք կարո՞ղ է բերել:
-Արմատական փոփոխություններ հազիվ թե տեսնենք, հայտարարություններ նախկինում էլ եղել են, մի քանի անգամ: Բանակցությունները շարունակվում են, բայց չեմ կարծում, թե արդյունքները շոշափելի են լինելու: Ադրբեջանն իր համար բավականին ճիշտ քաղաքականություն է վարում, որին մենք չենք փորձում դիմակայել: Միջազգային կառույցներում ընդունված ու ընդունվող բանաձևերը, որ Ադրբեջանի համար ընդհանուր համայնապատկեր են ապահովելու իրավական ու քաղաքական որոշումներ ձեռքբերելու համար, մտահոգության առարկա պետք է լինեն Հայաստանի իշխանության համար:
-Տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ պարբերաբար հավաստում են, որ այդ կարգի որոշումները իրավական հետևանքներ չունեն, կատարման պարտադիր ուժ չունեն, վտանգ չեն ներկայացնում։
-Եթե հայկական կողմը կարողանար մի քանի «իրավական ուժ չունեցող», «անվտանգ», «քաղաքական հետևանքներ չունեցող» որոշումներ անցկացնել, շատ լավ կլիներ: Գուցե իրավական առումով այս պահին նման որոշումները ուժ չունեն, բայց քաղաքական առումով ծանրակշիռ փաստաթղթեր են: Հակամարտությունների պարագայում, որպես կանոն, լուծումները ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում են լինում:
-Փաստորեն, Ադրբեջանն աշխատում է երկու ուղղությամբ և փորձում է Մինսկի խմբի գործունեությանն այլընտրանքային հիմք ստեղծել` միջազգային կառույցներում կուտակելով իր օգտին փաստաթղթեր, և շարունակում է ռազմական միջադեպերի պրակտիկան: Հայաստանը համարժեք չի պատասխանում` իրեն իրավունք վերապահելով միայն կանխելու միջազգային կառույցներում փաստաթղթերի ընդունումը, որը հիմնականում չի հաջողվում, ռազմական ագրեսիայի դեպքում էլ միայն պաշտպանվում է: Որքանո՞վ է պաշտպանական տակտիկան արդարացված և արդյունավետ:
-Այդ քաղաքականությունն արդարացված չէ, բայց Հայաստանը, դժբախտաբար, չունի Ղարաբաղի առնչությամբ մշակված քաղաքականություն:
-Դուք ուզում եք հավատացնել, որ 20 տարին չի՞ հերիքել ամենակենսական հարցում քաղաքականություն մշակելու համար:
-Այո, այո, ՀՀ արտգործնախարարը չասա՞ց, որ մենք այդ քաղաքականության մշակման փուլում ենք: Մենք գործնականում վարում ենք իրավիճակային քաղաքականություն: Ադրբեջանի երկկողմանի քաղաքականությունը որոշակի չափով շանտաժ է միջազգային գործընկերներին` եթե մեր պահանջները չկատարվեն, պատերազմի կդիմենք: Դիվանագիտական ճակատում մենք մեծ բացթողումներ ենք ունենում, Ադրբեջանն ակտիվ աշխատում ու արդյունքների է հասնում, բարեբախտաբար, ռազմական առումով մենք միշտ արժանի հակահարված ենք տալիս և ավելի շահեկան վիճակում ենք: Հանրահայտ է, որ սխալ է խնդիրը զինվորականների ու զինվորների լուծմանը թողնելը, դիվանագիտական քայլերով պետք է համաչափություն ապահովվի: Եթե Ադրբեջանը բանակցությունների իմիտացիա է անում, տարբեր բանաձևեր է անցկացնում, ռազմատենչ հայտարարություններ հնչեցնում, Հայաստանը բոլոր իրավունքներն ունի հենց այս պահին ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
-Իսկ եթե դա բանակցային գործընթա՞ցը խափանի:
-Եթե բանակցությունները լինեին արդյունավետ և ադրբեջանական կողմը իսկապես բանակցեր, ոչ թե իմիտացիա աներ, այդ հարցը կարող էր քննարկվել: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը «Ժառանգության» համար ոչ թե տակտիկա է, այլ ստրատեգիա:
-ԼՂՀ ճանաչումը ստատուս քվոն չի՞ խախտի:
-Չի կարող խախտել, եթե Ադրբեջանը մի փոքր շանս ունենար ռազմական ճանապարհով հաջողության հասնելու, վաղուց այդ քայլին դիմել էր: Պարզ է, որ նրանք դիվանագիտական կարգավորում չեն ուզում, այլապես նման բանաձևեր չէին առաջադրի միջազգային կառույցներում, ռազմական բյուջեն այս մեծության չէին հասցնի: Նրանք ոչ միայն նավթադոլարներն են այդ գործին ծառայեցնում, այլև արտասահմանում գումարներ են հանգանակում ռազմական տեխնիկա գնելու համար: Ադրբեջանը բազմաթիվ կետերով խախտել է սովորական սպառազինությունների մասին եվրոպական կոնվենցիան, այսինքն` մտքում, այնուամենայնիվ, ռազմական լուծումն ունեն:
-Զինվորն ասպարեզ է մտնում, երբ քաղաքական գործիչը հեռանում է, պատերազմը դիվանագիտության վերջն է: Հնարավո՞ր է, որ այս հարցը վերջնականապես զինվորը լուծի:
-Ադրբեջանը տոգորված է այդ ցանկությամբ:
-Նույնիսկ ֆինանսատնտեսական ծրագրերը, քաղաքական գործընկերների հետ հարաբերությունները վտանգելո՞ւ գնով: Ադրբեջանն այդ քայլին կգնա, եթե 100 տոկոսով համոզված լինի հաղթական արդյունքի մեջ, կա՞ն երաշխիքներ:
-Չունի Ադրբեջանը նման երաշխիքներ, այդ պատճառով էլ պատերազմ չի սկսում: Մենք ունենք քաղաքական լծակներ, մեր քաղաքական լծակներից մեկը կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները խոցելի չլինեին: Հայաստանի իշխանությունները 1996 թվականից ունեցել են ներքին լեգիտիմության խնդիր, որը միջազգային գործընկերներն օգտագործել են պարբերաբար և օգտագործում են: Բացի այդ, մենք արդյունավետ չենք օգտագործում սփյուռքի հնարավորությունները` սփյուռքը դիտարկելով որպես ֆինանսական աղբյուր, բայց ոչ Հայաստանի ակտիվ գործընկեր: Ի վերջո, պատերազմը կանխող գործոն է նաև այն, որ Ալիևը չի ցանկանում զրկվել իր հարստությունից: Պատերազմը, բնականաբար, նշանակելու է նավթադոլարների շրջանառության կանգ...
-Անցած տարվա իրադարձությունները վկայեցին, որ սփյուռքի թիվ մեկ խնդիրը մնում է ցեղասպանության ճանաչումը, բայց...
-Ես համաձայն չեմ, որ սփյուռքը մեկ խնդիր ունի, այդ խնդիրը մեկ դարի պատմություն ունի, բայց արդյո՞ք մենք սփյուռքը դիտարկել ենք իբրև գործընկեր:
-20 տարին բավարար ժամանակ չէ՞ր, որ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում ձևավորվեր այն գիտակցությունը, որ ունենք երեկվա` պատմական խնդիր, և ունենք այսօրվա` ներկա խնդիր, և ազգային միասնական ներուժը պետք է նպատակամղել ոչ միայն անցյալի, այլև ներկայի խնդրի լուծմանը: Մասնավորապես` Ղարաբաղի հարցի:
-20 տարի վարվել է այս քաղաքականությունը, նման խնդիր չի դրվել: «Ժառանգությունը», ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, հետևողական քաղաքականություն է վարում. 1992-ից սկսած Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է եղել ԼՂՀ ճանաչմանը, և դա դարձել է «Ժառանգության» քաղաքական ուղեգծի մաս: Մենք ունենք հետևողական քաղաքականություն, իշխանությունը մե՛կ անկախությունն է նախընտրում, մե՛կ միացումը, մե՛կ հայ-թուրքական մերձեցումը, մե՛կ հիշում է, որ թուրքը նույն թուրքն է... Գերտերություններից որ մեկը ինչ շշնջա Հայաստանի իշխանությունների ականջին, չունենալով ներքին դիմադրողականություն` իշխանությունները այդ տեսակետն էլ իրականացնում են:
-Ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարացնելը իրավիճակայի՞ն էր, թե՞ ստրատեգիական:
-Իրավիճակային, ոչինչ չստանալով հայ-թուրքական սիրախաղից, իշխանությունները հայտնվեցին վակուումային իրավիճակում և գնացին այդ քայլին:
-Համաձայնագիրը ռուսների՞ն է շահավետ, թե՞ մեզ:
-Իհարկե` ռուսներին: Ես չեմ մեղադրում ռուսական կողմին, ինչպես ցանկացած պետություն, Ռուսաստանն առաջ է մղում իր շահերը: Ես խնդիր ունեմ իմ երկրի իշխանությունների հետ, որ չեն կարողանում Հայաստանի պետական և ազգային շահը պաշտպանել:
-Այո՞, բայց չէ՞ որ արձանագրությամբ հենց Հայաստանի շահն է պաշտպանվում` ազգային անվտանգությունը:
-18-րդ դարում Ռուսական պետությունը հաղթել է Կովկասյան ճակատում, պարտվել Բալկաններում, հետո կովկասյան հողերը վերադարձրել է և վերցրել Բալկաններինը: Հետևանքը եղել է 70-ական թթ. աբդուլհամիդյան ցեղասպանությունը: Առաջին աշխարհամարտի ժամանակ հայկական տարածքների բնակչությունը որևէ կերպ չպաշտպանվեց, համաշխարհային հեղափոխության արտահանման ջատագով Լենինն այնքան զենք մատակարարեց Քեմալ Աթաթուրքին, որ մենք այսօր չունենք Արևմտյան Հայաստան: Սովետական իշխանության օժանդակությամբ Քեմալ Աթաթուրքը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանից մի զգալի հատված հատեց... Ես ականատես եմ եղել «Կոլցո» օպերացիային, որ ռուսական զորքն էր իրականացնում: Արցախյան պատերազմում Ռուսաստանը ոչ միայն հայկական կողմին էր զենք տալիս, այլև նույն չափով` Ադրբեջանին: Հենց վերջերս Ռուսաստանը Ս-300 հրթիռներ վաճառեց իր ստրատեգիական գործընկեր Ադրբեջանին: Գուցե Ռուսաստանը ինչ-որ պահի ադրբեջանական գազը կգերադասի Հայաստանի հետ դարավոր բարեկամությունից: Ես չգիտեմ` որ պահին ի՞նչ կթելադրի ռուսական շահը, և արդյո՞ք Հայաստանը ևս մեկ անգամ իբրև մանրադրամ չի օգտագործվի: Պայմանագրի հետ կապված բազում խնդիրներ կան, և հատկապես ժամկետը` 21-րդ դարում 49 տարով պայմանագի՞ր...
-5 տարով ընտրված նախագահը 49 տարով պայմանագիր կնքելու իրավունք ունի՞: Հարցը միայն Հայաստանին չի վերաբերում:
-Հայաստանի բազաները չեն Ռուսաստանում, Ռուսաստանի բազաներն են Հայաստանում, ընդ որում` ձրի, Մեդվեդևի համար ի՞նչ խնդիր կա: Իսկ Սերժ Սարգսյանը պայմանագիր կնքելուց առաջ որևէ քաղաքական ուժի, հասարակության հետ ոչ մի քննարկում չի անցկացրել: Սա այս իշխանության ոճն է` գիշերը քնում ենք, առավոտյան տեղեկանում, որ հայ-թուրքական բանակցություններ են վարվում, նախաստորագրված արձանագրություններ կան...
-Առաջարկում եք գիշերները չքնե՞լ:
-Անքնությունը ոչ մեկին ճիշտ ճանապարհ ցույց չի տվել, բայց հասարակության հետ որևէ կարևոր խնդրի քննարկումը այդ խնդրի լուծումը դարձնում է ընկալելի և ընդունելի: Հայաստանում չկա համակարգված քաղաքականություն, կա անձնավորված և իրադարձային քայլերի պրակտիկա:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ