Մի պահ պատկերացրեք, թե դուք յուրահատուկ մարդ եք։ Միանգամայն տարբեր։ Արմատապես տարբերվում եք մնացած բոլորից։ Ձեր շրջապատում բոլորը փողը վաստակում են աշխատանքով, իսկ դուք այն պարզապես տպում եք։ Դա ձեզ տալիս է անսահման հնարավորություններ։ Իսկ անսահմանությունն ու խորությունը միշտ էլ հրապուրել են մարդկությանը։ Մեզ հմայում է բոցկլտացող կրակը, ձգում է օվկիանոսը, գրավում աստղալից երկինքը։ Բայց դրանից առավել մարդ արարածին կախարդում է փողի անսահման իշխանությունը։ Հանուն փողի կատարվել և կատարվում են միլիոնավոր հանցագործություններ։ Մարդկանց դեպի հանցագործություն գայթակղելու փողի դիվային ուժի մասին իր թևավոր դարձած խոսքերն է արտասանել դեռևս Հուլիոս Կեսարը, թեև իր արտահայտած մտքի երկրորդ կեսին նա որոշակի հեգնանք է հաղորդել. «Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր պատրաստ են փողի համար մարդ սպանելու, բայց չգիտեմ ոչ մեկի, ով պատրաստ է փողի համար մեռնելու»։
Իսկ ի՞նչ դատապարտելի արարքների են պատրաստ դիմելու նրանք, ովքեր երազում են ֆինանսական անսահման իշխանություն ձեռք բերելու մասին։ Հիրավի` տիեզերական։ Չափից դուրս շատ է ցանկացողների թիվը` գրավելու այն երջանիկների տեղը, ովքեր ոչնչից փող են դիզում։ Այն օժտում է հսկայական իշխանությամբ, բացում ցանկացած հնարավորություն։ Կարելի է վարձել աշխարհի լավագույն գիտնականներին, որոնք ականավոր հայտնագործություններ կանեն։ Կարելի է ներգրավել ամենատաղանդավոր գրողներին, արվեստագետներին և լրագրողներին, և նրանք շատ մատչելի ձևով կպատմեն ողջ աշխարհին, թե ինչպիսի վիթխարի օգուտ է բերում մարդկությանը ժամանակակից աշխարհի կառուցվածքը։ Ամենալավ բժիշկները, ամենաքաջարի զինվորականները, ամենագեղեցիկ կանայք, ողջ աշխարհի տաղանդները, աշխարհի բոլոր արժեքները, ողջ աշխարհն ինքը կընկնեն ձեր ոտքերի առջև։ Սակայն կա մի փոքրիկ «բայց»։ Իր ողջ հզորության հետ Դաշնային պահուստի համակարգի իշխանությունը շատ խոցելի է։ Չէ՞ որ այն խարսխվում է ընդամենը մեկ փաստաթղթի` Դաշնային պահուստի մասին ակտի վրա, որը Միացյալ Նահանգներում փողի էմիսիան հանձնում է մասնավոր կրպակի ձեռքը։ Համաձայնեք` դա շատ երերուն հիմք է։
ԴՊՀ-ի իշխանությունը կարելի է համեմատել մի հսկայական ավիակրի հետ, որը զինված է ամենաժամանակակից, սարսափելի կործանարար զինատեսակներով, սակայն ջրի երեսին է մնում մի ամուր ճոպանի շնորհիվ։ Բավական է կտրել այն, և ավիակիրը ջրի տակ կանցնի ու ոչ մի զինատեսակ, ոչ մի տաղանդավոր նավապետ չեն փրկի նավը։ Ցանկացած պահի ԱՄՆ-ում կարող է ընդունվել մեկ այլ օրինագիծ, որը կվերականգնի իրերի բնականոն վիճակն ու պետությունն ինքը կսկսի փող տպել։ Տեսականորեն դա կարող է պատահել ամեն վայրկյան, ճիշտ նույն կերպ, ինչպես լույս աշխարհ եկավ Դաշնային պահուստի մասին ակտը։ Ներկայացվում է օրինագիծ, երկու պալատներն ընդունում են այն, նախագահը հաստատում է ու վերջ։ Այդքան հեշտ և միաժամանակ այդքան դժվար։ Ռուսական հեքիաթի նման, երբ միայն անմահ Կաշչեյը գիտի, թե որտեղ է իր մահը, ու երկյուղածությամբ պահպանում է այն։ Բայց, ի տարբերություն հեքիաթային չարագործի, ԴՊՀ-ն իր ամենախոցելի տեղին առավելագույն ուշադրություն է հատկացնում։ Ոչ թե սնդուկը, բադն ու նապաստակն են բաղձալի «ասեղի» պահապանները, այլ հեռուստատեսությունը, թերթերն ու ԱՄՆ-ի քաղաքական համակարգը։ ԴՊՀ-ի մասին գրում և խոսում են ամեն օր, բայց ոչ ոք չգիտի նրա սեփականատերերի անունները։ Բացարձակապես ոչ ոք։ Լիակատար բացախոսություն նրա կառուցվածքի վերաբերյալ և խստագույն գաղտնիք, երբ բանը հասնում է սեփականատերերի ինքնությանը։ Արվում են միայն կռահումներ և ենթադրություններ։ Նրանք, այդ սեփականատերերը, ասես գոյություն էլ չունեն։ ԴՊՀ-ն կարելի է քննադատել, կարելի է քարկոծել դրա ղեկավարին` վարձու մենեջերին, բայց նրանց, ովքեր վարձել են այդ ամենազոր «մեքենան», հնարավոր չէ ինչ-որ բանում մեղադրել։ Նրանց հնարավոր չէ վարկաբեկել, նրանց չի կարելի քննադատել։ Չեն կարող արձանագրվել որևէ միջադեպեր, ավելի ճիշտ, սկանդալներ` ո՛չ սեքսուալ, ո՛չ գումարային, քանզի դա կապ ունի մի բանի հետ, ինչը գոյություն չունի։ Անանուն գոյությունն ու լիակատար գաղտնիությունն իշխանության պահպանման առաջին նախապայմանն են։ ԴՊՀ-ի և ոչ մի ղեկավար երբեք և ոչ մի անուն չի տվել։ Հավանական է` իրենք էլ նրանց չեն ճանաչում` շփվելով սոսկ միջնորդների, այսինքն` այլ վարձու մենեջերների հետ։ «Փող տպող մեքենայի» տերերին հնարավոր չէ սպանել կամ շանտաժի ենթարկել, նրանց իշխանությունից չես զրկի անսպասելի ձերբակալությամբ։ Նրանց հնարավոր է վերացնել միայն` զրկելով ԴՊՀ-ին իր գործառույթներից։ Ընդ որում, պարտադիր չէ` բոլոր։ Բավական է միայն Կոնգրեսին վերադարձնել էմիսիայի իրավունքը։ Իսկ Դաշնային պահուստը կարելի է և թողնել։ Կարգավորե՛ք տնտեսությունը, հարգելի՛ պարոնայք, կարգավորե՛ք։
Եթե ԴՊՀ-ի գլխին մշտապես նման սպառնալիք է կախված, ապա հարկ էր մշակել գործողությունների որոշակի հաջորդականություն, որը կոչված կլիներ վտանգազերծելու «մեքենան»։ Ոչնչացնել ԴՊՀ-ն հնարավոր է միայն օրենսդրական ճանապարհով, հետևաբար, պետք էր ապահովել ԱՄՆ-ի իշխանական կառույցների չեզոքությունը։ Նախագահը, կոնգրեսականները, երկրի քաղաքական վերնախավը պետք է մանրազնին ընտրության և ստուգման ենթարկվեն։ Օրենսդրական մեխանիզմի նկատմամբ վերահսկողությունն էլ հենց վերահսկում է «Կաշչեյի մահվան ասեղը»։
Ամերիկյան քաղաքական գործչի համար ամենակարևոր սրբություն սրբոցը Դաշնային պահուստի համակարգը վտանգելու փորձ չանելն է։ Երբե՛ք։ Այժմ ճիշտ պահն է հարց տալու` իսկ ինչպե՞ս, ի՞նչ ուժերի միջոցով է հնարավոր վերահսկել ողջ ընտրական գործընթացը նման մի հսկա երկրում։ Ինչպե՞ս վերահսկել թեկուզ և երկու, բայց և չափազանց ազդեցիկ քաղաքական կուսակցությունները։ Կարծում եմ` պատասխանն արդեն կռահեցիք։ Փողի միջոցով։ Փողը և ԶԼՄ-ները. ահա սրանք են քաղաքական պայքարի գլխավոր միջոցները։ Սակայն անգամ այս խիստ կարճ ցուցակն էլ կարելի է երկու անգամ կրճատել։ Փողը ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն է ապահովում։ Այստեղից հետևություն` անհրաժեշտ է միայն փող։ Թերթերը, հեռուստատեսությունն ու ռադիոն կարելի է պարզապես գնել։ Իսկ Արևմուտքում դրանք վաղուց ի վեր արդեն իրենց ողջ եղած-չեղածով գնված են։ Ստորև մենք կխոսենք բացառապես այդ մասին։ Այնպես որ, ԱՄՆ-ի քաղաքական համակարգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղին ֆինանսական բոլոր ակտիվները մի տեղում կենտրոնացնելն է։ Ամերիկայում գործում է այնպիսի ընտրական համակարգ, որտեղ ով շատ փող ունի և շատ է արժանանում ԶԼՄ-ների ուշադրությանը, նա էլ հաղթում է։
Եթե ձեր երկու թեկնածուները տնօրինում են մնացած բոլոր թեկնածուների հնարավորությունները հազարավոր անգամ գերազանցող բյուջեներ, հաղթելու հնարավորությունը տրված է միայն նրանց։ Իսկ ինչպե՞ս կենտրոնացնել ողջ փողը միայն մեկի ձեռքում։ Դրա համար գոյություն ունի հրաշալի մի գործիք` ԴՊՀ-ն, որը հենց դրա համար էլ ստեղծվել էր։ Եթե Դաշնային պահուստի համակարգի սեփականատերերի համար ԱՄՆ-ի սահմաններից դուրս որպես առաջնային խնդիր հառնում էր մրցակից-պետությունների խորտակումը, ապա երկրի ներսում էլ դրված էին նույն նպատակները, միայն թե արդեն այլ բանկերի և ֆինանսական կառույցների նկատմամբ, որ այլևս ոչ ոք չունենար դրամական միջոցներ և չկարողանար ամերիկյան ընտրական մեխանիզմի օգնությամբ իշխանության բերել իր մարդուն և գրչի մի հարվածով վերացնել ԴՊՀ-ն։ Իսկ վերջիններս շատ լավ տեղյակ են այդ սպառնալիքին, ուստի վաղուց են հոգ տարել, որ «գրիչը» չընկնի թշնամաբար տրամադրված կամ անվստահելի մեկի ձեռքը։ Եվ եթե առաջինի պարագայում նրանց ուրիշ բան չէր մնում անելու` նախագահական թափորի չորսբոլորը դիպուկահարներ տեղակայելուց բացի, ապա երկրորդ դեպքում (Ռիչարդ Նիքսոն) զանցանքի չափը գնահատվեց այնքան, որ բավարարվեցին նրան խայտառակ կերպով Սպիտակ տնից վռնդելով։
Դուք երբևէ չե՞ք խորհել այն հարցի շուրջ, թե ինչու Արևմուտքում քաղաքական պայքարի լարվածությունը երբեք չի հորդում փողոց։ Ինչո՞ւ այնտեղ հնարավոր չէ «մայդան», երբ պարտված առաջնորդը վիճարկում է ընտրության արդյունքներն ու անկարգություններ կազմակերպում, ինչն այնուհետև սահուն կերպով վերածվում է պետական հեղաշրջման։ Ինչո՞ւ անհաջողակ թեկնածուն միշտ ընդունում է իր պարտությունը, այն էլ հանգիստ ու անխռով։ Որովհետև շատ բարձր է քաղաքական պայքարի մշակույթը` ոգևորված կպարզաբանեն լիբերալները։ Ո՛չ, հարգարժան պարոնայք ու տիկնայք, ոչ ոք չի ձգտում իշխանության այն պարզ պատճառով միայն, որ նույն այդ իշխանության համար իրական պայքար չի էլ ընթանում։ Կան միևնույն ուժերի կողմից վարձված երկու փառասերներ։ Կան պայքարի օրենքներ։ Ժպտալ, խոստանալ, քննադատել։ Ազնիվ պայքար, իսկ հետո` ում կընտրեն։ Պարտության դեպքում` գեղեցիկ լքում են բեմը։
Մեծ հաշվով, բացառությամբ որոշ «կոսմետիկ» փոփոխությունների, քաղաքականությունը մնում է անսասան, իսկ ԴՊՀ-ի տերերի համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, թե որ կուսակցության թեկնածուն կդառնա նախագահ։ Երբ շախմատի խաղատախտակի վրա շարժում ես թե՛ սպիտակ, թե՛ սև խաղաքարերը, պարտվելն սկզբունքորեն անհնարին է։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ