ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՀՈԲ

ՀՈԲ
20.10.2009 | 00:00

Պատասխան տվեց սատանան` ընդդիմանալով Տիրոջը. «Մի՞թե Հոբը ձրի է պաշտում Տիրոջը. չէ՞ որ Դու ես պաշտպանել նրան արտաքուստ ու նրա տունը` ներքուստ, և ամեն ինչ, որ կա նրա շուրջը. նրա ձեռքի գործերը Դու ես օրհնել» (Ա 9,10)։
«Հոբ» գրքի նպատակն անարդար տառապանքի առեղծվածի մեկնությունը կամ չարի խնդրի լուծումը չէ, ինչպես սովորաբար կարծում են, այլ, ավելի ճիշտ, շփոթված մարդու փորձն է հստակեցնելու իր դիրքորոշումը Սուրբ ու Ամենակարող Աստծու նկատմամբ:

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
Ընթերցողը պետք է լավ պատկերացնի թե՛ գրքի կազմության բարդությունը, թե՛ պոեմի ստեղծման պատմական պայմանները:
Արձակ պատմությունը: Հավանաբար հեղինակը չի համաձայնել «առանց պատճառի» տառապանքը մեկնել որպես Աստծու և երկնային պալատի ամենաանամոթ անդամի միջև պայմանավորվածություն (դա առաջաբանի սատանան է, տե՛ս Ա 6-10): Բանաստեղծն իր պոեմներում խույս է տվել այդ հակառակորդին հիշատակելուց: «Անհատույց» բարեպաշտության բարձրագույն իդեալն է, որ սնել է նրա բանաստեղծական հանճարն ու մղել ճշտումներ մտցնելու իր աստվածաբանական հետազոտության մեջ: Նա ժողովրդական պատմությունն օգտագործում է, որպեսզի մարդկային կեցությանն ու պաշտամունքին հատուկ «տո՛ւր ինձ, տամ քեզ» սկզբունքի (Բ 4) և Աստծուց հաշիվ չպահանջող հավատքի անաղարտության շուրջ բանավեճի մեջ մտնի:
Բանաստեղծական երկխոսությունը: Երկխոսության հեղինակն ազատություն է տալիս սովորաբար մարդկային միտքը պաշարող ցավին, երբ մարդ դեմ առ դեմ կանգնած է լինում տառապանքի առեղծվածի առաջ: Նրա աչքից չի վրիպում բանական ու իմաստային սայթաքումը, որն անհանգստություն է պատճառել հրեական կրոնին՝ պատմության մեջ իր ստեղծման օրից ի վեր և շարունակում է անհանգստացնել մարդկությանը: «Հոբի» գրքի բանաստեղծը զրուցում է բոլոր ժամանակների մարդկության հետ, քանզի նա ոչ միայն չի սահմանափակվում կյանքի դժբախտության ու մահվան դիմաց կանգնելով, այլև նկարագրում է մի հավատացյալի, որն իր հոգեվարքի մեջ պատրաստ է հայհոյության և միևնույն ժամանակ փնտրում է գթասիրտ Աստծու ներկայությունը: Իսկ Աստծու լռությունը վերջին տառապանքն է, որն ավելի սարսափելի է, քան դիրքի ու երեխաների կորուստը, հասարակության կողմից մերժվելը, կնոջ ու բարեկամների կողմից չհասկացվելն ու սպանիչ հիվանդության սարսափներից տառապելը:
Այս թեմային ավելանում է մեկ ուրիշը. Հոբը հավակնոտությամբ պահանջում է հրապարակայնորեն ճանաչել իր առաքինությունը, ինչը հակասում է «Սաղմոսաց» գրքի ողբասացներին, որոնք ամենաբազմազան եղանակներով աղերսում էին փրկել իրենց չարություններից: Իսկ նա միմիայն պահանջում է, որ Աստված ճանաչի իր արդարությունը:
Հոբը սոսկ առաքինության տիպար չէ, այլև հանձնապաստանության: Այս հանձնապաստանությունը սաստկանում է հիվանդության և բարոյական տառապանքի սանձազերծած պիղծ հարվածների ներքո և աստիճանաբար վերաճում հպարտության: Եղիփազը հասկանում է «խստության» նոր կողմը, որը դրդում է փորձության հորձանուտում հայտնված բարի բարքեր ունեցող մարդուն կարծել, թե ինքը կիսաստված է: Նա պարզորոշ կերպով մատնացույց է անում «առաջին մարդու» պատմությունը և Հոբին հարց տալիս. «Ի՞նչ է, բոլոր մարդկանցից առա՞ջ ես ծնվել, թե՞ բոլոր բլուրներից վաղ ես հաստատվել» (ԺԵ 7):
Հերոսը բոլորովին անդրդվելի է ու շարունակում է ոչ միայն բուժում պահանջել, այլև արդարացում իրեն ուղղված ամբաստանություններից: Հենց այս համառ ցանկությունն է, որ դրդում է նրան մի կարճ ժամանակով ջարդուփշուր անել ավանդական համոզմունքը մահվան մասին, որով հատկորոշվում է այսրաշխարհային կեցությունը, չնայած նա միշտ ունեցել է այդ կարծիքը (Է 21 և ԺԴ 10): Իսկ երբ հայտարարում է, որ ի դեմս Աստծու ինքը վկա ունի երկնքում (ԺԶ 18-21), վերջապես խոր համոզվածությամբ աղաղակում է, որ իր փրկիչը հարություն կտա իր մարմնին (երբ վերջին շունչը տալուց հետո ամփոփված կլինի գերեզմանում), որպեսզի ինքը կարողանա Աստծուն տեսնել (ԺԹ 25-26):
Նրա բոլոր մերձավորները մահացել են՝ ինչ-որ առումով իրեն ճակատագրի քմահաճությանը հանձնելով (ԺԹ 13-22): Նա իր մահից հետո իր պատիվը փրկող ժառանգ չունի: Այդուհանդերձ գիտի, որ մի զարմանալի էակ է դա անելու: «Փրկիչը», ըստ հին կրոնական օրենքի ու սովորության, ննջեցյալի մերձավորներից մեկն է, որի պարտականության մեջ է մտնում թափված արյան համար վրեժխնդիր լինելը (այստեղից` «արյան փրկիչ» արտահայտությունը) կամ նախնիների հողի անվտանգությունը պահպանելը (Բ Թագ. ԺԴ 11, Հռութ Բ 20 և այլն): Չնայած հռչակավոր դարձած այս պարբերության որոշ բառեր լավ չեն պահպանվել ձեռագրերում, իսկ հին թարգմանությունները մեզ քիչ բան են հաղորդում, եբրայերեն տեքստի ԺԹ 26 համարի երկրորդ մասն անաղարտ է. «Ես իմ մարմնի մեջ Աստծուն կտեսնեմ»:
Դյուրին է հասկանալ, թե ինչու են առաջին քրիստոնյաներն այս տողերի մեջ մարմնով հարություն առնելու հավատքի ու մահը հաղթող «Փրկչի» նախօրինակը տեսել: Ամենայն հավանականությամբ «իմ մարմնի մեջ» արտահայտությունը նշանակում էր մարդ՝ իր կատարյալ իրական ինքնությամբ, իսկ հաջորդ համարի (27) կրկնությունը հաստատում է այս կարծիքը: Ամեն դեպքում, սա հանդերձյալ կյանքի հավատքի վերաբերյալ առաջին վկայությունն է: Հրեաների և առաջին քրիստոնյաների բանաձևը լիովին տարբերվում է հոգու անմահության հելլենիստական գաղափարից: Մարմնի հարության հավատը ենթադրում է Աստծու հետ միավորված կյանքի հանդեպ իրական հույսի շողարձակում, ինչը հակասության մեջ է գտնվում հոգու անմահությանը վերաբերող ոչ եբրայական տեսական մտահայեցողության անորոշ ձևի և դատարկ բովանդակության հետ: Բացի այդ, այս հավատը նախապես ենթադրում է նոր ստեղծագործական աշխատանքի գոյություն Աստծու կողմից՝ առանց անմահությունը որպես մարդկային բնությանը բնորոշ ճշմարտություն ընդունելու:
Այս հավատքի (ԺԹ 23-27) կանոնի մեկնությունները խիստ բազմազան են, սակայն, անկասկած, հոբյան բանաստեղծը հրեական կրոնի սկզբում նախապատրաստեց միջնորդության աստվածաբանական մտածողությունը` մի կողմից, թվում է, թշնամաբար տրամադրված ու հեռավոր Աստծու, իսկ մյուս կողմից` աշխարհում լքված մարդու միջև: Կարելի է ենթադրել, որ նա հերոսին է վերագրել իր շատ փայփայած հույսը, ինչը նրան հաջողվում է արտահայտել եռակի հաջորդականությամբ. առաջին՝ դժվար հասանելի երազանքով, երկուսի միջև դատ անող միջնորդով (Թ 33), Հոբի այն համոզմունքով, թե իր մահից հետո իր վկան բարձրագույն ատյանում պաշտպանելու է իրեն (ԺԶ 12-21), և, վերջապես, անսասան, խորին համոզմունքով՝ վերջին պահին փրկչի ներկայությանը, ով չի բավարարվի իր պատիվը փրկելով, այլ նրան կընձեռի նաև Աստծուն տեսնելու հնարավորություն (ԺԹ 25-27):
Մինչև իր երկար պաշտպանության վերջաբանը հերոսը պահպանում է որևէ մեղքի զգացումով չհամակված մարդու արժանապատվությունը: Իսկ այն ամենը, ինչը նա մտապահել է, ընդամենը պատանեկության վրիպումներ են: Նա հանդիպելու է Աստծուն՝ թագավորական փառահեղությամբ զգեստավորված, նա գնալու է հանդիպելու Ամենակարողի՝ իբրև մի իշխանի հետ (ԼԱ 37):
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԹՈՐԿԻ ՈՒ ԱՄՊԻ ՄԻՋԻՑ
Աստծու խոսքերին ուղղված Հոբի պատասխանների տոնն այստեղ զարմանալիորեն փոխվում է: Ընթերցողը դրանցում հայտնաբերում է բանաստեղծի իրական մտադրությունը, որը չի հետամտում լուծել չարի խնդիրը և արդարացնել աստվածային խորհուրդները՝ ըստ մարդկային բարոյականության օրենքների, այլ նպատակ ունի սրբագործելու աստվածաբանական մտածողությունն ամեն տեսակի մարդկային բարոյական տեսություններից, ճշմարիտ հավատքի համար նոր առաջաբան գրել և ցույց տալ մեղքի պատիր բնույթը, որը դարանակալում է բարեպաշտ ու երկյուղած մարդուն:
Առաջին նպատակը: «Հոբի» գրքի պոեմի առաջին նպատակը արդարության մարդկային հասկացությունից ձերբազատվելով` աստվածային տնօրինության տակ մտնելն է: Փոթորկի ու ամպի միջից խոսող Տիրոջ (Մովսեսի (Ելք ԺԹ) և Եղիայի (Գ Թագ. ԺԹ) աստվածային հայտնության աղոտ ակնարկությունն է) խոսքերն իրականում ոչ մի պատասխան էլ չեն պարունակում տառապող մարդու հարցերին: Աստված է, որ մեկը մյուսի հետևից բազմաթիվ նոր հարցեր տալուց հետո տալիս է ամենաշփոթեցնող հարցը. «Մի՞թե մեկը պիտի կարողանա Իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու Նրա առաջ պատասխա՞ն պիտի տա» (ԼԹ 32): Երբ Հոբը հրաժարվում է մարտահրավերն ընդունելուց (33-35 համարներ), Աստված վերստին ծանր կացության մեջ է դնում կռվել կամեցող հերոսին և դույզն-ինչ կատակով կոչ անում Հոբին պատրաստվելու վերջին ճակատամարտին. «Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր Ինձ: Մի կողմ մի՛ նետիր Իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե Ես քեզ այլ ազդարարությամբ չեմ հայտնվել, քան այնպես, որ դու արդար երևաս» (Խ 2-3): Այս երկու հարցերը թափանցում են բանավեճի սիրտը և մատուցում բովանդակ գրքի բանալին: Կազմողը դիմում է տառապանքի խորհրդին՝ Աստծու խորին խորհուրդը հասկանալու համար:
Հերոսն անդադար հաստատակամորեն պաշտպանում է իր անմեղությունը. նա բազմիցս մատնանշում է, որ իր դժբախտությունը հերքում է աստվածային արդարությունը: Սակայն իրականում նա հաստատում է, որ Աստված ճանաչելու է իր անմեղությունը, և փորձում է արդարացնել իրեն՝ Ամենակարողին պայմաններ թելադրելով:
Մինչ Հոբի բարեկամները խճճվում էին աստվածային հատուցման ու ապաշխարության արժեքի բնավ չձանձրացնող իրենց պաշտպանության մեջ (սրանով իսկ նրանք ցույց են տալիս, որ զբաղված են մտավոր աստվածաբանական աշխատանքով, որը հետապնդում էր Աստծուն արդարացնելու նպատակ), Հոբն ընդգծում էր մարդու բարոյական վարքով ձեռք բերվող իրավունքները: Ընդսմին, ձգտելով արդարացնել մարդուն, նա ինքնամփոփ կեցվածք է ընդունում: Բանաստեղծն այժմ ի զորու է պարզաբանելու, որ մարդու արդարացումը ձեռք է բերվում ոչ այլ կերպ, քան Աստծուն դատապարտելով:
Այս բանավեճի ոճը, որը տեսնում ենք Հոբի ԼԹ 32 համարում, և որին կրկին հանդիպում ենք Խ 3 համարում, մեզ հիշեցնում է Երեմիայի գործածած արտահայտությունները Հին ՈՒխտին հավատարիմ լինելու կապակցությամբ (Երեմ. ԼԱ 32): Բանաստեղծն այս բառերի օգտագործմամբ ցույց է տալիս, որ Հոբն իրականում կիսում է իր բարեկամների՝ հատուցման վերաբերյալ ունեցած հին դավանանքը, որն առնչվում է փոխադարձ պարտավորությունների ուխտի վարդապետությանը: Հոբը, հետևաբար, ձրի չի պաշտում Աստծուն (Ա 9):
Նա ծածուկ, անուղղակի ձևով իր ընկերների նման Աստծուն էր վերագրում մարդկային բովանդակություն ունեցող արդարությունը, որը կառուցված է առուծախի գաղափարի վրա:
Ով կամենում է բարոյական մարդու կատարելության և նրա երջանկության միջև աղերսներ տեսնել, Աստծուն պատկերացնում է որպես գործարար մի մարդու, որը գործնական հարաբերություններ է հաստատել իր մշտական հաճախորդների հետ: «Տո՛ւր ինձ, տամ քեզ» արտահայտությունը արձակ պատմության մեջ հանդիպող ոչ միայն «հակառակորդի» հոգեբանությանն է բնորոշ, այլև չափածո երկխոսության բոլոր անձանց: Ինքը՝ Աստված է փոթորկի ու ամպի միջից սա հայտնում Հոբին: Բանաստեղծը մատնացույց է անում աստվածային ՈՒխտին սպառնացող վտանգներն ամեն անգամ, երբ պայմանագրային պարտականությունը կորցնում է իր ուժը, և երևակայում, որ Աստծու ազատությունը սահմանափակ է: Հոբն Իսրայելի նման կարծում էր, թե իր բարեպաշտությունը գերիվերո է, քան բոլոր արևելցիներինը, ինչը նրան իրավունքներ է վերապահում Աստծու առաջ:
Ի վերջո, հերոսը համոզվում է իր դիրքորոշման նուրբ սխալին ընդդիմանալու անհրաժեշտության մեջ: Սակայն նա չի կարող արդարացնել իր անձը, եթե միևնույն ժամանակ Աստծուն չմեղադրի (ըստ եբր. բնագրի` «Մի՞թե ջրիցես զդատաստան իմ, արասցես զիս անիրաւ» Խ 3): Պարզվում է, որ Հոբն ընթացել էր իր ընկերների բռնած ուղիով: Աստծու պաշտպանությունը միշտ մարդու պաշտպանությունն է, իսկ աստվածաբանությունն իրականում՝ հումանիտար գիտություն:
Իսկ երբ Հոբը կանգնում է երկնքի ու երկրի Արարչի անսահման սրբության առաջ, այդժամ պարզվում է, որ նա ինքն իրեն փրկելու կարողություն չունի: Նա պետք է ձերբազատվի այն պատրանքից, որը բարեպաշտությունը համարում է երջանկություն ու բարօրություն ձեռք բերելու արհեստ: Իսկ երբ հասկանում է, որ «ձրի» է (Ա 9) պաշտել Աստծուն, բավարարվում է աստվածային ներկայության աննկարագրելի շնորհով և այլևս ոչինչ չի պահանջում:
Երկրորդ նպատակը: «Հոբի» գրքի երկրորդ նպատակը ճշմարիտ հավատքի համար մի նոր առաջաբան գրելն է: Անկասկած, վաղուց ի վեր Աստծու և մարդու միջև հաստատված հարաբերությունը որակվում էր որպես երկու անձերի միջև առկա վստահության կապ (Ծննդ. ԺԵ 6): Մեծ մարգարեները և հատկապես Եսային հավատքի մեջ տեսել էին կայունության խորհուրդը, այսինքն՝ արդարությամբ և ուղիղությամբ ապրելու կարողությունը: Բանաստեղծը չի գործածում այս լեզուն, բայց պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ աստվածային ներկայության հրաշքը ցավը հաղթելու կռվանն է: Իսկ եթե նա մատնանշում է Աստծու՝ Մովսեսին ու Եղիային հայտնվելու հանգամանքը և վաղօրոք խոսում վերջին հայտնության մասին, ապա նրա համար, որպեսզի ասի, որ երկնքի ու երկրի Աստված իրենց հետ է և իրենց հետ է լինելու:
Փոթորիկն ու մթությունը շղարշի հետևում թաքնված ներկայության երկու հին խորհրդանիշներն են: Մինչ առասպելական երկու հրեշների՝ բեհեմոթի (գետաձի) և վիշապի գոյությունը միշտ հարուցում է չարի առեղծվածը տիեզերական թատերաբեմում, աշխարհի Արարիչը բացատրում է Հոբին (որ մի սովորական մարդ է) աստվածային ազատության հրաշքները: Մարդկային գործնական վարդապետությունը տեղ չունի արարչագործության համակարգում, ուր անձրև է տեղում նույնիսկ անմարդաբնակ վայրերում (ԼԸ 26-27): Ազատն Աստծուն հավատացողը խոնարհվում է, չնայած շատ են այն երևույթները, որոնք հակառակվում են դրան. օրինակ՝ տկարությունը, հուսահատությունը և հպարտությունը, որ նկատվում են ամենաստոր արարածների մեջ:
Երրորդ նպատակը: Թեպետ և բանաստեղծն անուղղակի ձևով ու դրամայի միջոցով է խորացել այս թեմաների մեջ, սակայն, այնուամենայնիվ, ճիշտ է պատկերել մեղքի հին իմաստը հասկանալու նոր ուղին: Սա է երրորդ նպատակը, որին հանդիպում ենք Տիրոջ խոսքերում և Հոբի վերջին պատասխանում: Զինվորը վայր է դնում իր զենքը իր ընկալմանն անհասանելի սրբության առաջ, ինչը պայմանավորվում է նրա աչքերը բացող աստվածային ներկայությամբ: Հոբն այժմ իր սեփական աչքերով տեսնում է այն, ինչի մասին ի լրո գիտեր (ԽԲ 5): Եթե նա տեսներ իր «սրբությունը», ապա կզգուշանար իր մեղքի համար: Հոբն իր բարեկամների՝ իրեն վերագրած մեղքերից և ոչ մեկը չի գործել, սակայն այս բարի բարքերի տերը գործել է ամենամեծ մեղքը` դարձել է «Աստծուն դատող»: Նրա խոստովանությունը կանխորոշված է. «Այդ պատճառով նվաստ համարեցի ինձ ու հալվեցի ես: Ինքս ինձ հող ու մոխիր եմ դիտում» (ԽԲ 6):
Հոբը ցանկացավ պաշտպանել իր արժանապատվությունը, սակայն նրա բարոյականությունն ակամայից դարձավ մարդկային բնությունը գերազանցող հատկություն ձեռք բերելու միջոց, որը նմանվում է աստվածային արդարության կեղծ փայլքով զգեստավորված հին թագավորների հատկությանը (Խ 5-10):
Հոբի մեղքը բարոյական բնույթի չէ. դա մեղք է մի մարդու, որը ոչ միայն չի գոհանում իրեն իր ճակատագրի տերը համարելուց, այլև անգիտակցաբար իր անձն աստվածային էակ է կարծում, քանզի կարծիք է հայտնում Աստծու մասին: Տիրոջ խոսքերում ու Հոբի պատասխանում քննադատվում է մարդկային սուբյեկտիվությունը, որի շրջանակներում Աստված ձևավորում է մարդկային մտքի չափանիշները: «Հոբի» գրքի պոեմը թոթափում է Աստծու արդարությունը մարդկային մտքի ու բարոյականության կապանքներից:
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ