Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քրիստոնեությունը ժողովրդական կրոն է և չի ընդունում որևէ խմբակցական, առանձնաշնորհյալ, դասակարգային, կաստայական դրություն կամ հոգեբանություն

Քրիստոնեությունը ժողովրդական կրոն է և չի ընդունում որևէ խմբակցական, առանձնաշնորհյալ, դասակարգային, կաստայական դրություն կամ հոգեբանություն
07.05.2024 | 20:14

Այս խորհրդածության գործնական եզրակացությունը թող լինի մեր ժողովրդի բոլոր խավերի մեջ Ավետարանի խոսքը տարածելը, բացատրելը, մեր եկեղեցական արարողություններն ու ծիսակատարությունները հասկանալի դարձնելը և ժողովրդին ու մեր մանուկներին, պատանիներին հոգևոր աղոթքներ ու եկեղեցական երգեր սովորեցնելը: Ահա թե ինչու մեր մտքի մեջ գաղափարը ծնվեց մեր քիչ իմացածից բաժին հանել մեր ընթերցասեր ժողովրդին և այսպիսով օգտակար լինել հոգևոր կյանքի ամրապնդմանը:
Մեր իղձն է մանավանդ, որ մեր պատանիներն ու երիտասարդներն անպայման կարդան սույն գրությունը և մի քիչ էլ խորհրդածեն աստվածային խոսքերի մասին:
Հետևաբար, գրի ենք առնում և մեր հավատացյալների տրամադրության տակ ենք դնում Ս. Պատարագի «ահավոր և սարսափելի խորհրդի» մեկնությունը պարզ ու հասկանալի բացատրություններով ու ծանոթություններով՝ այն բոլորին մատչելի դարձնելու նպատակով: Վստահ ենք, որ ամեն հայ սիրով պիտի իր ձեռքն առնի սույն գրքույկը ու անպայման պիտի ուզի կարդալ ու հասկանալ այն խորհուրդը, որ մեր ժողովուրդը դավանում է երկու հազար տարիներ ի վեր և պահում և պահպանում է որպես սրբություն սրբոց:
Պատարագի Ս. Խորհրդին մոտենալու համար նախ պետք է հարց տանք մեզ, թե ի՛նչ զգացում, ի՛նչ գաղափար և ի՛նչ հոգեկան անհրաժեշտություն են մղում հավատացյալին դեպի եկեղեցի:
Կամ, ավելի պարզ խոսելու համար՝ հոգեկան ի՞նչ պահանջից մղված, ի՞նչ զգացումով տոգորված պետք է եկեղեցի գա իսկական հավատացյալ մարդը:
Այս հարցը տալիս ենք, որովհետև գիտենք, թե մեզանից շատ-շատերը եկեղեցի են գալիս բուն նպատակից բոլորովին հեռու տրամադրություններով և մղումներով:
Թվենք մի քանի այդպիսի պարագաներ.
ա) Ոմանք եկեղեցի են գալիս իբրև ժամանցի տեղ, այնպես, ինչպես զբոսանքի կամ թատերական ներկայացման պիտի գնային:
բ) Ոմանք էլ եկեղեցի են գալիս մարդ տեսնելու, խոսակցելու կամ իրենց հագուստներն ու զարդերը ցուցադրելու:
Այսպիսի մարդկանց, բնականաբար, պետք է դատապարտել, ապա սովորեցնել և բացատրել եկեղեցի գալու բուն նպատակը:
գ) Կա մարդկանց մի ուրիշ դաս, որ եկեղեցի է գալիս ըստ ավանդական սովորության, մի տեսակ որպես ազգային պարտականություն, որպես հայկականության ապացույց իրենց խղճի և ուրիշների առջև:
Բնական է, որ դատապարտելի չէ այս պատճառը, և լավ է, որ մարդ սովորության վերածի որևէ լավ գործունեություն, սակայն պայմանով, որ այդ սովորությունը լոկ ձև չդառնա, այլ իր խորքի իմաստն ու նշանակությունը պահի, որ մեր մի շարք հավատացյալների պարագան չէ:
Հետո մի ուրիշ խնդիր էլ է ծագում այստեղ, այն է՝ ազգայինի և եկեղեցականի հարաբերությունը: Մենք միշտ կրկնում ենք, թե մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, թե հայկական հաստատություն է. և դա կատարյալ ճշմարտություն է, սակայն, սա չի նշանակում, թե եկեղեցի գալը պարզապես ազգային մի պարտականություն է: Բավական չէ, որ մարդ մի լավ հայ լինի իր մյուս պարտականությունների մեջ, որպեսզի հայ Եկեղեցու լավ հավատացյալ նկատվի: Ինչպես որ, եթե մի լավ հայ, որ իր համոզումներով հավատացյալ չէ, դա երբեք չի նշանակում, որ այդ մարդը դադարում է լավ հայ լինելուց:
Բուն կրոնական զգացումը իր խորքի մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո, տվյալ ժողովրդի ուրույն ձևերն է ստացել, այսինքն՝ ժողովրդի հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:
Այլ բացատրությամբ՝ եկեղեցին իր խորքով զուտ հոգևոր, տիեզերական մի երևույթ է, իսկ իր ձևով՝ ազգային: ՈՒրեմն, ակներև է, թե եկեղեցի գալու հոգեկան անհրաժեշտության զգացումը չպետք է շփոթել ազգային գիտակցության հետ:
Հովհ. Արճիշեցին, այսպես է մեկնում բանաստեղծության և երաժշտության իմաստը եկեղեցում.
«Հեշտալուր երգք սաղմոսացն եւ շարականացն քաղցրացուցանեն զլսելիս ժողովրդեանն, զի մաքրեսցին ի մտաց նոցա մարմնական հոգքն եւ երգովքն միասցին առ Աստուած»:
Այսինքն. «Սաղմոսների և շարականների հեշտալուր երգերը քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստուծո հետ»:
ե) Վերջապես՝ կան մարդիկ, որոնք եկեղեցի են գալիս աղոթելու համար ի ցույց մարդկանց կամ իրենք իրենց խաբելու, այդ մի քանի աղոթքներով իրենց մեղքերը մաքրված կարծելով: ՈՒ գոհ, հաղթական տրամադրությամբ մեկնում են տուն:
Այդպիսին է Գրիգոր Զոհրապի «Մեղա, Տե՛ր» նովելի մեջ նկարագրված հերոսը: Մի մարդ, որ շաբաթվա վեց օրը ուրիշի աշխատանքն է շահագործում, նրա արդար քրտինքի իրավունքն է հափշտակում, խաբում է ու կեղծում, իսկ յոթերորդ օրը, եկեղեցում, ժողովրդի ներկայությամբ, իր «Մեղա, Տե՛ր»-ն է աղոթում՝ վստահ լինելով, որ անոխակալ ու միշտ ներող Աստված իրեն էլ կների: ՈՒ հաջորդ օրը, երկուշաբթի, իր նույն «գործերն» է շարունակում թեթև խղճով: Ինչ փույթ, թե բոլոր «գործերն» էլ մաքուր ու բարի չեն: Չէ՞ որ հաջորդ կիրակի կրկին եկեղեցի պիտի գնա աղոթելու և թողություն ստանալու համար:
Ահա Աստուծո բարությունը շահագործող մարդու մի տիպար, որ խաբում է ոչ միայն իր նմաններին, այլ նաև իր սեփական խիղճը:
Մեր եկեղեցի հաճախողների մեծամասնությունը ոչ միայն չի կարդում
Ս. Գիրքը, այլ բնավ չի հասկանում եկեղեցում կարդացվածը:
Ավելին՝ մեր ժողովրդի մեծ մասը և, մանավանդ, մեր նոր սերունդները չգիտեն եկեղեցական արարողությունների իմաստը անգամ տարրական չափով:
Ինչի՞ համար այսքան անտարբերություն և անգիտություն:
Պատճառը ժողովրդի անհավատ լինելը չէ, և, ոչ էլ երբեք հարգանքի պակասը՝ Հայաստանյայց Եկեղեցու հանդեպ: Պատճառներից գլխավորը, մեր կարծիքով, այն է, թե բացատրող և սովորեցնող չկա: Բացատրող ու սովորեցնող չկա ո՛չ ընտանեական հարկի տակ, ո՛չ դպրոցում, ո՛չ եկեղեցում կամ եկեղեցուց դուրս՝ հոգևորականների կողմից: Ո՛չ էլ գրականություն կա այս նպատակով:
Նույնիսկ մի անհատ, որ ինքնիրեն հավատացյալ չի կարծում, կարծում ենք, որ պարտական է ծանոթանալու և հասկանալու այդ արարողությունների նշանակությունը, խորհուրդը և դրանից հետո է, որ խորհրդածելով և դատելով՝ կարող է տալ իր վերջնական վճիռը իր բռնած դիրքի մասին կրոնի և Եկեղեցու հանդեպ:
Մեր մեջ կա մի դժբախտ մտայնություն, մանավանդ հոգևորական դասի մեջ, այն է՝ իմացածը ուրիշին չսովորեցնել, կարծես, կրոնական արարողություններն ու խորհուրդները գաղտնիքներ լինեն և մի տեսակ մենաշնորհ, որ պետք չէ ուրիշին և շատերին փոխանցել, որպես գաղտնի գիտություն: Ժողովրդի արարողությունների իմաստին անհաղորդ մնալու և նորերը չպատրաստելու պատճառներից մեկն էլ այս մտայնությունն է:
Մեր համոզումն այն է, թե կրոնական խորհուրդները բացատրելով, աղոթքները և այլ ծիսակատարությունները հասկանալի դարձնելով, եկեղեցական երգերը սովորեցնելով մեր նոր սերունդներին, գեթ ոմանց մեջ կարթնանա եկեղեցական կոչում: Եվ մեր Եկեղեցին, այդպիսով, կկարողանա իր համար նոր սպասավորներ պատրաստել: Բայց, կարծես, ճիշտ սրան հակառակ են մտածում մեր հները, մեր ծերերը՝ լինեն նրանք դպիր, քահանա կամ բարձրաստիճան հոգևորական: Եվ այս, իսկապես, հակառակ է քրիստոնեական ոգուն և մեր ազգային Եկեղեցու կենսական շահերին:
Պողոս Առաքյալը իր թղթերից մեկում ասում է. «...որպեսզի մխիթարվեն նրանց սրտերը՝ մեկտեղված սիրով և կատարյալ իմաստության ամենայն ճոխությամբ՝ ի գիտություն Աստուծո խորհրդի ի Քրիստոս Հիսուս» (Կողոսացիս Բ, 2):
Այսինքն՝ պատվիրում է բոլոր մարդկանց սրտերը մխիթարել և անխտիր բոլորին սովորեցնել Աստուծո խորհուրդների գիտությունը: Քրիստոսի եկեղեցին գաղտնիքներ չունի ոչ մեկի համար: Նրա բոլոր խորհուրդները, բոլոր արարողությունները և գաղափարները պետք է բոլորի սեփականությունը լինեն»:

Վազգեն վարդապետ ՊԱԼՃՅԱՆ
(Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Առաջին Կաթողիկոս Ամենայն Հայոց)

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 6396

Մեկնաբանություններ