Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ իրենց խոր մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ-ի և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հրապարակած համատեղ հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․
Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։
Նախ, ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։
Տարածաշրջանում իրական և կայուն խաղաղություն կարող է կայանալ բացառապես ուժի գործադրման և դրա սպառնալիքների բացառման պայմաններում։ Մինչդեռ, Ադրբեջանի կողմից որևէ իրական և գործուն քայլեր չեն գործադրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարբեր թվականների հարձակումների և ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում օկուպացված դարձած տարածքներից (ինչպես դեռևս 1990-ականներից, այնպես ԷԼ 2021-2022 թվականների ընթացքում հարձակումների արդյունքում) զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ։
Ըստ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հայտարարությունների՝ սահմանագծման գործընթացները կատարվում են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) շրջանակներում գործող վարչական սահմանները պետական սահման դարձնելու սկզբունքից ելնելով՝ uti possidetis սկզբունքին համահունչ։ Միևնույն ժամանակ, օրերս ՀՀ արտաքին գործերի նախարարը հերթական անգամ հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խուսափում է հստակ հաստատել, որ առաջնորդվելու է ԽՍՀՄ-ից ժառանգած վարչական սահմաններով և հանդիսանալ այդ սահմանների իրավահաջորդը։ Սահմանների՝ վարչական, թե պետական, իրավահաջորդության անկյունաքարային սկզբունքի շուրջ գրավոր համաձայնության բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակագրով Առաջին հանրապետության իրավահաջորդ հանդիսանալու, որով Հայաստանից տարածքային նկրտումների հիմք է ստեղծում, և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Արևմտյան Ադրբեջան ներկայացնող խոսույթների ակտիվ զարգացման պայմաններում լեգիտիմ սահմանազատում չի կարող ընթանալ։
Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ